Ռենտգենաբուժություն, ռենտգենաթերապիա, ուռուցքային և ոչ ուռուցքային մի շարք հիվանդությունների բուժումը ռենտգենյան ճառագայթներով։ Ռադիոթերապիայի մեթոդներից է։ Ռենտգենաբուժությունն առաջին անգամ առաջարկել է Ի․ Թարխանովը՝ 1896 թվականին, իսկ 1897 թվականին Լ․ Ֆրեժունդն առաջինն է կիրառել թերապևտիկ նպատակով (մանկաբուժության մեջ)։ 1900 թվականին Ռենտգենաբուժությունն արդեն կիրառվում էր Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում, ինչպես նաև Ռուսաստանում։ Բժշկության մեջ ռենտգենյան ճառագայթների օգտագործումը հիմնված է հյուսվածքների ճառագայթներ կլանելու և վերջիններիս կենսաբանական ազդեցության վրա։ Հիվանդներին ճառագայթահարում են ռենտգենաբուժական սարքերի օգնությամբ։ Կախված ճառագայթվող հատվածի խորությունից, ընտրում են ճառագայթման անհրաժեշտ ֆիզիկատեխնիկական պայմաններ։ Խորը Ռենտգենաբուժության դեպքում, երբ լարումը 180-200 կվ է, օգտագործում են 0,5-2,0 մմ հաստությամբ պղնձյա ֆիլտր, այդ դեպքում հյուսվածքների խորքն են թափանցում հոմոգեն կոշտ ճառագայթներ։ Մակերեսային Ռենտգենաբուժության դեպքում կիրառվում է 80, 100 կամ 120 կվ լարում, օգտագործում են 0,5-3 մմ հաստությամբ ալյումինե ֆիլտր։ Ռենտգենյան ճառագայթների թերապևտիկ ազդեցությունը կախված է կիրառվող ճառագայթների տեսակից, քանակությունից, ճառագայթման ժամանակից, հիվանդության բնույթից և օրգանիզմի ռեակցիայից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։