Ջունիուս Բրուտուս Բուտ

անգլիացի դերասան


Ջունիուս Բրուտուս Բուտ (անգլ.՝ Junius Brutus Booth, մայիսի 1, 1796(1796-05-01)[1], St Pancras, Միացյալ Թագավորություն - նոյեմբերի 30, 1852(1852-11-30)[1], Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ), 19-րդ դարի անգլիացի դերասան։ ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնին սպանող դերասան Ջոն Ուիլքս Բութի հայրն է։ Նրա մյուս զավակներն են եղել 19-րդ դարի կեսերի նշանավոր ողբերգակ դերասան Էդվին Բուտը, դերասան և թատերական մենեջեր Ջունիուս Բրուտուս Բուտ կրտսերը և գրող և բանաստեղծուհի Ասիա Բուտ Քլարքը։

Picto infobox masks.png
Ջունիուս Բրուտուս Բուտ
JuniusBrutusBooth.jpeg
Ծնվել էմայիսի 1, 1796(1796-05-01)[1]
ԾննդավայրSt Pancras, Միացյալ Թագավորություն
Մահացել էնոյեմբերի 30, 1852(1852-11-30)[1] (56 տարեկան)
Մահվան վայրԼուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ
Մասնագիտությունդերասան և թատրոնի դերասան
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Flag of Great Britain (1707–1800).svg Մեծ Բրիտանիայի թագավորություն
Junius Brutus Booth Վիքիպահեստ

Վաղ կյանք և կրթությունԽմբագրել

Բուտը ծնվել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի Սենթ Փանքրաս թաղամասում, ԱՄՆ-ի կրքոտ կողմնակից, փաստաբան Ռիչարդ Բուտի և Ջեյն Էլիզաբեթ Գեյմի որդին է։ Հայրական կողմից նրա պապը Ջոն Բուտն էր, արծաթագործ, իսկ հայրական կողմից տատը` Էլիզաբեթ Ուիլքսը, անգլիացի ծայրահեղական քաղաքական գործիչ Ջոն Ուիլքսի ազգականն էր։ Ջունիուսի պատանեկության տարիներին հայրը մի շարք մասնագիտություններ էր ընտրում նրա համար։ Բուտը հիշում է. «Ինձ նախ տպագրիչ էին դարձնում, հետո` ճարտարապետ և մոդելիստ, այնուհետև` իրավաբան, դրանից հետո էլ` ծովային։ Այս բոլոր մասնագիտություններից ես նախընտրեցի ճարտարապետի ու մոդելիստի մասնագիտությունները»[2]։ 1814 թվականին Ջունիուսը ծանոթացել է Մարի Քրիստին Ադելաիդա Դելաննայի հետ, երբ վերջինս ապրում էր Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանում, իր մոր տանը։ Նա Բուտի հետ Լոնդոն է գնացել, որտեղ 1815 թվականի մայիսի 17-ին, Բուտի 19-ամյակից քիչ անց նրանք ի վերջո ամուսնացել են։ Նրանց առաջին երեխան, Ամելիա Պորցիա Ադելաիդա Բուտը, ծնվել է նրանց ամուսնությունից 4 ամիս անց, 1815 թվականի հոկտեմբերի 5-ին, սակայն մահացել է 1816 թվականի հուլիսի 7-ին։ Նրանց միակ երեխան, որ չի մահացել մանուկ հասակում, եղել է Ռիչարդ Ջունիուս Բուտը (1819-1868)[3]։

ԿարիերաԽմբագրել

Բուտի հետաքրքրությունը թատրոնի հանդեպ ծագել է այն ժամանակ, երբ նա դիտել է «Օթելլո» ողբերգությունը Կովենտ գարդեն արքունական թատրոնում։ Փառքի, հարստության և ազատության հեռանկարները շատ էին գրավում երիտասարդ Բուտին։ Նա դերասանական տաղանդ էր ցուցաբերում դեռ վաղ տարիքից, 7 տարեկանում որոշել է կարիերա սկսել թատրոնում։ Նա մի քանի դերեր է խաղացել Աnգլիայի ոչ մեծ թատրոններում և 1814 թվականին միացել է Նիդերլանդներում կազմակերված շրջագայությանը` վերադառնալով հաջորդ տարի` Լոնդոնում իր դեբյուտը նշելու համար։

Բուտը ժողովրդական ճանաչում է ձեռք բերել Անգլիայում 1817 թվականին Կովենդ գարդեն թատրոնում «Ռիչարդ 3-րդ» ներկայացման մեջ գլխավոր դերը խաղալու շնորհիվ։ Քննադատները բարեհաճորեն համեմատել են նրա ելույթները Էդմունդ Քինի խաղի հետ, որն այդ ժամանակ Բրիտանիայի ամենանշանավոր ողբերգակն էր։ Երկու դերասանների կողմնակիցները, որ իրենց կոչում էին «բուտականներ» և «քինականներ», երբեմն վեճեր են սկսել հրապարակներում, որտեղ նրանք միասին էին խաղում։ Դա չէր խանգարում նրանց խաղալ նույն պիեսներում. Քինն ու Բուտը 1817-1821 թվականներին խաղացել են Դրուրի Լեյն թատրոնի շեքսպիրյան մի քանի բեմադրություններում։

Տեղափոխում ԱՄՆԽմբագրել

1821 թվականին Բուտը ծաղկավաճառուհի Մերի Էնն Հոլմսի հետ արտագաղթել է ԱՄՆ` թողնելով կնոջն ու փոքր երեխային։ Բուտն ու Հոլմսը պնդել են, թե ամուսնացել են նույն տարում[3] և 1822 թվականին հաստատվել են Մերիլենդ նահանգի Բել Էյր բնակավայրի մոտակայքում։ Երկար տարիներ նրանք ապրել են Բուտի կողմից գնված գերանակապ տնակում, որը տեղադրել էին 150 ակր հողատարածքում և սպիտակեցրել էին։ Իր մահից ոչ շատ առաջ նա սկսել է կառուցել ավելի մեծ տուն, որը կոչել է Թյուդոր Հոլլ։ Այն գրանցվել է ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյանում 1973 թվականին։

Բուտը շուտով հրավեր է ստացել խաղալու Ռիչարդ 3-րդի դերը, և մեկ տարուց էլ կարճ ժամանակում դարձել է Միացյալ Նահանգների ամենանշանավոր դերասանը։ Քննադատ Ուիլյամ Ուինտերը պնդում էր. «Նրան հետևում էին ինչպես հրաշքի։ Նրա անվան հիշատակումն այնպիսի խանդավառություն էր առաջացնում, ինչպիսին չէր կարող առաջացնել ուրիշ ոչ ոք»։ Նա սկսել է դերասանական իր 30-ամյա կարիերան, որը նրան հայտնի է դարձրել ողջ երկրում։ Բուտը եղել է այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Բալթիմորը, Բոստոնը և Նյու Յորքը։

Ըստ պահպանված վկայությունների`Ջունիուս Բրուտուս Բուտը հայտնի է եղել Նոր Օռլեանում ֆրանսերենով «Օրեստի» կատարմամբ։ Թատերական մենեջեր Նոա Լադլոուն, որն այդ ժամանակ Բուտի հետ հանդես էր գալիս Նոր Օռլեանի Ամերիկյան թատրոնում, իր «Դրամատիկական կյանքն` ինչպես ես տեսնում եմ» հուշերի 230-րդ էջից պատմում է իրական իրադարձությունների մասին և եզրակացնում է. «այդ պատճառով ես ֆրանսերենով ֆրանսիական բեմում «Օրեստ» կատարող միստր Բուտի պատմությունն ընդհանուր առմամբ սխալ եմ համարում, որը ծագել է այն պատճառով, որ նա այս կերպարին մարմնավորել է 1822 թվականին, Նոր Օռլեանի թատրոնում, սակայն անգլերենով»[4]։ Բուտի դուստրը` Ասիան, գրել է, որ իր հայրը ազատ ֆրանսերեն է խոսել, և այս թեմայով գրախոսական է մեջբերել։ Սակայն գրախոսները չեն մոռացել նաև այն մասին, որ Բուտի ֆրանսիական արտասանությունը հեռու էր կատարյալ լինելուց[5]։ 1823 թվականին Բուտը Նյու Յորքում կատարել է դերը Էմբրոուզ Ֆիլիպսի` անգլերեն վերամշակված տարբերակում, Մարի Էնն Դաֆֆը խաղացել է Հերմոնիայի դերը։

 
Ձախից աջ. Բուտի որդիները` Ջոնը, Էդվինը և Ջունիուս կրտսերը «Հուլիոս Կեսար» բեմադրության ժամանակ

1825-1826 թվականներին Բուտը շրջագայել է հարազատ Անգլիայով։ Երկրորդ շրջագայության ժամանակ նա իր հետ վերցրել է իր ամբողջ ընտանիքը։ Անգլիայում եղած ժամանակ նրա երեխաներից մեկը` Հենրի Բայրոնը, հիվանդացել է ծաղիկով։

1831 թվականին նա դարձել է Բալթիմորի Ադելֆի թատրոնի մենեջերը։ Նրա ճանաչումը շարունակել է աճել իր ամբողջ կյանքի ընթացքում. Ուոլթ Ուիթմենը նկարագրել է նրան որպես «ժամանակակից մեծագույն հիստրիոնը»։ Չնայած նրա հարաբերություններն իր ենթադրվող կնոջ` Մերի Էնն Հոլմսի հետ հարաբերականորեն երջանիկ էին, նրանց երեխաներից չորսը մահացել են, երեքը` հենց նույն տարում (1833), երբ բռնկվել է խոլերան։ Բացի դրանից, նա տառապել է հարբեցողությունից, որն ազդել է նրա ամբողջ ընտանիքի վրա։

Բուտն ալկոհոլիզմի արդյունքում ավելի ու ավելի անկանխատեսելի ու խելահեղ է դարձել։ Նա ակնարկներ էր թողնում, բաց էր թողնում տեսարաններն ու բեմի վրա քաոս էր ստեղծում։ «Համլետի» կատարման ժամանակ Բուտն անսպասելիորեն լքել է տեսարանը, որտեղ խաղում էր Օֆելյայի հետ, փախել է աստիճաններով և նստել է հետին պլանում, աքաղաղի նման ծղրտալով այնքան ժամանակ, մինչև նրան հեռացրել է մենեջերը։ Մի անգամ նրան անշլագային ներկայացման են հրավիրել Ռիչմոնդում, որից հետո նա մի քանի օրով անհետացել է քաղաքից։ Ի վերջո «ամերիկացի մեծագույն դերասանին գտել են պատռտված շորերով, սրիկաների կողմից հիմարացված»։

Բուտի ալկոհոլիզմն ու դաժանությունը հաճախ խնդիրներ էին հարուցում բեմի վրա։ Մի քանի դեպքերում, երբ նա խաղում էր Ռիչարդ 3-րդ ներկայացման մեջ, կոմս Ռիչմոնդի դերը խաղացող դերասանը փախել է բեմից, երբ Բուտը չափազանց ագրեսիվ էր դառնում մենամարտի տեսարանում։ Մի երեկո, երբ Բուտը խաղում էր Օթելլոյի դերը, Դեզդեմոնայի դերը խաղացող դերասանուհուն փրկել են դերասանները, երբ Բուտը փորձել է իրականում խեղդել նրան բարձով[6]։

Շուտով Բուտը այնքան անհուսալի է դարձել, որ ստիպված են եղել նրան կողպել հյուրանոցային համարում` հերթապահ պահակով։ Հաճախ նա ամեն դեպքում կարողանում էր փախչելու ելքեր գտնել` մոտակա պանդոկում խմելու համար։ Մի անգամ, երբ թատրոնի մենեջերը ներկայացումից առաջ կողպել էր նրան դիմահարդարման սենյակում, Բուտը կաշառել է բեմի ծառայողին, որպեսզի նա դուրս գա և մի շիշ վիսկի գնի։ Մինչև բեմի ծառայողը կանգնած էր դռան հետևում, Բուտը ձողիկով խմել է շշից[7]։

Բուտի բուռն պահվածքը բեմից դուրս ևս աչքի ընկնող էր։ 1838 թվականին Չարլսթոնում Բուտն այնքան հարբած է եղել, որ հարձակվել է իր ընկերոջ` Թոմ Ֆլիննի վրա, բուխարու խառնիչով։ Պաշտպանվելու համար Ֆլիննը խփել է Բուտի դեմքին` ջարդելով նրա քիթն ու հավերժ փոխելով դերասանի պրոֆիլն ու նրա ձայնը[7]։

1835 թվականին Բուտը նամակ է գրել նախագահ Էնդրյու Ջեքսոնին` պահանջելով ներում շնորհել երկու ծովահենների։ Նամակում նա սպառնացել է սպանել նախագահին։ Չնայած նույն թվականի սկզբին նախագահի դեմ իսկապես կարող էր մահափորձ կատարվել, նամակը խաբեություն էր համարվում, քանի դեռ սպառնալիքից մի քանի օր անց գրված նամակի ձեռագրի վերլուծությունը ցույց է տվել, որ նամակն իսկապես գրել է Բուտը[8]։ Բուտը ներողություն է խնդրել Ջեքսոնից, քանի որ նրանք ընկերներ էին, «սպառնալիքը», հնարավոր է, Բուտի` կատակելու անհաջող փորձն էր[9]։ Տասնամյակ անց Բուտի որդին` Ջոն Ուիլքս Բութը, սպանել է նախագահ Աբրահամ Լինքոլնին[10]։

Վերջին տարիներԽմբագրել

1852 թվականին Բուտն իր որդիների` Էդվինի և Ջունիուս կրտսերի հետ Կալիֆորնիայում շրջագայության է մասնակցել` ելույթ ունենալով Սան Ֆրանցիսկոյում և Սակրամենտոյում, որտեղ հեղեղները ոչ միայն պատճառ են դարձել թատրոնների փակման, այլև` մեծապես վնասել են սննդի պաշարները։ Ինֆլյացիան կտրուկ աճել է, և Բուտերը վերադարձել են Սան Ֆրանցիսկո` չվաստակելով ոչ մի ցենտ։ Հոկտեմբերի 1-ին նա լքել է Սան Ֆրանցիսկոն առանց իր որդիների։

Բուտն Անգլիայից իր առաջին մեկնման ժամանակ ասել էր իր առաջին կնոջը, թե ինքն ԱՄՆ-ում մի քանի տարի հյուրախաղեր կունենա, սակայն նրան գումար կուղարկի` փոքրիկ Ռիչարդին պահելու համար։ Սակայն Բուտի քույրն ու նրա ամուսինն իրենց երեխաների հետ Անգլիայից եկել են ԱՄՆ և պահանջել, որ նրանց տեղավորեն ու պահեն ԱՄՆ-ում` Բուտի ամերիկյան ընտանիքի մասին լռության դիմաց։

Մի քանի տարի անց այս համաձայնությունը ֆինանսապես անկայուն է դարձել, և Բուտը դադարել է կնոջը գումար ուղարկել։ Դա ստիպել է Ադելաիդային իր 25-ամյա որդուն Բալթիմոր ուղարկել։ Երեք տարի Բուտն ինչ-որ կերպ ստիպել է նրան հավատալ, թե ինքը մենակ է ապրում, սակայն ի վերջո Ռիչարդը բացահայտել է ճշմարտությունը։ Նա իր մորը հաղորդագրություն է ուղարկել, որը Բալթիմոր է ժամանել 1846 թվականի դեկտեմբերին և հանդիպել է Բուտին, երբ վերջինս տուն է վերադարձել շրջագայությունից։ Անհրաժեշտ երեք տարիներն ապրելով Մերիլենդում` նա կարողացել է բաժանվել Բուտից 1851 թվականի փետրվարին։

1851 թվականի մայիսի 10-ին, երբ նրանց 10 երեխաներից ամենափոքրը դարձել է 11 տարեկան, Բուտը վերջապես ամուսնացել է Մերի Էնն Հոլմսի հետ[3][11]։

ՄահԽմբագրել

1852 թվականին Նոր Օռլեանից նավով Ցինցինատի ուղևորվելիս Բուտն ուժեղ տենդ է ունեցել` հավանաբար, գետի կեղտոտ ջուրն օգտագործելու պատճառով[12]։ Տախտակամածում բժիշկ չի եղել, և Ջունիուսը մահացել է նավի վրա, Կենտուկի նահանգում, Լուիսվիլի մոտ, 1852 թվականի նոյեմբերի 30-ին։ Բուտի այրին, Մերի Էննը, միայնակ է տեղափոխվել Ցինցինատի, որպեսզի վերցնի նրա մարմինը[13]։

Բուտը թաղված է Բալթիմորի Գրին Մաունթ գերեզմանոցում[14]

ՀիշատակԽմբագրել

Ջունիուս Բրուտուս Բուտը հետմահու գրանցվել է Ամերիկյան թատրոնի փառքի սրահում 1981 թվականին[15]։

Մարմնավորում էկրանինԽմբագրել

Ռոբերտ Ուորվիքը խաղացել է Ջունիուս Բրուտուս Բուտի դերը «Ֆերմերը կին է ընտրում» ֆիլմում (1935)։

Ռայմոնդ Մեսսին Ջունիուս Բրուտուս Բուտի դերը խաղացել է «Խաղացողների արքայազնը» ֆիլմում (1955)։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. Archer Stephen M. (2010)։ Junius Brutus Booth: Theatrical Prometheus։ SIU Press։ էջ 7 
  3. 3,0 3,1 3,2 Michael W. Kauffman (2004)։ American Brutus: John Wilkes Booth And The Lincoln Conspiracies։ Random House։ էջեր 88–89։ ISBN 0-375-50785-X 
  4. Ludlow, Noah (1880)։ Dramatic Life As I Found It։ St. Louis: G. I. Jones and Co.։ էջեր 230–232 
  5. Archer Stephen M. (2010)։ Junius Brutus Booth: Theatrical Prometheus։ SIU Press։ էջ 305 
  6. Clark Champ (1987)։ The Civil War: The Assassination - Death of the President։ Time-Life Books։ էջ 14-16 
  7. 7,0 7,1 Clark14-16
  8. Freeman Katie (January 25, 2009)։ «Letter threatening Jackson's life determined to be written by father of man who killed Lincoln»։ KnoxNews։ Արխիվացված է օրիգինալից February 2, 2009-ին 
  9. Raymond Matt (July 7, 2009)։ «Library Helped Finger Another 'Would-Be Assassin' Named Booth»։ Library of Congress Blog 
  10. PBS, History Detectives, «Booth Letter», season 7, episode 3
  11. Roy Z. Chamlee (1990)։ Lincoln's Assassins: A Complete Account of Their Capture, Trial, and Punishment։ McFarland & Company։ էջ 14։ ISBN 0-89950-420-5 
  12. Saunders Katherine (8 March 1980)։ «Booth Family Story Rivaled Fiction»։ The Lewiston Journal։ էջ 6A։ Վերցված է 25 January 2013 
  13. Booth Clarke Asia (1999)։ Alford, Terry, ed.։ John Wilkes Booth: A Sister's Memoir։ Univ. Press of Mississippi։ էջ 9։ ISBN 1-578-06225-X 
  14. Banham, Martin, ed. (1995)։ The Cambridge Guide to Theatre (2 ed.)։ Cambridge University Press։ էջ 116։ ISBN 0-521-43437-8 
  15. «26 Elected to the Theater Hall of Fame.» The New York Times, 3 March 1981.