Ռոդրիգո (Կաստիլիայի կոմս)

իսպանացի կոմս

Ռոդրիգո (իսպ.՝ Rodrigo, մոտ 825, Աստուրիայի թագավորություն - հոկտեմբերի 5, 873[1], County of Castilla, Իսպանիա), Կաստիլիայի առաջին կոմս (850-873), ինչպես նաև Ալավայի կոմս (867/868-870), Ռեկոնկիստայի ակտիվ մասնակից և Աստուրիայի թագավոր Օրդոնո I-ի և Ալֆոնսո III Մեծի հավատարիմ վասալ։ Նրա օրոք սկսվել է Կաստիլիայի կոմսության ընդարձակումը դեպի հարավ ի հաշիվ հողերի, որոնք հետ են նվաճվել մավրերից։

Ռոդրիգո
 
Մասնագիտություն՝ կառավարիչ
Ծննդյան օր մոտ 825
Ծննդավայր Աստուրիայի թագավորություն
Վախճանի օր հոկտեմբերի 5, 873[1]
Վախճանի վայր County of Castilla, Իսպանիա
Հայր Ռամիրո I
Զավակներ Դիեգո Ռոդրիգես Պորսելոս

Կենսագրություն

խմբագրել

Ծագում

խմբագրել

Ռոդրիգոյի ծագումը հնարավոր չի եղել հստակեցնել։ Առավել տարածված է ենթադրությունն այն մասին, որ նա եղել է Աստուրիայի թագավոր Ռամիրիո I-ի ու վերջինի երկրորդ կնոջ՝ կաստիլիացի Պատերնոյի որդին։ Համապատասխանաբար, Ռոդրիգոն եղել է թագավոր Օրդոնո I-ի արյունակից եղբայրը։ Սակայն, այդ դեպքում Ռոդրիգոն ստացել է Կաստիլիայի կոմսությունը այն ժամանակ, երբ դեռ չէր դարձել 10 տարեկան։ Այս վարկածը մի շարք պատմաբաններ քիչ հավանական են համարում։ Այդ հետազոտողները ենթադրում են, որ Կաստիլիայի առաջին կոմսը հանդիսացել է Օրդոնո I-ի կնոջ՝ Մունիի (Մունիադոննայի) եղբայրը[2]։

Կաստիլիայի ստացումը

խմբագրել

Ավանդաբար համարվում է, որ Ռոդրիգոն Կաստիլիայի կոմս է նշանակվել 850 թվականին, հավանաբար, Օրդոնո I-ինի գահ բարձրանալու ժամանակ։ Այդ հողերում կոմսության իշխանության ինստիտուտի ներդրման նպատակն առաջին հերթին եղել է Աստուրիայի թագավորության արևելյան շրջաններում կառավարման բարելավումը։ Այդ տիրույթը մավրերի դեմ պայքարի գործընթացի շրջանակներում կարևոր ծայրամասային տարածք էր համարվում։ Այդ ժամանակ Ռոդրիգոյի ժամանակավոր տիրույթը, որն ուներ Բարդուլյա անվանումը, սահմանափակվում էր ոչ մեծ տարածքով, որի սահմանը արևելքում հանդիսանում էր Էբրո գետը, արևմուտքում հասնում էր մինչև Բրանոսերա, հյուսիսում՝ Կանտաբրյան լեռներ, իսկ հարավում համապատասխանում էր ամրացված գծերին, որոնցից առավել խոշորն էին Լոսան և Տոբալինան[3]։

Ռոդրիգեի՝ որպես Կաստիլիայի կոմսի մասին առաջին փաստաթղթային հաստատված տեղեկությունը թվագրվում է 852 թվականով, երբ նա հաստատել է Սան Մրտին դե Ֆերան վանական համալիրի (ժամանակակից Էրանում) հիմնադրման մասին հրամանագիրը[2]։ 853-ից 862 թվականների ժամանակահատվածում նա հիշատակվում է ևս մի քանի հրամանագրերում, որոնք հիմնականում կապված էին իր կողմից կառավարվող հողերում նոր աբբայությունների հիմնադրման հետ[4]։

Մասնակցությունը ռեկոնկիստայում

խմբագրել

Ալբելդայի ճակատամարտ

խմբագրել

Ռոդրիգոյի կառավարման ամենասկզբից կաստիլիացիները սկսեցին ակտիվ մասնակցություն ունենալ Ռեկոնկիստայում, ինչը էականորեն ակտիվացել էր Օրդոնո I-ին թագավորի իշխանության ժամանակ։ 854 թվականին Կաաստիլիայի կոմսության զինվորները մասնակցեցին Արոյի ամրոցի նվաճմանը, իսկ փոքր-ինչ ավելի ուշ՝ Սերեսոյի, Կարիասի և Գրանիոնի ամրությունների գրավմանը։ Միաժամանակ Օրդոնո I-ինը և Ռոդրիգոն Կորդովայի ամիրայության հետ սահմանին իրականացնում էին նոր ամրոցների ընդարձակ շինարարություն։ Այդպիսի ամրոցներից էր Ֆրիասը և Լանտարոնը[3]։

Ռոդրիգոյի՝ անձամբ Ռեկոնկիստային մասնակցելու մասին առաջին վկայությունները թվագրվում են 859 թվականով, երբ նա նշվեց որպես Ալբելդայի երկրորդ ճակատամարտի մասնակիցներից մեկը[5]։ Այնտեղ աստուրիա-նավարական միացյալ զորքերը թագավորներ Օրդոնո I-ի և Գարսիա I Ինիգես հրամանատարությամբ ջախջախեցին մուլադական Բանու Քասի ընտանիքի ղեկավար Մուսա II իբն Մուսայի բանակին, որը Աստուրիայի և Նավառայի սահմանին վերահսկում էր ընդարձակ տարածքներ։ Զոհված մուսուլմանների թվաքանակը 10 հազարից 20 հազար էր։ Ճակատամարտում Մուսան ծանր վիրավորում ստացավ և մինչև իր մահը՝ 862 թվականը, քրիստոնյաների դեմ որևէ գործողություն չձեռնարկեց։ Ալբելդա ամրոցը, որը համարվում էր մուսուլմանների ու քրիստոնյաների միջև սահմանի հիմնական հենակետը, ոչնչացվեց[6]։

Ամայայի բնակեցում

խմբագրել
 
Ամայա ամրոցի վերակազմություն

860 թվականին կոմս Ռոդրիգոն նորից վերաբնակեցրեց Ամայա քաղաքը[7], որը դատարկված էր Պիրենեյան թերակղզու արաբական նվաճումների ժամանակներից ի վեր։ Վերաբնակիչների մեծ մասը, ըստ պատմական աղբյուրների, եղել են մոսարաբները, ովքեր Կորդովայի ամիրայության տարածքում հետապնդումներից փախել էին դեպի Աստուրիայի թագավորություն։ Վերաբնակեցնելով Ամայան՝ Ռոդրիգոն Կաստիլիայի կոմսության՝ դեպի հարավ ընդարձակմանը սկիզբ դրե[8]։ Մավրերի տիրույթների նոր սահմանի երկայնքով սկսվեց ամրոցների շինարարություն, որոնք հիմք հանդիսացան ժամանակակից մի շարք քաղաքների ձևավորման համար։ Այդպիսի քաղաքներից են Ուրբել դել Կաստիլիոն, Կաստիլ դե Պեոնեսը, Մորադիլո դե Սենադոն և Վիլյաֆրանկա Մոնտես դե Օկան[3]։

863-867 թվականների իրադարձություններ

խմբագրել

863 թվականին կոմս Ռոդրիգոն գրավում և թալանում է Կորդովական ամիրայությանը պատկանող Պորտ դե Սոմոսերա բնակավայրը, իսկ կաստիլիացիների կողմից Տալամանկա դե Խարամա ամրոցի նվաճման ժամանակ[8] գերևարվեցին, սակայն կարճ ժամանակ անց ազատ արձակվեցին տեղական վալ Մուրզուկն ու իրա կինը[9]։ Միաժամանակ Օրդոնո I թագավորը ասպատակեց Կորիան[10]։

Քրիստոնյաների այդ հաջողությունները ծնեցին Կորդովայի ղեկավար Մուխամադ I-ի պատասխան գործողություններ։ Այդ թվականին էմիրի հրամանով նրա որդի Աբդ իբն Մուխամադը ևզորահրամանատար Աբդ ալ Մալիկ բեն Աբասը իրականացրեցին արշավանք դեպի Ալավա և Կաստիլիա։ Մուսուլմանների զորքերը ասպատակեցին Աստուրիական թագավորության սահմանային հողերը, ոչնչացրեցին մի քանի ամրոցներ և սպանեցին բազմաթիվ խաղաղ բնակիչներ։ Կոմս Ռոդրիգոն փորձեց փակել մավրերի հետադարձ ճանապարհը՝ զորքեր տեղակայելով Պանկորբոյի մոտ գտնվող նեղուցում, սակայն շրջանցող մարտավարական հնարքի շնորհիվ Աբդ ար Ռախմանը և Աբդ ալ Մալիկը կարողացան կաստիլիացիներին հասցնել ծանր պարտություն։ Համաձայն պատմիչ Իբն Իդարիի վկայության՝ ինչպես ճակատամարտում, այնպես էլ նահանջելիս քրիստոնյաներն ունեցան ծանր կորուստներ, այդ թվում՝ 19 կոմս։ Փրկվել կարողացան շատ քիչ թվով կաստիլիցիներ, որոնց թվում էր նաև Ռոդրիգոն[11]։

865 թվականին մավրերի զորքերը, որոնք կազմված էին 20 հազար զինվորից, Աբդ ար Ռախմոնի և Աբդ ալ Մալիկի հրամանատարությամբ կրկին ներխուժեցին կոմս Ռոդրիգոյի տիրույթներ։ Մավրերը գրավեցին կաստիլիական սահմանային այն ամրոցները, որոնք կանգուն էին մնացել 863 թվականի արշավանքից հետո։ Այդ ամրոցներից մեկն էր այսպես կոչված Բորդիջան (Bordjia), որը պատկանում էր կոմս Գուդիսալվոյին (Գոնսալոյի) և որին որոշ պատմաբաններ համապատասխանեցնում են Բուրգոսի հետ[12]։ Դրանից հետո Աբդ ար Ռախմոնը և Աբդ ալ Մալիկը Անյանայի մոտակայքում տեղի ունեցած Մորկուերայի արյունալի ճակատամարտում նոր պարտության մատնեցին Կաստիլիայի կոմսին. Չնայած որ քրիստոնյա զինվորները առաջինը հարձակվեցին մուսուլմանների վրա՝ նրանք չկարողացան խախտել հակառակորդի մարտական կարգը, փախուստի դիմեցին և ընդհանուր առմամբ զոհվեցին նահանջելու ընթացքում։ Այս ամենից հետո, Պանկորբո, Սերեսո դե Ռիո Տիրոն, Իբրիլոս և Գրանիոն ամրոցներում թողնելով մուսուլմանների կայազորեր, մավրերի զորքերը վերադարձան Կորդովայի ամիրայության տարածք։ Այդ պարտություններն այնքան իջեցրեցին Կաստիլիայի ու Ալավայի զինվորական ոգին, որ երբ 866 թվականին Աբդ ար Ռախմոնը հերթական անգամ հարձակում իրականացրեց այդ կոմսությունների տարածքների վրա հասնելով մինչև Վալե դե Մենա, քրիստոնյաները նրան ոչ մի դիմադրություն չցուցաբերեցին։ Պատմիչ ալ Ալիտրայի հայտնելով՝ քրիստոնյաները նույնիսկ չկարողացան հավաքել դիմադրության համար անհրաժեշտ զորք[3]։

867 թվականին Մուհամադ I-ի մյուս որդին՝ ալ-Խակամը, կրկին ասպատակեց կաստիլիական և ալավյական տարածքներ, սակայն աստուրիական զորքերի ուղեկցությամբ կոմս Ռոդրիգոյի մոտենալուն պես առանց կռվի հեռացավ իր տիրույթներ։ Նույն թվականին Կորդովայի ամիրայությունը բախվեց ներքին լուրջ դժվարություններիի, որը շարունակվեց մեկուկես տասնամյակ։ Կորդովայի ներքին խնդիրները հնարավորություն տվեցին կաստիլիացիներին մինչև կոմս Ռոդրիգոյի մահը վերականգնել իրենց իշխանությունը Լա Բուրեբա, Պանկորբո (870 թվական)[13] և Սերեսո դե Ռիո Տիրոն ամրոցներում, իսկ ալավացիները կարողացան նվաճել Սելիորիգոն[14]։

Ապստամբության ճնշում

խմբագրել

Ֆրուել Բերմուդեսի խռովություն

խմբագրել

866 թվականի մայիսի 27-ին Օրդոնո I թագավորը մահանում է։ Ժառանգության իրավունքով նոր միապետ պետք է դառնար նրա ավագ որդի Ալֆոնսո III-ը, ով հոր մահվան ժամանակ գտնվում էր Սանտյագո դե Կոմպոստելայում։ Սակայն գրեթե անմիջապես Ալֆոնսոյի դեմ սկսվեց ապստամբություն, որը ղեկավարում էր Լուգոյի կոմս Ֆրուելա Բերմունդեսը։ Ապստամբնները գրավեցին պետության մայրաքաղաք Օվիեդոն, որտեղ Ֆրուելան հռչակվեց Աստուրիայի թագավորության նեոր ղեկավար։ Ապստամբների հաջողությունները Ալֆոնսո III-ին ստիպեց փախչել Կաստիլիայից, որի օրինական գահակալն էր հանդիսանում։ Արագորեն զորքեր հավաքելով՝ կաստիլիացիները կոմս Ռոդրիգոոյի հրամանատարությամբ մեկնեցին ռազմարշավի, որի ընթացքում պարտության մատնեցին կոմս Ֆրուելա Բերմուդեսի համախոհներին[15]։ Դրանից հետո Ալֆոնսոն կարողացավ առանց խոչընդոտների վերադառնալ Օվիեդո, որտեղ դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ նրա թագադրումը։ Կոմս Ռոդրիգոն անձամբ մասնակցում էր այդ արարողությանը և կաստիլիական ազնվականության այլ ներկայացուցիչների հետ նոր միապետին տվեց հավատարմության երդում[14]։

Նոր միապետին այդքան կարևոր ծառայության մատուցումը, ինչպիսին է գահի վերադարձը, Կաստիլիայի կոմսին դարձրեցին Ալֆոնսո III-ի ամենամերձավոր անձանցից մեկը։ Այդ կարգավիճակը Ռոդրիգոն պահպանեց մինչև իր մահը[14]։

Կոմս Էգլիոնի խռովություն

խմբագրել

866/867 թվականի ձմեռը Ռոդրիգոն անցկացրեց Աստուրիայի թագավորի պալատում, սակայն շուտով նա ստիպված էր վերադառնալ Կաստիլիա, որպեսզի հետ մղի իրեն ենթակա տարածքների վրա մավրերի նոր հարձակումները։ Այդ ժամանակ Ալավայում Ալֆոնսո III-ի դեմ ապստամբություն բարձրացրեց կոմս Էգլիոնը։ Ռոդրիգոն ստանձնեց այդ ապստամբության ճնշման ղեկավարումը։ Պատմական աղբյուրները ոչինչ չեն հայտնում ռազմական գոործողությունների ընթացքի մասին, բայց վկայում են, որ 868 թվականին ապստամբները հաշտվում են թագավորի հետ[14]։

Հավատարմության համար Ալֆոնսո III-ը Ալավայի նկատմամբ իշխանությունը հանձնում է Կաստիլիայի կոմսին, ով իր նոր տիրույթների ալկալդ է նշանակում Սարասինա Մունեսային։ Ռոդրիգոն Ալավան կառավարեց մինչև 870 թվականը, երբ նոր կոմս նշանակվեց Վելա Խիմենեսը։ Չնայած այդ հագամանքին Կաստիլիայի ղեկավարը պահպանեց Ալավայում ունեցած իր ընդարձակ տիրույթների նկատմամբ ազդեցությունը[14]։

Կյանքի վերջին տարիներ

խմբագրել

Կոմս Ռոդրիգոյի կյանքի վերջին տարիների մասին հայտնի է շատ քիչ տեղեկություններ։ Նրա կողմից ստորագրված վերջին փաստաթուղթը թվագրվում է 873 թվականի ապրիլի 18-ով[2]։ Դրանից անմիջապես հետո՝ հոկտեմբերի 4-ին[2][14][16] Ռոդրիգոն մահանում է։ Ալֆոնսո III Մեծի համաձայնությամբ Կաստիլիայի նոր ղեկավար է նշանակվում կոմս Ռոդրիգոյի միակ որդին՝ Դիեգո Ռոդրիգես Պորսելոսը։ Կաստիլիայի փոխանցումը Դիեգոյին դարձավ Աստուրիայի թագավորության պատմության մեջ կոմսության՝ արյունակցական սկզբունքով առաջին ժառանգումը[17]։

Ընտանիք

խմբագրել

Կոմս Ռոդրիգոն ամուսնացած է եղել, սակայն նրա կնոջ անունը հայտնի չէ։ Այդ ամուսնությունից ծնվել է երկու երեխա՝ որդի և դուստր[2]՝

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Պատմության արքայական ակադեմիա — 1738.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Castile & Leon, counts & kings» (անգլերեն). Foundation for Medieval Genealogy. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 22.9.2011-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Historia del Condado de Castilla. Capítulo III. Rodrigo, el primer conde Castilla (850—873) (I)» (իսպաներեն). Bardulia. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 22.9.2011-ին.
  4. Martínez Díez G. El condado de Castilla. P. 157—158.
  5. «Rodrigo» (իսպաներեն). Bardulia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 22.9.2011-ին.
  6. Ալֆոնսո III-ի ժամանակագրություն, 26.
  7. Բուրգոսի ժամանակագրություն, 860 թվական։ Կամպուտելյան տարեգրություն, 860 թվական։ Լոմպոստելայի տարեգրություն, 860 թվական։
  8. 8,0 8,1 Martínez Díez G. El condado de Castilla. P. 147—148.
  9. Կաստիլիական առաջին տարեգրություն, 863 թվական։
  10. Ալֆոնսո III-ի ժամանակագրություն, 27։
  11. Martínez Díez G. El condado de Castilla. P. 148—149.
  12. Martínez Díez G. El condado de Castilla. P. 152—156.
  13. Rodrígues-Picavea Matilla E. La corona de Castilla en la Edad Media. — AKAL, 2000. — P. 10. — 58 p. — ISBN 978-8446010869
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 «Historia del Condado de Castilla. Capítulo III. Rodrigo, el primer conde de Castilla (850—873) (II)» (իսպաներեն). Bardulia. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 22.9.2011-ին.
  15. Կաստիլիական առաջին տարեգրություն, 866 թվական։
  16. Նախերայի ժամանակագրությունը այդ իրադարձությունը թվագրում է հոկտեմբերի 5-ով։
  17. «Historia del Condado de Castilla. Capítulo IV. El Condado de Castilla bajo Diego Rodrígues (873 — c. 885)» (իսպաներեն). Bardulia. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 22.9.2011-ին.

Գրականություն

խմբագրել
  • Martínez Díez G. El condado de Castilla (711—1038): la historia a la leyenda. — Martial Pons Historia, 2005. — Т. I. — P. 147—160. — 819 p. — ISBN 978-8495379948(ռուս.)
  • Martínez Díez, Gonzalo (2004). El Condado de Castilla (711-1038). La historia frente a la leyenda (in Spanish). Valladolid: Junta de Castilla y León. ISBN 84-9718-275-8.(իսպ.)
  • Pérez de Urbel, Justo. "Los Primeros Siglos de la Reconquista (Años 711-1038)" in España Christiana: Comienzo de la Reconquista (711-1038), vol. 6 of Historia de España [dirigida por Don Ramón Menéndez Pidal] (1964), 204-210.(իսպ.)