Ռուսաստանի ազգային գրադարան
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ռուսաստանի ազգային գրադարան (ռուս.՝ Российская национальная библиотека), գտնվում է Սանկտ Պետերբուրգում և հանդիսանում երկրի հնագույն հանրամատչելի գրադարանը։
Երկիր | Ռուսաստան |
---|---|
Տեսակ | ազգային գրադարան, հանրային գրադարան և արխիվ |
Հիմնվել է | մայիսի 16 (27), 1795[1] |
Տեղադրություն | Սանկտ Պետերբուրգ |
Հավաքածուներ | |
Չափ | 38 402 293 |
Հասանելիություն և օգտագործում | |
Այլ տվյալներ | |
Անձնակազմ | 1269 մարդ (դեկտեմբերի 31, 2018) |
Կայք | nlr.ru |
Հիմնադրվել է 1795 թվականին, որպես Հանրային գրադարան բացվել է 1814 թվականին։ 1811 թվականից ստացել է հայրենական տպագիր արտադրանքի անվճար պարտադիր օրինակ։ 1914 թվականին գրադարանի ֆոնդում կար ավելի քան 3 միլիոն տպագիր արտադրանք։ 1932 թվականին կոչվել է Մ․ Սալտիկով-Շչեդրինի անվամբ, 1939 թվականին, 125-ամյակի առթիվ պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ 1970 թվականին գրադարանում եղել է 16,9 միլիոն պահպանման միավոր, այդ թվում 1 միլիոն 104 հզ.՝ ԽՍՀՄ ժողովուրդների լեզուներով։ Կան հայերեն ձեռագրեր, գրքեր (այդ թվում՝ հնատիպ) և պարբերական մամուլ։ Գրադարանում պահվում են «Ռուսական ազատ մամուլ» հավաքածուն, մի շարք պարբերական հրատարակությունների լրիվ հավաքածուները։ Հազվագյուտ գրքերի ֆոնդում են Վոլտերի անձնական գրադարանը (մոտ 7 հազար հատոր), 4 հազար ինկունաբուլա։ Արտասահմանյան ֆոնդում է «Rossica» հավաքածուն (Ռուսաստանի մասին օտար լեզուներով տպագիր արտադրանքի միակ լրիվ հավաքածուն), ինչպես նաև ռուս գրողների ստեղծագործությունների թարգմանությունները օտար լեզուներով։
Մեծ համբավ ունի գրադարանի ձեռագրերի հավաքածուն (ավելի քան 300 հազար), որտեղ պահվում են ռուսական մատենագրության առաջին գրավոր հուշարձանը՝ «Օստրոմիրովի ավետարանը» (1056-1057), Նեստորի տարեգրության հնագույն արտագրությունը (1377), 11-12-րդ դարերի ձեռագիր գրքեր, Պետրոս I-ի, Ալեքսանդր Սուվորովի, Միխայիլ Կուտուզովի, Գավրիլ Դերժավինի, Միխայիլ Լերմոնտովի, Լև Տոլստոյի, Միխայիլ Գլինկայի, Մոդեստ Մուսորգսկու, Յոհան Սեբաստյան Բախի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Լյուդվիգ վան Բեթհովենի և այլոց թղթերն ու ինքնագրերը, Գեորգի Պլեխանովի արխիվը։ Գրադարանում կան ավելի քան 112 հազար ռուսական և արտասահմանյան աշխարհագրական և աստղագիտական քարտեզներ, պլաններ և ատլասներ՝ սկսած 15-րդ դարից, նոտային ֆոնդում՝ 245 հազար հատոր և տետր ռուս և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ, մասնագիտական ֆոնդում առանձնացված են էստամպները (ավելի քան 675 հազար թերթ և ալբոմ)։
Գրադարանը գրքափոխանակություն է կատարում ավելի քան 100 երկրների շուրջ 3000 կազմակերպությունների հետ։ Ունի 28 մասնագիտացված ընթերցասրահ, տեղեկատու մատենագիտական կետեր, կենտրոնական տեղեկատու գրադարան։ Գիտամեթոդական և գիտահետազոտական մեծ աշխատանք է կատարում գրադարանագիտության և մատենագիտության, գրքերի պատմության բնագավառում։ Հրատարակում է նոր ստացված գրքերի վերաբերյալ ինֆորմացիոն բյուլետեններ, զրացուցակներ, մատենագիտական ձեռնարկներ, մեթոդական ժողովածուներ և այլն։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսաստանի ազգային գրադարան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 226)։ |