Ռագնարյոկ
Ռագնարյոկ, սկանդինավյան դիցաբանության մեջ ապագայի դեպքերի շարք, որը ներառում է մեծ ճակատամարտը, որի ժամանակ մահանում են դիցաբանության գլխավոր կերպարների մի մասը՝ Օդինը, Թորը, Թյուրը, Ֆրեյրը, Հեյմալդրը և Լոկին, տարբեր բնական աղետներ և աշխարհի ընկղմումը ջրի մեջ։ Ռագնարյոկից հետո աշխարհը նորից մակերես դուրս կգա վերածնված և բեղուն, կենդանի մնացած աստվածները կվերադառնան, կհանդիպեն, և աշխարհը կվերաբնակեցնեն երկու կենդանի մնացած մարդիկ։ Ռագնարյոկը կարևոր իրադարձություն է սկանդինավյան դիցաբանության մեջ, և կան այն նկարագրող շատ տեսություններ։
Այս իրադարձությունը մանրամասն պատմվում է «Ավագ Էդդայում», որը հավաքվել է 13-րդ դարում՝ ավանդական ավելի վաղ աղբյուրների հիման վրա և Սնոռի Ստուրլուսոնի հեղինակած «Կրտսեր Էդդայում»։ «Ավագ Էդդայի» մեկ բանաստեղծության մեջ իրադարձությունն անվանվում է Ռագնարյոկ (Ragnarök կամ Ragnarøkkr, հին նորվեգերեն՝ «Աստվածների ճակատագիր» և «Աստվածների մթնշաղ» համապատասխանաբար)։ Բառի գործածությունն ավելի հանրաճանաչ է դարձրել 19-րդ դարի կոմպոզիտոր Ռիչարդ Վագները, իր «Նիբելունգների երգի» ավարտն անվանելով՝ «Աստվածների մայրամուտ» Götterdämmerung (1876)։
Ծագումնաբանություն
խմբագրելՀին նորվեգերեն ragnarok բառն ունի մեկնաբանման երկար պատմություն։ Առաջին բաղադրիչը՝ ragna-ն բացատրելը հեշտ է, այն regin բառի հոգնակի սեռական ձևն է և նշանակում է՝ «իշխող ուժեր, աստվածներ»։ Երկրորդ բաղադրիչն ավելի դժվար է, քանի որ հայտնվում է երկու ձևով՝ -rök և -røkkr։ Ըստ Զոյգայի «Հին իսլանդերեն բառարանի» այս ձևերը տարբեր բաներ են՝ ragnarök-ը թարգմանելով որպես «աստվածների վախճանը կամ կործանումը» և ragnarøkkr-ը՝ որպես «աստվածների մթնշաղ» (1910)։
Հոգնակի գոյական rök-ը, ունի մի քանի նշանակություն՝ «զարգացում, ծագում, պատճառ, հարաբերություն, ճակատագիր»[2]։ Ragnarök բառը որպես ամբողջություն սովորաբար մեկնաբանվում է որպես «աստվածների վերջնական ճակատագիր»[3]։
Նկարագրություն
խմբագրելԸստ դիցաբանական աղբյուրների՝ Ռագնարյոկի մարգարեությունը հաղորդել է մահացած մարգարե Վյոլվան, որը հատուկ այդ նպատակներով գերեզմանից կանչել է Օդինին։
Բալդր աստծու մահը խորհրդանշել է Ռագնարյոկի սկիզբը, որից սկսել է ցեղական նորմերի խախտումը, ցեղակիցների արյունալի պատիժները, բարոյական քաոսը։ «Վաֆտրուդնիրի ասքերում», «Ավագ Էդդայում» և «Կրտսեր Էդդայում» հիշատակված է նաև եռամյա մեծ ձմեռը՝ Ֆիմբուլվինտերը, որը նախորդել է Ռագնարյոկին։
Ըստ մարգարեության՝ Ռագնարյոկի օրը հրեշալի գայլ Ֆենրիրը կազատվի իր կապանքներից և կուլ կտա Արևը՝ աշխարհը խորտակելով խավարի մեջ։ Իսկ երբ խորքերից լողալով դուրս կգա Յորմունգանդ օձը՝ ծովը դուրս կգա իր սահմաններից։ Նրանց կմիանա նաև հրե հսկա Սուրտը՝ այրվող թրով, որը կայրի երկիրը, անդրաշխարհի տիրակալ Հելը և կրակի անգութ աստված Լոկին՝ հրիմտուրսենների և յոտունների հետ։ Հելհեյմից կգա Նագլֆար մեռածների նավը։ Մուսպելհեյմի որդիների զորքը կմագլցի Բիվրյոստ ծիածանային կամուրջը, որից հետո վերջինս կավերվի։
Այս ամենի դեմ դուրս կգան բոլոր ասերը՝ Օդինի գլխավորությամբ և բոլոր էյնհերյարները, որոնց կկանչի Հեյմդալը՝ աստվածների պաշտպանը, փչելով Գյալարհորնը՝ «բարձր փողը»։ Մարտից առաջ Օդինը խորհուրդ ստանալու նպատակով մեկնում է իմաստության աղբյուր Միմիրայի մոտ։
Մարտը տեղի կունենա Վինգրիդր հարթավայրում։ Օդինը մարտի կբռնվի Ֆենրիրի հետ և կսպանվի, բայց Օդինի որդի Վիդարը նույն պահին վրա կհասնի և կպատռի գայլի երախը (կամ կայծակով կսպանի)։ Թորը կկռվի և կսպանի Յորմունգանդ օձին, բայց նրա հետ կմահանա՝ թունավորվելով օձի թույնից։ Ֆրեյր աստվածը մարտի դուրս կգա Սուրտի հետ և տալով թուրը իր օգնականին՝ կմահանա։ Հեյմդալը կկռվի Լոկիի հետ, Թյուրը՝ Գարմի հետ։ Տեսնելով, որ ոչ բարին և ոչ էլ չարը չի կարողանում հաղթել՝ Սուրտ հսկան կհավաքի իր ամբողջ հզորությունը՝ կործանելով երկիրը և վերջ դնելով բարու ու չարի կռվին։
Աշխարհի կործանմանը կհաջորդի աշխարհի վերածնունդը՝ Օդինի որդիներ Վիդարը և Վալին, Թորի որդիներ՝ Մագնին և Մոդին, Մյոլնիր մուրճը ժառանգած, կվերադառնան այնտեղ, որտեղ նախկինում Իդավոլ հարթավայրն էր (Ասգարդի կենտրոնում)։ Անդրաշխարհից կվերադառնան և հաշտություն կկնքեն Բալդրը և կույր աստված Հյոդը։ Հոդմիմիր պուրակում կենդանի կմնան երկու մարդ՝ Լիվը և Լիվտրասիրը, որոնք նորից սկիզբ կտան մարդկային ցեղին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Fazio, Moffett, էջ 201
- ↑ "reason, ground, origin", "wonder, marvel", tíva rök "the life and doings of the gods"", þjóða rök "origin, creation of mankind", í aldar rök "at the end of the worl" (Zoega 1910); Proto-Germanic *rakō.(Bjordvand Lindeman 2007, pp. 856–857)
- ↑ Simek, 2007, էջ 259
Գրականություն
խմբագրել- Петрухин В. Я. Мифы древней Скандинавии. — М: Астрель, АСТ, 2002. — С. 413-420. — ISBN 5-17-008799-3, 5-271-02563-2
- Скандинавская мифология: Энциклопедия. — М: Эксмо, 2004. — С. 130-137. — ISBN 5-699-05245-3