Սանտա Կլաուս (անգլերեն` Santa Claus) կամ պարզապես Սանտա, դիցաբանական, լեգենդային, ֆոլկլորային և պատմական արմատների վրա հիմնված գեղարվեստական կերպար, ով ըստ արևմտյան քաղաքակրթության ներկայացուցիչների` ամեն տարի դեկտեմբերի 24-ի երեկոյան, այսինքն՝ կաթոլիկ Սուրբ ծննդի նախօրեին այցելում է խելոք երեխաների տները և նրանց թաքուն նվերներ է բաժանում։ Սանտա Կլաուսի կերպարը հիմնված է Սուրբ Նիկողայոսի իրական անձի վրա։

Ժամանակակից Սանտա Կլաուսը

Սանտա Կլաուսի ծագումը

խմբագրել
 
Սանտա Կլաուս 1889

Սանտա Կլաուսի նախատիպն է համարվում համաքրիստոնեական սուրբ Սուրբ Նիկողայոս Զմյուռնացին (թարմանաբար Սանտա նշանակում է «սուրբ», իսկ Կլաուս՝ «Նիկողայոսը հայտնի էր իր բարեգործություններով. երեխա ունեցող աղքատ մարդկանց տալիս էր օգնություն նվերի տեսքով [1]։ Սկզբնապես եվրոպական երկրներում ընդունված էր դեկտեմբերի 6-ին՝ եկեղեցական օրացույցով Սուրբ Նիկոլայի օրը, երեխաներին տալ նվերներ նրա անունից։ Սակայն Ռեֆորմացիայի դարաշրջանում, երբ հավանություն չէին տալիս սրբերի երկրպագությանը, Գերմանիայում և սահմանակից երկրներում այն անձը, որը բաժանում էր նվերներ, դառնում էր մանուկ Քրիստոսը, իսկ նրա ծննդյան օրը դեկտեմբերի 6-ից տեղափոխվեց և դարձավ դեկտեմբերի 24-ը, որը սուրբծննդյան տոնավաճառի ժամանակն էր։ Հակառեֆորմացիայի ժամանակաշրջանում նորից սկսեցին նվերները երեխաներին տալ Սուրբ Նիկողայոսի անունից, սակայն սա տեղի էր ունենում արդեն դեկտեմբերի վերջերին՝ Սուրբ ծննդին։ Բայց որոշ Եվրոպական երկրներում դեռ ուժի մեջ են մնում ավելի հին սովորույթները։ Այդպես, Հոլանդիայում, որտեղ Սուրբ Նիկողայոսի անունը հնչում է որպես Սինտերկլաս, երեխաները կարող են նվերներ ստանալ և՛ դեկտեմբերի 5-ին, և՛ Սուրբ ծննդին։

1650-ական թվականներին հոլանդացի գաղութարարների շնորհիվ Սուրբ Նիկոլայի կերպարը հասավ նաև հյուսիսամերիկյան մայրցամաք՝ Նոր Ամստերդամ, այժմյան Նյու Յորք։ Հարկ է նշել, որ Հյուսիսային Ամերիկայում հիմնված անգլացի պուրիտանները Սուրբ ծնունդ չէին նշում[2]։

1809 թվականին լույս տեսավ ամերիկացի գրող Վաշինգտոն Իրվինգի «Նյու Յորքի պատմություն» գիրքը, որտեղ պատմում էր հոլանդական կառավարության ժամանակների մասին՝ հիշատակելով և մեծարելով Սուրբ Նիկողայոսին Նոր Ամստերդամում։

 
Սանտա Կլաուսը Թոմաս Նաստի նկարում (1881)։ Պոետ Կլեմենտը, Քլարկ Մուրը և Թոմաս Նաստը մեծ դեր են ունեցել կերպարի այժմյան ձևավորման մեջ:

1823 թվականին լույս է տեսնում Քլարկ Մուրի «Սուրբ ծնունդին նախորդող գիշերը, կամ Սուրբ Նիկողայոսի այցելություն» գիրքը, որում պատմում էր Սանտա Կլաուսի՝ հեքիաթային կերպարի մասին։ Այս պոեմը, որը մեծ հռչակ ձեռք բերեց, վերահրատարակվել է 1844 թվականին։

1863 թվականին Harper’s Weekly պարբերականում աշխատող հայտնի ամերիկացի նկարիչ Թոմաս Նաստը օգտագործեց Սանտա Կլաուսի կերպարը՝ պատկերելով նրան իր քաղաքական ծաղրանկարների շարքում նվերներ բաժանող հերոսի կերպարով ըստ Քլարկ Մուրի գրքի։ Կերպարը մեծ հռչակ է ձեռք բերում, ավելի ուշ Նաստը երեխաների համար նկարում է շատ ու շատ զվարճալի նկարներ Սանտա Կլաուսի կյանքից, որոնք տեղ են գտնում տարբեր պարբերականների էջերում։ Իր նկարներում Նաստը մտածել և մանրամասն նկարագրել է Սանտայի առօրյան։

Նկարիչն առաջին անգամ է հիշատակում այն մասին, որ Սանտան ապրում է Հյուսիսային բևեռում և ունի հատուկ գիրք, որտեղ գրանցում է երեխաների լավ և վատ արարքները[1]։ Նաստի նկարներում կարելի է նկատել Սանտայի պատկերի հեզհետե փոփոխություն՝ մորթե մուշտակով տարեց մարդուց վերածվելով կիսամուշտակով ավելի իրական և ուրախ մարդու։ Ինչպես վկայում է History Channel հեռուստաալիքը, «Նաստը Սանտա Կլաուսին արտանկարել է իրենից»։ Նկարիչը եղել է միջին տարիքի, երկար մորուքով, գիրուկ մարդ։

Պետք է նշել, որ սկզբնապես Նաստի նկարներում Սանտայի կիսամուշտակը շագանակագույն էր, սակայն նոր նկարներում գրեթե միանգամից այն ստացավ կարմիր երանգ։ History Channel-ը իր «Սանտայի լեգենդները» ծրագրում նշում է, որ Սանտայի կիսամուշտակի կարմիր գույնը չունի որևէ հստակ իմաստ[1]։

1931 թվականին «Կոկա-Կոլա» ընկերությունը թողարկեց գովազդային հոլովակ՝ ձմռանը զովացուցիչ ըմպելիքների վաճառքը ավելացնելու նպատակով։ Այդ պատճառով նրանք առաջարկեցին Սանտայի ավելի ժամանակակից կերպար՝ մշակված Սանդբլոմ Հեթդոնի կողմից։ Հենց այս գեղանկարչին է պատկանում Սանտա Կլաուսի՝ ամբողջ աշխարհում հայտնի և ճանաչելի կերպարը։ Նրա նկարները դարձան ամենահաջողվածը բոլոր այն նկարներից, որոնք նկարվել էին Քլարկ Մուրի պոեմի և Թոմաս Նաստի նկարների ազդեցության արդյունքում։

 
Սանտա Կլաուղը էլֆի տեսքով «Պակ» (Puck) ամսագրի շապիկին (1904)

Սանդբլոմի մեկնաբանությամբ՝ Սանտայի մուշտակը եղել է կարմիր, սպիտակ խավեզրերով։ Բայց հեքիաթային հերոսի հագուստի գույների համակցությունը ամբողջությամբ չի պատկանում «Կոկա-Կոլա» ընկերությանը, նույն կերպ էր հագնված Սանտան հայտնվել է «Պակ» (Puck) ամսագրի շապիկին (1902, 1904 և 1905 թվականներին), այն նաև հայտնվել է «White Rock Beverages» ապրանքանիշի գովազդային պաստառին (1915 և 1920-ական թվականներին)[3][4]։

Սանտա Կլաուսի փոխադրամիջոցը

խմբագրել

Հիմնական հոդված՝ Սանտա Կլաուսի եղջերուներ

Ընդունված է համարել, որ Սանտա Կլաուսի փոխադրամիջոցը եղնիկներով սահնակն է:

 
Սանտա Կլաուսի ժամանակակից տարբերակը հաճախ է ներակայանում լսելու փոքր տարիքի երեխաների ցանկությունները

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Портал о странах и народах мира
  2. Голос Америки. 25 декабря в истории
  3. «Does Santa Claus still drink White Rock?» (անգլերեն). White Rock Collectors Association (whiterocking.org). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.
  4. «Coca-Cola's Santa Claus: Not The Real Thing!» (անգլերեն). BevNET.com. 2006 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել