Սարաֆյան եղբայրներ

լուսանկարիչ երեք եղբայրներ

Սարաֆյան եղբայրներ, տիգրանակերտցի լուսանկարիչ երեք եղբայրներ, որոնց մասնագիտական գործունեությունը ընթացել է հիմնականում Բեյրությում 1894-1930 թվականներին։ Նրանց 1895 թվականին հիմնած Սարաֆյան եղբայրներ ընկերությունը (Sarrafian Bros.) գոյատևել է մինչև 1975 թվականը։ Նրանց՝ Լիբանանի տարազներն ու մշակույթը պատկերող լուսանկարները և բացիկները աղբյուր են պատմական այդ շրջանը ուսումնասիրողների համար։ Սամուելը ավարտել է Սիրիայի բողոքական քոլեջը (ապագա Ամերիկյան համալսարանը) ստանալով բիզնեսի կառավարման դիպլոմ[1]։

Սարաֆյան եղբայրներ
Դիմանկար
Ծնվել է
  • Աբրահամ - 1873
  • Պողոս - 1876
  • Սամուել - 1884
ԾննդավայրԴիարբեքիր
Պարգևներ և
մրցանակներ
Dhour es-Shweir
Սարաֆյան եղբայրների բացիկները Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սարաֆյանները երեք եղբայր էին Աբրահամը (ծնվ․1873), Պողոսը (ծնվ․1876) և Սամուելը (ծնվ․1884)։ Հայրը բանկիր էր Դիարբեքիրում, զբաղվում էր գորգի վաճառքով, հետաքրքրվում էր անտիկվարիատով և դրամագիտությամբ։

Ուսում խմբագրել

Աբրահամն ու Պողոսը ավարտելով տեղական ազգային դպրոցը, շարունակել են ուսումը Մարդինի ամերիկյան ավագ դպրոցի բարձր դասարաններում։ Աբրահամը տասնչորս տարեկանում՝ չորս տարի ուսումնասիրելով գիտություն, անգլերեն և արաբերեն ստացել է դիպլոմ, Պողոսը շարունակել է ուսումը ուսումնասիրելով արաբերեն և անգլերեն։ Աբրահամը՝ մեկ տարի Բեռլինում փորձ ձեռք բերելուց հետո, վերադարձել է Դիարբեքիր և եղբոր՝ Պողոսի հետ լուսանկարչական լաբորատորիա է բացել։ 1896 թվականին Աբրահամը ամուսնացել է Դիարբեքիրի Եպիսկոպոսյան եկեղեցու առաջնորդի աղջկա՝ Երանիկ Կարապետյանի հետ։

Գործունեություն խմբագրել

1894 թվականին երկու եղբայրները ութ ամիս ճամփորդել են Միջագետքում, հասել մինչև Մոսուլ։ Բազմաթիվ լուսանկարներ են կատարել։ Վերադառնալով Դիարբեքիր, հոր խորհրդով անտիկվարի խանութ են բացել։ Վերադարձից երեք ամիս անց սկսվել են հայերի զանգվածային ջարդերը Արևմտյան Հայաստանում։ Սարաֆյան եղբայրները ստիպված տեղափոխվել են Բեյրութ՝ այնտեղից Եվրոպա անցնելու մտադրությամբ։ Հայ բողոքական միսիոներները համոզել են եղբայրներին հաստատվել Բեյրությում։ 1895 թվականին Բեյրութի Բաբ Իբրիս շրջանում հիմնել են Sarrafian bros. ընկերությունը, որը հայտնի էր Մերձավոր Արևելքի հնագիտական վայրերի, պատմական հուշարձանների լուսանկարներով և բացիկներով։ Աբրահամ Սարաֆյանը 1925 թվականին արժանացել է լուսանկարչական Dhour es-Shweir մրցանակին։ Եղբայրները շուտով ընդլայնել են իրենց բիզնեսը՝ բացելով նոր մասնաճյուղեր Սիրիայի և Պաղեստինի այլ քաղաքներում։ Ընկերությունը գործել է եղբայրների մահից հետո էլ մինչև 1975 թվական՝ Լիբանանի Քաղաքացիական պատերազմի սկիզբը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «The Sarrafian Brothers». Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.