Սեռական հատկանիշներ, առանձնահատկությունների կամ հատկանիշների ամբողջություն, որով մեկ սեռը տարբերվում է մյուսից (բացառությամբ սեռական գեղձերի, որոնք առաջնային սեռական հատկանիշներ են)։

Երկրորդական սեռական հատկանիշների ձևերը խմբագրել

Մարդկանց երկրորդական սեռական հատկանիշներ են՝ տղամարդկանց բեղերը, մորուքը, ադամախնձորը, կանանց բնորոշ զարգացած կրծքագեղձերը, ճարպաբջջանքը, կոնքի ձևը։ Կենդանիների երկրորդական սեռական հատկանիշներից են՝ արու թռչունների խիստ վառ փետրավորումը, կաթնասունների հոտ արձակող գեղձերը, զարգացած եղջյուրները, ժանիքները։ Կենդանիների երկրորդական սեռական հատկանիշներ ունեն հարմարվողական նշանակություն։ Կաթնասունների, թռչունների, երկկենցաղների, ձկների սեռական գեղձերի ֆունկցիաները և երկրորդական սեռական հատկանիշների զարգացումը փոխադարձորեն պայմանավորված են միմյանցով։ Մ. Զավադովսկին (1922 թվական) երկրորդական սեռական հատկանիշները պայմանականորեն բաժանել է՝ կախյալ (էուսեքսուալ), որոնք զարգանում են սեռական գեղձերի գործունեությամբ, և անկախ կամ կեղծ (պսևդոսեքսուալ), որոնց զարգացումն իրականանում է անկախ սեռական գեղձերի ֆունկցիայից։ Կենդանիների ամորձատումից (սեռական գեղձերի հեռացումից) հետո կախյալ երկրորդական սեռական հատկանիշներ չեն զարգանում, իսկ եթե արդեն զարգացած են՝ աստիճանաբար կորցնում հև իրենց ֆունկցիան, երբեմն լրիվ անհետանում են։

Կենդանիների սեռական հատկանիշները խմբագրել

Ամորձատված կենդանուն սեռական գեղձ պատվաստելիս կամ նրա հորմոնը ներարկելիս զարգանում են համապատասխան սեռին բնորոշ կախյալ երկրորդական սեռական հատկանիշները, օրինակ, ամորձատված հավին արական սեռական գեղձ պատվաստելիս զարգանում են արական սեռական ռեֆլեքսներ (կռվարարություն, կանչի ընդունակություն, աքաղաղի կատար)։ Անկախ երկրորդական սեռական հատկանիշները, օրինակ, աքաղաղի բիտը կամ փետրավորումը զարգանում են առանց սեռական հորմոնների մասնակցության (ամորձատված աքաղաղների մոտ ևս այդ հատկանիշնևրը հայտնաբերված են)։ Միջատենրին բնորոշ է սոմոսեքսուալ կամ հյուսվածքասեռական երկրորդական սեռական հատկանիշների խումբը, որը կախված չէ սեռական գեղձերի ֆունկցիայից և հատուկ է միայն մեկ սեռին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 635