Սահմանային օգտակարության տեսություն

Սահմանային օգտակարության տեսություն, ըստ տեսության՝ ցանկացած սուբյեկտ բարիքը գնահատում է՝ ելնելով դրա օգտակարությունից։ Այն, որ ցանկացած բարիք արժեք ունի, պայմանավորված է սպառողի կամ գնորդի նախասիրություններով, ինչն իր հերթին կախված է բազմաթիվ գործոններից (տնտեսության ընդհանուր վիճակ, մշակութային զարգացման մակարդակ, ազգային հոգեբանություն, ճաշակ և այլն)։ Սահմանային օգտակարության տեսության համաձայն՝ արդյունքի իրացմամբ է պարզվում դրա իրական արժեքը (գնահատականը), որովհետև վերջնական որոշումը սպառողինն է՝ գնե՞լ, թե՞ չգնել։ Ելնելով այս ընդհանուր դատողություններից՝ սահմանային օգտակարության տեսությունը հանգում է այն եզրակացության, որ «արժեքը ենթադրում է առարկաների քանակի ուղղակի սահմանափակություն, և արժեքի բացակայությունը ենթադրում է դրանց առատություն»[1]։ Արդյունքի արժեքի մեծությունը նախևառաջ պայմանավորված է դրա սահմանափակության աստիճանով։ Սահմանային օգտակարության տեսությունը բարիքի արժեքի չափման միջոցի կամ միավորի ընտրության հարցում հենվում է գերմանացի տնտեսագետ Գ. Հոսենի սկզբունքի վրա։

Հոսենի սկզբունք խմբագրել

Ըստ Հոսենի սկզբունքի՝ պահանջմունքների բավարարմանը զուգընթաց, մեծանում է նաև արդյունքի նկատմամբ հագեցվածության աստիճանը, ինչն ազդում է դրա օգտակարության մակարդակի վրա։ Հագեցվածության աստիճանի բարձրացմանը զուգընթաց, նվազում է օգտակարությունը։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր հաջորդական բարիքի օգտակարություն նվազում է նախորդի համեմատությամբ, թեև որակական պարամետրերի առումով ոչինչ չի փոխվում։ Այստեղից էլ առաջացել է «սահմանային օգտակարություն» հասկացությունը։

Սահմանային օգտակարություն խմբագրել

Սահմանային օգտակարություն որոշելու ժամանակ անհրաժեշտություն է առաջանում որոշակիորեն գնահատելու օգտակարության նվազման սահմանը։ Որպես այդպիսի սահման համարվում է բարիքի այն չափը, որը բավարարում է «անհետաձգելի պահանջմունքը»։ Այսինքն՝ այդ չափը (քանակությունը) կամ նմուշը դեռևս բավարարման շրջանակներ ունի։ Որոշակի սահմանից հետո բարիքի մասնաչափի կամ նմուշի վերջին միավորի ավելացումը, դրա նկատմամբ հագեցվածության պատճառով, այլևս չի իրացվում։ Վերջին միավորը համարվում է օգտակարության սահմանը։ Սահմանային օգտակարության տեսության միջոցով կարելի է բացատրել նաև «Սմիթի պարադոքսը», որի էությունը հետևյալն է.

  Ինչու ջուրը, որն այդքան անհրաժեշտ է մարդուն և ունի ավելի մեծ օգտակարություն, քան ադամանդը, ավելի փոքր արժեք (գնահատական) ունի։  

Դրա համար անհրաժեշտ է տարբերակել «ընդհանուր օգտակարություն» և «սահմանային օգտակարություն» հասկացությունները։ Ջրի ընդհանուր օգտակարության աստիճանը, հասարակական կենսագործունեության տեսանկյունից, բարձր է ադամանդի ընդհանուր օգտակարությունից, բայց դրանց արժեքը (գնահատականը) որոշվում է ոչ թե ընդհանուր օգտակարությամբ, այլ՝ սահմանային, որի մեծությունը որոշվում է այդ բարիքի սահմանափակության աստիճանով։ Սահմանային օգտակարության տեսության համաձայն՝ բարիքի կամ արդյունքի արժեքը որոշվում է դրա վերջին միավորի օգտակարությամբ, որի հիմքում ընկած է բարիքի նկատմամբ հագեցվածության աստիճանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Бем-Баверк Е., Основы теории ценности хозяйственных благ. Австрийская школа в политической экономии. М., 1992, с. 262.

Աղբյուրներ խմբագրել

  • Ավետիսյան Ս.Ս., Թովմասնյան Ռ.Ա., Տնտեսագիտության տեսություն. - Երևան, ։«Նահապետ», 2010 թ.,324 էջ
  • Աղաջանյան Հովսեփ, Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները.-Երևան, Տնտեսագետ, 2008.- 172 էջ։
  • Տնտեսագիտության տեսություն, Գ.Ե. Կիրակոսյանի և Ի.Ե. Խլղաթյան-Երևան, Տնտեսագետ, 2009.- 752 էջ։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սահմանային օգտակարության տեսություն» հոդվածին։