Սարգիս Արզույան

հայ բժիշկ

Սարգիս Արզույան (Արզըյան), օգոստոս, 1872, Թալաս, Օսմանյան կայսրություն - ?), հայ բժիշկ։

Սարգիս Արզույան
Ծնվել էօգոստոս, 1872
ԾննդավայրԹալաս, Օսմանյան կայսրություն
Մահացել էանհայտ
Ազգությունհայ
ԿրթությունՆանսի քաղաքի բժշկական համալսարան
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Սարգիս Արզույանը ծնվել է 1872 թվականի օգոստոսին, Անկարայի նահանգի Կեսարիայի գավառի Թալաս քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, այնուհետև սովորել Կոստանդնուպոլսում։ 1897 թվականին ավարտել է Ֆրանսիայի Նանսի քաղաքի բժշկական համալսարանը և բժշկի վկայական ստացել։

1897 թվականին Կոստանդնուպոլիս է վերադարձել, որտեղ ենթարկվել է թուրքական ոստիկանության բռնություններին, ձերբակալվել ու բանտարկվել երկար ժամանակով։ Բանտից ազատվելուց հետո, երբ նոր-նոր սկսել է բժիշկ աշխատել, աքսորվել է Կեսարիա։ Ճանապարհին, Սև ծովի Սինոպ նավահանգստում փախել ու թաքնվել է ռուսական շոգենավում, սակայն նավապետը նրան հանձնել է թուրքական ոստիկանությանը։ Ֆրանսիական կառավարության միջնորդությամբ, Կեսարիայի աքսորավայրից որոշ ժամանակ անց վերադարձվել է Կոստանդնուպոլիս, որտեղից փախել է ու հաստատվել Փարիզում։

Օսմանյան սահմանադրության վերահաստատումից օգտվելով, 1908 թվականի սեպտեմբերին վերադարձել է Կոստանդնուպոլիս։ Կոստանդնուպոլսում մրցույթի մասնակցելով, Դամասկոսի նորաբաց թուրքական բժշկական վարժարանի մանրէաբանության և առողջապահության դասատու է նշանակվել։ 1914 թվականի վարժարանի թուրք պաշտոնակիցների սադրանքով պաշտոնանկ է արվել և Կոստանդնուպոլիս վերադարձել։

1914 թվականի Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայել զինվորական հիվանդանոցներում։ Եղել է Կոստանդնուպոլսի Հայ բժիշկներու միության անդամ։ 1919 թվականին Հայաստանի Հանրապետության բանակին վիրաբուժական գործիքներ է նվիրել։ Այլևայլ թերթերում հրատարակված և անտիպ առողջապահական բնույթի հոդվածների հեղինակ է։ 1922 թվականի վերջերին տեղափոխվել է Նեապոլ, ապա՝ Ֆրանսիա և հաստատվել Մարսել քաղաքում։

Աղբյուրներ խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն խմբագրել

  • Ալպօյաճեան Արշակ «Պատմութիւն հայ Կեսարիոյ», Բ. հատոր, Գահիրէ, 1937
  • Պոտուրեան Մկրտիչ «Հայ հանրագիտակ», Պուքրէշ, 1938
  • Յարման Արսեն «Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի», Ստամբուլ, 2001 (թուրքերեն)