Ջեք Ուայթ

ամերիկացի երաժիշտ
(Վերահղված է Ջ. Ուայթից)

Ջեք Ուայթը (անգլ.՝ Jack White, իսկական անունը՝ Ջոն Էնթոնի Գիլլիս, անգլ.՝ John Anthony Gillis, հուլիսի 9, 1975(1975-07-09)[6], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[1]), ամերիկացի երգիչ-երգահան, երաժշտական պրոդյուսեր, մուլտիինստրումենտալիստ, ինչպես նաև՝ ոչ մշտական դերասան։ Շատերը նրան ճանաչում են The White Stripes-ից, որտեղ նա հանդես էր գալիս որպես խմբի գլխավոր վոկալիստ, կիթառահար, ինչպես նաև նա The Raconteurs և The Dead Weather խմբերի անդամ է։ The Rolling Stone ամսագրի «Բոլոր ժամանակների լավագույն կիթառահարների» վարկանիշային ցուցակում 17-րդն է[7]։ The White Stripes-ի հանրաճանաչությունը և հաջողությունը նպաստեց երաժշտի՝ այլ սոլո արտիստների և խմբերի հետ համագործակցությանը, որոնց թվում են The Rolling Stones-ը, Beck-ը, Ջեֆ Բեքը, Ալիշա Քիզը, Բոբ Դիլանը, Electric Six-ը, Insane Clown Posse-ը, Լորետտա Լիննը։ 2005 թվականին Ջեքը հիմնում է The Raconteurs-ը, իսկ 2009 թվականին՝ իր երրորդ հաջողակ խումբը՝ The Dead Weather-ը[8], որտեղ նա նվագում է հարվածային գործիքների վրա։ 2011 թվականին Նաշվիլի քաղաքապետը նրան պարգևատրել է «Նաշվիլ քաղաքի երաժշտական դեսպան» կոչումով[9]։ Ջեք Ուայթի դեբյուտային սոլո ալբոմը՝ Blunderbuss-ը, թողարկվել է 2012 թ.-ի ապրիլի 24-ին։

Ջեք Ուայթ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Jack White
Ի ծնե անունՋոն Էնթոնի Գիլլիս
Նաև հայտնի է որպեսՋեք Ուայթ 3-րդ
Ծնվել էհուլիսի 9, 1975 (48 տարեկան)
{{{2}}} Դեթրոյթ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[1]
Երկիր ԱՄՆ
ԺանրերՌոք
Ալտերնատիվ ռոք
Գարաժ ռոք
Բլյուզ ռոք
Փանք բլյուզ
ՄասնագիտությունԵրաժիշտ
Երգիչ-երգահան
Մուլտիինտսրումենտալիստ
Պրոդյուսեր
Դերասան
Երգչաձայնտենոր
Գործիքներկիթառ[2][3], Մանդոլին, վոկալ[3], դաշնամուր[2], հարվածային համակարգ[2][3] և երաժշտական ստեղնաշար[3]
Գործունեություն1990–ներկա
ԼեյբլWarner Bros. Records, V2 Records, Third Man Records, Sub Pop, Sympathy for the Record Industry, XL Recordings, Italy Records
ԿրթությունՈւտյնի պետական համալսարան և Cass Technical High School?
ԱնդամակցությունThe White Stripes, The Raconteurs?, The Dead Weather?[4] և The White Stripes[2]
ԿապվածՄեգ Ուայթ, The White Stripes, The Raconteurs, The Dead Weather, Stephen Colbert, The Upholsterers, The Go, Loretta Lynn, Beck, Հոլլի Գոլայթլի, Soledad Brothers, Ալիշա Քիզ, Ուանդա Ջեքսոն, The Black Belles, The Rolling Stones, Black Milk, Լենի Լեյն, Pokey LaFarge and the South City Three, Կարեն Էլսոն, Նորա Ջոնս, Բոբ Դիլան, Danger Mouse, Դանիելե Լուպպի
ԱմուսինՄեգ Ուայթ, Karen Elson? և Olivia Jean?[5]
Պարգևներ
Կայքjackwhiteiii.com
 Jack White Վիքիպահեստում

Վաղ տարիները խմբագրել

Սերելով լեհական, շոտլանդական և կանադական արմատներից[10]` Ջոն Էնթոնի Գիլլիսը[11] ծնվել է Թերեզա և Գորման Գիլլիսների ընտանիքում, Դեթրոյթ, Միչիգան նահանգում՝ լինելով ընտանիքի տասը (վեց եղբայր և երեք քույր) երեխաներից կրտսերը։ Մեծացել է կաթոլիկ ընտանիքում[12]։ 1987 թվականին նկարահանվել է The Rosary Murders ֆիլմում[13]։ Հաճախել է տեղի անվանի Cass Technical ավագ դպրոցը[14]։ Երաժշտական տարբեր՝ լարային, ստեղնաշարային, հարվածային գործիքների վրա նվագել սկսել է վեց տարեկանից։ Պատանեկան տարիքից լսել է 60-ականների բլյուզ, ռոք, որոնք էլ եղել են ոգեշնչման աղբյուրը The White Stripe-ում հանդես գալու տարիներին[13]։ Նրա սիրելի երաժիշտների թվում են Սան Հաուսը, Բլայնդ Ուիլլի ՄքԹելլը, և նա հետագայում բազմաթիվ հարցազրույցների ժամանակ նշել է, որ Սան Հաուսի "Grinnin' In Your Face" երգը իր համար բոլոր ժամանակների լավագույնն է[15]։ 15 տարեկան հասակում Ջեքը ընտանիքի ընկերոջ՝ Բրայան Մալդունի հետ սկսեց սովորել կահույքի պաստառապատման արհեստը, որը տևեց երեք տարի, և հենց Ջեքի խոսքով՝ Բրայանն է նրան սովորեցրել փանք երաժշտությանը և դրդել նրան նվագել իր հետ։ Միասին ձայնագրել են ալբոմ՝ Makers of High Grade Suites-ը, The Upholsterers (Պաստառապատողներ) անվան տակ։ Հետագայում Ջեքը իր սեփական գործը սկսեց՝ Third Man Upholstery անվանումով պաստառների ստուդիա բացելով, որի կարգախոսն էր՝ "Your Furniture’s Not Dead" («Ձեր կահույքը մեռած չէ») և որտեղ հիմնականում դեղին ու սև գույներն էին գերակշռում։ Ամեն դեպքում Third Man Upholstery-ն երբեք իսկական բիզնեսի չվերածվեց, քանի որ Ջեքը այն համարում էր ոչ շահութաբեր՝ նման գործի մեջ քիչ փորձ ունենալու պատճառով։ Որոշ ժամանակ անց Ջեքն ունեցավ իր առաջին պրոֆեսիոնալ համերգը, որպես Դեթրոյթյան Goober & the Peas խմբի հարվածահար, ու բացի դրանից այդ ժամանակ նա նվագում էր նաև տեղի մի քանի այլ խմբերում։

Ձայնագրման տարիները խմբագրել

The White Stripes խմբագրել

1997 թվականին Ջեքը Մեգ Ուայթի հետ հիմնադրում է The White Stripes[16]։ Խումբն իր կարիերան սկսում է որպես Միչիգանի գարաժ ռոք և ընդհատակյա երաժշտության շարժման մի մաս՝ նվագելով տեղի խմբերի հետ, դրանց թվում՝ Bantam Rooster, The Dirtbombs, The Paybacks, Rocket 455, and The Henchmen: 1998 թ.-ին The White Stripes-ը գրանցվում է Italy Records անկախ լեյբլի տակ, որը հիմնվել է Դեթրոյթում Դեյվ Բուիքի կողմից[17]։ 1999 թ.-ին խումբը թողարկում է իր առաջին ալբոմը՝ The White Stripes˗ը, որից հետո՝ ընդամենը մեկ տարի անց, թողարկում է երկրորդը՝ De Stijl անվանումով կուլտային ալբոմը[18]։ Billboard ամսագրի՝ անկախ ալբոմների (Independent Albums) շարքում այն հասնում է 38-րդին։ Տեսահոլովակներում և կենդանի համերգների ժամանակ խումբը հանդես էր գալիս սև, կարմիր և սպիտակ հագուստներով, ինչով էլ նրանք արտաքնապես տարբերվում էին մյուս խմբերից։ 2001 թ.-ին թողարկում են White Blood Cells ալբոմը։ Պարզ, գարաժ-ռոքային հնչողությամբ ալբոմը լավ ընդունվեց սկզբում Մեծ Բրիտանիայում, հետո Միացյալ Նահանգներում՝ դրանով իսկ դարձնելով խմբին 2002 թվականի ամենասպասված խմբերից մեկը։ Դրան հաջորդեց 2003 թ.-ին թողարկված՝ ոչ պակաս հաջողված Elephant ալբոմը։ Ալբոմի առաջին սինգլը՝ "Seven Nation Army"-ն, դարձավ խմբի ամենահայտնի հիթը։ Խմբի հինգերորդ ալբոմը ձայնագրվեց Ջեքի տանը, և այդ ալբոմով նկատվեցին խմբին հատուկ հնչողության մեջ փոփոխություններ. այն ներառում է դաշնամուրային մեղեդիներով, փորձարարական մարիմբա երաժշտական գործիքով ու ավելի շատ ռիթմ գիթառով հարուստ երգեր։ Թվով վեցերորդ ալբոմը ՝ Icky Thump-ը, թողարկվեց 2007 թ.-ին՝ մտնելով Մեծ Բրիտանիայում ալբոմների հիթ շքերթ որպես համար առաջին[19], իսկ Billboard 200-ում՝ որպես երկրորդ ալբոմ։ Ավելի ուշ խումբը չեղյալ հայտարարեց շրջագայության 18 համերգային ելույթներ՝ Մեգ Ուայթի առողջական խնդիրների պատճառով[20]։ 2009 թվականին Ջեքը խոսում էր յոթերորդ ալբոմի թողարկման ծրագրեր ունենալու մասին, սակայն այդ ալբոմը այդպես էլ չթողարկվեց։ Իսկ դադարից հետո խումբն առաջին անգամ ելույթով հանդես եկավ Քոնան Օ՛Բրայենի՝ «Ուշ գիշերը Քոնան Օ՛Բրայենի հետ» (Late Night with Conan O’Brien) հաղորդման ժամանակ՝ 2009 թ.-ի փետրվարի 20-ին։ Խմբի՝ 2007 թվականի շրջագայության մասին պատմող փաստագրական ֆիլմը՝ The White Stripes: Under Great White Northern Lights (Մեծ սպիտակ բևեռափայլի տակ) հայտնվեց Տորոնտոյի միջազգային ֆիլմերի փառատոնին (Toronto International Film Festival)։ 2007-ին խումբը ունեցավ համերգ, որը պատմության մեջ հիշվեց որպես ամենակարճ ելույթ. խումբը նվագեց ընդամենը մեկ նոտա։ Այդ օրն՝ ավելի ուշ, նվագեցին ամբողջական համերգը Mile One Centre-ում, St. John-ում։ 2011 թ.-ի փետրվարի 2-ին խմբի պաշտոնական կայքում հայտարարություն դրվեց այն մասին, որ խումբը ցրվում է[21]։ Ինչպես հայտնվում էի պաշտոնական հաղորդագրության մեջ, պատճառները տարբեր են, և կապված չեն առողջական խնդիրների կամ երաժշտական տարաձայնությունների հետ։

The Raconteurs խմբագրել

The Raconteurs-ը (հայերեն` Րեքոնչըրս) Ջեք Ուայթի խումբն է, որը կազմավորվել է 2005-ին Ջեքի, Բրենդան Բենսոնի, Ջեք Լոուրենսի և Պատրիկ Քիլեր կողմից։ Խմբի կազմավորման հիմքն է հանդիսացել "Steady, As She Goes" երգը, որը Ջեքը գրել էր Բենսոնի հետ, որն էլ ոգեշնչել էր նրանց խումբ ստեղծել։ 2005-ին խումբը հավաքվում է Դեթրոյթում, և այդ ընթացքում ազատ ժամանակ ձայնագրություններ էին անում։ Խմբի դեբյուտային ալբոմը՝ Broken Boy Soldiers-ը, ձայնագրվել է Բենսոնի տանը, Դեթրոյում։ Ալբոմին աջակցելու համար խումբը սկսում է շրջագայություն, որն ներառում էր նաև 8 ելույթներ, որի ժամանակ The Raconteurs˗ը տաքացնող խումբ էր հանդիսանում Բոբ Դիլանի համար։ Երկրորդ ալբոմը՝ Consolers of the Lonely-ն, և առաջին սինգլը այդ ալբոմից՝ Salute Your Solution-ը, թողարկվել են 2008-ին։ Consolers of the Lonely˗ն արժանացել է Գրեմմի մրցանակի։

The Dead Weather խմբագրել

2009 թվականի սկզբին Ջեքը կազմում է մեկ այլ խումբ՝ The Dead Weather-ը, The Kills-ի ֆրոնթմեն Էլիսոն Մոսհարթի հետ։ Խմբում Ջեքը կրում է հարվածահարի և վոկալիստի պարտականությունները, իսկ խմբի մյուս անդամների թվում են Ջեքի մյուս խմբից՝ The Raconteurs-ից Ջեք Լոուրենսը, Queens Of the Stone Age-ի դաշնակահար և կիթառահար Դին Ֆերտիտան։ Խմբի դեբյուտային ալբոմից մի քանի հաջողված երգեր թողարկվեցին 2009-ի մարտի 11-ին, Նաշվիլլում, իսկ հենց ալբոմը թողարկվեց 2009-ի հուլիսի 13-ին, և հուլիսի 14-ին Հյուսիսային Ամերիկայում Ջեք Ուայթի լեյբլի՝ Third Man Records-ի տակ։ Արդեն նույն տարի՝ հոկտեմբերի 16-ին, Մոսհարթը հայտարարեց, որ խմբի երկրորդ ալբոմը կիսով չափ պատրաստ է։ Առաջին սինգլը՝ "Die By The Drop"-ը թողարկվեց 2010-ի մարտի 30-ին։ Նոր ալբոմը՝ Sea of Cowards-ը, թողարկվեց մայիսի 7-ին Իռլանդիայում, մայիսի 10-ին՝ Միացյալ Թագավորությունում, իսկ մայիսի 11-ին՝ Միացյալ Նահանգներում։

Անհատական կարիերա խմբագրել

2003-ին լուրեր էին պտտվում այն մասին, որ Ջեքը համագործակցել է Electric Six-ի հետ վերջինիս "Danger! High Voltage" երգում։ Երկու կողմն էլ հերքեցին այդ լուրերը, և երգում վոկալի մասը պաշտոնապես գրանցվեց John S O’Leary-ի անվան տակ։ Նույն տարում Ջեքը նկարահանվել էր "Սառը լեռը" ֆիլմում, որտեղ նրա կատարմամբ կար միանգամից հինգ երգ՝ "Sittin' On Top Of The World", "Wayfaring Stranger", "Never Far Away", "Christmas Time Soon Will Be Over" և "Great High Mountain", որոնք ամերիկյան հին ֆոլկ երգեր են։ 2008-ին Ջեքը Ալիշա Քիզի հետ համատեղ երգ թողարկեց, որը Ջեյմս Բոնդի ֆիլմաշարից "Quantum of Solace"-ի սաունդթրեքն է։ 2009 թ.˗ին Ջեքը նկարահանվում է "It Might Get Loud" վավերագրական ֆիլմում, որտեղ հայտնի երաժիշտներ Ջիմի Փեյջը, U2˗ից The Edge˗ը քննարկում են էլեկտրոնային կիթառով նվագելու տարբեր ձևեր։ Ջեքի առաջին սոլո սինգլը՝ "Fly Farm Blues"-ը, գրվել և ձայնագրվել է ֆիլմի ժամանակ 10 րոպեի ընթացքում։ Սինգլը վաճառքի դուրս եկավ 2009 թ.-ի օգոստոսի 11-ին 7 դյույմանով վինիլներով Third Man Records լեյբլի տակ, ինչպես նաև թողարկվեց թվային տարբերակով։ 2010 թ.-ի նոյեմբերին պրոդյուսեր Danger Mouse-ը հայտարարեց, որ իր և Դանիելե Լուպպիի հետ համագործակցությամբ Rome ալբոմի աշխատանքներում ներգրավված են նաև Ջեքը և Նորա Ջոնսը։ Ալբոմից երեք երգերում՝ "The Rose With the Broken Neck"-ում, "Two Against One"-ում և "The World"-ում հնչում է Ջեքի վոկալը։ "You Know That I Know" երգը Ջեքի կատարմամբ ներառվել է 2011 թ.-ի հոկտեմբերի 4-ին թողարկված "The Lost Notebooks of Hank Williams" հավաքածուում որտեղ ներառված էին տարբեր երաժիշտների կատարմամբ երգեր՝ նվիրված քանթրի երաժիշտ Հենք Ուիլիամսին։ 2012 թ.-ի հունվարի 30-ին Ջեքը թողարկեց "Love Interruption" սինգլը։ Այն առաջին սինգլն է նրա դեբյուտային սոլո ալբոմից՝ Blunderbuss-ից, որը թողարկվել է 2012 թ.-ի ապրիլի 24-ին[22]։ Մարտի 3-ին նա կենդանի կատարմաբ հանդես եկավ հայտնի Saturday Night Live հաղորդմանը, որը հյուրընկալում էր Լինդսի Լոհանը։ Երեկոյի ընթացքում նա կատարեց երկու երգ՝ առաջին սինգլը՝ "Love Interruption"-ը, որի ընթացքում նրան օգնում էին միայն իգական սեռից բաղկացած երաժիշտների խումբը և "Sixteen Saltines"-ը, որի ընթացքում օգնող երաժիշտները միայն արական սեռի ներկայացուցիչներ էին։

Անձնական կյանքը խմբագրել

Ջեքը անձնական կյանքի վերաբերյալ հարցազրույցներ ու մանրամասներ քիչ է տվել։ Ըստ նրա՝ անձնական կյանքը չպետք է անդրադառնա կամ ազդի ստեղծագործելուն՝ ասելով, որ դա նույնն է, թե Միքելանջելոյին հարցնեին՝ ինչ կոշիկներ է նա հագնում։ Ինտրիգային խոսակցութունների առարկա էր Ջեքի և Մեգ Ուայթի միջև եղած կապը։ Վաղ հարցազրույցների ժամանակ նրանք իրար հետ ներկայանում էին որպես ընտանիքի անդամներ՝ իբրև 10 երեխաներից երկուսը։ Այդ մասին Ջեքը խոսել է "Under Great White Northern Lights" փաստագրական ֆիլմում։ Սակայն Դեթրոյթի ամենահայտնի օրաթերթը՝ Detroit Free Press-ը, տպագրեց զույգի ամուսնության և ամուսնալուծության վկայականների կրկնօրինակները՝ դրանով իսկ հաստատելով, որ Ջեքն ու Մեգը մի ժամանակ հանդիսացել են ամուսնական զույգ։ Վաղ 90-ականներին Մեգն աշխատել է որպես բարմեն Ռոյալ Օուքի կենտրոնական բարերից Մեմֆիս Սմոքում, որտեղ էլ նա առաջին անգամ հանդիպել է Ջեքին, ով այն ժամանակ դեռևս հայտնի էր իր իսկական ազգանունով՝ Գիլլիս։ Զույգն ամուսնացել է 1996-ի սեպտեմբերի 21-ին, և ամուսնալուծվել 2000 թ.-ի մարտի 24-ին։ Ջեքը վերցրել է Մեգի ազգանունը՝ Ուայթ։ Ուայթը շատերի կարծիքով էքսցենտրիկ է։ Օրինակ, նա տարված է երեք թվի վրա։ 2005 թ.-ի նոյեմբերի 7-ին հայտարարվեց, որ Ջեքն իր անունը փոխում է "Three Quid"-ի ( quid-ը բրիտանական ֆունտ ստեռլինգի խոսակցական տարբերակն է)։ Սակայն հաղորդվեց նաև, որ այդ անունով հանդես կգա մինչև շրջագայության ավարտը։ 2003 թ.-ին Ջեքը դերասանական դեբյուտով հանդես եկավ "Mutant Swinger from Mars"-ում, և այդ նույն տարի ռոմանտիկ կապի մեջ էր դերասանուհի Ռենե Զելվեգերի հետ, որը նրանք չէին թաքցնում։ Ջեքն ու դերասանուհին միասին նկարահանվել են "Սառը Լեռը" ֆիլմում։ Այդ ամռանը զույգը ավտովթարի ենթարկվեց, որի հետևանքով Ջեքը կոտրեց ձախ ցուցամատը և ստիպված եղավ ամառային շրջագայության օրերը տեղափոխել։ Ջեքի և Ռենեի բաժանման լուրը տարածվեց 2004-ին։ Երաժիշտը հանդիպել է բրիտանացի մոդել և երաժիշտ Կարեն Էլսոնին, Քեյթ Էլսոնի երկվորյակ քրոջը, The White Stripes-ի "Blue Orchid" տեսահոլովակի նկարահանման ժամանակ, որտեղ էլ հենց նկարահանվում էր Էլսոնը։ Նրանց ամուսնությունը տեղի ունեցավ 2005-ի հունիսի 1-ին Բրազիլիայում։ Պաշտոնական հայտարարության մեջ նշվում էր, որ ամուսնությունը երկուսի համար էլ առաջինն էր։ 2006-ի մայիսի 2-ին ծնվեց նրանց դուստրը՝ Սքարլետ Թերեզա Ուայթը։ Նրանց երկրորդ երեխան՝ Հենրի Լի Ուայթը, ծնվել է 2007 թ.-ի օգոստոսի 7-ին։ Զույգը բաժանման մասին հայտարարեց 2011 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #135408083 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://www.nytimes.com/2012/04/08/magazine/jack-white-is-the-savviest-rock-star-of-our-time.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 Montreux Jazz Festival Database
  4. https://www.rollingstone.com/music/music-news/jack-white-debuts-new-band-the-dead-weather-a-full-report-from-private-nashville-show-84290/
  5. https://www.wxyz.com/news/jack-white-proposes-gets-married-during-show-at-masonic-temple
  6. Wallenfeldt J. Encyclopædia Britannica
  7. «100 Greatest Guitarists: Jack White». Rolling Stone. Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.
  8. «Jack White's new band: The Dead Weather». idiomag. 2009 թ․ հուլիսի 21. Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.
  9. «Jack White earns Music City Ambassador Award, welcomes Jerry Lee Lewis». Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.(չաշխատող հղում)
  10. «Roots, childhood fantasies spark cross-Canada White Stripes tour». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.
  11. «Jack White Reveals He Almost Chose Religion Over Music». Spinner. 2011 թ․ հունվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.
  12. «Jack White's Many Sides». Relevant Magazine. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին. «My roots are Catholic by default.»
  13. 13,0 13,1 «White On White». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.
  14. «Jack White on Cass Tech: 'It does hurt to see your high school boarded up like that'». Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.
  15. «The White Stripes Biography». Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.
  16. Handyside, Chris. «The White Stripes: Biography». AllMusic.com. Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.
  17. «Motor City Is Burning». trakMARX.com. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.
  18. «White Stripes – De Stijl». MusicStack.com. Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.
  19. «The White Stripes – Icky Thump global chart positions and trajectories». MusicStack.com. Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.
  20. «The White Stripes cancel UK tour». BBC News. 2007 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.
  21. «The White Stripes Break Up». Rekwired. 2011 թ․ փետրվարի 3. Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.
  22. «Jack White streams upcoming album and adds live dates». Rekwired. 2012 թ․ ապրիլի 17. Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեք Ուայթ» հոդվածին։