Ջրոլորտային շրջապտույտներ

Շարժման ակտիվության տեսակետից, մթնոլորտից հետո ջրոլորտը երկրորդն է։ Ջրոլորտը քննարկելիս տեսանք, որ ջուրը անընդհատ շարժման մեջ է։ Գոյություն ունեն ջրի տեղական (փոքր) և համաշխարհային (մեծ) շրջապտույտներ։ Փոքր կամ տեղական է կոչվում այն շրջապտույտը, երբ ցամաքից կամ ծովի մակերևույթից տեղի է ունենում ջրի գոլորշացում, և այդ գոլորշիները բարձրանալով վեր խտանում են ու թափվում երկրի մակերևույթին։ Այս դեպքում գոլորշացումը (Z) հավասար կլինի տեղումների քանակին (X)։ Ջրի մեծ շրջապտույտը ավելի բարդ է։ Օվկիանոսից գոլորշիները բարձրանում են մթնոլորտ, մի մասը տեղումների ձևով թափվում է օվկիանոսի վրա (x₀), իսկ մյուս մասը (D) տեղափոխվում է ցամաք և այնտեղ առաջացնում մթնոլորտային տեղումներ (x₀)։ Սրանց մի մասը նորից գոլորշանում էև հեռանում ցամաքի խորքը (Z₀), մի մասը ներծծվում է գետնի մեջ և առաջացնում է ստորերկրյա ջրեր (Y₁), մի մասն էլգետնի միջոցով հեռանում է դեպի օվկիանոս (Q₁) ։ Այն մասը, որ նորից գոլորշանալով գնացել էր ցամաքի խորքը (Z₀) , այնտեղ առաջացնում է տեղումներ (x₂), նրանից առաջանում են ստորերկրյա ջրեր (Z₂), գետեր (Q₂), նորից գոլորշացուկմ, և այսպես ցամաքի վրա խոնավությունը շարունակում է շրջանառական օղակներ առաջացնել։ Այս դեպքում շրջանառությունը կարտահայտվի հետևյալ կերպ՝

  Z₀ =X₀ + D

Պարզվել է, որ D-ն հավասար է Q+Y- ի, իսկ Q -ն և Y-ը համապատասխանաբար առաջանում են Q₁ Q₂ Q₃ Q₄ +....+ Qn կամ Y₁ Y₂ Y₃ Y₄ +....+ Yn գումարներին։ Ըստ Մ.Ի. Լվովիչի, գետերը ցամաքից օվկիանոս են տանում տարեկան 41.8 հազար կմ³ ջրային զանգված։ Երկրի վրա յուրաքանդյու տարի ջրի ընդհանուր շրջանառությանը մասնակցում է 520 հազար կմ³ ջուր, այդքան էլ վերադառնում է երկրի մակերևույթ։ Ջրի շրջապտույտի վրա ծախսվում է արեգակնային էներգիա։ Գիտության ու տեխնիկայի զարգացումը կստեղծի հնարավորություններ մթնոլորտային տեղումների առաջացման պրոցեսը կառավարելի դարձնելու, ստիպելու խոնավությունը ավելի հաճախ իջնել երկրի մակերևույթ՝ գյուղատնտեսության մեջ ավելի ստացիոնալ օգտագործվելու համար։ Օվկիանոսում ջրի անընդհատ շարժում կա։ Ջուը տեղափոխվում է թե հորիզոնական և թե ուղղաձիգ ուղղությամբ։ Ջրի շարժիչ ուժերն են՝ խտության տարբերությունները, որ առաջանում են ջերմաստիճանի ու աղիության փոփոխություններից, քամիները, մակընթացության-տեղատվության երևույթները, մթնոլորտի ճնշման տարբերությունները, ջրի մուտքի-ելքի հաշվեկշիռը, գետերի հոսքը և այլն։ Ջրի ուղղաձիգ շարժումների մեջ ջրի ջերմաստիճանը, աղիություը, խտությունը այն բնութագրիչներն են, որոնց տարբեր զուգակցման դեպքում տեղի է ունենում ջրի մոլեկուլների ուղղաձիգ շարժումներ։ Նշված բնութագրիչների անհավասար փոփոխությունների հետևանքով առաջանում են դրանց ուղղաձիգ և հորիզոնական գրադիենտները։ Ջրի ուղղաձիգ շարժումները լինում են երկու տեսակի՝ մոլեկուլային և տուրբուլենտային (վերջինիս մեջ էլ կոնվեկտիվ և ֆրակցիոն տարատեսակները)։ Մոլեկուլային շարժումները մոլեկուլների քաոսային, ջերմային շատ աննշան շարժումներն են և գործնականորեն մեծ նշանակություն չունեն։ Օվկիանոսային ուղղաձիգ շարժումներում ջրի արագությունը մակերևութային շերտում հավասար է մեկ վայրկյանում սանտիմետրի հազարերորդական մասին, խորքում՝ տասհազարերորդ մասի մեծությանը։ Տուրբուլենտ շարժումնե առաջանում է ջրի ներքին շփման (մածուցիկության) և մրրկաձև շարժման (ֆրակցիոն տեղափոխություն) հետևանքով։ Օվկիանոսներում ֆրակցիոն տեղաշարժը կապված է ալիքավորման հետ։ Ըստ տուրբուլենտականության՝ օվկիանոսներում առանձնացնում են երեք շերտ։

  1. Վերին, որտեղ ջրերն անընդհատ խառնվում են քամիների, օվկիանոսային հոսանքների ու կոնվեկցիայի հետևանքով։ Այս շերտը միատարր է։
  2. Երկրորդը ներքին շերտն է, հասնում է մինչև հատակամերձ շրջան, որտեղ տուրբուլենտականությունը թույլ է և արտահայտված է առանձին օջախներով։
  3. Երրորդը մերձհատակային շերտն է շուրջ 10 մ հաստությմբ, որը գտնվում է ամբողջովին մակընթացային ուժերի ազդեցության տակ և ունի բարձր տուրբուլենտականություն։

Ամենից առաջ օվկիանոսներում առանձնացնում են երկու շերտ ըստ խորության՝

  1. օվկիանոսային վերնոլորտ,
  2. ստորին ոլորտ։

Առաջինը շարժուն շերտն է, որտեղ տեղի է ունենում կոնվեկցիոն երևույթներ։ Երկրորդը խորը մասերն են թույլ ջրափոխանակությամբ և կոնվեկցիայի երևույթների բացակայությամբ։ Առանձնացնում են հետևյալ ջրային զանգվածները՝

  • մակերևութային
  • միջանկյալ
  • խորքային
  • մերձհատակային։

Ջրային զանգվածները փոխվում են նաև հասարակածից դեպի բևեռ։ Այստեղ էլ առանձնացվում է

  • հասարակածային
  • արևադարձային
  • մերձբևեռային
  • բևեռային

ջրային զանգվածները։ Մերձհատակային ջրային զանգվածները ձևավորվում են վերևից իջնող ջրային զանգվածների փոխակերպումից (տրանկֆորմացիա)՝ հատկապես բարձր աշխարհագրական լայնություններում։ Սրանցհզորությունը 1000-1500 մ է։ Ջրոլորտում-օվկիանոսում, շրջանառության ամենացայտուն երևույթը օվկիանոսային հոսանքներն են։ Ջրի հորզոնական շարժումը օվկիանոսում կոչվում է օվկիանոսային հոսանք (ծովերում՝ ծովային) ։ Սրանք առաջանում են տարբեր պատճառներից (քամին, մթնոլորտային ճնշման տարբերությունը, ջրի խտության տարբերությունը, Լուսնի ու Արեգակի մակընթացային ուժերը, գետերի հոսքը, գոլորշացումը և այլն) ։ Օվկիանոսային ջրերի շարժման ամենահիմնական գործոնը մշտական, մեկ ուղղությամբ փչող քամիներն են (դրեյֆային հոսանքներ)։ Հասարակածային լայնություններում ու արևադարձերում ջրերն ունեն վերընթաց շարժում, հատակից բարձրանում են մակերևույթ, այստեղից ուղղվում են դեպի բևեռային շրջաններ՝ իրենց հետ տանելով ջերմություն։ Բևեռային շրջաններում ջերմությունը հաղորդվում է օդին, ջրերը պաղում են, խտանում, ծանրանում ենև իջնում հատակ, ապա այդտեղից նորից վերադառնում են հասարակած։ Օվկիանոսային հոսանքներն ունեն տարբեր արագություններ։ Մերձհասարակածային շրջանում արագությունը հասնում է 35 սմ/վրկ (ժամում 1300 մ) , իսկ Ֆլորիդայի նեղուցում ժամում մինչև 8կմ, սա առավելագույն արագությունն է, որը նկատված է համաշխարհային օվկիանոսում։ Բարեխառն լայնություններում սկզբում արագությունը պակասում է 1-2 սմ/վրկ, իսկ 50-60 աստիճան լայնություններում նորից աճում է10-20 սմ/վրկ։ Օվկիանոսի հատակում մերձհատակային հոսանքների արագությունը փոքր է՝ 0,2-1,0 սմ/վրկ։ Օվկիանոսային հոսանքները ջերմափոխանակման տեսակետից հսկայական նշանակություն ունեն։ Արևադարձային լայնություններոմւմ տաքացած ջուրը հասնում է մերձբևեռային երկրներ, որտեղ ջրի ջերմությունը հաղորդվում է շրջապատին։ Տաք օվկիանոսային հոսանքների շնորհիվ Նորվեգական և Բարենցի ծովերը ձմռանը չեն սառչում մինչև Շպիցբերգենի ափերը։ Տաք հոսանքները, որ ցածր աշխարհագրական լայնություններից անցնում ենբարձր լայնություններ, կլիմայի մեղմացման շատ մեծ ազդակներ են, մինչդեռ սառը հոսանքները, որ բարձր լայնություններից են գալիս, ցրտեցնում են շրջապատի կլիման։ Ջրոլորտի շրջանառական պրոցեսների մեջ ուրույն տեղ են գրավում մակընթացությունն ու տեղատվությունը։ Մակընթացությունն այն երևույթն է, երբ Լուսնի կամ Արեգակի ձգողության ուժի հետևանքով Երկրի մակերևույթին ջրային զանգվածներ բարձրանում են (լրիվ ջուր) և իջնում են (փոքր ջուր) ։ Երբ Լուսինը, Երկիրը և Արեգակըլինում են մեկ ուղիէ գծի վրա, մակընթացությունն ավելի ուժեղ է լինում, որովհետև Լուսնի և Արեգակի մակընթացային ուժերը գումարվում են։ Մակընթացության երևույթը ոչ միայն օվկիանոսում է նկատվում, այլ նաև քարոլորտում մո մանթիայում։ Օրական երկու անգամ երկրակեղևը բարձրանում ու իջնում է, հասարակածում այդ բարձրացումը հասնում է 50 սմ-ի։ Մակընթացային ալիքի ազդեցությամբ Երկրի կեղևում մանրադիտակային ճեղքեր են առաջանում, որոնցով ջրերը ձգտում են դեպի արևմուտք (Երկրի պտտմանը հակառակ)։ Մինչև վերջերս մակընթացային ալիքի ուժը հնարավոր չէր օգտագործել։ Այժմ արդեն մշակված է այդ ուժի օգտագործման սկզբումնքային սխեման։ Մակընթացային էլեկտրակայաններ կա Կոլա թերակղզում։

ԳրականությունԽմբագրել

  • Հ.Կ. Գաբրիելյան «Երկիր մոլորակը և նրա աշխարհագրական թաղանթը», Երևան, 1983