Սամվել Խուդոյան

հայ հոգեբան

Սամվել Սուրենի Խուդոյան (հոկտեմբերի 29, 1960(1960-10-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 3, 2020(2020-12-03)[1], Երևան, Հայաստան), հայ հոգեբան, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հոգեթերապևտ։

Սամվել Խուդոյան
Ծնվել էհոկտեմբերի 29, 1960(1960-10-29)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 3, 2020(2020-12-03)[1] (60 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունհոգեբան
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Գործունեության ոլորտհոգեբանություն
Գիտական աստիճանհոգեբանական գիտությունների դոկտոր
Գիտական ղեկավարԿառլեն Ոսկանյան

Կենսագրություն խմբագրել

Սամվել Սուրենի Խուդոյանը ծնվել է 1960 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Երևանում։ 1991 թվականին ավարտելով Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրան և պաշտպանելով թեկնածուական թեզ՝ աշխատանքի է անցել նույն ինստիտուտի հոգեբանության ամբիոնում։ 2010 թվականին Խուդոյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, իսկ 2014 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։ Մահացել է 2020 թվականի դեկտեմբերի 3-ին Երևանում[2][3]։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

1980-ական թվականների սկզբին Խուդոյանն աշխատել է որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, ապա՝ գիտաշխատող Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտում։ 1989 թվականից դասախոսական աշխատանք է իրականացրել և իրականացնում Հայաստանի բուհերում՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, Երևանի պետական համալսարանում և այլ բուհերում։ Դասախոսություններով հանդես է եկել Լոնդոնի Գ. Թահթայանի անվան ազգային վարժարանում, Արցախի պետական համալսարանում, տարբեր ոլորտների մասնագետների վերապատրաստման դասընթացներում։ 1994 թվականից աշխատել է «Սթրես» հոգեկան առողջության կենտրոնում՝ որպես հոգեբան, իսկ 2003-2005 թվականներին ղեկավարել է նույն կենտրոնի ոչ դեղորայքային բժշկության բաժանմունքը։ 2006 թվականին աշխատել է Հայաստանի Հանրապետության Պետական կառավարման ակադեմիայում որպես հոգեբանության ամբիոնի վարիչ։ 2011 թվականից ղեկավարում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Զարգացման և կիրառական հոգեբանության» ամբիոնը։

Խմբագրական աշխատանք խմբագրել

1994 թվականին հիմնադրել և խմբագրել է հոգեբանական առաջին պարբերականը՝ «Հոգի» հոգեբանական տարեգիրքը, իսկ 2002 թվականին՝ «Հոգի» երկշաբաթաթերթը։ Նա նաև «Հոգեբանությունը և կյանքը», «Իմաստություն» և այլ գիտական հանդեսների խմբագրական խորհրդի անդամ է։

Հոգեթերապևտիկ աշխատանք խմբագրել

Խուդոյանը հոգեթերապիայով, մասնավորապես հիպնոթերապիայով սկսել է զբաղվել 1980-ական թվականների վերջերից, իսկ 1990-ականների կեսերից նաև հոգեթերապիայի ուսուցողական դասընթացներ և թրեյնինգներ է իրականացրել (հիպնոթերապիա, բիհևիորալ և էքզիստենցիալ թերապիաներ)։ Ստեղծել է մի շարք հոգեթերապևտիկ տեխնիկաներ և ներշնչման մեխանիզմներին նվիրված կոնցեպցիա։ 2006 թվականին հեղինակել և կազմակերպել է հայերեն առաջին հոգեթերապևտիկ (ընկճվածության հոգեվիճակի հաղթահարմանն ուղղված) ձայնասկավառակի արտադրությունը։

Լուսավորական աշխատանք խմբագրել

1980-ականների վերջերին Խուդոյանը հոգեբանական հաղորդաշար է վարել Հ1 հեռուստաալիքում, իսկ Ար հեռուստաալիքում աշխատել է որպես հոգեբան-խորհրդատու։ Ունի բազմաթիվ նյութեր հանրամատչելի հանդեսներում և թերթերում, հոգեբանական հարցերին նվիրված հեռուստա և ռադիո հաղորդումներում։

Գիտական գործունեություն խմբագրել

Սամվել Խուդոյանը հեղինակ է հոգեբանության և հոգեթերապիայի հարցերին նվիրված շուրջ 100 գիտական աշխատությունների, հինգ մենագրության, այդ թվում՝ երկու մեթոդական ձեռնարկների։ Մասնակցել է մի շարք միջազգային գիտաժողովների Ռուսաստանում, Հունաստանում, Գերմանիայում, Կանադայում, Թուրքիայում, իսկ 2013 և 2014 թվականներին ինքն է կազմակերպել գիտաժողովներ «Հայ մանկավարժության պատմությունը և դպրոցի արդի հիմնախնդիրները» և «Դպրոցական հոգեբանական ծառայության հիմնախնդիրները» թեմաներով։

Գիտական ներդրումներ խմբագրել

1992 թվականին Խուդոյանը առաջարկել է ուսուցման նոր կոնցեպցիա, ըստ որի, ուսուցանվող նյութի յուրացման արդյունավետությունը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, թե որքանով են սովորողները հասկանում այն պրոբլեմատիկան, որի լուծման արդյունքում ձևավորվել է գիտելիքների տվյալ համակարգը։ 1998 թվականին Խուդոյանն առաջարկել է անձի նոր տիպաբանություն, ըստ որի, մարդկանց տիպերը ձևավորվել են էվոլյուցիայի ընթացքում և ունեն ֆունկցիոնալ նշանակություն, այսինքն՝ յուրաքանչյուր տիպ բնության կողմից «նախատեսված է» հասարակության մեջ որոշակի ակտիվություն իրականացնելու համար։ Այդ ֆունկցիաներն են՝ կողմնորոշումը (ինֆորմացիոն տիպ), կառավարումն ու կատարումը (կազմակերպակատարողական տիպ) և դրդումը (մոտիվացիոն տիպ)։

1994 թվականից Խուդոյանը զարգացնում է անձի օնտոգենետիկ զարգացման նոր տեսություն, որի մեջ ներկայացված են տարիքային նոր պարբերացում, ինքնագիտակցության վերակառուցումների և զարգացման ճգնաժամերի կոնցեպցիաներ։ Այդ տեսության մեջ տարիքային զարգացումը դիտվում է որպես չորս հիմնախնդիրների (տեսակային, սեռային, սոցիալական ակտիվության սուբյեկտների ձևավորման և ինքնասպառման) լուծման գործընթաց։ Տարիքային յուրաքանչյուր փուլում ինքնագիտակցությունը վերակառուցում է ապրում. առաջին փուլում (մոտ 3 տարեկանում) արթնանում է տեսակային, երկրորդում (11-14 տարեկանում)՝ սեռային ինքնագիտակցությունը, երրորդ փուլում (մոտ 25-30 տարեկանում) անձն սկսում է գիտակցել իրեն որպես սոցիալական (այն է ընտանեկան և աշխատանքային) ակտիվության սուբյեկտ, իսկ վերջին փուլում՝ մոտ 60-65 տարեկանում՝ որպես մահկանացու։ Անձի զարգացման ճգնաժամերը, որոնց հեղինակը տարբերում է անցումային տարիքներով պայմանավորված ճգնաժամերից, պայմանավորված են ինքնագիտակցության վերակառուցումներով[4]։

Գիտական աշխատություններ խմբագրել

  • Անձի զարգացման ճգնաժամային տարիքները. Եր.:Զանգակ-97, 2004[5]
  • Индивидуальное, незакономерное развитие личности[6] (ռուս.)
  • Функциональная периодизация онтогенеза[7] (ռուս.)
  • Особенности самосознания детей дошкольного возраста, кризис трех лет и некоторые психопатологические феномены этого возраста / С.С. Худоян // Психологический журнал. – 2009. – №1(21). – С. 53-56.[8] (ռուս.)
  • Патологические метаморфозы «Я» и кризисы развития личности[9] (ռուս.)
  • К проблеме кризиса развития в позднем возрасте[10] (ռուս.)
  • К проблеме классификации кризисов развития[11] (ռուս.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Կյանքից հեռացել է հոգեբան Սամվել Խուդոյանը
  2. «Կյանքից հեռացել է ՀՊՄՀ-ի պրոֆեսոր Սամվել Խուդոյանը». aspu.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 3-ին.
  3. «Կյանքից հեռացել է հոգեբան Սամվել Խուդոյանը». 1or.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 3-ին.
  4. Տեսությանը նվիրված բաց դասախոսություն
  5. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 16-ին.
  6. http://www.tepjournal.com/images/pdf/2015/1/08.pdf(չաշխատող հղում)
  7. http://www.tepjournal.com/images/pdf/2014/1/08.pdf(չաշխատող հղում)
  8. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 16-ին.
  9. http://www.npar.ru/journal/2007/4/hudoyan.htm
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 16-ին.
  11. http://childpsy.ru/lib/articles/id/21570.php