Ջուտ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Փիփերթածաղկավորներ (Malvales)
Ընտանիք Փիփերթազգիներ (Malvaceae)
Ենթաընտանիք Grewioideae
Ցեղ Ջուտ (Corchorus)
L., 1753

Ջուտ (Corchorus), կորքոր, լորենազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 40 տեսակ, որոնք աճում են Ասիայի, Աֆրիկայի, Ամերիկայի, Ավստրալիայի արևադարձային շրջաններում։ Հայրենիքը Հնդկաստանն է։ Մանածագործական հումքի համաշխարհային արտադրանքի մեջ։ Ջուտը բամբակենուց հետո երկրորդ տեղն է գրավում։ Թելի համար մշակվում է երկու միամյա տեսակ՝ երկարապտուղ ջուտ (corchorus olitorius) և կարճապտուղ ջուտ (сorchorus сар- sularis)։ Բույսերի բարձրությունը մինչև 3,5 մ է՝ կանգուն, ճյուղավոր ցողունով։ Արմատը առանցքային է։ Տերևները՝ երկար կոթուններով օվալանշտարաձև, ատամնաեզր։ Ծաղիկները մանր են, երկսեռ, դեղնագույն, ունեն կարճ ծաղկակոթուններ։ Պտուղը տուփիկ է, հասունանալիս բացվում է 5-7 փեղկով։ Սերմերը մանր են՝ մոխրականաչ կամ շագանակագույն։ 1000 սերմի զանգվածը 1,5-2,5 գ է։ Հասունացած սերմերը պարունակում են մինչև 14% յուղ, թունավոր են։ Ջուտը ջերմային, լուսային և խոնավասեր բույս է։ Հիմնականում ինքնափոշոտվող է։ Ջուտի թելը օգտագործում են տեխնիկական, փաթեթավորման նպատակով, կահույքի, գործվածքների ու գորգերի արտադրության մեջ։ Թելի ելքը չոր ցողուններում 20-25% է։ Թելի համար բերքը հավաքում են, երբ բույսերի 50%-ի վրա սկսում են առաջանալ առաջին տուփիկները, իսկ սերմի համար՝ երբ բույսերի 75%-ի ներքևի տուփիկներից 1-2-ը գորշանում են։ Սերմի բերքը 2-4 ց/հա է։

Կորքորը մանածագործական հումք խմբագրել

Կորքորը շատ կարևոր հումք է տեքստիլ արդյունաբերության համար։ Մանածագործական հումքի համաշխարհային արտադրանքիմեջ բամբակից հետո կորքորը գրավում է երկրորդ տեղը։ Այն ունի բարակ, նուրբ ու մետաքսանման փայլ ունեցող շատ ամուր և առաձգական թելեր, որոնք օժտված են հիդրրոսկոպի (խոնավածուծ) հատկությամբ։ Օդի շատ բարձր խոնավության (88%) պայմաններում կորքորի գործվածքը պարունակում է ընդամենը 23% խոնավություն։ Այդ գործվածքից պատրաստված պարկերով տեղափոխված և պահեստավորված ապրանքը մնում է չոր և չի փչանում։ Դրանցով տեղափոխում և պահեստավորում են շաքար, աղ, թեյ, ալյուր, սուրճ, բուրդ, բամբակ և այլն։ Այդպիսի պարկերի ու տոպրակների մեջ մթերքը չի աղտոտվում թելիկներով։

Կորքորի թելերը շատ լավ ներկվում են, որի համար նրա գործվածքները լայն կիրառություն ունեն գորգերի, վարագույրների պաստառի,սփռոցների, անձեռոցիկների, լինոլեումի արտադրության, կահույքի երեսապատման մեջ։ Այդ թելերից պատրաստում են պարաններ, լարան, բրեզենտ։ Կորքորի, բամբակի, բրդի թելերի խառնուրդից պատրաստում են բազմատեսակ հագուստեղեն։ Կորքորի հումքի հիմնական արտադրող երկրներն են Բանգլադեշը և Հնդկաստանը, որոնք տալիս են աշխարհի կորքորի թելի հումքի 99%-ը։ Այն մշակվում է նաև Վիետնամում, Տաիլանդում, Չինաստանում։

Կորքորի աճեցումը տարբեր վայրերում խմբագրել

Ռուսաստանում կորքորը հաջողվեց աճեցնել միայն Հոկտեմբերյան Սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո։ Խորհրդային սելեկցիոներները հաստատեցին, որ Միջին Ասիայի հանրապետություննեում և հատկապես Ուզբեկստանում հնարավոր է աճեցնել կորքորը։Հայտնի սելեկցիոներներ Պերեվերզևը և Կուլտիյանոսովը ուսումնասիրեցին կորքորի տարբեր սորտերի բուսաբանական առանձնահատկությունները և ստացան երկարապտուղ կորքորի նոր սորտ, որը համեմատաբար քիչ պահանջկոտ է և′ ջերմության, և′ խոնավության նկատմամբ։

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուտ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 551