Ջիհադ Սալեհ, արաբ հասարակական գործիչ։

Սալեհը «Թուրքական թուրանիզմը ֆունդամենտալիզմի և ֆաշիզմի միջև» (1987 թ., Բեյրութ) ուսումնասիրության մեկ գլուխ նվիրել է հայկական հարցին։ Նրա կարծիքով երիտթուրքերի ազգային քաղաքականության գլխավոր մոտիվը «մոլագար նացիոնալիզմն էր՝ հիմնված ենթակայության և բռնի թուրքացման սկզբունքների վրա», ինչը կոչված էր ապահովելու թուրքական ռասայի տիրապետությունը։ Նա տվել է պանթյուրքիզմի (կամ ինչպես ինքն է անվանում «թուրքական թուրանիզմի») սահմանումը՝ «թուրանիզմը ցեղապաշտ, ազգայնամոլ, հետադիմական, ֆաշիստական շարժում է»։

Բացատրելով օսմանյան կառավարողների իրագործած հայերի ցեղասպանության պատճառները՝ Սալեհը գրում է.

...ցեղապաշտ ատելության ամենասև և բարբարոսական էջերից մեկն է. որը կիրառվեց թուրքական կառավարող դասակարգի կողմից մի ժողովրդի դեմ, չնայած այն բոլոր մեծ ծառայություններին, որ հայ ժողովուրդը մատուցել էր թուրքական հասարակությանը սկսած այն ժամանակից, երբ նա 1520 թ. ընկավ ստրկական լծի տակ։ Նա տվել է ականավոր արտիստներ, իրավաբաններ, գրողներ, լրագրողներ, արդյունաբերողներ և արհեստավորներ։ Հայ ժողովրդի զավակների այդ կուլտուրական գերազանցությունը դարձավ թուրքական ցեղապաշտ ազգայնականության ատելության հարուցման պատճառներից մեկը՝ հետագայում այդ ժողովրդի ցեղասպանությունը իրականացնելու համար։

Սալեհը գտնում է, որ պանթյուրքիստների այդ քայլը ուղղված էր ոչ միայն հայերի, այլև մարդկային ողջ ցեղի դեմ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։