ՌԳՀԻ-ի ՌՕԴ-54/2,6 ռադիոօպտիկական դիտակ

Դիտակի հիմնական նկարագրությունը խմբագրել

ՌԳՀԻ-ի ՌՕԴ-54/2,6 ռադիոօպտիկական դիտակի անտենային համակարգը կառուցված է հետևյալ սխեմաներով՝ կաուստիկա, կիզակետ և կիսասֆերա։

Գլխավոր հայելին խմբագրել

Գլխավոր հայելին աշարժ է, կիսասֆերիկ, 54 մ տրամագծով (գործող տրամագիծը 32 մ է), այն հավաքված է 3600 առանձին մոտ 1x1մ^2 չափեր ունեցող պանելներից։ Պանելները տեղադրված են 1,8 մ բարձրությամբ խողովակային հենակների վրա, որոնք ամրացված են բետոնին։ Յուրաքանչյուր պանել կարգավորվում է չորս հեղույսի միջոցով։ Բետոնի թասն ունի 1,5 մ հաստություն ու սարքված է նախապես մշակված ժայռային փորվածքում։ Բետոնի ու պանելերի արանքում տարածություն կա (1,8 մ ըստ սֆերայի շառավղի), ուր տեղադրված են հատուկ անցուղիներ ու աստիճաններ, որոնք ապահովում են յուրաքանչյուր պանելին մոտենալու հնարավորությունը։ Այստեղ կա նաև լուսավորություն, հեռախոսներ, ինչպես նաև տեղադրված են ձյունազերծման համակարգի 30 կալորիֆերներ՝ օդափոխիչներով(1ՄՎտ ընդհանուր հզորությամբ)։ Գլխավոր հայելու պանելները ձուլված են ալյումինի և ցինկի խառնուրդից։ Դրանք բնական հնացումից հետո մշակվել են կառուսելային հաստոցով 27 մ շառավղի պատճենասալով (կոպիռով) 10 մկմ ճշտությամբ։ Որոշ պանելների միջև մոտ 2 մմ արանքներ կան, որոնց միջով անձրևաջրերը թափվում են բետոնի վրա և լցվում ներքին ջրհորը, որից անց է կացված դեի հարևան ձորը տանող ստորերկրյա 1 մ տրամագծով խողովակը։ Կարգավորման հեղյուսների օգնությամբ շարված պանելները կազմում են 0,1 մմ ճշտությամբ սֆերիկ մակերես։ Պանելների փոխադարձ ստուգումն ու ճշտումը կատարվել է ինվարային լարերով, այնուհետև հատուկ պատրաստված 8 մմ ալիքի վրա աշխատող փուլային հեռաչափով, որի սեփական սխալները չեն գերազանցում 15 մկմ։

Գլխավոր հայելու կայունությունը շատ բարձր է։ Այն այմանավորված է երկրի մակերեսի ստվարաշերտի կայունությամբ ու ջերմային մեծ իներցիայով։ Չկան կշիռների վերաբաշխումից, քամուց և այլ պատճառնրից գոյացող դեֆորմացիաներ։ Ջերմային դեֆորմացիաները երկարատև ժամանակի ընթացքում չեն գերազանցում 0,15 մմ, որովհետև հենակներն ու բետոնը միշտ գտնվում են պանելների հետ ստվերում, իսկ ձմռանը դրանք պանելների հետ մեկտեղ տաքացվում են կալորիֆերներով։

Այդիսի բարձր ճշտություն ու կայունություն չունի աշխարհում և ոչ մի մեծ անտենա։ Նրանցից ոչ մեկն ընդհանրապես չունի ձուլված ու մշակված մակերես, որն, ի դեպ, անիմաստ կլիներ կրող շարժական հայելիների հիմնակմախքի բարձր դեֆորմատիվության պատճառով։ Հայելու մեծ ճշտությունը թույլ է տալիս աշխատել շատ կարճ ալիքներով։ Տվյալ դեպքում ալիքի նվազագույն երկարությունը կարող է կազմել 1 մմ, անտենային բարձր էֆեկտիվության առկայությամբ։ Դա նշանակում է, որ ճառագայթի լայնությունը այդ ալիքի երկարության դեպքում կազմում է աղեղի մոտ կես վայրկյան, իսկ ուժեղացման գործակիցը հավասար է 5 միլիարդ։ Սրանք անտենաների ու ռադիոդիտակների մեջ ռեկորդային թվեր են։

Փոքր հայելին խմբագրել

Անտենայի ճշտող հայելին հատուկ պրոֆիլ ունեցող պտտման մակերես է (դա շրջանագիծ չէ, պարաբոլա չէ, հիպերբոլա չէ, ոչ էլ էլիպս)։ Այն, կարելի է ասել, հագցված է կաուստիկայի կորի գագաթին։ Տրամագիծը 5 մ է, խորությունը մոտ 2,5 մ։ Այն հավաքված է տիտանե մշակված 170 սալերից, 60-70 մկմ ընդհանուր ճշտությամբ և կրող հիմնակմախքի հետ միասին կշռում է 15 տոննա։ Փոքր հայելին կախված է շարժուն ֆերմայի ծայրին մեծ սֆերայի շառավղի մոտավորապես կես շառավիղ տարածության վրա և կարող է պտտվել սֆերայի կենտրոնի շուրջը երկու փոխադարձ ուղղահայաց կարդանային տիպի առանցքների վրա։

Օպտիկական հայելի խմբագրել

Դարձող ֆերմայի վերին մասում սֆերայի կենտրոնից 5 մ հեռավորության վրա տեղադրված է 2,6 մ տրամագծով խոշոր օպտիկական հայելի, որի կշիռը 4,2 տ է։ Իր բոլոր մետաղե շրջանակներով , նեցուկներով, օղագոտիներով, մեխանիզմներով օպտիկական դիտակը կշռում է մոտ 15 տ։ Նրա առաջնային կիզակետը գտնվում է հայելուց 10մ հեռավորության վրա շարժուն ֆերմայի ամենավերևում։

Ազդանշանների ընդունման և գրանցման համակարգը խմբագրել

Սրանց թվին պատկանում են ռադիոկիզակետում և օպտիկական կիզակետում գտնվող ընդունիչները։ Դրանք թույլ ազդանշանների, սեփական աղմուկների ցածր մակարդակ ունեցող ժամանակակից ռադիոընդունիչներ են (իսկ օպտիկական կիզակետում վիդիկոնային խցեր)։ Անհրաժեշտության դեպքում զգայունության բարձրացման համար ընդունիչները կարող են սառեցվել հեղուկ ազոտով կամ հելիումով։ Իսկ կառավարման շենքում տեղադրված են ընդունիչների էլեկտրոնային ուժեղարարներ, սնուցման հատուկ բլոկները և ընդունված ազդանշանների գրանցող և մշակող սարքերը։ Ռադիոդիտակի գլխավոր կառույցների և կոնստրուկցիաների աշխատանքը տևեց 1976-ից մինչև 1986 թ. ՌԳՀԻ-ի մեծ ջանքերով (ավելի քան 850 հոգի)։ ՌԳՀԻ-ի մասնակիցները հսկայական աշխատանք կատարեցին։ Գլխավոր կառույցների նախապատրաստական և մոնտաժային աշխատանքները, ինցհպես նաև ողջ ներքին հարդարանքը, էլեկտրական, ռադիո, հեռախոսային, ջրի ու ջեռուցման մատակարարումը դեպի լաբորատորիաներն ու կառավարման շենքերը, դեպի հյուրանոց և այլն, ավարտվեցին 1985 թ։ Այնպես որ ռադիոաղբյուրների առաջին դիտումը կատարվեց 1985 թ։ 1986-87 թթ ԱԳԿ-ում բոլոր համակարգերի կարգավորման աշխատանքներն ավարտված էին և ՌՕԴ-54/2,6-ը՝ 54 մ տրամագծով մեծ անտենայով և 2,6 մ տրամագծով օպտիկական դիտակով ատրաստ էր։ 1968-ին ՌՕԴ-54/2,6 պարամետրերը չափված էին, և դիտումներն սկսվեցին։

ՌՕԴ-54/2,6 մեծ անտենայի պարամետրերը գերազանցում են աշխարհի մնացած շատ այլ անտենաների պարամետրերը, հատկապես միլիմետրանոց ալիքների տիրույթում։ Սա աշխարհում ամենաճշգրիտ մեծ անտենաներից մեկն է։

Օգտագործելով այս եզակի ժամանակակից աստղագիտական գործիքը պրոֆեսոր Պ.Մ.Հերունին կատարել է առաջին դիտումները և հայտնաբերել Երկվորյակների Էտտա կարմիր հսկա աստղի պայծառ բռնկում։Այդպիսի հզոր բռնկում կարմիր հսկա տիպի աստղերի համար դիտվել էր առաջին անգամ։ Հայտնաբերվել են նոր ռադիոաղբյուրներ սանտիմետրանոց և միլիմետրանոց ռադիոալիքների տիրույթում։

Անտենայի տեխնիկական տվյալները խմբագրել

Ընդհանուր պարամետրերը խմբագրել

Անշարժ գլխավոր սֆերիկ հայելու տրամագիծը - 54 մ

Գործող տրամագիծը - 32 մ

Փոքր ռադիոհայելու տրամագիծը - 5 մ

Ռադիոհայելու ընդհանուր սխալանքը - 83 մկմ

Օպտիկական հայելու տրամագիծը - 2,6 մ

Ողջ համակարգի թեքության անկյունը - 15°

Աշխարհագրական երկարությունը - 40°

Աշխարհագրական լայնությունը - 44°

Ռադիոտեխնիկական պարամետրերը խմբագրել

Ալիքի նվազագույն երկարությունը - 1 մմ

Ալիքի առավելագույն երկարությունը - 1 մ

Ալիքի լայնությունը․

  • 2 մմ ալիքի երկարության դեպքում - 14՛՛
  • 8 մմ ալիքի երկարության դեպքում - 1՛
  • 20 սմ ալիքի երկարության դեպքում - 27՛

Սեփական աղմուկների ջերմաստիճանը․

  • 3 և 8 մմ ալիքների երկարության դեպքում գումարած ռելիկտային ճառագայթումը - 3 Կ
  • 3 սմ ալիքի երկարության դեպքում - 9 Կ
  • 20 սմ ալիքի երկարության դեպքում - 12 Կ

Օգտագործվող բացվածքի երկրաչափական մակերեսը - 800 մ²

Մակերեսի օգտագործման գործակից․

  • 1 մմ ալիքի երկարության դեպքում - 0,4
  • 2 մմ ալիքի երկարության դեպքում - 0,6
  • 8 մմ ալիքի երկարության դեպքում - 0,7

Էֆեկտիվ մակերեսը․

  • 2 մմ ալիքի երկարության դեպքում - 480 մ²
  • 8 մմ ալիքի երկարության դեպքում - 550 մ²

Ուժեղացման գործակիցը․

  • 2 մմ ալիքի երկարության դեպքում - 1 500 000 000
  • 8 մմ ալիքի երկարության դեպքում - 110 000 000

Ճառագայթիչի ապերտուրային անկյունը - 141°

Փոքր հայելու կողմից բացվածքի ստվերումը - 2,4%

Օպտիկական պարամետրերը խմբագրել

Դիֆրակցիոն թույլատրելիության չափը - 0,2՛՛

Իրական թույլատրելիությունը - 2՛՛

Տեսադաշտը - 40՛*40՛

Չաղավաղված տեսադաշտը - 10՛*10՛

Հավաքող մակերեսը - 5,3 մ²

Կետային օբյեկտների պատկերների չափը - 2՛՛- 3՛՛

Ուղղորդման պարամետրերը խմբագրել

Դիտարկման կոնի գագաթի անկյունը - 120°

Դիտարկվող աղբյուրների անկյունը - -35°-ից +85°

Ուղղորդման առավելագույն արագությունը - 40°/րոպե