Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական կենտրոնական թանգարան

Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական կենտրոնական թանգարան (ռուս.՝ Государственный центральный музей современной истории России, մինչև 1998 թվականի սեպտեմբեր կոչվել է Հեղափոխության թանգարան), դաշնային նշանակության ազգային թանգարան։ Գտնվում է Մոսկվայի կենտրոնում (Տվերսկայա փողոցի 21 հասցեում)՝ XVIII դարավերջի կլասիցիզմի ոճով կառուցված ճարտարապետական շենքում։ 1831-1917 թվականներին այս շենքում է գտնվել Մոսկվայի Անգլիական ակումբը։

Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական կենտրոնական թանգարան
Տեսակթանգարան և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏվերսկի շրջան
Հիմնադրվել է1917
Կայքsovrhistory.ru
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Հեղափոխության թանգարանի ստեղծման մասին որոշումն ընդունվել է 1917 թվականի մարտի 22-ին (ապրիլի 4)։ Հեղափոխության թանգարանի թանգարանային ցուցանմուշների հիմքը դրվել է 1922 թվականին, երբ Հոկտեմբերյան հեղափոխության 5-րդ տարելիցի առթիվ Մոսկվայի անգլիական ակումբում կազմակերպվեց «Կարմիր Մոսկվա» ցուցահանդեսը[1]։ Այնուհետև թանգարանը վերանվանվեց Մոսկվայի պատմա-հեղափոխական թանգարան, 1924 թվականից՝ ԽՍՀՄ հեղափոխության պետական թանգարան։ Թանգարանի առաջին տնօրեն նշանակվեց Սերգեյ Միցկևիչը։

Թանգարանի հիմնական խնդիրն է եղել արտացոլել Ռուսաստանի հեղափոխաազատագրական շարժման պատմությունը սկսած 17-րդ դարից մինչև Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակ։ Բացումից ի վեր թանգարանն ակտիվորեն հավաքել է ֆոնդեր, բացել ցուցահանդեսներ՝ նվիրված Ռուսաստանում գյուղացիական պատերազմներին, դեկաբրիստների ապստամբություններին, հեղափոխականների և ժողովրդի գործունեությանը, ռուսական հեղափոխություններին և քաղաքացիական պատերազմին։ Թանգարանին իրենց գործերն են նվիրել հայտնի արվեստագետներ, այդ թվում Իլյա Ռեպինը թանգարանին նվիրել է իր «Հունվարի 9», «Կարմիր թաղումներ», «1905 թվականի հոկտեմբերի 17», «Ցարական կախաղան» նկարները։

 

1927 թվականին թանգարանն անհրաժեշտ է եղել ընդարձակել. ի լրումն հեղափոխական շարժման պատմության՝ թանգարանն սկսեց ցուցադրել նաև նոր հասարակության սոցիալիստական շինարարության և շարժման պատմությունը։

Հայրենական մեծ պատերազմի սկզբում թանգարանը երկրի պատմական թանգարանների շարքում առաջատար տեղ էր զբաղեցնում և ուներ իր մասնաճյուղերը՝ «ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի ընդհատակյա մամուլը» և «Կրասնայա Պրեսնյա պատմա-հեղափոխական թանգարանը»։ 1941 թվականին թանգարանի հավաքածուն կազմում էր մեկ միլիոն ցուցանմուշ։ Միաժամանակ, 1939 թվականից թանգարանում ցուցադրվում էին Ստալինի նվերները (ցուցադրությունը փակվել է ԽՄԿԿ 20-րդ համագումարում անձի պաշտամունքի բացահայտումից հետո)։

Պատերազմի սկզբում թանգարանի ցուցադրութունը կրճատվեց, հավաքածուի մեծ մասը տարհանվեց։ Սակայն, 1941 թվականի հուլիսի սկզբին թանգարանում բացվեց «Մեծ Հայրենական պատերազմում խորհրդային ժողովրդի պայքարը նացիստական Գերմանիայի դեմ» ցուցահանդեսը. թանգարանի բակում տեղադրվեցին գրավված զենքերը, տանկերը, գնդացիրներ, ականանետներ։ Թանգարանային ցուցանմուշներն սկսեց վերականգնվել 1944 թվականից։

1968 թվականից հեղափոխության թանգարանը ԽՍՀՄ պատմահեղափոխական թանգարանների համար դարձավ գիտական և մեթոդական կենտրոն և առաջինը ստացավ հետազոտական հաստատության կարգավիճակ։ 1968 թվականին թանգարանը կոչվեց «ԽՍՀՄ հեղափոխության կենտրոնական թանգարան»։ 1984 թվականին սկսվեց «ԽՍՀՄ-ում թանգարանային գործի պատմությունը» թեմայով աշխատանքը։ Լույս տեսան աշխատանքներ՝ նվիրված թանգարանի կառուցմանը, ցուցահանդեսին և թանգարանային ֆոնդերին։

Վերակառուցման շրջանում թանգարանը բացեց իր հատուկ ֆոնդերը՝ 70 հազար վավերագրական հուշարձաններ, որոնք գիտական շրջանառության մեջ մտան։

1990-ական թվականներին թանգարանում ձևավորվեցին տարբեր պատմական ժամանակաշրջանների ցուցադրություններ։ 1998 թվականին թանգարանը կոչվեց «Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական կենտրոնական թանգարան»։

Բաժիններ խմբագրել

  • «Պրեսնյա»
  • 1905-1906 թթ. ընդհատակյա տպագրություն
  • Եվգենի Եվտուշենկոյի անվան պատկերասրահ-թանգարան
  • Գլեբ Մաքսիմիլիանովիչ Կրժիժանովսկու անվան հիշատակի տուն-թանգարան
  • «Կատին» հուշահամալիր
  • «Մյոդնոե» հուշահամալիր

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Гиляровский, Владимир Алексеевич От английского клуба к музею революции. - М., 1926. - С. 52.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական կենտրոնական թանգարան» հոդվածին։