Սառցադաշտեր, երկրի մակերևույթին մթնոլորտային պինդ տեղումներից գոյացած, շարժվող սառցի բնական կուտակումներ։

Առաջանում են մերձբևեռային շրջաններում և բարեխառն կամ արևադարձային լայնությունների լեռների բարձրադիր մասերում (ձյան սահմանից բարձր), որտեղ տարվա ընթացքում տեղումներն ավելի են, քան դրանք հալվում ու գոլորշիանում են։ Ձևաբանական տեսակետից սառցադաշտերը բաժանվում են ցամաքային սառցադաշտային ծածկութային, ծանծաղուտային (շելֆային) և լեռնային տիպերի։ Ձյան վերածումը ֆիռնի, ֆիռնային սառցի, ապա սառցադաշտային սառցի, տեղի է ունենում կուտակման վերին շերտերի ճնշման, վերաբյուրեղացման, մասամբ հալքի ու սառելու հետևանքով։ Ծանրության ուժի ազդեցությամբ սառցադաշտերի մարմնում առաջանում է լարվածության դաշտ, սառցադաշտերը ձևափոխվում և շարժվում են թեքության ուղղությամբ։ Սառցադաշտերի կարևոր հատկություններից մեկը շարժումն է։ Լեռնային երկրներում սառցադաշտերի շարժման արագությունը տատանվում է տարեկան մի քանի մ-ից մինչև մի քանի հարյուր մ։ Հիմալայների որոշ սառցադաշտերի շարժման արագությունը տարեկան մինչև 700—1300 մ է, Անտարկտիդայի ծանծաղուտային սառցադաշտերինը՝ մինչև 7—13,8 կմ։

Գրենլանդական մի քանի սառցադաշտերի շարժման արագությունը օրական 40 մ է։ Սառցադաշտերի արշավի դեպքում շարժման արագությունը մի քանի անգամ ավելանում է։ 1963 թվականին Պամիրում՝ Վանչի հովտում սառցադաշտի լեզվակը առաջ մղվեց 1600 մ։ Սառցադաշտերը ենթարկվում են աբլյացիայի ծախսվում են հալվելու, գոլորշիանալու կամ մեխանիկական հեռացման (այսբերգներ) ճանապարհով։ Լեռնային սառցադաշտերի աբլյացիայի հիմնական ձևը հալքն է, որից առաջանում են սառցադաշտային ջրեր, և սկիզբ են առնում գետեր։ Սառցադաշտերի չափերը պայմանավորված են սնման ու աբլյացիայի փոխհարաբերությամբ։ Սնման մեծացման դեպքում սառցադաշտերն արշավում են, պակասելու դեպքում՝ նահանջում։ Անթրոպոգենում Երկրի վրա նկատվել են սառցադաշտերի արշավի ու նահանջի մի քանի փուլեր։ Հնագույն սառցապատումների հետքեր պահպանվել են նաև Հայկական լեռնաշխարհում (Արագած, Գեղամա և Զանգեզուրի լեռներ

Շարժման ընթացքում սառցադաշտերը կատարում են քայքայիչ (առաջացնելով կրկեսներ, կառեր, տրոգներ, խոյի ճակատներ, գանգրահեր ժայռեր) և կուտակումային (մորեններ, օզեր, դրումլիններ, թմբաշարեր) աշխատանք, իսկ սառցադաշտերի եզրերին առաջացած լճերում նստում են սառցադաշտային ջրերի նստվածքներ։ Սառցադաշտերի ժամանակակից տարածումը Երկրի վրա 16,1 միլիոն կմ2 է (ցամաքի մակերեսի 11%-ը), ծավալը՝ մոտ 30 միլիոն կմ3։ ՍՍՀՄ-ում սառցադաշտերը գրավում են 71665 կմ2 տարածություն։ Ամենամեծը Անտարկտիդայի ծածկոցային սառցադաշտն է (14,4 միլիոն կմ2)։ Բերինգի լեռնային սառցադաշտը (Հս․ Ամերիկա) ունի 170 կմ, Ֆեդչենկոյինը (ՍՍՀՄ-ում)՝ 77 կմ երկարություն։ Սառցադաշտերն ամբարում են քաղցրահամ ջրի վիթխարի պաշարներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 191 CC-BY-SA-icon-80x15.png