Ռեկոլետա գերեզմանատուն

գերեզմանատուն Բուենոս Այրեսում

Ռեկոլետա գերեզմանատուն (իսպ.՝ Cementerio de La Recoleta), Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի նույնանուն շրջանում գտնվող գերեզմանատուն, բազմաթիվ անվանի արգենտինացիների հուղարկավորության վայր։ Այստեղի մի շարք շիրիմներ ճանաչվել են որպես պատմական հուշարձան։

Ռեկոլետա գերեզմանատուն
իսպ.՝ Cementerio de la Recoleta
Քարտեզ
Քարտեզ
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունԲուենոս Այրես և Ռեկոլետա
Երկիր Արգենտինա
Կազմված էMausoleum of the Fallen in the Revolution of 1890? և Mausoleum of Meritorious Citizens?
Առաջին հիշատակում1822
Հիմնման տարի1822
ՃարտարապետPróspero Catelin?
Ճարտարապետական ոճմոդեռն
Գերեզմանատան ընդհանուր տեքը վերևից
Գեներալ Լուիս Մարիա Կամպոսի շիրիմը
Նախագահ Կառլոս Պելեգրինիի շիրիմը
Նախագահ Դոմինգո Սարմիենտոյի շիրիմը

Պատմություն

խմբագրել

Տասնյոթերորդ դարի վերջին այն ժամանակվա Բուենոս Այրեսի ծայրամասում հայտնվեցին ֆրանցիսկյան ասկետ հոգևորականներ, որոնք նպատակադրվել էին այդտեղ վանական համալիր հիմնել։ 1732 թվականին նրանք կառուցեցին Էլ Պիլար եկեղեցին և դրան կից հիմնեցին գերեզմանատուն, որը, ինչպես և շրջակա ողջ տեղանքը, անվանվեց Ռեկոլետա (իսպաներեն ռեկոլետա նշանակում է ասկետական)։

1822 թվականին վանականների օրդենը լուծարվեց, և նրանց հողերը վերածվեցին Բուենոս Այրեսի առաջին հանրային գերեզմանատան, որի հիմնադիրներն են համարվում այն ժամանակվա նահանգապետ Մարտին Ռոդրիգեսը և նրա կառավարության նախարար Բեռնարդինո Ռիվադավիան։ Գերեզմանատան նախագծման աշխատանքներն իրականացրել է ֆրանսիացի ինժեներ Պրոսպերո Կատլենը։ Տասնամյակներ անց՝ 1881 թվականին գերեզմանատունը իտալացի ճարտարապետ Խուան Անտոնիո Բուսկիացոյի կողմից վերանախագծվել է նոր դասականության (նեոկլասիցիզմի) ոճով։

1870-ական թվականներին բռնկված դեղին տենդի համաճարակի պատճառով ունևոր շատ բուենոսայրեսցիներ քաղաքի Սան Տելմո և Մոնսեռատ շրջաններից տեղափոխվեցին հյուսիսային մասում գտնվող Ռեկոլետա, որը դարձավ մայրաքաղաքի ընտրյալ ու բարձրագին թաղամասը։ Ճիշտ այդպիսի համարում ձեռք բերեց նաև Ռեկոլետա գերեզմանատունը, որտեղ հուղարկավորվել են հասարակության բարձր դասին պատկանած անձինք՝ մեծահարուստներ, նշանավոր հասարակական-քաղաքական գործիչներ (այդ թվում՝ երկրի նախագահներ, նախարարներ), անվանի արվեստագետներ, գիտնականներ, մարզիկներ...

Հարուստ ընտանիքները ճարտարապետական զանազան ոճերով ընտանեկան դամբարաններ են կառուցել, որոնք գեթ մի բանով նման են միմյանց. դրանք բոլորն էլ իրենց վրա կրում են հանգուցյալների երկրային փառքի ու հարստության մասին վկայող նշաններ։ Շիրիմների շրջակայքում ու ճանապարհների, արահետների եզրերին առատորեն տնկված են փարթամ, շքեղ ծառեր։ Մի անսովոր առանձնահատկություն էլ ունի Ռեկոլետա գերեզմանատունը. շիրմաքարերին փորագրված են հանգուցյալների անունները և միայն նրանց մահվան օրն ու տարին՝ առանց ծննդյան օրվա հիշատակման։

Գերեզմանատան մշտական բնակիչներն են դարձել կիսավայրենացած կատուների մեծաքանակ խմբերը, որոնք ամեն երեկո հավաքվում են մուտքի մոտ՝ հուսալով կեր ստանալ կենդանասեր, բարեգութ մարդկանցից։

Գերեզմանատան առանձնապես աչքի ընկնող դամբարաններից մեկը պորտենյոների բարձր դասի ներկայացուցիչ Լիլիանա Կրոչիատի դե Շաշակինն է, որը 1970 թվականի փետրվարին՝ 26 տարեկան հասակում Շվեյցարական Ալպերում հանգստանալիս ձնահյուսի զոհ է դարձել։ Գոթական ոճով այդ դամբարանը դժբախտ դստեր համար կառուցել է տվել նրա մայրը:Ի դեպ, Լիլիանայի հետ նույն փորձանքի մեջ ընկած նրա ամուսնու կյանքը հաջողվել է փրկել[1]։

Ոչ հեռու գտնվում է ևս մեկ շքեղ դամբարան, դարձյալ երիտասարդ հասակում վախճանված մեկ այլ աղջկա համար։ Այսպես կոչված՝ «իսպանացիների» բարձր դասին պատկանող Ռուֆինա Կամբասերեսը մարել է իր ծննդյան տասնիններորդ տարելիցի կապակցությամբ շքեղ, ճոխ երեկույթի նախապատրաստությունների ժամանակ։ Նրա հուղարկավորությունից որոշ ժամանակ անց գերեզմանատան պահակը նկատել է, որ դագաղի պատյանը մի տեղ կոտրված ու տեղաշարժված է։ Դա հիմք է տվել ենթադրելու, որ աղջիկը հուղարկավորվել է, երբ գտնվելիս է եղել կլինիկական մահվան վիճակում ։ Ցավոք, 1902 թվականին բժշկությունը այդ երևույթի մասին դեռևս ոչինչ չգիտեր[2]։

Ռեկոլետա գերեզմանատանը հուղարկավորված նշանավոր անձինք

խմբագրել

Արգենտինայի նախագահներ

խմբագրել
  • Վիսենտե Լոպես ի Պլանես
  • Դոմինգո Ֆաուստինո Սարմիենտո
  • Էդուարդո Լոնարդի
  • Բարտոլոմե Միտրե
  • Նիկոլաս Ավելյանեդա
  • Պեդրո Արամբուրու
  • Խուլիո Ռոկա
  • Լուիս Սաենս Պենյա
  • Ռոկե Սաենս Պենյա
  • Ռաուլ Ալֆոնսին
  • Իպոլիտո Իրիգոյեն
  • Արթուրո Ումբերտո Իլիա
  • Արթուրո Ռոսոն
  • Մարսելո Տորկվատո դե Ալվեար
  • Խուան Խոսե Վիամոնտե
  • Կառլոս Պելեգրինի
  • Մանուել Կինտանա
  • Խոսե Ֆելիքս Ուրիբուրո
  • Խոսե Էվարիստո Ուրիբուրու

Նշանավոր այլ անձինք

խմբագրել
  • Խուան Բաուտիստա Ալբարդի - քաղաքական գործիչ
  • Լուիս Ագոտե - բժիշկ
  • Կասարես Ադոլֆո Բիոյ - գրող
  • Նորա Բորխես - նկարչուհի, Խորխե Լուիս Բորխեսի քույրը
  • Ուիլյամ Բրաուն - արգենտինական ռազմական նավատորմի հիմնադիր
  • Խուլիո Դերմալ - ճարտարապետ
  • Մանուել Դոռեգո - Բուենոս Այրեսի նահանգապետ
  • Կառլոս Կալվո - դիվանագետ, իրավաբան, միջազգայնագետ
  • Լոպես Կանդիդո -նկարիչ
  • Խուան Մանուել դե Ռոսաս - քաղաքական գործիչ
  • Խուան Գալո դե Լավալ - զինվորական, քաղաքական, պետական գործիչ
  • Նորա Լանգե - գրող
  • Լուիս Լելուար - բժիշկ, Նոբելյան մրցանակի դափնեկիր
  • Ֆրանսիսկո Մորենո - գիտնական
  • Վիկտորյա Օկամպո - գրող
  • Սիլվինա Օկամպո - գրող
  • Էվա Պերոն - նախագահ Խուան Պերոնի կինը
  • Պրիլիդիանո Պուեյռեդոն -նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, ինժեներ
  • Զենոն Ռոլոն - կոմպոզիտոր
  • Կառլոս Սաավեդրա Լամաս - խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր
  • Մասեդոնիո Ֆեռնանդես - գրող
  • Օլիվերիո խիրոնդո - բանաստեղծ
  • Խոսե Էռնանդես - բանաստեղծ, ժուռնալիստ

Պատկերասրահ

խմբագրել
 

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեկոլետա գերեզմանատուն» հոդվածին։