«Ջրի երեխաները» (անգլ.՝ The Water-Babies, A Fairy Tale for a Land Baby – «Ջրի երեխաները, կախարդական հեքիաթ երկրային երեխաների համար»), անգլիացի գրող Չարլզ Քինգսլիի ստեղծագործությունը, որը գրվել է 1862-1863 թվականներին որպես շարք Macmillan's Magazine ամսագրի համար։ Առանձին գրքով առաջին անգամ լույս է տեսել 1863 թվականին։ Ստեղծագործությունը մի կողմից Վիկտորյական ժամանակաշրջանի Անգլիային հատուկ դիդակտիկ հեքիաթ է, մյուս կողմից՝ Չարլզ Դարվինի «Տեսակների ծագումը» գրքի յուրատեսակ սատիրական աջակցություն[1]։ Գիրքը մեծ ժողովրդականություն է վայելել Անգլիայում երկար տասնամյակների ընթացքում, բայց հետագայում կորցրել է իր ժողովրդականությունը մասնավորապես քաղաքական տեսանկյունից անթույլատրելի լինելու պատճառով (գրքի ստեղծման ժամանակ Մեծ Բրիտանիայում տարածված բացասական կարծրատիպեր իռլանդացիների, հրեաների, ամերիկացիներ և աղքատների վերաբերյալ)։

Ջրի երեխաները
անգլ.՝ The Water-Babies, A Fairy Tale for a Land Baby
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրմանկական վեպ և ֆենթեզի
Ձևվեպ
ՀեղինակCharles Kingsley?
Երկիր Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
Հրատարակվել է1863
 The Water Babies

Սյուժե խմբագրել

Գրքի գլխավոր հերոսը Թոմն է, որը ծխնելույզ մաքրող է։ Տնից վռնդվելուց և բարձր դասի պատկանող մի աղջկա՝ Էլլին հանդիպելուց հետո խեղդվում է գետում, որտեղ վերածվում է «ջրի երեխայի»[2]։ Ստորջրյա աշխարհում Թոմն անցնում է բազմաթիվ արկածների միջով, որոնց ընթացքում անցնում է բարոյական դաստիարակության երկար ճանապարհ։ Այդ ճանապարհին նրա ուղեկցողներն են Doasyouwouldbedoneby և Bedonebyasyoudid փերիները (որոնց անունները բարոյագիտության ոսկե կանոնի «ձևակերպումներ» են) և մայրիկ Քերին։ Թոմն ի վերջո վաստակում է մարդկային կերպարի վերադառնալու իրավունք և դառնում մեծ գիտնական, որը կարող է նախագծել երկաթուղիներ, շոգեմեքենաներ, էլեկտրական հեռագիր, ակոսավոր զենք և այլն։

Քինգսլին օգտահործել է հեքիաթային պատումի ձևը՝ անդրադառնալու համար մի շարք կրոնական խնդիրների (օրինակ՝ մեղքերը քավելու թեմային), ինչպես նաև այդ ժամանակի Անգլիայի սոցիալական խնդիրներին, ներառյալ աղքատությունն ու մանկական աշխատանքը։

Էկրանավորումներ և թատերական բեմադրություններ խմբագրել

1935 թվականին գիրքն էկրանավորվել է Ուոլթ Դիսնեյ ընկերության կողմից Silly Symphonies մուլտիպլիկացիոն շարքի շրջանակներում, իսկ 1978 թվականին բրիտանացի ռեժիսոր Լիոնել Ջեֆրիսը նկարահանել է «Ջրի երեխաները» անիմացիոն ֆիլմը, որում գլխավոր դերերը հնչյունավորել են Ջեյմս Մեյսոնը, Բեռնարդ Քրիբինսը և Բիլլի Ուայթլոուն։ Ջեֆրիսի ֆիլմի սյուժեն զգալիորեն տարբերվում է Քինգսլիի գրքից, մասնավորապես նրանում հայտնվում է նոր ենթասյուժե մարդասպան շնաձկան և Կրակեն առասպելական կերպարի մասնակցությամբ։

1902 թվականին Լոնդոնի Գարրիկ թատրոնում Քինգսլիի գրքի հիման վրա ռեժիսոր Ռուտլանդ Բարինգտոնը բեմադրել է մյուզիքլ Ֆրեդերիկ Ռոսեի երաժշտությամբ։ 2003 թվականին գրքի հիման վրա Չիչեսթերի թատրոնում ներկայացում է բեմադրել ռեժիսոր Ջերեմի Սեմսը։

Գրքի հիման վրա ստեղծվել է նաև ռադիոհաղորդումների շարք (BBC Audiobooks Ltd, 1998) Թիմոթի Ուեսթի, Ջուլիա Մաքքենզիի և Օլիվեր Փիսի (Թոմի դերում) մասնակցությամբ[3]։

2013 թվականին BBC Radio 4 գիրքը բեմադրել է նոր տարբերակով (հեղինակ՝ Փոլ Ֆարլի, ռեժիսոր՝ Էմմա Հարդինգ), որում Թոմը ներկայացվել է որպես ստրկավաճառության զոհ, որին գերեվարել են Նիգերիայից[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hale, Piers J. (November 2013). «Monkeys into Men and Men into Monkeys: Chance and Contingency in the Evolution of Man, Mind and Morals in Charles Kingsley's Water Babies». Journal of the History of Biology. 46 (4): 551–597.
  2. Hoagwood, Terrence (Summer 1988). «Kingsley's Young and Old». Explicator. 46 (4): 18.
  3. (BBC Audiobooks Ltd, 1998) ISBN 978-0-563-55810-1
  4. «BBC Radio 4 - Classic Serial, The Water Babies: A Modern Fairy Tale». Bbc.co.uk. 2013 թ․ մարտի 30. Վերցված է 2014 թ․ ապրիլի 19-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրի երեխաները» հոդվածին։