Դիմակահանդեսային սամբայի կատարում

Սամբա (պորտ.՝ samba), բրազիլական պար, բրազիլացիների ազգային ինքնության խորհրդանիշ:

Nuvola apps kaboodle.svg Արտաքին տեսաֆայլեր
Nuvola apps kaboodle.svg Samba Dance Carnaval 2011
Nuvola apps kaboodle.svg Slavik Kryklyvyy and Karina Smirnoff samba

Պարը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել բրազիլական դիմակահանդեսների շնորհիվ: Սամբայի տարատեսակներից մեկը ներառվել է պարահանդեսային պարեր լատինամերիկյան ծրագրի պարտադիր հնգյակի մեջ: Կատարվում է րոպեում 50-52 հարված տեմպով, 2/4 կամ 4/4 չափով:

ՊատմությունԽմբագրել

Սամբան բրազիլական պար է, որն արմատներով Բահիա նահանգից է: Ժամանակի ընթացքում բացվել են սամբայի առաջին դպրոցները և կառույցահատվածները (blocos՝ «բլոկոս») մինչև 15 հոգու համար, որոնք փողոցներում կազմակերպում էին շքահանդեսներ:

Բրազիլական առաջին դիմակահանդեսներն անցկացվել են 1920-1930-ական թվականներին: Ներկայումս դրանք ավանդույթ են դարձել ոչ միայն Ռիո դե Ժանեյրոյում, այլև մյուս խոշոր քաղաքներում: Դիմակահանդեսը վաղուց վերածվել է մրցակցության, որտեղ սամբայի տարբեր դպրոցներ մրցում են «Սամբայի լավագույն դպրոց» կոչման համար:

  «Բրազիլացիները սամբան այնքան շատ են սիրել, որ այն դարձել է նրանց ազգային երաժշտությունը: Իսկ Ռիոն՝ սամբայի ամենատարբեր ուղղությունների կենտրոնը: Այստեղ գործում են սամբայի բազմաթիվ դպրոցներ, այստեղ ապրում է նրա ժողովրդական տարբերակը՝ բրազիլական ետնախորշերի սամբան»:  


ՆկարագրությունԽմբագրել

Սամբայի երաժշտական չափը 2/4 է, տեմպը՝ արագ, րոպեում 48-52 տակտ։ Սամբայում մեծ տեղ է տրվում ռիթմին, որը կատարողը պահպանում է իր ազդրերի շարժումներով։ Հենց սամբային են բնորոշ ազդրերի զիգզակաձև շարժումները, որոնք անվանում են Samba Bounce։

Սամբային հատուկ երաժշտական ռիթմն առանձնացնում է այս պարը լատինամերիկյան ծրագրում ընդգրկված մյուս պարերից։ Դրա ամենալավ փոխանցման համար հաճախ օգտագործվում են բրազիլական ազգային երաժշտական գործիքներ, օրինակ՝ տամբորիմ, կաբակա, ռեկո-ռեկո և այլն։

Սամբայի պուլսային ռիթմն ընդգծվում է բաունսով՝ ազդրերի շրջանային շարժումով։ Հատկապես ազդեցիկ են շարժումները, որտեղ թեթև պլաստիկ էլեմենտները համատեղվում են կտրուկ և շրջադարձային շարժումների հետ։ Այս թեթև պարն ամբողջությամբ նկարագրում է ակտիվ, արտահայտիչ հարավային ժողովրդին՝ մեկ փափուկ և երազկոտ, մեկ կտրուկ ու կոպիտ։

ՏեսակներԽմբագրել

Սամբա դե ռոդա (Samba de roda − շրջանաձև սամբա կամ սամբա շրջանագծի մեջ), Բահիա նահանգի աֆրո-ամերիկյան հանպատրաստից պար: Սամբայի ամենահին և իսկական տեսակը, որից առաջացել է կարիոկա քաղաքային սամբան: Բահիայում, որպես կանոն, տղամարդիկ կատարում են երաժշտական նվագակցություններ, իսկ կանայք երգում են ու ծափահարում: Ավանդույթի համաձայն՝ այդ կատարողները կազմում են շրջան, որտեղ սովորաբար պարում է մեկ կամ հազվադեպ 2 կին: Տղամարդիկ հազվադեպ են շրջանի մեջ մտնում պարելու համար: Նրանք շրջանում (պորտ.՝ roda) կատարում են կապոեյրա, որը հաճախ ավարտվում է սամբա դե ռոդա պարով նրանց մասնակցությամբ:

Սամբա նու պե (Samba no pé − սամբա ներբաններով), այս պարի շարժումները կատարում են այն պարողները (passistas), որոնք դիմակահանդեսներում հատուկ գունագեղ կառքերով անցնում են սամբայի դպրոցներ: Այս պարագայում սա դիմակահանդեսային սամբայի ձևերից մեկն է՝ մենապար կանանց կատարմամբ: Պարահրապարակներում կարող է կատարվել որպես զուգապար առանց աջակցության, այսինքն՝ պարընկերները պահում են որոշակի հեռավորություն:

Պագոդե (Pagode), հիշեցնում է սամբա դե գաֆիեյրան, սակայն ակրոբատիկական շարժումներ չի պարունակում: Պարը կատարում են միմյանց շատ մոտ գտնվող պարընկերները:

Սամբա Աշե (Samba Axé) պարը կատարվում է մենակ կամ խոշոր խմբերով: Սամբայի ձև է, որում միախառնված են սամբա նու պեի և աերոբիկայի տարրեր, կատարվում են կատակերգեր:

Սամբա ռեգգեյ (Samba Reggae), ծագել է Բրազիլիայի Բահիա նահանգում: Սամբայի շատ տարածված տեսակ է, որը կատարվում է ռեգգի երաժշտության տակ:

Սամբա դե գաֆիեյրա (Samba de Gafieira), հասարակական զուգապար է, որն իր մեջ միավորում է մաշիշեի (ավելի վաղ հայտնի էր «բրազիլական տանգո» անվանումով), արգենտինական տանգոյի, վալսի տարրեր: Ցուցադրական շոուների ժամանակ պարը կատարվում է ակրոբատիկական շարժումներով՝ փոխառված ռոքնռոլից:

 
Սամբա դե գաֆիեյրա: Առաջնորդող պարընկերոջ հիմնական պարաքայլեր

Ոճի անվանումն առաջացել է բրազիլական գաֆիեյրա բառից, որը նշանակում է պարահրապարակ: Բրազիլիայում սամբա դե գաֆիեյրան համարվում է պարահանդեսային կամ, ավելի շուտ, սալոնային պար (dança de salão), բայց բավականին տարբերվում է միջազգային մարզական սամբաներից: Երկու տարբերակների ակնհայտ տարբերությունն այն է, որ սամբա դե գաֆիեյրան ուղղակիորեն սերում է մաշիշեից[1]: Սամբա պարահանդեսային պարը (միջազգային ստանդարտ) Եվրոպայում և ԱՄՆ-ում ձևավորվել է ազնվացեղ և տարփանք առաջացնելուց զուրկ մաշիշեի հիման վրա: Այդպիսի պար 1909 թվականին Փարիզում ներկայացրել են բրազիլացի պարողներ Դուկեն (բրազիլական արտասանությամբ՝ Duque — Antonio Lopes de Amorim Diniz, 1884-1853) և Մարիա Լինան (Maria Lina): Դուկեն ստեղծել է մաշիշե սեփական պարարվեստը, որը 1914 թվականից սովորեցրել է Փարիզում իր բացած պարի դպրոցում: Ներկայումս քայլեր են ձեռնարկվում սամբա դե գաֆիեյրայի ստանդարտացման ուղղությամբ, որպեսզի այն պարտադիր ընդունվի պարահանդեսային պարերի լատինամերիկյան ծրագրում (International Latin): Սամբա դե գաֆիեյրայի ստանդարտ ձևերն առաջ է քաշել սալոնային պարերի բրազիլացի հետազոտող Մարկ Անտոնիո Պերնը[2]:

Սալոնային պարերի ազգային ասոցիացիան (Associação Nacional de Dança de Salão, ANDANÇAS) ձևավորվել է Բրազիլիայում 2003 թվականին:

Պարահանդեսային պար սամբա (պորտ.՝ Samba internacional, անգլ.՝ International Ballroom Samba) ներկայումս վերաբերում է պարահանդեսային զուգապարերին և պարտադիր է լատինամերիկյան ծրագրի կատարման համար:

 
Սամբան 2012 թվականի Աշխարհի առաջնությունում, լատինամերիկյան ծրագիր, Վիեննա

Պարահանդեսային պար սամբային բնորոշ են պարընկերների դիրքերի հաճախակի փոփոխությունը, ազդրերի շարժունությունն ու ընդհանուր արտահայտիչ բնույթը: Պարային շարժումները բնութագրվում են մարմնի քաշի արագ տեղափոխման միջոցով ծնկների կորացումով և ուղղումով: Պարարվեստի հիմնական տակտային սխեման՝ a-slow, slow, a-slow, slow: Պարողների համար տիպիկ են՝ բոտա ֆոգո (Ռիո դե Ժանեյրոյի շրջանի անվանումից, Botafogo), կորտա ժոկա (corta jaca), շրջապտույտ (volta), արագ շարժումներ (whisk) և տրամախաչում (cruzado):

Պարահանդեսային պար սամբան առաջացել է մշակութային 2 ավանդույթների՝ Կոնգոյից, Անգոլայից ու Մոզամբիկից Բրազիլիա ժամանած սևամորթ ստրուկների աֆրիկյան ծիսական պարերի և եվրոպական պարերի (վալս, պոլկա) փոխազդեցության արդյունքում: Սամբան նաև կրել է շոթե (պորտ.՝ xote, xótis) բրազիլական պարի ազդեցությունը, որ մշակվել է շոտլանդական պոլկայի գերմանական տարբերակից: Բրազիլական շոթեն չպետք է շփոթել էկոսեզի հետ: Նախքան եվրոպական պարերի հետ հաղորդակցվելն աֆրիկացիները զույգերով կատարվող պարեր չունեին:

Բրիտանիկա հանրագիտարանը նշում է, որ զուգապարի այս ոճն ունի բրազիլական ծագում: Սամբայի այս ձևը ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում հայտնի է դարձել 20-րդ դարի 40-ական թվականների վերջին: Պարողների բազմաթիվ շարժումներ փոխառված են մատչիշայից («բրազիլական տանգո»): Պարընկերները կարող են իրարից հեռանալ և պարային որոշ շարժումներ կատարել միմյանցից մեծ հեռավորության վրա[3]:

Եվրոպայում մինչև 1914 թվականը պարահանդեսային պար սամբան հայտնի չի եղել, քանի որ նորաձև էր մատչիշը, որը համարվում է բրազիլական պար, իսկ Բրազիլիայում մինչև 20-րդ դարի 30-ական թվականները քաղաքային միջավայրում սամբան գոյություն ուներ մատչիշի հետ համակցված, որը Բրազիլիայում շատ նորաձև էր 1870-1914 թվականներին՝ սամբա-մաշիշե (samba-maxixe): Մաշիշեն արգելված էր պարողների էրոտիկ շարժումների պատճառով: Հարկ է նշել, որ մաշիշեի անբռնազբոսիկությունն ու արտահայտչությունը հատուկ է նաև անգոլական տարրաշինյա (tarraxinha) պարին, որն առաջացել է անգոլական դանդաղ սամբայից և համարվում է կիզոմբայի տեսակ, իսկ այս բոլոր պարերի մեջ առկա են հին ծիսական շարժումներ՝ ումբիգադա: Այդպիսի զուգահեռը հիմք է հանդիսանում այն ենթադրության համար, որ անգոլական սեմբան ու բրազիլական սամբան ունեն ընդհանուր արմատներ:

Չնայած պարահանդեսային այս պարը կոչվում է սամբա և առաջացել է բրազիլական պարերից, Բրազիլիայում այն կրում է «միջազգային սամբա» (պորտ.՝ o samba internacional) անվանումը, տիպիկ չէ բրազիլացիներին և երկրում քիչ է հայտնի: Պարողների կոստյումները, երաժշտական նվագակցությունը և միջազգային սամբայի կատարման ոճը շատ քիչ ընդհանրություններ ունեն սամբա դե գաֆիեյրայի հետ, որը պարահանդեսային հայտնի պար է Բրազիլիայում: Ժամանակակից պարահանդեսային պար սամբայի շարժումները հիմնականում հիմնված են մաշիշայից փոխառված պարաքայլերի վրա և միշտ չէ, որ կատարվում են սամբայի ռիթմով, քանի որ հաճախ ուղեկցվում են ֆլամենկոյի, չա-չա-չայի և սալսայի երաժշտությամբ:

Լատինամերիկյան մյուս պարահանդեսային պարերի հետ համեմատած՝ զույգով պարահանդեսային սամբան իր էվոլյուցիայի ընթացքում հեռացել է իր արմատներից, որից ստացել է իր անունը, և Բրազիլիայի սահմաններից դուրս կարող է կոչվել «բրազիլական վալս» (Brazilian Waltz)[4]:

Սամբայի ռիթմԽմբագրել

Սամբայի, ինչպես նաև աֆրոամերիկյան երաժշտության և պարերի մյուս տեսակների առանձնահատկությունը սինկոպային ռիթմն է: Բնորոշ է պոլիռիթմերի և խաչաձև ռիթմերի օգտագործումը:

Ռիթմիկ բազմաձայնությունն ստեղծվում է հարվածային գործիքների մեծ հավաքակազմի շնորհիվ:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. PERNA, Marco Antonio. Samba de Gafieira: a história da dança de salão brasileira. 2. ed. Rio de Janeiro: editado pelo autor, 2005. p. 139
  2. [1] Samba de Gafieira – Passos – Syllabus
  3. Encyclopædia Britannica Online, s. v. "Samba", accessed May 17, 2013(անգլ.)
  4. History of the Samba(անգլ.)

ԳրականությունԽմբագրել

  • Perna, Marco Antonio. Samba de Gafieira — a história da dança de salão brasileira, 2001. ISBN 8590196585(պորտ.)

Արտաքին հղումներԽմբագրել