Սառնակունքի գանձ, արծաթե հնագույն դրամների գանձ-հավաքածու։ Պատահմամբ գտել են գյուղացիները 1945 թվականին՝ Սիսիանի շրջանի (Սյունիքի մարզ) Սառնակունք գյուղից մոտ 1 կմ հյուսիս-արևելք, կավանոթի մեջ։ Դրամների մեծ մասը կորել է, մնացածը (373 դրամ) 1946-1966 թվականներին հավաքվել է տարբեր անձանցից և պահվում է Հայաստանի պատմության պետական թանգարանում։ Մեր թվարկությունից ուշ, հելլենիստական ժամանակաշրջանին վերաբերող ամենամեծ և արժեքավոր հավաքածուն է Հայաստանի տարածքում հայտնաբերվածների մեջ։ Այն պարունակում է Հռոմեական հանրապետության 225, սելևկյան 58, փյունիկյան 39, պարթևյան 22, հայկական 10, կապադովկիական 8, փոքրասիական և մերձավորարևելյան քաղաքների (Տյուրոս, Սիդոն, Պերգամոն, Եփեսոս ևն) 8, հունա-մակեդոնական 2 և պոնտական 1 դրամ։ Ամենահները Ալեքսանդր Մակեդոնացու (մեր թվարկությունից առաջ IV դար) հունա-մակեդոնական, իսկ ամենանորերը Մարկոս Անտոնիոսի (մ․թ․ա․ 31 թվական) հռոմեական դրամներն են, ուստի ենթադրվում է, որ գանձը թաղվել է մ․թ․ա․ մոտ 30—20-ական թվականներին։ Դրամների հայկական խումբն ընդգրկում է Տիգրան Բ Մեծի (95-56 թվականներ) և Արտավազդ Բ-ի (56-34 թվականներ) գահակալության տարիներին թողարկված չորեքդրամյաններ ու դրաքմեներ։ Մեր թվարկությունում մեծ նշանակություն ունի Հին Հայաստանի պատմության, դրամաշրջանառության, միջազգային կապերի, մշակույթի ուսումնասիրության համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 188