«Ռեբեկկա» (անգլ.՝ Rebecca), անգլիացի գրող Դաֆնա Դյումորիեի 1938 թվականին հրատարակված վեպը։ Այն անմիջապես մեծ ճանաչում բերեց հեղինակին և համարվում է նրա լավագույն աշխատանքներից մեկը։ Ստեղծագործության մեծ մասը գրվել է Ալեքսանդրիայում, որտեղ այդ ժամանակ Դաֆնան և ամուսինը միասին էին[1]։ 2000 թվականին վեպն արժանացել է Էնթոնի մրցանակի[2] և ճանաչվել է որպես հարյուրամյակի լավագույն վեպ[3]։

Սյուժե խմբագրել

Անանուն գլխավոր հերոսուհին ծնողների մահից հետո որպես գործավարուհի՝ աշխատանքի է ընդունվում հարուստ և անճաշակ ամերիկուհի միսիս Վան Հոփերի մոտ։ Նրան ուղեկցելով՝ հերոսուհին հայտնվում է Լազուր ափում. Մոնտե Կառլոյում պատահաբար հանդիպում է Մենդերլի գեղեցիկ կալվածքի տիրոջ՝ Մաքսիմիլիան դը Վինթեր (անգլ.՝ Maximilian de Winter) անունով բրիտանացի արիստոկրատի հետ։ Սկզբում նոր ծանոթը հերոսուհուն թվում է չափազանց մռայլ և ինքնամփոփ. մեկ տարի առաջ ողբերգական պատահարի հետևանքով նա կորցրել է կնոջը՝ Ռեբեկկային, որը մահացել է նավով զբոսնելու ժամանակ։ Սակայն, Մոնտե Կառլոյի շրջակայքում դը Վինթերի հետ զբոսնելիս, աղջիկը հասկանում է, որ նրա ընկերակցությունը հաճելի է իրեն։ Հերոսների միջև համակրանք է առաջանում և կարճատև շփումից հետո Մաքսիմիլիանը նրան սիրո առաջարկություն է անում։ Աղջիկը համաձայնում է ամուսնանալ նրա հետ՝ ուշադրություն չդարձնելով միսիս վան Հոփերի հավաստիացումներին, որ դը Վինթերն ամենևին էլ չի սիրում աղջկան և լոկ փրկության ելք է որոնում իր ահռելի կալվածքում միայնակությունը փարատելու համար։

Ամուսնությունից հետո նորապսակները գալիս են Մենդերլի, որտեղ նորաթուխ միսիս դը Վինթերն իսկույն բախվում է տնտեսուհի միսիս Դենվերսի արհամարհական և թշնամական վերաբերմունքին։ Նա իրեն անհարմար և անվստահ է զգում նույնիսկ ծառաների մոտ, որոնք շարունակում են կատարել հանգուցյալի հրամանները՝ հետևելով ընտանիքում ընդունված սովորույթներին և արարողակարգին, կերակուր պատրաստել նրա ճաշակով, ծաղիկները դնել այնպես, ինչպես սովոր էր Ռեբեկկան, բուխարին վառել օրվա այն պահին և այն սենյակում, ուր սովորաբար գտնվել է Ռեբեկկան։

Հերոսուհին տանջվում է անվստահությունից և ենթադրում է, որ իր համար դժվար է լինելու ամուսնու մտքերից Ռեբեկկայի պատկերը ջնջելը։ Ըստ շշուկների, Ռեբեկկան ոչ միայն աչքի է ընկել բացառիկ գեղեցկությամբ, այլև եղել է գերազանց տանտիրուհի, կարողացել է իրեն դրսևորել հասարակության մեջ, Մենդերլիում կազմակերպել է ճոխ ընդունելություններ, ինքն է ղեկավարել տան բոլոր գործերը։ Սակայն վեպի հերոսուհին տանջվում է սեփական ամաչկոտությունից, մարդկանց հետ ծանոթանալու անկարողությունից, վախենում է ծառաներից։

Մենդերլիում ամեն ինչ հիշեցնում է հանգուցյալ Ռեբեկկային. ամենուր նրա իրերն են, տան արևմտյան կողմում պահպանվում են նրա սենյակները։ Շուտով նորապսակ կինն սկսում է մտածել, որ ի վիճակի չէ մրցակցելու Մաքսիմի հանգուցյալ կնոջ հետ և կարծում է, որ ամուսինը դեռ նախկին կնոջն է սիրում, և ափսոսում է հապճեպ ամուսնության համար։ Մենեդերլիում Ռեբեկկայի մահից հետո առաջին անգամ կազմակերպված պարահենդեսում տեղի ունեցած միջադեպը նրանց հարաբերություններում ճեղքվածքի առիթ է դառնում։ Գլխավոր հերոսուհին հանդիսության համար տիկին Դենվերսի խորհրդով զգեստ է պատվիրում, որի վրա պատկերված է Վինթերների տոհմի կանացից մեկը, ում նկարը կախված է ընդունարանում։ Ավելի ուշ պարզվում է, որ նման զգեստ հագել էր Ռեբեկկան իր վերջին պարահանդեսի ժամանակ։ Հերոսուհին հասկանում է, որ տիկին Դենվերսն իր հետ չար կատակ է խաղացել՝ ցանկանալով վրեժ լուծել նորապսակներից այն բանի համար, որ Մաքսիմն արգելել է կալվածքում ընդունել Ռեբեկկայի հորեղբոր տղային՝ Ջեք Ֆավելլին։ Պարահանդեսի հաջորդ օրը հերոսուհու և Դենվերսի միջև զրույց է տեղի ունենում, որի ժամանակ տնտեսուհին պատմում է Ռեբեկկայի կյանքում իր ունեցած դերակատարության մասին. ինքը ճանաչել է Ռեբեկկային երեխա ժամանակից և ուղեկցել է նրան ողջ կյանքի ընթացքում։ Տիկին Դենվերսը համոզում է հերոսուհուն, որ նա ոչնչություն է իր նախորդի համեմատությամբ, իսկ դը Վինթերը երբեք երջանիկ չի լինելու նրա հետ։ Քիչ է մնում, որ Դենվերսը աղջկան ինքնասպանության դրդի՝ ասելով, որ առանց նրա ներկայության՝ այդ տանն ամեն ինչ շատ ավելի լավ կլինի։ Թշվառ աղջկան փրկում է այդ պահին ամպամած երկնքում պայթած հրթիռը՝ աղետի ազդանշանն՝ ուղարկված ծանածաղուտի մեջ ընկած շոգենավից։ Ազդանշանը սթափեցնում է աղջկան և շոգենավում գտնվողներին։

Շոգենավը, որից արձակվել էր հրթիռը, հայտնվել էր ծովածոցում՝ ծանծաղուտի մեջ, հենց Մենդերլիի մոտ։ Վնասը գնահատելու համար ծովածոցի հատակ ջրասուզակ են իջեցնում. հայտնաբերված գտածոն ավելի սարսափելի էր։ Դա զբոսանավ էր, իսկ նավախցի հատակին ընկած էր մարդկային կմախք։ Բոլոր փաստերը վկայում են այն մասին, որ դա Ռեբեկկայի դիակն է, չնայած Մաքսիմն արդեն ճանաչել էր իր մահացած կնոջը, երբ տեղի ունեցած ողբերգությունից անմիջապես հետո ջրերն ափ էին նետել նրա մարմինը։ Նոր կմախքի գոյության լուրը ցնցում է ողջ Մենդերլին և նրա շրջակայքը։ Դը Վինթերը որոշում է կնոջը պատմել ողջ գաղտնիքը իր և նախորդ կնոջ հարաբերությունների մասին։ Ըստ նրա խոսքերի՝ ինքը երբեք չի սիրել Ռեբեկկային, իսկ Ռեբեկկան չի սիրել ոչ մեկի։ Նրա շքեղ արտաքինի և հիանալի շարժուձևի տակ թաքնված էր իրական հրեշ՝ դաժան, անբարո, արատավոր մի կին։ Մաքսիմը հավաստիացնում է, որ Ռեբեկկան դրդել է իրեն՝ սպանություն գործելու։ Զբոսանավն ինքն իրեն չի խորտակվել. հենց ինքն է խութերին հարվածելով նավը դուրս է բերել դեպի ծով և խորտակել այն՝ դիակի հետ միասին, իսկ ինքը, նավակով ափ հասնելով, փրկվել է։ Սարսափազդու պատմությունն իմանալով՝ հերոսուհին չի հեռանում մարդասպան ամուսնուց, այլ հակառակը՝ իմանալով, որ նա երբեք չի սիրել Ռեբեկկային, բայց իրեն սիրում է, ավելի է մտերմանում նրա հետ։

Սկսվում է հետաքննություն։ Ծովի խորքից հանում են զբոսանավը կմախքի հետ միասին, որը համարում են Ռեբեկկայի կմախքը։ Ակնհայտ էր, որ ամենայն հավանականությամբ սպանություն է կատարվել, սակայն Մաքսիմի դեմ որևէ ապացույց չկա։ Սպանությունը կատարվել է գիշերը, կատարվածի մասին վկաներ գտնելն անհնար է, արդյունքում դատարանը և ատենակալները վճիռ են կայացնում. Ռեբեկկան ինքնասպանություն է գործել՝ զբոսանավի եզրակարերում անցք բացելով և նավի ստորջրյա կափարիչը բացելով։ Սակայն, այս վճիռը չի գոհացնում Ռեբեկկայի զարմիկին, նույն այն Ֆավելլին, որի հետ Մաքսիմը ծայրահեղ անբարեհաճ, նույնիսկ թշնամական հարբերություններ ունի։ Նա ասում է, որ իբրև թե եղել է Ռեբեկկայի սիրեկանը և նրա սպանության մեջ մեղադրում է դը Վինթերին։ Որպես ապացույց՝ նա բերում է երկտողը, որը Ռեբեկկայից ստացել է նրա մահվան օրը։ Ֆավելլի կարծիքով՝ երկտողի բովանդակությունը վկայում է այն մասին, որ Ռեբեկկան ինքնասպանություն գործելու որևէ պատճառ չի ունեցել։

Ռեբեկկայի սենյակում հաջողվում է գտնել նրա նոթատետրը, որտեղ նա գրանցել է բոլոր նախատեսված հանդիպումները։ Այն օրը, երբ տեղի է ունեցել ողբերգությունը, նա հանդիպել է ոմն բժիշկ Բայքերի հետ։ Բժշկին որոնելով՝ Մաքսիմը, նրա կինը, Ֆավելլը և ոստիկանության դատավոր Արթուր Ջուլիանը գնում են մի փոքրիկ քաղաք, որտեղ այդ պահին բնակվում է Լոնդոնից ժամանած բժիշկ Բեյքերը։ Հանդիպման ժամանակ բժիշկը հիշում է, որ այդ օրը նրա մոտ մի կին է եկել՝ ներկայանալով միսիս Դենվերս անունով (Ռեբեկկան նախընտրել էր չասել իսկական ազգանունը). նրա նկարագրությունը համընկնում է Ռեբեկկայի արտաքինի նկարագրության հետ։ Նա հավելում է, որ կինը հիվանդ էր վերջին փուլում գտնվող քաղցկեղով։ Վեպն ավարտվում է նրանով, որ Վինթերները վերադառնում են Մենդերլի։ Աղջիկը մտածում է այն մասին, որ իրենք պետք է մոռանան անցյալը և սկսեն կյանքը մաքուր էջից՝ այդ սարսափելի պատմությունը թողնելով հեռու անցյալում։ Ճանապարհին լոնդոնյան փոքրիկ ռեստորաններից մեկում կանգ առնելով՝ Մաքսիմը զանգահարում է իր կառավարչին և ընկերոջը՝ Ֆրենկին։ Նա պատմում է, որ զանգն ստանալուց քիչ առաջ կալվածքից հանկարծակի անհայտացել է տնտեսուհին։ Ամուսինը վրդովված է, իսկ նրա կինն ուրախ է՝ կարծելով, որ միսիս Դենվերսի հետ հեռանալով՝ տնից կհեռանան և Ռեբեկկայի մասին նրա հիշողությունները։ Կալվածքին մոտենալով՝ նրանք հորիզոնում նկատում են ալ ցոլքեր՝ չնայած մայրամուտի համար դեռ վաղ էր։ Աստիճանաբար լույսը ողողում է ողջ երկնակամարը։ Ամուսինները կանգ են առնում, դուրս են գալիս մեքենայից և բլրի գագաթին կանգնած՝ ներքև են նայում։ Պարզվում է, որ Մենդերլին այրվում է։

Վեպի ողջ ընթացքում գլխավոր հերոսուհու անունը ոչ մի անգամ չի հիշատակվում. մնում է անհայտ։

Մեղադրանք գրագողության մեջ խմբագրել

«Ռեբեկկա» վեպի տպագրությունից շատ չանցած՝ գրաքննադատ Ալվարո Լինսը Բրազիլիայում և շատ ընթերցողներ մեծ նմանություն գտան Դաֆնա Դյումորիեի և բրազիլացի գրող Կարոլինա Նաբուկոյի (պորտ.՝ Carolina Nabuco) գրքերի միջև։ Նաբուկոյի «Ժառանգորդուհին» (պորտ.՝ A sucessora) վեպի հիմքում ընկած է համանման սյուժե՝ ներառյալ ամուրիի հետ ամուսնացած երիտասարդ կնոջը, ինչպես նաև նախորդ կնոջ արտասովոր ներկայությունը. սյուժետային գիծ, որն ավելի վաղ գործածվել է «Ջեյն Էյր» վեպում։ Նինա Աուերբախն իր «Դաֆնա Դյումորիե՝ կախարդված ժառանգորդուհին» գրքում հավաստիացնում է, որ Դյումորիեն կարող էր կարդալ բրազիլական գիրքը, երբ առաջին ձեռագիրն ուղարկվել էր Անգլիա՝ տպագրության համար, իսկ հետո նրա հիման վրա գրել է իր բեսթսելլերը։ Դաֆնա Դյումորիեն հերքել է գրագողության և բրազիլացի գրողի գիրքը կրկնօրինակելու բոլոր մեղադրանքները։ Նույն կերպ է վարվել նաև նրա հրատարակիչը, հայտարարելով, որ «Ռեբեկկայի» սյուժեն բավականին տարածված է[4]։

Հարմարեցումներ խմբագրել

Վեպը մի քանի անգամ էկրանավորվել է, հայտնի է հատկապես Ալֆրեդ Հիչքոքի 1940 թվականին նկարահանված «Ռեբեկկա» ֆիլմը՝ Լորենս Օիվիեի և Ջոան Ֆոնթեյնի գլխավոր դերակատարմամբ։ Հոլիվուդյան կինոարտադրողների բարոյաէթիկական կոդեքսը պահանջում էր, որ ֆիլմերում մարդասպանն իր գործած հանցագործության համար երբեք անպատիժ չմնա, ուստի սցենարը վեպից տարբերվում է նրանով, որ Ռեբեկկայի մահը Հիչքոքի կողմից ներկայացվել է որպես դժբախտ պատահար։

DreamWorks ստուդիան 2012 թվականի սկզբին հայտարարել է, որ նախապատրաստում է վեպի նոր էկրանավորումը։ Սթիվեն Նայթը սցենար է գրելու[5]։

«Ռեբեկկայի» մոտիվներով հեռուստասերիալներ են նկարահանվել BBC, Carlton Television հեռուստաընկերությունների և 1997 թվականին PBS-ի կողմից՝ Էմիլի Ֆոքսի գլխավոր դերակատարմամբ։ Միխայել Կունցը և Սիլվեսթեր Լևայը գրել են «Ռեբեկկա» մյուզիքլը, որը բեմադրվել է Վիեննայում 2006 թվականին, իսկ Մոսկվայում՝ 3 տարի անց։

Վեպի շարունակություն խմբագրել

«Լեդին Կիլմարտից» հոդվածի հեղինակ Քրիս Սիմմոնսը, հենվելով 1977 թվականի հարցազրույցի վրա, ապացուցում է, որ մի անգամ Դաֆնա Դյումորիեին դիմել է ոմն ամերիկացի գրող՝ նրա «Ֆրանսիական ծովախորշ» վեպի շարունակությունը գրելու թույլտվության խնդրանքով։ Դյումորիեն անհապաղ հեռագրում է մերժում պարունակող պատասխանը։ Նա կտրականապես դեմ էր ուրիշ գրողների, հատկապես, դեռ ապրողների ստեղծագործությունների սիկվելների ստեղծմանը[31]: Այնուամենայնիվ, Դաֆնայի կողմից նման կտրական վերաբերմունքը չխանգարեց նրա ժառանգներին՝ թույլտվություն տալու ամերիկացի գրող Սալլի Բաումաննին «Ռեբեկկա» վեպի սիկվելի ստեղծման համար։ Գիրքը լույս տեսավ 2001 թվականին՝ «Ռեբեկկայի պատմությունը» (անգլ.՝ Rebecca's Tale) վերնագրով[6]։ Մինչ այս գիրքը, հրատարակչության կողմից 1993 թվականին հրատարակվել էր անգլիացի գրող Սյուզեն Հիլլի «Միսսիս դը Վինթեր։ Դաֆնա Դյումորիեի «Ռեբեկկա» վեպի շարունակությունը» վեպը[7]։

Տես նաև՝ խմբագրել

Դաֆնա Դյումորիե

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Afterword by Sally Beauman to «Rebecca» (2003 ed. ed.). Virago Press. 2003 թ․ հունվարի 30. ISBN 1-84408-038-2. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)
  2. Премия Энтони (по имени Энтони Бушера) присуждается Американской ассоциация детективных писателей с 1986 года
  3. «Award-Winning Books by Daphne Du Maurier» (անգլերեն). Fiction Data Base. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 2-ին.
  4. «Bull's-Eye for Bovarys» (անգլերեն). Time. 2 февраля 1942. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 3-ին.
  5. ««Альфред не против»». Киносайт КГ. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2012-15-02-ին.
  6. «Sally Beauman on Rebecca's Tale» (անգլերեն). Harper Collins. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 2-ին.
  7. Susan Hill Mrs. De Winter The Sequel to Daphne du Maurier’s Rebecca. — Macmillan.

Հղումներ խմբագրել