Սանդրո Սարդարյան (հոկտեմբերի 1, 1912(1912-10-01), Քոզեր - հունիսի 22, 1995(1995-06-22), Երևան, Հայաստան), հայ պատմաբան, հնագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ։

Սանդրո Սարդարյան
Ծնվել էհոկտեմբերի 1, 1912(1912-10-01)
ԾննդավայրՔոզեր
Մահացել էհունիսի 22, 1995(1995-06-22) (82 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունպատմաբան և հնագետ
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտ և ԵՊՀ պատմության ֆակուլտետ

Կենսագրություն խմբագրել

Սանդրո Սարդարյանը ծնվել է 1912 թվականի հոկտեմբերի 1-ին Վասպուրականի Արճեշ գավառի Քոզեր գյուղում։ 1915 թվականին գաղթի ճանապարհին կորցնելով հարազատներին՝ ապաստանել է Երևանի, Ծաղկաձորի, Կարսի, Գյումրիի ամերիկյան որբանոցներում։ Ավարտելով ութնամյա դպրոցը՝ Սանդրո Սարդարյանն ուսանել է Երևանի պետական համալսարանի բանասիրության, այնուհետև՝ պատմության ֆակուլտետներում։ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին (1941–1945 թթ.) աշխատել է Հայաստանի կոմունիստական կուսակցության Էջմիածնի շրջանային կոմիտեում։ Պատերազմից հետո ավարտել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրան։ Այնուհետև աշխատանքի է անցել ՀԽՍՀ ԳԱ Պատմության, այնուհետև՝ Հնագիտության ինստիտուտներում։ 1959 թվականից Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետում դասավանդել է Հնագիտության հիմունքներ և Հայաստանի վաղ շրջանի հնագիտություն դասընթացները։ 1968 թվականին Սանդրո Սարդարյանը հանդիսացել է Երևանի պետական համալսարանի նորակազմ Հնագիտության, ազգագրության և աղբյուրագիտության ամբիոնի հիմնադիր անդամ։ Երևանի պետական համալսարանում դասավանդելու տարիներին կարդացել է շուրջ մեկ տասնյակ մասնագիտական դասընթացներ։

1944 թվականից սկսած Սանդրո Սարդարյանը հնագիտական պեղումներ է իրականացրել Խորհրդային Հայաստանի տարբեր վայրերում։ Արագածի արևմտյան մասում գտնվող Արտին լեռան լանջին, Հրազդանի միջին հոսանքում (Արզնի, Նուռնուս, Ջրաբեր) և Արարատյան դաշտում (Սև բլուր, Քասախ, Կղզյակ բլուր, Մաշտոց բլուր, Շենգավիթ և այլն) նրա կատարած պեղումները հեղաշրջեցին Հայաստանի հին շրջանի մասին պատկերացումները։ Փաստորեն հաստատվեց, որ Հայաստանի տարածքում մարդը բնակություն է հաստատել ավելի քան մեկ միլիոն տարի առաջ։ 1945–1961, 1963–1982 թվականներին Սանդրո Սարդարյանի կողմից հայտնաբերվեցին և ուսումնասիրվեցին Արագածի և Գեղամա լեռների ժայռապատկերները։ Վաստակավոր հնագետ Սանդրո Սարդարյանն իր մահկանացուն կնքել է 1995 թվականի հունիսի 22-ին Երևանում 83 տարեկան հասակում։

Մենագրությունները խմբագրել

1954 թվականին հրատարակած «Պալեոլիթը Հայաստանում» մենագրությունը բարձր գնահատվեց մասնագետների կողմից և համարվեց խորհրդային հնագիտության կարևոր նվաճումներից մեկը։ 1967 թվականին լույս տեսավ նրա «Նախնադարյան հասարակությունը Հայաստանում» մենագրությունը, որն իրենց աշխատություններում վկայակոչել են արտասահմանյան մի շարք հեղինակավոր հնագետներ։ Սանդրո Սարդարյանի «Հայաստանը քաղաքակրթության օրրան» մենագրությունը ամփոփում է նրա իրականացրած ավելի քան 40- ամյա հնագիտական պեղումների արդյունքները։

Երկեր խմբագրել

  • Պալեոլիթը Հայաստանում, Երևան, 1954։
  • Նախնադարյան հասարակությունը Հայաստանում, Երևան, 1967, 416 էջ։
  • Հայաստանը քաղաքակրթության օրրան, Երևան, 2004, 496 էջ։
  • Հայաստանի ժայռապատկերները Քարի դարից մինչև Բրոնզի դար, Երևան, 2010, 244 էջ։

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել