Սան Ջորջիո ին Վելաբրո

Սան Ջորջիո ին Վելաբրո (լատ.՝ Sancti Georgii in Velabro, իտալ.՝ San Giorgio al Velabro, San Giorgio in Fonte, San Giorgio della Chiavica oder Santi Giorgio e Sebastiano), եկեղեցի Հռոմում։ Բազիլիկը գտնվում է այն վայրում, որտեղ, ըստ լեգենդի, Ֆաուստուլը գտել է Հռոմուլոս և Հռեմոս եղբայրներին։ Եկեղեցին նվիրված է հռոմեական զորավար Սուրբ Գևորգին։ Նրա մասունքները՝ գլուխը և սուրը գտնվում են ավագ խորանի տակ։ Եկեղեցու աբսիդի ֆրեսկոն Պիետրո Կավալինիի (որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ Ջոտտոյի) աշխատանքն է։

Սան Ջորջիո ին Վելաբրո
San Giorgio in Velabro
Exterior Velabro 05.JPG
Հիմնական տվյալներ
ՏեսակԵկեղեցի
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունՀռոմ
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՀռոմի թեմ
ՆվիրվածՍուրբ Գևորգ
ԱնվանվածՍուրբ Գևորգ
Ճարտարապետական տիպբազիլիկ
Ճարտարապետական ոճվաղքրիստոնեական ճարտարապետություն
Հիմնադրված9-րդ դար
Շինանյութաղյուս, բետոն
sangiorgioinvelabro.org

ՊատմությունԽմբագրել

 
Սան Ջորջիո ին Վելաբրո բազիլիկի ինտերիերը

1923-1925 թվականների հնագիտական պեղումների ժամանակ աջակողմյան նավի տակ հայտնաբերվել են 2-3-րդ դարերի քարե կառույցի մնացուկներ։ 5-6-րդ դարերում այդ շինությունները բավականին ընդարձակվել են և դարձել վանական համալիր, որի բնակիչները օգնություն են ցուցաբերել ընչազուրկներին և թշվառներին։ Ներկայիս եկեղեցու հատակից 30 սմ ներքև հայտնաբերվել են նախնական եկեղեցու մնացորդները, հացահատիկի պահեստներ և վանականների կացարաններ։

Ներկայիս բազիլիկը կառուցվել է Լևոն II Պապի (682-683 թթ․) օրոք։ Պահպանված գրավոր արձանագրությունները վկայում են, որ այս պապն է առնչվում եկեղեցու կառուցման հետ։ Սակայն եկեղեցու պատերի ուսումնասիրությունները հաստատել են, որ ճակատամասի երեսապատման մեծ մասը իսկապես վերագրվում է 7-րդ դարին։ Վանական համալիրի մասին առաջին գրավոր արձանագրությունները վերագրվում են Զաքարիա Պապին (741 — 75 թթ․)։

 
Աբսիդի ֆրեսկոն

Նա հանդիսավոր կերպով Լաթերանյան բազիլիկից այս եկեղեցի է տեղափոխել Սուրբ Գևորգի մասունքները, ինչպես նաև հռոմեական օրացույցի մեջ ներառել է Սուրբ Գևորգի հիշատակման օր՝ ապրիլի 23։ Մինչ մասունքները այստեղ բերելը եկեղեցին նվիրաբերված է եղել սուրբ Սեբաստիանին, որի անշունչ մարմինը գցված է եղել Մեծ կոյուղու մեջ։ Վերջինիս ելանցքը գտնվում է բազիլիկի կողքին։ Գրիգոր IV Պապի պապականության ժամանակ (827-844 թթ․) բազիլիկը վերանորոգվել է, նրան ավելացվել է աբսիդ, (մինչ օրս կանգուն է), սյունասրահ (12-րդ դարում փոխարինվել է ներկայիս սյունաշարով), ներկառուցվել են մարմարե պատշգամբներ (պահպանվել են միայն չնչին հատվածներ, որոնք որոշակիորեն նման են Սանտա Մարիա ին Կոսմեդին բազիլիկի պատշգամբներին)։

12-րդ դարի ընթացքում Սան Ջորջիո ին Վելաբրո եկեղեցում կառուցվել է պրեսբիտերիում, հատակի հիմնական մակարդակից քիչ բարձր, ինչպես նաև խորան։ 12-րդ դարում եկեղեցուն կցակառուցվել է ներկայիս սյունասրահը, իսկ 13-րդ դարի առաջին կեսին՝ տիպիկ հռոմեական զանգակատուն, որը կայծակի պատճառով ավերվել է, իսկ հետո՝ 1837 թվականին, վերականգնվել։ Մոտավորապես 1300 թվականին կարդինալ Յակոպո Ստեֆանեսկու պատվերով աբսիդը զարդարվել է ֆրեսկոյով, որը վերագրվում է Պիետրո Կավալինիին (որոշ հետազոտողներ վերագրում են Ջոտտոյին)։ 1704 թվականին ճարտարապետ Չիվալլին կառուցել է կենտրոնական նավի փայտե առաստաղը։

1923-1925 թվականներին եկեղեցու կարդինալ քահանա Լուիջի Սինչերոյի միջոցներով և պատվերով իրականացվել է լիակատար վերականգնում Անտոնիո Մունյոսի գլխավորությամբ։ Այդ ժամանակ հեռացվել են բոլոր բարոկկոյան շերտավորումները, հատակն էլ իջեցվել է նախկին մակարդակի։ Վերականգնման արդյունքում Սան Ջորջիո ին Վելաբրո եկեղեցին ձեռք է բերել 12-13-րդ դարերի հռոմեական եկեղեցիներին հատուկ անսովոր խիստ տեսք։

ԻնտերիերԽմբագրել

 
Խորանը՝ ձևավորված կոսմատեսկո ոճով

Սան Ջորջիո ին Վելաբրոն իրենից ներկայացնում է եռանավ բազիլիկ՝ մեկ աբսիդով, որը կենտրոնական նավի վերջին հատվածում է։ Բազիլիկի հատակագիծը ոչ թե ուղղանկյուն է, այլ սեղանաձև։ Դա բացատրվում է կամ այ բանով, որ եկեղեցին կառուցվել է նախնական վանական համալիրի հիմքի վրա, կամ էլ, որ այն «սեղմվել» է իրեն հարող շինությունների պատճառով։

Կենտրոնական նավը կողայիններից առանձնացված է 16 սյուներով՝ յուրաքանչյուր կողմում ութ սյուն։ Այդ բոլոր սյուները տարբերվում են միմյանցից։ Դանցից տասը կորնթոսյան են, վեցը՝ հոնիական։ 12 սյուներ միմյանց նման են միայն հաստությամբ։ Կերտված են գրանիտից, իսկ մյուս 4-ը՝ մարմարից։ 1923-1925 թվականների վերականգնողական աշխատանքների ժամանակ, երբ հատակը իջեցվեց իր նախնական մակարդակին, պարզվեց, որ սյուների բարձրությունը նույնպես հավասար չէ, և ըստ այդմ բոլոր սյուների տակ տարբեր հենարաններ դրվեցին։

12-րդ դարում կառուցվել է եկեղեցու ներկայիս խորանը։ Այ կերտված է մարմարից, կոսմատեսկո ոճով, իսկ անկյունները զարդարված են շքեղ խճանկարով։ Խորանի տակ պահվում են Սուրբ Գևորգի մասունքները։ Նախկինում պահվում էր նաև մեկ այլ մասունք՝ Սուրբ Գևորգի դրոշը, որը 1966 թվականի ապրիլի 16-ին Պողոս VI պապը նվիրեց Հռոմի քաղաքապետարանին։ Այժմ դրոշը գտնվում է Կապիտոլիական թանգարաններում։

Աբսիդի խորշում գտնվում է բազիլիկի միակ ֆրեսկոն։ Այն 1300 թվականին պատկերել է Պիետրո Կավալինին, որոշ ուսումնասիրողներ էլ վերագրում են դա Ջոտտոյին։ Մուգ կապույտ ֆոնի վրա պատկերված է Հիսուսը, նրանից աջ՝ Մարիամ Աստվածածինն ու Սուրբ Գևորգը։ Ձախ կողմում պատկերված են Սուրբ Պետրոսն ու Սեբաստիանը։

ՄատենագրությունԽմբագրել

  • Federico di San Pietro, Memorie istoriche del sacro tempio, o sia Diaconia di San Giorgio in Velabro (Roma: Paolo Giunchi 1791).
  • Antonio Muñoz, Il restauro della basilica di S. Giorgio al Velabro in Roma (Roma: Società editrice d'arte illustrata, 1926).
  • A. Giannettini and C. Venanzi, S. Giorgio al Velabro (Roma: Marietti, 1967).
  • Maria Grazia Gurco, "The Church of St. George in Velabrum in Rome: techniques of construction, materials and historical transformations," Proceedings of the First International Congress on Construction History (ed. Santiago Huerta) (Madrid 2003) Vol. 3, pp. 2009-2013.

Արտաքին հղումներԽմբագրել