Ռոմանոսներ, կայսրեր Բյուզանդիայում։

Ռոմանոս I Լեկափենոս (ծննդյան թվականն անհայտ—948), հայազգի կայսր 920—944 թվականներիին։ Եղել է ծովակալ, մանկահասակ կայսր Կոստանդին Ծիրանածինի խնամակալը (919), որի հետ ամուսնացնելով իր դուստր Հելենեին, դարձել է «կայսերահայր», ստացել մագիստրոսի և կեսարի պատվաստիճաններ, հռչակվել կայսերակից, ապա՝ կայսր։ 921—924 թվականի ընթացքում կայսերակից է հռչակել իր որդիներ Քրիստափորին, Ստեփանոսին և Կոստանդինին, իսկ 16-ամյա Թեոփիլոսին նշանակել պատրիարք։ Ռոմանոս I պաշտպանել է մայրաքաղաքի պաշտոնյա ավագանու շահերը, պայքարել ազատ գյուղացիների (որոնք հիմնական հարկատուն էին և բանակը համալրողները) հողազրկման դեմ։ 922 թվականին մեծ բանակ է ուղարկել Դվինի ամիրա Սպուքի դեմ, սակայն վերջինս Աշոտ Բ-ի օգնությամբ վտարել է բյուզանդացիներին։ Պատերազմել է Բուլղարիայի և արաբների դեմ։ Կայսրության սահմանները հասցրել է մինչև վերին Եփրատ և Տիգրիս։ 941 թվականին պարտության է մատնել Կիևյան Ռուսիայի իշխան Իգորին, իսկ 944 թվականին նրա հետ կնքել հաշտության պայմանագիր։ Ռոմանոս I-ի դեմ բազմիցս կազմակերպվել են դավադրություններ․ 944 թվականին գահընկեց է արվել որդիներից, աքսորվել Պրոտե կղզի, դարձել վանական։ Ռոմանոս I-ի արտաքին քաղաքականությունը և ռազմական հաջողություններին մեծապես նպաստել են նրա հայազգի զորավարներ Հովհաննես Կուրկուասը, Թեոփիլոս Կուրկուասը, Մելիասը (Մլեհը), ծովակալ Ալեքսիոս Մուսելեն։

Ռոմանոս II (ծննդյան թիվն անհայտ—963), կայսր 959 թվականից։ Մակեդոնական (հայկական) դինաստիայից։ Կոստանդին VII Ծիրանածինի որդին։ Ռոմանոս II-ի օրոք է գործել հայազգի զորավար, ապագա կայսր Նիկեփորոս II Փոկասը, որը խոշոր հաղթանակներ է տարել արաբների նկատմամբ։ 961 թվականին Ռոմանոս II-ի դեմ կազմակերպվել է անհաջող դավադրություն։ Ենթադրվում է, որ մահացել է թունավորումից։ Կոստանդին VII Ծիրանածինը իր «Կայսրության կառավարման մասին» աշխատությունը գրել է Ռոմանոս II-ի համար։

Ռոմանոս III Արգիրոս (մոտ 968—1034), կայսր 1028 թվականից։ Մակեդոնական (հայկական) դինաստիայից։ Կայսր է դարձել 60 տարեկանում՝ ամուսնանալով Կոստանդին VIII-ի դուստր Զոեի հետ։ Պատերազմել է արաբների դեմ։ Ձգտելով իր ազդեցությունը տարածել Հայաստանում, 1030 թվականին իր զարմուհուն կնության է տվել «Մեծ Հայքի էքսուսիարխին» (հավանաբար հայոց թագավոր Հովհաննես-Սմբատի եղբայր Աշոտին)։ Ռոմանոս III-ի օրոք արաբներից ազատագրվել են Եդեսիան (1032), Բերկրին (1034)։ Հայկական աղբյուրները նշում են Ռոմանոս III-ի հակահայադավան քաղաքականությունը, նրան անվանում «խակամիտ, չարաբարո և հայադավանության հայհոյիչ»։ Ռոմանոս III-ին խեղդամահ են արել բաղնիքում՝ Զոեի համաձայնությամբ, այլ վարկածով՝ թունավորել է Զոեն։

Ռոմանոս IV Դիոգենես (ծննդյան թվականն անհայտ—1072), կայսր 1068—1071 թվականին։ Արտահայտել է ռազմաֆեոդալական ավագանու շահերը։ Սելջուկյան թուրքերի դեմ պայքարելու համար վերակազմել է բանակը։ 1068 թվականին մի շարք հաղթանակներ է տարել սելջուկների նկատմամբ, սակայն 1071 թվականին պարտվել է Մանազկերտի մոտ (1011) և գերի ընկել։ Ազատվել է Արսլանին զիջելով Մանազկերտը, Եդեսիան, Մենբիջը, Անտիոքը և ամենամյա հարկ տալու պայմանով։ 1071 թվականի հոկտեմբերին գահընկեց է արվել։ Գահը վերադարձնելու փորձն անհաջողության է մատնվել։ Հայկական աղբյուրներում ներկայացված է իբրև հայադավանության հալածիչ։ Թշնամաբար է վերաբերվել Սեբաստիայում հաստատված Վասպուրականի թագավոր Սենեքերիմ Արծրունու որդիներ Ատոմին և Աբուսահլին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։