Սալյուկի կամ Պարսկական քերծե (արաբ. سلوقی‎‎ (salūqī), պարսկ. سلوکی,سگ), շների հինավուրց ցեղատեսակ[1]:

Սալյուկի
Saluki 600.jpg
Տեսակշան ցեղատեսակ
Այլ անուններՍալյուկի
ԲնաշխարհՄերձավոր Արևելք
Առանձնահատկություններ
Զանգված18-27 կգ
Հասակ58-71 սմ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Ցեղատեսակի պատմությունըԽմբագրել

Այս ցեղատեսակի շների պատկերներ հանդիպում են ամբողջ Բարեբեր կիսալուսնի տարածքում, որոնցից ամենահնագույն նկարները վերաբերվում են մոտավորապես մ.թ.ա. 3500 թվականին (հատկապես Շոշի էլամյան խեցեղենների վրա), ինչպես նաև եգիպտական գերեզմաններում ` սկսած մ.թ.ա. XXII դարից: Ըստ որոշ կարծիքների, ցեղատեսակի անվանումը կապված է Սելևկիա քաղաքի անվան հետ[2]: Ցեղատեսակի հինավուրց ծագումը հաստատված է նաև գենետիկական հետազոտություններով[3]:

Ցեղատեսակը ձևավորվել է արաբ-բեդվինների քոչվորական ցեղերի մոտ, ովքեր համարում էին նրանց Ալլահի պարգև և հոգ էին տանում ցեղատեսակի գեղեցիկ տեսքի, բացառիկ արագավազության և դիմացկունության պահպանման համար: Նրանք այս շներին օգտագործում էին մանր կենդանիների որսի համար` հատկապես նապաստակներ, աղվեսներ, վիթեր և այլն։ Հեծյալ որսորդը ուղեկցում էր շանը, որն իր հերթին հետապնդում էր որսին, բռնում նրան առանց սպանելու և սպասում մինչև տիրոջ մոտենալը։

Արաբների համար սալյուկին ամենաթանկարժեք ձեռքբերումներից մեկն էր՝ արաբական ձիուց հետո և համարվում էր ընտանիքի անդամ։ Շները ապրում էին վրաններում ` մարդկանց հետ միասին և մինչև որսատեղ տարվում էին ձիու կամ ուղտի վրա: Այս շներին չէին վաճառում, այլ նվիրում էին որպես թանկարժեք ընծա: Համեմատած այլ ցեղատեսակի շների հետ, սալյուկիները իսլամում համարվում էին մաքուր կենդանիներ:

Բեդվինների քոչվորական ապրելակերպը նպաստեց այս ցեղատեսակի տարածմանը ամբողջ Մերձավոր Արևելքում: Չինաստանում սալյուկիները հայտնվել են Տան դինաստիայի ժամանակաընթացքում (618-907 թթ.): Միջինասիական թազիները համարվում են պարսկական քերծեների սերունդներից մեկը: Ցեղատեսակը Եվրոպայում հայտնվել է միջին դարերում:

Միջազգային կինոլոգիական ֆեդերացիայի կողմից սալյուկի ցեղատեսակը ճանաչվել է 1966 թվականին:

Ընդհանուր բնութագիրըԽմբագրել

Սալյուկին խոշոր շների ցեղատեսակներից է: Կա երկու ենթատեսակ` հարթամազ և փետրավոր, ինչպես նաև մի քանի տիպի սալյուկիներ։ Ունեն էլեգանտ կազմվածք, դիմացկուն են և համարվում են լավ որսաշուն։ Անապատային ավազների և քարքարոտ տեղանքի պայմաններում կարող են հետապնդել և բռնել որսին կամ կասեցնել նրա փախուստը՝ նույնիսկ վիթերի։

Ունեն չոր ու թեթև մարմնակազմվածք, երկար ու բարակ գլուխ՝ հզոր ծնոտներով, օվալաձև և խոշոր աչքեր, կախված ականջներ։ Մեջքն ամուր է, պարանոցը երկար ու մկանուտ։ Պոչը երկար է և կախ ընկած, որի ծայրը ոլորված է կիսաօղակի նման։

Հավասարակշռված ու լռակյաց, անկախ շներ են։ Որսին կարող են հետապնդել մի քանի ժամ անընդմեջ։ Արագավազ են։ Համաձայն Գինեսի ռեկորդների գրքի, կարող են վազել մինչև 70 կմ/ժ արագությամբ[4]: Բարեհամբույր են ընտանիքի անդամների և երեխաների հանդեպ, սակայն զգուշավոր են անծանոթների նկատմամբ։ Ունեն լավ լսողություն և կարող են օգտագործվել որպես պահապան[5]:

Մնդավի բարձրությունը կարող է հասնել 58-71 սմ (էգերն ավելի ցածր են), քաշը՝ 18-27 կգ: Լինում են տարբեր գունավորումներով՝ սպիտակ, շիկագույն, սև, կարմրավուն՝ տարբեր գունային համադրություններով։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Derr Mark (2004-05-21)։ «Collie or Pug? Study Finds the Genetic Code»։ The New York Times 
  2. Пикерел Т. Собаки: иллюстрированная энциклопедия = The spirit of the dog: An illustrated history / пер. Кутдюсовой А. Р. — М.: ЭКСМО, 2014. — С. 17. — 288 с. — ISBN 978-5-9--71970-9
  3. Parker H.G.; Kim, L.V.; Sutter, N.B.; Carlson, S.; Lorentzen, T.D.; Malek, T.B.; Johnson, G.S.; DeFrance, H.B.; Ostrander, E.A.; Kruglyak, L. (2004-05-21)։ «Genetic structure of the purebred domestic dog»։ Science 304 (5674): 1160։ PMID 15155949։ doi:10.1126/science.1097406 
  4. R.P. Murgai Hand Book Of Dogs. — New Age International, 1996. — С. 108. — 130 с.
  5. Пуньетти, Джино. Салюки // Энциклопедия собаки / пер. С. Петрова. — Крон-Пресс, 1998. — ISBN 5-232-00595-2