Սգո երգեր, հանգուցյալի վրա կատարվող երգեր, կոչվում են նաև լացի (լալիքի) ու կոծի երգեր, մահերգեր, բանահյուսական ծիսերգային բանաստեղծություններ։ Սովորաբար բաղկացած են քնարական-վիպական բնույթի մի քանի երկտող տներից։ Ողբասացները ավանդական սգո երգերը․ նախապես կամ հանպատրաստից հարմարեցրել են հանգուցյալին, վերարտադրել նրա կյանքի աոանձին կողմերը, մահվան պատճառները և այլն։ Սգո երգերին բնորոշ, է հանգուցյալի գովքը, որ կատարվել է դիմելու եղանակով, ավանդական կայուն բանաձևերով, երգային կայուն կրկնակներով ու մեղեդիներով, պատկեր-համեմատություններով։ Հնագույն սգո երգերը հորինվել են հայրենի չափով։

Սգո եգորը կապված են հանգուցյալների պաշտամունքի, ողբակոծության և հուղարկավորության վաղնջական ծիսական արարողությունների հետ․ եղել են հատուկ ողբասաց-կատարողներ, հիմնականում՝ կանայք, որոնցից գլխավորը կոչվել է «մայր ողբոց» կամ «եղերամայր»․ նրան ձայնակցել են մյուս ողբասացները՝ «ձայնարկուները» կամ «բանահիյուս կանայք լալականք» (Գրիգոր Նարեկացի), «լալկան կանայք», նրանք վարձատրությամբ հրավիրվել են մեռելատուն և կատարել սգո երգեր։ Քրիստոնեական եկեղեցին ամեն կերպ արգելել է կոծն ու կոծի երգերը իբրև հեթանոսական ավանդություն, սակայն սգո երգեր, որոշ մեղմացումներով, գոյատևել են մինչև մեր օրերը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 257