Ջերմաստիճանային ինվերսիա
Ջերմաստիճանային ինվերսիա, ջերմաստիճանի շրջադասություն, ըստ բարձրության օդի ջերմաստիճանի օրինաչափ նվազման փոխարեն ջերմաստիճանի աճի երևույթ։ Դիտվում է առավելապես ներքնոլորտում, օդի երկրամերձ շերտում (երկրամերձ շրջադասություն), ազատ մթնոլորտում (հատկապես ստորին 2 կմ-անոց շերտում) և ներքնոլորտից վերնոլորտին անցման շերտում (տրոպոպաուզայում)։ Առաջանում է պարզկա գիշերներին՝ երկրի մակերևույթից ջերմաճառագայթման՝ ջերմաստիճանի զգալի նվազման և երկրի սառը մակերևույթի վրայով տաք օդային հոսանքների անցման ժամանակ։ Երկրամերձ Ջերմաստիճանային ինվերսիայի ստորին սահմանը համընկնում է երկրի մակերևույթի հետ։ Շերտի հաստությունը լինում է մի քանի մետրից մի քանի տասնյակ մետր (Երբեմն՝ ավելի քան 1000 մետր), ջերմաստիճանի աճը՝ 0,1-ից մինչև 10-15°Շ։
Երկրամերձ Ջերմաստիճանային ինվերսիան սովորաբար արևածագից հետո վերանում է, իսկ ձմռանը, երբ շրջադասության վերին շերտում գոյանում է խիտ մառախուղ կամ շերտավոր ամպամածություն, պահպանվում է մի քանի շաբաթ։ Երկրամերձ Ջերմաստիճանային ինվերսիան հաճախ դիտվում է Արարատյան, Շիրակի, Սևանի, Սիսիանի և այլ գոգավորություններում. առաջացնում է սառը օդի «լճացում», սաստիկ ցրտեր, մառախուղ, մթնոլորտի աղտոտվածություն։ Ագատ մթնոլորտում Ջերմաստիճանային ինվերսիա առաջանում է օդի վարընթաց շարժումների, սառը շերտերի վրայով տաք օդային զանգվածների ներթափանցման հետևանքով։
Ջերմաստիճանի ինվերսիայի հզորություն
խմբագրելԵրկրամերձ ջերմաստիճանի ինվերսիաի հզորությունը (ինվերսիոն շերտի հաստությունը) հասնում է տասնյակ, հազվադեպ՝ հարյուրավոր մետրերի։ Ջերմաստիճանի տարբերությունները ինվերսիոն շերտի ստորին և վերին սահմաններում հասնում են ավելի քան 15-20 °C-ի։ Ագատ մթնոլորտում դիտվող ջերմաստիճանի ինվերսիաներն ունեն անտիցիկլոնային (սեղմման) և ճակատային ծագում։
Անտիցիկլոններում վարընթաց հոսանքների շնորհիվ օդային զանգվածները սեղմվում և տաքանում են։ Մթնոլորտային ճակատների ստորին մասում գտնվող սառը օդի վրա տաք օդի վրահոսքը նույնպես առաջ է բերում ջերմաստիճանի աճ։ Մթնոլորտի ավելի բարձր շերտերում (ստրատոսֆերայում, մեզոսֆերայում, ջերմոլորտում) նկատվող ջերմաստիճանի ինվերսիանները արդյունք են գազերի՝ արեգակնային կարճալիք ճառագայթների ուժեղ կլանման։
Գրականություն
խմբագրել- Malberg H. (2002)։ Meteorologie und Klimatologie. Eine Einführung 4. Aufl. Springer-Verlag Berlin Heidelberg New York. ISBN 3-540-42919-0
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերմաստիճանային ինվերսիա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |