Բացել գլխավոր ցանկը

Սերգեյ Վարդանյան

հայ հրապարակախոս, բանասեր, արձակագիր

Սերգեյ Գագիկի Վարդանյան (ծնվ. նոյեմբերի 9, 1952, Երևան), հայ բանասեր, ազգագրագետ, բանահավաք, արձակագիր, հրապարակախոս, խմբագիր։

Սերգեյ Վարդանյան
Sergey Vardanyan 01.jpg
Ծնվել էնոյեմբերի 9, 1952
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստանի Հանրապետություն
Ազգությունհայ
ԿրթությունԽաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
ԵրկերՀայոց մայրաքաղաքները, Համշենցիները` ծանոթ և անծանոթ, Ձայն համշենական
Մասնագիտությունբանասեր, ազգագրագետ, բանահավաք, արձակագիր, հրապարակախոս, խմբագիր

ԿենսագրությունԽմբագրել

1969 թվականին ավարտել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 դպրոցը, 1974 թվականին՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է նույն համալսարանի հոգեբանության ամբիոնում, այնուհետև՝ «Պիոներ կանչ» («Կանչ») թերթի, «Պիոներ» («Աղբյուր»), «Սովետական արվեստ», «Մշակույթ» ամսագրերի խմբագրություններում, Հայ ճարտարապետության թանգարան-ինստիտուտում: 1991-2002 թվականներին եղել է ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի փոխնախագահը, 1990-1991 թվականներին և 2009 թվականից գիտաշխատող է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում: Հայաստանի գրողների և ժուռնալիստների միությունների անդամ է։ 1980 թվականին արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության մրցանակին։ 1978 թվականին «Պիոներ կանչ» թերթի, իսկ 1982 թվականին «Պիոներ» ամսագրի, «Հայրենիքի ձայն» և «Ավանգարդ» թերթերի միջոցով նախաձեռնել է պատանեկան բանահավաքչական շարժում, որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի, Նախիջևանի, Աբխազիայի և Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի հայկական դպրոցների աշակերտները։ Նրանց հավաքած բանահյուսական նյութերով լույս է ընծայել «Հրեղեն ձին» (1981) և «Թագավորի երազները» (2003) ժողովածուները, որոնցից ընտրված հեքիաթները «Փրկված հեքիաթներ» վերնագրով լույս են տեսել Երևանում անգլերեն («The salvaged tales», 2007) և գերմաներեն («Gerettete Marchen», 2009)։ Հայաստանի 12 մայրաքաղաքներին նվիրված նրա «Հայոց մայրաքաղաքները» գիրքը (1985) նոր նյութերով հարստացված «Հայաստանի մայրաքաղաքները» վերնագրով վերահրատարակվել է 1995 թվականին և արժանացել «Թեքեյան» մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» մրցանակին։ Գրքից որոշ հատվածներ լույս են տեսել նաև ֆրանսերեն և ռուսերեն։

Նրա մանկական պատմվածքների «Արևածաղիկը» գիրքը 1989 թվականին տպագրվել է Երևանում, իսկ 1994 թվականին արևմտահայերենով՝ Ստամբուլում: Նրա պատմվածքները ընդգրկված են «Մայրենիի» 4-րդ և 5-րդ դասարանների դասագրքերում, բեմադրվել են սփյուռքի հայկական թատրոններում։ Հայ ժողովրդի պատմության, մշակույթի, ազգագրության, բանահյուսության հարցեր արծարծող նրա հոդվածները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, ռուսերեն, սլովակերեն, թուրքերեն և գերմաներեն:

Սերգեյ Վարդանյանը դեռևս 1970-ական թվականներից զբաղվում է ԽՍՀՄ-ում սփռված հայության ազգապահպանության հարցերով։ Նա բազմիցս շրջագայել է Աբխազիայի, Ռուսաստանի Կրասնոդարի ու Ստավրոպոլի երկրամասերի, Ուկրաինայի, Ղրիմի հայաբնակ գյուղերով և քաղաքներով։ ԽՍՀՄ-ում սփռված հայության, այդ թվում՝ համշենահայության, մասին նա բազմաթիվ հոդվածներ է գրել։ Համշենցի հայերի մասին նրա առաջին հոդվածը լույս է տեսել դեռևս 1979 թվականին։ 1982 թվականին «Գարուն» ամսագրում հրապարակված նրա «Համշենցիները` ծանոթ և անծանոթ» հոդվածը Հայաստան բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության, Ռուսաստանի և Վրաստանի համապատասխան նախարարություններում քննարկվելով, որոշվել է՝ հայկական դպրոցներն ուսուցիչներով ապահովելու նպատակով Կրասնոդարի երկրամասի, Ռոստովի մարզի և Աբխազիայի հայկական դպրոցների շրջանավարտ-ներին Հայաստանի մանկավարժական բուհերում 1983 թվականից սկսած տարեկան 30-ից ավելի արտամրցութային տեղեր հատկացնել։

Սերգեյ Վարդանյանը 1984 թվականին Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում և Ռուսաստանում հայտնաբերել է իսլամադավան համշենահայերի բնակավայրեր, կազմակերպել փոխադարձ այցելություններ, իսկ վերջին տարիներս նա քանիցս եղել է Թուրքիայի Արդվինի նահանգի Խոփայի և Բորչքայի գավառներում, գտել 20-ից ավելի հայախոս գյուղեր։ Նա ուսումնասիրություններ է կատարում նաև Ռիզեի և Էրզրումի նահանգների համշենցիների գյուղերում։

Թուրքիայի, Ռուսաստանի և Միջին Ասիայի կրոնափոխ համշենահայերի մասին նրա ուսումնասիրությունները հրատարակվել են հայրենի և արտերկրի մամուլում, 1989 թվականին իր կազմած «Ձայն համշենական» ժողովածուի երրորդ հատորում, ինչպես նաև 2009 թվականին Երևանի պետհամալսարանի հրատարակած նրա «Կրոնափոխ համշենահայերի բարբառը, բանահյուսությունը և երգարվեստը (նյութեր և ուսումնասիրություններ)» (428 էջ) մենագրությունում։

2015 թվականին Երևանում լույս է տեսել Սերգեյ Վարդանյանի «Окровавленные семена» (Արյունոտ սերմեր) ռուսերեն գիրքը, որը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի և Աբխազիայի հայության մղած պայքարի առաջամարտիկների մասին, որոնցից 13-ը արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման։

Սերգեյ Վարդանյանը 1992 թվականին-ից Հայաստանի «Համշեն» հայրենակցական-բարեգործական ՀԿ փոխնախագահն է, 2004 թվականին-ից՝ նաև «Ձայն համշենական» ամսաթերթի հիմնադիր գլխավոր խմբագիրը։ Թերթի 1000 օրինակ տպաքանակը անվճար բաժանվում է հայրենիքում և սփյուռքում։

ՊարգևներԽմբագրել

Որպես խմբագիր՝ 2009 թվականին արժանացել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի ժուռնալիստների միության բարձրագույն մրցանակին, 2010-ին՝ Ռուսաստանի հայերի միության հիմնադրման 10-ամյակին նվիրված մեդալին։

Իր գիտական, մշակութային և հասարակական գործունեության համար նա 2012 թվականին արժանացել է նաև Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալին, ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալին, ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալին և Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի «Ֆրիտյոֆ Նանսեն» Ոսկե հուշամեդալին, 2013 թվականին՝ Հովհաննես Թումանյանի թանգարանի մրցանակի, 2015 թվականին՝ Հայաստանի Գրողների միության, , Գրական վաստակի համար, , մեդալին:

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

  • «Հայկական համառոտ հանրագիտարան», հ. 4, Երևան, 2003, էջ 621:
  • «Ով ով է, հայեր, կենսագրական հանրագիտարան», հ. 2, Երևան, 2007, էջ 544:
  • «Հայ գրատպություն և գրքարվեստ, հանրագիտարան», Երևան, 2015, էջ 650, 1014: