Ռապպերսվիլի ամրոց (գերմ.՝ Schloss Rapperswil), 13-րդ դարի միջնադարյան ամրոց շվեյցարական Ռապպերսվիլ-Իոնա կոմունայում՝ Սանկտ Գալլեն կանտոնի հարավ-արևմուտքում։ Ամրոցը գտնվում է Ցյուրիխ լճի արևմտյան Օբերսեե հատվածում, Ռապպերսվիլում, Շվեյցարիայի Սանկտ Գալլեն կանտոնի Ռապպերսվիլ-Յոնա մունիցիպալիտետի տարածքում։

Ռապպերսվիլի ամրոց
Նկարագրություն
Տեսակդղյակ
ՏեղագրությունՌապպերսվիլ
ՀասցեLindenhof 263, 8640 Rapperswil[1]
Վարչական միավորՌապպերսվիլ-Յոնա
Երկիր Շվեյցարիա
Համալիրի մասlist of cultural properties in Rapperswil-Jona?
Կառուցված1220
Քարտեզ
Քարտեզ
 Schloss Rapperswil Վիքիպահեստում

1870 թվականից ամրոցում է գտնվում Ռապպերսվիլի լեհական թանգարանը, որը հիմնադրվել է լեհ գաղթականների կողմից, այդ թվում՝ ամրոցի վարձակալ և վերականգնող կոմս Վլադիսլավ Բրոել-Պլատերի կողմից։ Ռապպերսվիլի ամրոցը և թանգարանը ներառված են ազգային և տարածաշրջանային նշանակության մշակութային արժեքների շվեյցարական գույքագրում՝ որպես ազգային նշանակության Ա դասի օբյեկտներ[2]։

Ռապպերսվիլի ամրոցի տեսքը նավահանգստի տարածքից, Սուրբ Հովհաննես եկեղեցին հետին պլանում, խաղողի այգիները՝ առաջին պլանում
Եղջերուների զբոսայգին Լինդենհոֆում, Ցյուրիխ լճի և Կեմպրատենի ֆոնին
Լեհաստանի ազատության սյունը (Freiheitssäule) և այսպես կոչված Pulverturm-ը
Ռապպերսվիլի պաշարումը Կենտրոնական Շվեյցարիայի կողմից Հին Ցյուրիխիյան պատերազմի ժամանակ
Ռապպերսվիլի ավերված ամրոցը, տեսարան դեպի պալատ և այսպես կոչված Գյուգեգլիթուրմ աշտարակը բակից, գծանկարը՝ Հայնրիխ Կելլերի, մոտ 1848

Աշխարհագրություն խմբագրել

Ռապպերսվիլ քաղաքի միջնադարյան Ալտշտադտում գերակշռում է ամրոցը, որը տեղակայված է թերակղզու երկարավուն ժայռոտ բլրի վրա, որը կոչվում է Լինդենհոֆ բլուր արևմտյան կողմում, համապատասխանաբար՝ Հերրենբերգ արևելյան կողմում, որտեղ կառուցվել է ամրոցը։ Այն երեք կողմից շրջապատված է Ցյուրիխի լճով և հյուսիսարևմտյան Սեեդամի (ծովային պատնեշ) վերին հատվածով։ Այսպիսով, ամրոցը լավ պաշտպանված է եղել՝ գերիշխող դիրք ունենալով հին Ռապպերսվիլում և վերահսկելով ջրային ճանապարհը Վալենսեի և Ցյուրիխ լճի միջև նրա ամենանեղ հատվածում, ինչպես նաև միջնադարյան Սեն Գոթարդի լեռնանցքը Լոմբարդիայի և Ցյուրիխի միջև և Յակոբսվեգը դեպի Այնզիդելնի աբբայություն։

Պատմություն խմբագրել

Ամրոցը կառուցվել է 1220-1230 թվականներին Ֆոգտ Ռուդոլֆ Ռապպերսվիլի կողմից՝ Ցյուրիխից ջրային առևտրի ճանապարհը վերահսկելու համար և դարձել Ցյուրիխի լճի ափին համանուն առևտրային բնակավայրի առաջացման պատճառ։ 1336 թվականի հունիսին Ցյուրիխի «գիլդիայի հեղափոխությունից» հետո, այստեղ ապաստան գտան քաղաքից վտարված պատրիկները, քաղաքային խորհրդի նախկին անդամները, որոնք տարագրության մեջ մի տեսակ կառավարություն են կազմել և ամրոցի տիրոջ՝ կոմս Յոհան I ֆոն Հաբսբուրգ-Լաուֆենբուրգի (1297-1337) հետ միասին ծրագրել են այստեղից կազմակերպել հատուցման գործողություն, որը պատմության մեջ մտել է որպես Ցյուրիխյան կոտորած (գերմ.՝ Mordnacht von Zürich): 1350 թվականի փետրվարի 23-ի լույս 24-ի գիշերը Ցյուրիխի նոր բուրգոմիստր Ռուդոլֆ Բրունին վերացնելու փորձը, սակայն, ձախողվել է, որից հետո Ցյուրիխի զինված ջոկատները արդեն փետրվարի 24-ին մոտեցել են Ռապպերսվիլի ամրոցի պատերին, ամրոցի պահապանները հանձնվել են՝ վախենալով ցյուրիխցիների կողմից գերեվարված կոմս Յոհան II Հաբսբուրգ-Լաուֆենբուրգսկու կյանքի համար։ Հավանաբար, վերջինիս եղբայրների՝ Ռուդոլֆ IV-ի և Գոտֆրիդ II-ի դիմադրության շնորհիվ քաղաքն ու ամրոցն ավերվել են, ինչի անմիջական հետևանքն է եղել Ցյուրիխի ռազմաքաղաքական դաշինքի ստեղծումը առաջին երեք կանտոնների՝ Շվիցի, Ուրի և Ունտերվալդենի հետ։

Արդեն 1352 թվականին դուքս Ալբրեխտ II-ը հրամայել է վերականգնել ավերված ամրությունները, որոնք մինչև հաջորդ դարի կեսերը ծառայել են որպես Հաբսբուրգների ամենակարևոր ամրոցներից մեկը՝ ընդդեմ Շվեյցարիայի միության արագ աճող հզորության։ Հաբսբուրգների Լաուֆենբուրգի դիմադրությունը ճնշելուց հետո 1442 թվականին ամրոցը դարձել է քաղաքի սեփականությունը, իսկ 1464 թվականից հետո, երբ Ռապպերսվիլը «հավերժական համաձայնագիր» է կնքել Շվեյցարիայի միության հետ, և մինչև 1798 թվականը այն շվեյցարացի ֆոգտերի նստավայրն է եղել։

1870 թվականին Վլադիսլավ Պլատերը (լեհ.՝ Władysław Plater, 1808-1889), որը Հունվարյան անհաջող ապստամբությունից հետո հաստատվել է Ռապպերսվիլում, ամրոցում բացել է Լեհաստանի ազգային թանգարանը։ Լեհաստանի շվեյցարական կենտրոնական կոմիտեի (գերմ.՝ Schweizerische Zentralkomitee für Polen) և Գոտֆրիդ Կելլերի ակտիվ աջակցությամբ Ռապպերսվիլ ամրոցի դիմաց կանգնեցվել է Լեհական Ազատության չուգունե սյունը։ Դրա շնորհիվ Ռապպերսվիլը շատ կարճ ժամանակում դարձել է լեհական մշակութային ազատագրական շարժման կենտրոն և թանգարանը շատ արագ համալրվել է բազմազան ցուցանմուշներով։ Այսպես, 1895 թվականին Շվեյցարիայում մահացած Լեհաստանի և Ամերիկայի ազգային հերոս Տադեուշ Կոստյուշկոյի զմռսված սրտով աճյունասափորը պահվել է ամրոցի աշտարակում, 1927 թվականին՝ Լեհաստանի երկրորդ հանրապետության հիմնադրումից հետո, թանգարանի ողջ հավաքածուի հետ միասին այն տեղափոխվել է Վարշավա։

Մինչև 1936 թվականը ամրոցը դատարկ է եղել, մինչև որ այնտեղ բացվել է լեհական նոր թանգարան, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ստանձնել է ներկալված լեհ զինվորների մշակութային խնամատարությունը։ 1952 թվականին թանգարանի հավաքածուն տեղափոխվել է Լեհաստան, իսկ Ռապպերսվիլի ամրոցում գործել է Ամրոցների ուսումնասիրության միջազգային ինստիտուտը, 1962-1975 թվականներին գործել է Շվեյցարական ամրոցների թանգարանը։ 1975 թվականին լեհ գաղթականների կողմից իրականացված համապարփակ վերականգնումից հետո այստեղ բացվել է երրորդ լեհական թանգարանը։

Նկարագիր խմբագրել

Ալբրեխտ II-ի օրոք կառուցված ամրոցի շենքը գրեթե կանոնավոր եռանկյունի է, որի յուրաքանչյուր անկյունում բարձրանում են պաշտպանական և դիտորդական աշտարակներ։ Ամենաբարձր հարավ-արևմտյան աշտարակը երբեմն կոչվում է բերգֆրիդ կամ Գյուգելիթուրմ (գերմ.՝ Gügeliturm) և երկար ժամանակ օգտագործվել է որպես քաղաքային աշտարակ։ Ամրոցի արևելյան անկյունում գտնվող հնգանկյուն Ժամացույցի աշտարակում կան 3 զանգեր, որոնք հարվածներով որոշում են ժամանակը, ճակատին ամրացված են երկու մեծ թվահարթակային և արևային ժամացույցներ։ Երկու աշտարակների միջև բարձրանում է հսկայական բնակելի շենք, որը վերակառուցվել է 19-րդ դարում։ Ամրոցային համալիրի հյուսիս-արևմտյան անկյունում գտնվող երրորդ աշտարակը, այսպես կոչված, Վառոդային աշտարակը տանում է դեպի փակ մարտական անցուղիներ։ Քաղաքի կողմից երկակի դարպասները տանում են դեպի ամրոց՝ բացելով երկար ամրացված անցում պատի երկայնքով դեպի ամրոցի պատշգամբը Լինդենհոֆ քաղաքի բլրի գագաթին, որտեղ կանգնած է Ազատության սյունը, և որտեղից ուշ միջնադարյան գլխավոր մուտքի միջով, որը ներսից զարդարված է Ռապպերսվիլի զինանշանով, կարելի է մտնել ամրոցի ներքին բակ։

Բուսական այգի խմբագրել

 
Բուսական այգի փոքրիկ սարահարթի վրա՝ ամրոցի ամրությունների ներսում, Լիբֆրաուենկապելեի ժամացույցի աշտարակը և Սուրբ Հովհաննես եկեղեցու գլխավոր ճակատը

2011 թվականին Ռապպերսվի-Յոնայի քաղաքային և տեղական խորհուրդը նախաձեռնել է նոր ծառայության և շահագործման հայեցակարգ Ռապպերսվիլի ամրոցի համար, որպեսզի տեղանքը դառնա զբոսաշրջային գրավչության և հանդիպման վայր և այդպիսով ճանաչելի լինել որպես բրենդ։ Այդ նպատակով աշտարակը, պատնեշները և բուսական այգին բացվել են հանրության համար[3][4]։

Լինդենհոֆ բլուր խմբագրել

Ցյուրիխի լճի ափին ենթադրաբար ամենահին Շլոսբերգ խաղողի այգին, որը գտնվում է Լինդենհոֆ բլրի հարավային լանջին, 981 թվականին հիշատակվել է առաջին անգամ։ Ամրոցի պատշգամբում, այսպես կոչված Լինդենհոֆ բլուր-հրապարակի արևելյան մասում է գտնվում լեհական ազատության սյունը՝ ի նշան Շվեյցարիայի համերաշխության՝ իրենց ազատության համար պայքարող մարդկանց հետ, ինչպես նաև վարդերի փոքրիկ այգին։ Այնտեղից բացվում է նաև տպավորիչ տեսարան դեպի միջնադարյան Ռապպերսվիլ քաղաք, վերին և ստորին Ցյուրիխ լճեր, Սեեդամ և Ռապպերսվիլից մինչև Հուրդեն փայտե կամուրջ և Ֆրաուենվինկել պաշտպանված տարածք, ինչպես նաև դեպի Գլարուսի Ալպեր, ինչպես նաև դեպի Բախթել լեռ։ Ի թիվս այլ ավանդույթների, Eis-zwei-Geissebei-ը նշվում է Լինդենհոֆում, քաղաքային իշխանությունների շենքում (Rathaus) և ամրոցում, երբ երեկոյան բոլոր տարածաշրջանային Guggenmusik-ը (կառնավալային երթի նվագախմբերը) հավաքվում է՝ նշելու համերգը։ Լինդենհոֆ սարահարթի հյուսիսային կողմում ձգվում է վերահսկվող Եղջերուի զբոսայգին 10-15 Դամա դամայով դեպի Քեմփրաթներբուխտ, որը հիշեցնում է ամրոցի հիմնադրման լեգենդի մասին։

Գրականություն խմբագրել

  • Stadler, Alois; Anderes, Bernhard: Geschichte des Schlosses Rapperswil. Ortsgemeinde Rapperswil, 1993.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Federal Register of Buildings and Dwellings — 2000.
  2. «Schweizerisches Inventar der Kulturgüter von nationaler Bedeutung: Kanton St. Gallen, A-Objekte» (PDF) (գերմաներեն). bevoelkerungsschutz.admin.ch. 2015 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
  3. «Neuer Glanz für Schloss Rapperswil» (գերմաներեն). Zürcher Oberländer. 2012 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
  4. «Beantwortung Petition zum Schloss Rapperswil» (գերմաներեն). rapperswil-jona.ch. 2012 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռապպերսվիլի ամրոց» հոդվածին։