Սերգեյ Մայիլյան

հայ մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մայիլյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սերգեյ Վարդանի Մայիլյան (1920, Արթիկ, Ալեքսանդրապոլի գավառ - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ «Ժողովրդական կրթության գերազանցիկ»։ ԽՄԿԿ անդամ (1943):

Սերգեյ Մայիլյան
Ծնվել է1920
ԾննդավայրԱրթիկ, Ալեքսանդրապոլի գավառ
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԱշխատավայրԵղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց և Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոց
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«Մարտական ծառայությունների» մեդալ «Աշխատանքային արիության համար» մեդալ և «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Սերգեյ Մայիլյանը ծնվել է 1920 թվականին, Արթիկ քաղաքում։ 1938 թվականին ավարտել է Արթիկի միջնակարգ դպրոցը և նշանակվել նույն դպրոցի տարրական դասարանների հայոց լեզվի ուսուցիչ։ Սերգեյը եղել է Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող, երբ զորակոչվել է զինվորական ծառայության։ Բանակում ավարտել է հրամկազմի դպրոցը և ստացել կրտսեր լեյտենանտի կոչում[1]։

Երբ սկսվել է Հայրենական մեծ պատերազմը, նրանց զորամասը՝ 241-րդ հրաձգային գունդը տեղակայված է եղել Մոլդովական ԽՍՀ-ի Ունգեն քաղաքում։ Պատերազմի առաջին օրերից աչքի է ընկել խիզախությամբ և պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար» մեդալով։ 1942 թվականի ամռանը ծանր վիրավորվել է և բուժվելուց հետո զորացրվել[1]։

Զորացրվելուց հետո Մայիլյանը զինղեկի պաշտոնով աշխատանքի է անցել հայրենի գյուղի դպրոցում, միաժամանակ պարապմունքներ է անցկացրել ժողովրդական աշխարհազորի մարտիկների հետ։ 1943 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Հետագա տարիներին աշխատել է Լենինականի դպրոցներում, ՀԿԿ Լենինականի քաղկոմում որպես հրահանգիչ։ 1957 թվականին նշանակվել է Երևանի Եղիշե Չարենցի անվան դպրոցի, այնուհետև՝ Միքայել Նալբանդյանի անվան դպրոցի տնօրեն։ Այդ տարիներին նաև ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը և ՀԿԿ Կենտկոմին կից եռամյա կուսակցական դպրոցը։ Պահեստի կապիտան Մայիլյանը ղեկավարել է Լենինականի Միքայել Նալբանդյանի № 11 միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվի աշխատանքները։ Մայիլյանն արժանացել է «Աշխատանքային արիության համար», «Աշխատանքային գերազանցության համար» մեդալների ու «Ժողովրդական կրթության գերազանցիկ» կրծքանշանի[1]։

Պարգևներ խմբագրել

  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «Աշխատանքային արիության համար» մեդալ
  • «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ
  • «Ժողովրդական կրթության գերազանցիկ» կրծքանշան

Ծանոթագրություններ խմբագրել