Սելին Ֆիգարի սպանություն

Սելին Մարի Թերեզ Ֆիգար (ֆր.՝ Celine Marie Therese Figard, 1976 թվականի մայիսի 23– 1995 թվականի դեկտեմբերի 19)՝ ուսանողուհի-հաշվապահ Արևելյան Ֆրանսիայի Ֆերիեր-լե-Սեից, սպանվել է 19 տարեկանում։ Նա անհետ կորել է 1995 թվականի դեկտեմբերի 19-ին Միացյալ Թագավորություն կատարած ուղևորության ժամանակ՝ Բերքշիրի ավտոմայրուղով բեռնատարի վարորդի հետ ավտոստոպով ճամփորդելուց հետո։ 1995 թվականի դեկտեմբերի 29-ին՝ նրա գտնվելու վայրի մասին տեղեկատվության հարցումից տասը օր անց, նրա մարմինը հայտնաբերվել է Վուստերշիր կոմսության Հաուֆորդի վթարային հրապարակում։ Դիահերձումը ցույց է տվել, որ նրան ծեծել են և խեղդամահ արել, սակայն մահվան վերջնական պատճառը չի պարզվել։

Սելին Ֆիգար
Celine Marie Therese Figard
Ծնվել էմայիսի 23 1976 թվական
ԾննդավայրՖերիեր-լե-Սե Արևելյան Ֆրանսիա
Մահացել էդեկտեմբերի 19 1995 թվական

Գործը բրիտանական ԶԼՄ-ներում Սուրբ Ծննդի և Նոր տարվա ժամանակահատվածում ստացել է հասարակական լայն լուսաբանում։ Այդ արձագանքներին հավելել են նաև այն մտավախությունները, որ այդ սպանությունը կարող էր լինել ամբողջ անգլիական Միդլենդսում սպանությունների շարքի շարունակությունը, որոնք ոստիկանությունը որակել էր որպես «Միդլենդսյան գողի» աշխատանք։ Սպանության հետաքննությանը մասնակցել է Մեծ Բրիտանիայում ԴՆԹ-ի հետազոտության առաջին ազգային ծրագիրը, սպանության մեջ կասկածվողների որոնումն ընդգրկել է ավելի քան 5000 մարդ։

Բեռնատարի 37-ամյա վարորդ Ստյուարտ Մորգանը, ով Պուլից ուղերթ էր կատարել դեպի Դորսեթ, ձերբակալվել է 1996 թվականի փետրվարի 19-ին այն բանից հետո, երբ գործընկերը նրան ճանաչել էր ըստ ֆոտոռոբոտի։ Ավելի ուշ Մորգանը մեղադրվեց Սելին Ֆիգարի սպանության մեջ։ Խուզարկուները եկել էին այն եզրակացության, որ նա բռնաբարել, ծեծել և խեղդել է Ֆիգարին։ 10 օր նա սպանված կնոջ մարմինը պահել է մեքենայի մեջ։ Հոկտեմբերին Մորգանը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ 20 տարուց ոչ շուտ ազատ արձակվելու իրավունքով։ 1998 թվականի փետրվարին բողոք է ներկայացվել, որը սակայն մերժվել է։ 2009 թվականին Լոնդոնի Բարձր դատարանը մերժել է նրա՝ կալանքի ժամկետը վերանայելու միջնորդությունը։

Ֆիգարը թաղվել է Ֆրանսիայի Սե–սյուր–Սոն-է-Սենտ-Ալբեն գյուղում։ 1996 թվականի հունվարին տեղի ունեցած հոգեհանգստին ներկա էին ընտանիքի անդամները, զոհվածի ընկերները և տեղի քաղաքական գործիչները։ Մեծ Բրիտանիայում նրա հիշատակը հավերժացվել է Վուստերշիր գյուղի եկեղեցում՝ Օմբերսլիում (այն վայրից ոչ հեռու, որտեղ հայտնաբերվել էր նրա մարմինը) տեղադրված հուշահամալիրում։

Նախապատմություն և անհետացում խմբագրել

 
Բեռնատարների ավտոպարկը Չիվլիում. այստեղ են Սելին Ֆիգարին վերջին անգամ կենդանի տեսել։

Սելին Ֆիգարը Բերնարդ և Մարտին Ֆիգարների չորս երեխաներից երկրորդ երեխան էր։ Նրա ծնողները կաթի ֆերմա ունեին։ Ընտանիքը ապրում էր Ֆերիեր-Լե-Սեում՝ արևելյան Ֆրանսիայի գյուղական համայնքում, Բեզանսոնի կողքին։ Սելինը հաշվապահություն է սովորել Մոնբելյարի Լե Գրանդ Շենոայի լիցեում։ Ֆիգարը շնորհալի ուսանողուհի էր, ունակություններ ուներ երաժշտության, լեզվաբանության և մաթեմատիկայի հանդեպ։ 1990 թվականին այցելելով Մեծ Բրիտանիա՝ Ֆիգարը տարվել է այդ երկրով և բազմիցս այցելել այստեղ[1][2][3]։

Նա 1995 թվականի ամառը անցկացրեց՝ աշխատելով Հեմփշիր կոմսության Ֆորդինգբրիջի հյուրանոցում (նրա զարմիկը՝ Ժան Մարկը, այստեղ ավագ մատուցող էր աշխատում)։ Աղջիկը նաև ցանկանում էր օգտվել անգլերեն լեզվով զբաղվելու հնարավորությունից։ Ֆիգարը ծրագրում Է Մեծ Բրիտանիա վերադառնալ դեկտեմբերին, որպեսզի ևս երկու շաբաթ անցկացնի Ժան Մարկի հետ[2]։ Դեկտեմբերի 18-ին նա հեռանում է տնից և մեկնում Բրիտանիա։ Նրան տանում էր ընտանիքի ընկերը, ով աշխատում էր տեղական տրանսպորտային ընկերությունում։ Աղջկա ծնողները նախապես պայմանավորվել էին ընկերոջ հետ ուղևորության մասին, Ֆիգարը հաջորդ օրը անցնում Է Լա Մանշը[4][5]։ Նա ժամանում է Էշֆորդ, Քենթ կոմսություն։ Ֆիգարը մտադիր է եղել գնացքով հասնել Ֆոնդինգբրիջ, սակայն նրա ուղեկիցը Ֆրանսիայից մի բեռնատարի վարորդ է գտնում, ով համաձայնում է նրան հասցնել Նյուբերիի Չիվլիի բենզալցակայան (Բերքշիրի կոմսություն)[4][5][6]։ Այնուհետև նա օգնում է աղջկան գտնելու բեռնատարի երրորդ վարորդի՝ ճանապարհորդության վերջնական փուլի համար։ Մինչ այդ Ֆիգարը փորձում է զանգահարել իր զարմիկին, որպեսզի նա դիմավորի իրեն, բայց այդպես էլ չի կարողանում զանգահարել[7][8]։ Վերջին անգամ նրան տեսել են Չիվլիում՝ դեկտեմբերի 19-ի կեսօրին, M4 ավտոմայրուղու 13-րդ հանգույցի վրա։ Աղջիկը նստել է «Mercedes» մակնիշի սպիտակ բեռնատարը»[9]։

Ոստիկանությունը տեղեկություն է խնդրել նրա անհետացման մասին և բեռնատարի վարորդին ֆոտոռոբոտ է արել, սակայն նրան չեն կարողացել ճանաչել։ Դեկտեմբերի 25-ին քննիչները սկսել են մշակել աղջկա առևանգման վարկածը[10]։ Հաջորդ օրը քննիչները սկսել են մշակել աղջկա սպանության վարկածը[11]։ Սելինի հայրը ժամանել է Մեծ Բրիտանիա, որպեսզի օգնի դետեկտիվներին դստեր որոնումներում։ Նա դիմել է հանրությանը՝ խնդրելով կիսվել աղջկա գտնվելու վայրի մասին տեղեկատվությամբ[12]։

Մարմնի հայտնաբերում և դիահերձում խմբագրել

Դեկտեմբերի 29-ի առավոտյան մի վարորդ կանգ է առել ճամփեզրին, որպեսզի ուղղի ապակու մաքրիչը։ Նա հայտնաբերել է աղջկա մերկ մարմին, որը նետված էր վուստերշիրյան Հաուֆորդ գյուղում գտնվող A449 մայրուղուն կից փորված ջրատար առվի մեջ[9]։ Ոստիկանությունը զբաղվել է նրա անձի հաստատմամբ․ քննիչները վստահ էին, որ դա Լուիզա Սմիթը չէ, ով ադմինիստրատորի 18-ամյա օգնական էր և Սուրբ Ծննդյան նախօրեին անհետացել էր Գլոստերշիրի Յեյտայի գիշերային ակումբ այցելելուց հետո[13]։

Հաջորդ օրը ոստիկանությունը պարզել է մահացածի ինքնությունը։ Դիահերձումը ցույց է տվել, որ նա խեղդամահ է արվել և ուշագնաց եղել ծանր առարկայից, սակայն մահվան վերջնական պատճառը չի հաստատվել։ Դիահերձումը սեռական բռնության «ոչ մի ակնհայտ նշան» չի հայտնաբերել[9]։ Սակայն հաստատվել է, որ սեռական ակտ կատարվել է նրա մահից քիչ առաջ։ Քննիչների կարծիքով դա տեղի է ունեցել նրա կամքին հակառակ[14]։

Ոստիկանությունն հայտարարեց, որ մարմինն այնտեղ է գտնվել մոտ մեկ օր, դիտարկվում էր զոհի գերության վարկածը։ Հեմփշիրի ոստիկանության դետեկտիվ, ավագ սուպերինտենդանտ Ռոջեր Հոդինոտտը պնդում էր, որ Ֆիգարի հայտնաբերման պահին նրա մահվանից անցել էր առնվազն 4-5 օր, սակայն չէր նշում մահվան ճշգրիտ ժամանակը[9]։

Հետաքննություն խմբագրել

Հետաքննությունը գլխավորել Է դետեկտիվ, Արևմտյան Մերսիայի ոստիկանության ավագ սուպերինտենդանտ Ջոն Մաքքամոնտը[15], գործին մասնակցել է ոստիկանության երեք ջոկատներից ավելի քան 100 դետեկտիվ[2][11]։ Ոստիկանության աշխատակիցները հետաքննել են նմանօրինակ չբացահայտված սպանությունները՝ վախենալով, որ դրանք կարող են լինել մեկ մարդու ձեռքի գործը[16][17]։ Հատուկ հետաքրքրություն էր առաջացրել վերջերիս տեղի ունեցած Թրեյսի Թըրների և Սամո Պոլլի սպանությունները․ երկուսն էլ հայտնաբերվել էին խեղդված, ավտոմայրուղիների մոտ[16]։ Հունվարի 4-ին կայացած մամուլի ասուլիսում Մաքքամոնտն ասել է՝ «Ես կցանկանայի ընդգծել, որ այս փուլում չկան ծանրակշիռ ապացույցներ, որ Սելինի սպանությունը կապված է որևէ այլ քրեական գործերի հետ»[15]։ Նա իր ենթաաներին հանձնարարել է տեղեկություններ հավաքել «Պասկալ Կրետյեն» շամպայնի վերաբերյալ, որից մեկ շիշ Ֆիգարը նվեր էր ստացել նախքան Անգլիա ժամանելը՝ «Շամպայնի կոնկրետ այս տեսակը չի արտահանվում Ֆրանսիայի սահմաններից դուրս աշխարհի որևէ այլ կետ և չի վաճառվում մեր երկրում։ Սա 1993 թվականի գինի է, և միայն 60 հազար շիշ էարտադրվել»[15]։

Հունվարի 12-ին քննիչները հայտարարեցին, որ «Mercedes» մակնիշի բոլոր տրանսպորտային միջոցների վարորդների ԴՆԹ-ի հետազոտություն են անցկացնելու։ Սա առաջին դեպքն էր, երբ ԴՆԹ-ի վերլուծության մեթոդը ազգային մակարդակով օգտագործվում էր սպանության մեջ կասկածվողին հայտնաբերելու համար[14][18]։ Խուզարկվեցին ավելի քան 1000 տրանսպորտային միջոց և ստուգվեցին 5000 վարորդ[2]։ Փետրվարի 19-ին Արևմտյան Մերսիայի ոստիկանությունը հաստատեց, որ կասկածյալը ձերբակալվել է և համագործակցում է հետաքննության հետ[19]։ Հաջորդ օրը իշխանությունները հայտարարեցին, որ կասկածյալը ձերբակալվել է Պուլում՝ Արևմտյան Մերսիայի և Դորսեթի ոստիկանության համատեղ գործողության ընթացքում, նա անգլիացի էր[20]։ Մարդասպանը ոմն Ստյուարտ Մորգանն էր՝ 37-ամյա տղամարդ, բեռնատարի ինքնազբաղ վարորդ։ Փետրվարի 21-ին նա կալանքի տակ վերցվեց Ռեդդիչի մագիստրոսական դատարանում լսումներից հետո[21]։

Ստյուարտ Մորգան խմբագրել

Ստյուարտ Ուիլյամ Մորգան (ծնված 1958 թվականին)՝ անգլիացի, բեռնատարի վարորդ և նախկին ջերմատեխնիկ Պուլից։ Ջոն և Ջուլիաննա Մորգանի որդին, ընտանիքի հինգ երեխաներից մեկը՝ Ստյուարտը, մեծացել է Քենթի կոմսության Տանբրիջ Ուելսում։ Նրա հայրը բրիգադիր էր աշխատում, իսկ մայրը (փախստական նախկին ԳԴՀ-ից)՝ դպրոցական հավաքարար։ Մորգանը թողել է դպրոցը՝ ստանալով միջնակարգ կրթության մասին երեք հավաստագիր, իսկ 1974 թվականին դատապարտվել է ազատազրկման ուղղիչ գաղութում՝ կոտրանքով գողություն կատարելու համար։ Նա ավարտել է Կրոյդոնի քոլեջը և ստացել է երկու մասնագիտություններ՝ սանտեխնիկի և ջերմատեխնիկի, ապա Տանբրիջ Ուելսում բացել է իր սեփական բիզնեսը՝ կապված սանտեխնիկայի հետ։ Բիզնեսի հետ կապված մի շարք անհաջողություններից հետո նա 1983 թվականին տեղափոխվել է Դորսեթ և Բորնմուտի քաղաքային խորհրդում աշխատել է որպես ջերմատեխնիկ։ Նա 1991 թվականին սկսել է բեռնատար վարել[1][5]։

Մորգանը իր ապագա կնոջը հանդիպել է Քենթում, 1980-ականների սկզբին։ Նրանք ամուսնացել են 1982 թվականին, բայց նա լքել է կնոջը, երբ նա հղիացել է երկվորյակներով։ Երկրորդ կնոջը նա հանդիպել է Դորսեթ տեղափոխվելուց հետո։ Սա ևս հղիացել և տղա է ունեցել։ Նրանք չեն օրինականացրել հարաբերությունները մինչև 1994 թվականը՝ մի քանի տարի ապրելով քաղաքացիական ամուսնությամբ։ Մորգանը կնամոլի համբավ է ունեցել, նա տեխնիկ աշխատելու տարիներին գայթակղում էր հաճախորդներին։ Նա շարունակել է զբաղվել դրանով նաև բեռնատարի վարորդ դառնալուց հետո։ Ստյուարտի դատապարտումից հետո նրա եղբայր Ռեյն ասել է՝ «Նա այնքան շատ սիրավեպեր է ունեցել տարիների ընթացքում, որ ես կորցրել եմ դրանց հաշիվը»։ Նա նաև կատաղի բնավորություն է ունեցել։ Մորգանի ընկերը՝ Դեյվ Մոեմքենը, նրան բավականին դյուրագրգիռ է անվանել[1]։

1995 թվականի դեկտեմբերի 19-ին Մորգանը ճանապարհակից է վերցրել Սելին Ֆիգարին, երբ Լիդսից ուղևորվում էր Սաութգեմփթոնի նավահանգիստ[1]։ Խուզարկուները հանգել են այն եզրակացության, որ բռնաբարությունից և սպանությունից հետո Մորգանը աղջկա մարմինը պահել է բեռնատարի խցիկում, ներքևի մահճակալի վրա, և այն այնտեղ է մնացել մոտ տասը օր։ Այդ ժամանակ նա շարունակել է մեքենան վարել և նույնիսկ քնել է այդտեղ։ Ակնհայտ է, որ Մորգանը աղջկա մարմինը թողել է ավտոմեքենայում, որը կայանել է իր տան դիմաց, և Սուրբ Ծնունդն անցկացրել է իր ընտանիքի հետ[1][22]։ Ոստիկանությունը եզրակացրել է, որ նա մարմնից ազատվել է դեկտեմբերի 29-ին[22]։

Նա ձերբակալվել է, երբ մեկ այլ վարորդ ճանաչել է նրան ֆոտոռոբոտը։ Մորգանը սկզբում հերքել է Ֆիգարի հետ հանդիպման փաստը։ Ճանաչման ընթացակարգից հետո նա պնդել է, որ ինքն ու Ֆիգարը փոխադարձ համաձայնությամբ են սեքսով զբաղվել[23]։

Դատ խմբագրել

 
Մորգանի գործը լսվել է 1996 թվականի հոկտեմբերին Վուստերշիրի թագավորական դատարանում։

Դատական գործընթացը սկսվել է Վուսթերի թագավորական դատարանում 1996 թվականի հոկտեմբերի 2-ին[4], գործով որոշումը կայացրել են դատավոր Լաթամը և ատենակալները[22]։ Մորգանի պաշտպանը թագավորական փաստաբան Նայջել Ջոնն էր[24], քրեական գործը հարուցվել է թագավորական փաստաբան Դեյվիդ Ֆարերի կողմից[4]։ Մորգանը հերքել է իր մեղքը[22]։ Մեղադրող կողմը պնդում էր, որ Մորգանը բռնաբարել և սպանել է Սելին Ֆիգարին կեսօրից հետո և մինչև 1995 թվականի դեկտեմբերի 19-ի երեկոն, այնուհետև տասն օրվա ընթացքում նրա մարմինը պահել է բեռնատարի խցիկում[7]։ Ֆարերը դատարանին հայտնել է, որ աղջիկը խեղդամահ է եղել, իսկ գլխին եղել են ծանր առարկայի հարվածի հետքեր, նրա դեմքին վնասվածքներ են հասցվել ոտքերի հարվածներով։ Հնչեցին նաև վկայություններ այն մասին, որ նրա ձեռքերը կապված են եղել, և որ սեռական ակտ է տեղի ունեցել, մեղադրող կողմը այն կարծիքին է եղել, որ նա սեռական կապի մեջ է մտել ահաբեկումների պատճառով[7]։

Մեղադրող կողմի ներկայացրած ապացույցները ցույց են տվել, որ Մորգանը շարունակել է օգտագործել մեքենան, իսկ Ֆիգարը մահացած–նետված է եղել խցիկում, և որ բեռնատարը կայանված է եղել Սուրբ Ծննդյան շրջանում իր տան մոտ։ Ֆարերն ասել է, որ Մորգանը բահ, կացին ու դանակ է գնել՝ մտադիր լինելով մասնատել մարմինը, բայց փոշմանել է[7]։ Դրա փոխարեն հաջորդ օրը նա ազատվել է նրա աճյունից[4]։ Այդ ուղևորության փաստը թաքցնելու նպատակով նա իր բեռնատարի տախոգրաֆից հեռացրել է ապահովիչը (այսպիսով նա ջնջել է ուղևորության տվյալները), ապա գնացել է Վուստերշիր[4]։ 1995 թվականի դեկտեմբերի 29-ին նրա ճամփորդական գրառումների մեջ հակասություններ են հայտնաբերվել, քանի որ ուղևորությունից հետո նա մոռացել է փոխարինել ապահովիչը[4]։ Խցիկում հայտնաբերված արյան բծերի ԴՆԹ-թեստերը ցույց են տվել, որ այն պատկանել է Ֆիգարին։ Միաժամանակ Մորգանի ավտոտնակում հայտնաբերվել է արյունով ներծծված ներքնակ[7]։ Նրա տնից դուրս են բերվել մի քանի իրեր, որոնք պատկանել են Ֆիգարին, այդ թվում՝ լուսանկարներ ու արդուզարդի պայուսակը[25]։ Պահեստից ոչ հեռու, ուր նա այցելել է գիշերը, երբ ազատվել է դիակից, հայտնաբերվել են նրա հագուստի որոշ տարրեր[7]։ Երկու շիշ «Պասկալ Կրետյեն»–ը, որոնք Ֆիգարը տարել էր Անգլիա, Մորգանը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ նվիրել էր ավտոպարկը սպասարկող անձնակազմի երկու անդամներին, որոնք աշխատում էին իր տան դիմաց գտնվող «Shell» կայարանում[7]։

Մորգանը խոստովանել է, որ Ֆիգարին վերցրել է 1995 թվականի դեկտեմբերի 19-ի օրվա երկրորդ կեսին[24]։ Նա պնդում էր, որ սեքսը եղել է փոխադարձ համաձայնությամբ զրույցից և սիրախաղից հետո։ Նրանք խոսել են, և Մորգանը մեքենան կանգնեցրել է վթարային հրապարակում, որտեղ աղջկա համար մի բաժակ թեյ է պատրաստել և խնդրել այն, ինչ նա հետագայում անվանել է «Սուրբ Ծննդյան համբույր»[24]։ Նա ասել է, որ դրանից հետո ինքն աղջկան տարել է Սաութգեմփթոն, որտեղ նրանք կոնտակտային տվյալներ են փոխանակել, ապա ինքը հեռացել է[24]։ Նա պնդել է, որ աղջիկը «ուրախ էր ու երջանիկ»[26]։ Նա կապ չի հաստատել այն բանից հետո, երբ ոստիկանությունը մանրամասներ է խնդրել այն վարորդի մասին, ով եղել է աղջկան տանողը։ Նա չի ցանկացել, որ իր կինն իմանա դավաճանության մասին[26]։ Նա պնդել է, որ աղջկան լուսանկարներն ու այլ իրեր հայտնվել են իր մոտ, քանի որ նա մոռացել է դրանք իր բեռնատարի մեջ[25]։ Իսկ ներքնակը ծածկվել է մեկ այլ վարորդի արյամբ, ով բեռնատարը վարձակալել էր 1994 թվականին․ նրա ոտքը վնասվել էր[2]։

Հոկտեմբերի 16-ին ատենակալները երեք ու կես ժամ են ծախսել Սելին Ֆիգարի սպանությունը որակելու համար։ Մորգանը դատապարտվել է ցմահ բանտարկության, նրան պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքը վերապահվել է ներքին գործերի նախարարի իրավասությանը, ինչը հաջորդիվ պետք է հաստատի պայմանական վաղաժամկետ ազատման խորհուրդը[1][23]։ Դատավճիռ կայացնելով՝ դատավոր Լաթամն ասել է՝

Այն, ինչ դուք արել եք Սելինի հետ, զզվանք է առաջացնում բոլոր առողջ դատող մարդկանց մտքում։ Դուք վտանգավոր մարդ եք, և ես այդ մասին կզեկուցեմ ներքին գործերի նախարարին[22][23].

Լաթամը Մորգանին նվազագույն ազատազրկման ժամկետ սահմանեց 20 տարին, այն հետագայում հավանության արժանացավ Անգլիայի և Ուելսի գլխավոր դատավոր լորդ Բինգհեմի կողմից, իսկ 1998 թվականի նոյեմբերի 4-ին ներքին գործերի նախարարն այդ մասին տեղեկացրեց Մորգանին[5]։

Բողոքարկումներ խմբագրել

Մորգանը բողոքարկել է դատավճիռը՝ պատճառաբանելով, որ գործը քննվել է ոչ օբյեկտիվ՝ գործընթացի նկատմամբ հանրության ուշադրության պատճառով։ 1998 թվականի փետրվարի 5-ին նրա միջնորդությունը մերժվեց Անգլիայի և Ուելսի Վերաքննիչ դատարանի կողմից։ Երեք գործող դատավորներ որոշեել են, որ միջնորդությունը բավարարելու համար անհրաժեշտ հիմքեր չկան[6]։

2009 թվականի հունվարին 2003 թվականի «Քրեական արդարադատության մասին» օրենքի 22-րդ հավելվածի 3-րդ կետին համապատասխան Մորգանը կրկին դիմել է Լոնդոնի Բարձր դատարան՝ խնդրելով վերանայել առաջարկված նվազագույն ժամկետը։ Նույն թվականի հուլիսին այդ դիմումը մերժվել է։ Նախագահող դատավոր Պիտեր Օփենշոուն ասել է՝

Դատավճիռը մնում է ուժի մեջ՝ ցմահ ազատազրկում։ Դատապարտյալին ազատ արձակելու հարցը չի կարող նույնիսկ դիտարկվել, քանի դեռ նա չի նստել առնվազն 20 տարի (բացառությամբ՝ մինչ դատավճիռը կալանքի ժամկետը)։ Այսինքն՝ չի կարելի ասել, որ այդ ժամանակ նա ազատ կարձակվի, ավելին՝ նա ձերբակալված կմնա մինչև պայմանական վաղաժամկետ ազատման խորհուրդը չհամարի, որ նա այլևս ռիսկ չի ներկայացնում հանրության համար։ Նույնիսկ եթե խորհուրդը որոշում կայացնի ապագայում ազատ արձակել նրան, նա հաշվառման մեջ կմնա իր մնացած ողջ կյանքի ընթացքում[5]։

Հետևանքներ և հիշատակ խմբագրել

 
Օմբերսլիի Սուրբ Անդրեյի եկեղեցու մուտքը, որտեղ տեղի է ունեցել Ֆիգարի հոգեհանգստի արարողությունը։

Սելին Ֆիգարի մարմինը Ֆրանսիա է տեղափոխվել 1996 թվականի հունվարի 17-ին, հուղարկավորությունը տեղի է ունեցել հունվարի 20-ին[27]։ Նա թաղված էՍե–սյուր–Սոն-է-Սենտ-Ալբենում։ «The Mail on Sunday»-ն հայտնել է, որ արարողությանը մասնակցել են 3000 սգացողներ, այդ թվում՝ Ֆիգարների ընտանիքը, ընկերները և ֆրանսիացի քաղաքական գործիչներ[28]։

Օմբերսլի գյուղի Սուրբ Անդրեյ եկեղեցում ստեղծվել է Սելին Ֆիգարի հիշատակին նվիրված հուշայգի։ Այն գտնվում է այն վայրի կողքին, որտեղ գտնվել է նրա մարմինը, բացման արարողությունը տեղի է ունեցել 1997 թվականի հունիսին[29]։ Տեղի բնակիչները ավելի քան 1000 ֆունտ ստերլինգ են հավաքել՝ աջակցելու դրա շինարարությանը[30]։ Այգում նաև հավերժացված են բռնի հանցագործությունների այլ զոհեր, նրանց թվում՝ Ջոաննա Պերիշը և Քերոլայն Դիքինսոնը, երկու անգլիացի ուսանողուհիներ, որոնք սպանվել են Ֆրանսիայում։ 2000 թվականի դեկտեմբերի 29-ին՝ Ֆիգարի մարմնի հայտնաբերման հինգերորդ տարելիցի օրը, տեղի «Worcester News» թերթը հաղորդել Է, որ աշնանը եկեղեցում տեղի է ունեցել Ֆիգարի ամենամյա հիշատակումը, որին ներկա են եղել նրա ծնողները։ Հաուֆորդի վթարային հրապարակում, որտեղ նա հայտնաբերվել էր, պարբերաբար ծաղիկներ են բերում, այս վայրը կոչվում է Le Jardin de Celine (ռուս.՝ Сад Селин, հայերեն՝ Սելինի այգի)[2]։

Ծանոթագրությոններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Harding, Luke (1996 թ․ հոկտեմբերի 17). «As lorry driver is sent down for life, police reveal there may be a stringof other victims». Daily Mail. Associated Newspapers Ltd. Արխիվացված է օրիգինալից (доступно по подписке) 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 23-ին. {{cite news}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «"Why did he kill our daughter?"». Worcester News. Newsquest Media Group. 2000 թ․ դեկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին.
  3. «English learning curve for Christelle». Worcester News. Newsquest Media Group. 2001 թ․ հուլիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 29-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 «Driver `hid Celine's body in his lorry'». The Independent. Independent Print ltd. 1996 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Openshaw, The Hon. Mr Justice (2009 թ․ հուլիսի 27). «High Court setting of minimum terms for mandatory life sentences under the Criminal Justice Act 2003: Neutral Citation Number: [2009] EWHC 1629». Her Majesty's Courts Service. HM Government of the United Kingdom. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 29-ին.
  6. 6,0 6,1 «Celine killer's appeal bid is turned down». The Birmingham Post. Miror Group Newspapers. 1998 թ․ փետրվարի 6. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 «Killer kept Celine's body behind his driver's seat for ten days». Daily Mail. Associated Newspapers Ltd. 1996 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից (доступно по подписке) 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 23-ին. {{cite news}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  8. Souness, Howard (1996 թ․ հոկտեմբերի 17). «Eyes of pure evil: I saw killer with Celine». The Mirror. Mirror Group Newspapers. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 Bennett, Will (1995 թ․ դեկտեմբերի 31). «Killer hid Celine 'for days'». The Independent. Independent Print Ltd. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին.
  10. «Police fear lorry driver abducted French student». The Independent. Independent Print Ltd. 1996 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
  11. 11,0 11,1 Brace, Matthew (1995 թ․ դեկտեմբերի 27). «Missing girl's father helps in murder hunt». The Independent. Independent Print Ltd. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին.
  12. «Father of missing French student Celine Figard appeals to public for help in finding his daughter». ITN News. ITN. 1995 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին.
  13. Brace, Matthew (1995 թ․ դեկտեմբերի 30). «Fears grow for Celine after body is found». The Independent. Independent Print Ltd. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին.
  14. 14,0 14,1 Mowbray, Chris; Bennetto, Jason (1996 թ․ հունվարի 13). «DNA test for 1,200 lorry drivers». The Independent. Independent Print Ltd. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին.
  15. 15,0 15,1 15,2 Bennett, Will (1996 թ․ հունվարի 5). «Serial killer link to Celine ruled out». The Independent. Independent Print Ltd. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին.
  16. 16,0 16,1 «Celine might have been serial killer's tenth victim». Daily Mail. Associated Newspapers. 1996 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից (доступно по подписке) 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին. {{cite news}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  17. «Police swap evidence in hunt for Celine's killer». The Independent. Independent Print Ltd. 1996 թ․ հունվարի 2. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին. {{cite news}}: |first= missing |last= (օգնություն)
  18. «DNA Fingerprinting: Research Paper 96/44» (PDF). Parliament.uk. 1996 թ․ մարտի 27. էջ 27. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 15-ին.
  19. «Man held in search for Celine sex killer». Daily Mail. Associated Newspapers Ltd. 1996 թ․ փետրվարի 20. Արխիվացված է օրիգինալից (доступно по подписке) 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին. {{cite news}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  20. «Celine joint swoop». The Independent. Independent Print Ltd. 1996 թ․ փետրվարի 21. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
  21. «Celine remand». The Independent. Independent Print Ltd. 1996 թ․ փետրվարի 22. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին.
  22. 22,0 22,1 22,2 22,3 22,4 Garner, Clare (1996 թ․ հոկտեմբերի 17). «Life for lorry driver who ended Celine's journey of optimism». The Independent. Independent Print Ltd. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին.
  23. 23,0 23,1 23,2 «Celine beast caged for life». Daily Record. Mirror Group Newspapers. 1996 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
  24. 24,0 24,1 24,2 24,3 «Murder-charge lorry driver gives evidence». Daily Mail. Associated Newspapers Ltd. 1996 թ․ հոկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից (доступно по подписке) 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 23-ին. {{cite news}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  25. 25,0 25,1 Daniels, Bill (1996 թ․ հոկտեմբերի 4). «Celine photos at trucker's home». The Mirror. Mirror Group Newspapers. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 23-ին.
  26. 26,0 26,1 «Celine case man tells of kiss». The Independent. Independent Print Ltd. 1996 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
  27. «Celine Figard's body flown home». The Independent. Independent Print Ltd. 1996 թ․ հունվարի 18. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
  28. «Thousands pay tribute to Celine». The Mail on Sunday. Associated Newspapers Ltd. 1996 թ․ հունվարի 21. Արխիվացված է օրիգինալից (доступно по подписке) 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին. {{cite news}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  29. «A colourful memorial to tragic Celine». The Independent. Independent Print Ltd. 1997 թ․ հունիսի 16. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին.
  30. Mouland, Bill (1997 թ․ հուլիսի 17). «For our daughters». Daily Mail. Associated Newspapers Ltd. Արխիվացված է օրիգինալից (доступно по подписке) 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին. {{cite news}}: Invalid |url-status=404 (օգնություն)

Հղումներ խմբագրել

  • «Celine beast caged for life». Daily Record. Mirror Group Newspapers. 1996 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.