Պրուդենսիա Այալա

սալվադորցի լրագրող, բանաստեղծ, էքստրասենս և հասարակական գործիչ

Պրուդենսիա Այալա (իսպ.՝ Prudencia Ayala, ապրիլի 28, 1885(1885-04-28), Սոնսակատե, Sonsonate Department, Սալվադոր - հուլիսի 11, 1936(1936-07-11), Սան Սալվադոր, Սալվադոր), սալվադորցի լրագրող, բանաստեղծ, էքստրասենս և հասարակական գործիչ, Սալվադորում կանանց իրավունքների ակտիվ պաշտպան։

Պրուդենսիա Այալա
իսպ.՝ Prudencia Ayala
Ծնվել էապրիլի 28, 1885(1885-04-28)
ԾննդավայրՍոնսակատե, Sonsonate Department, Սալվադոր
Վախճանվել էհուլիսի 11, 1936(1936-07-11) (51 տարեկան)
Վախճանի վայրՍան Սալվադոր, Սալվադոր
Մասնագիտությունգրող, լրագրող, սուֆրաժիստ և քաղաքական գործիչ
Լեզուիսպաներեն
Քաղաքացիություն Սալվադոր
Ժանրերարձակ
Изображение автографа
 Prudencia Ayala Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Պրուդենսիա Այալան ծնվել է Սալվադորի Սոնսակատե քաղաքում 1885 թվականի ապրիլի 28-ին, Սալվադորի բնիկ հնդկացիների` Աուրելիա Այալայի և Վիսենտե Չիեֆի ընտանիքում։ Տաս տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է Սանտա Անա քաղաք, որտեղ ընդունվել է պրոֆեսոր Մարի Լուիզա Կրիստոֆինի տարրական դպրոց։ Ընտանիքում միջոցների բացակայության պատճառով, ստիպված է լինում դադարեցնել ուսումը և զբաղվել ինքնակրթությամբ։ Սովորում է դերձակուհու մասնագիտություն, ունեցել է էքստրասենսորային ընդունակություններ, «խորհրդավոր ձայները» նրա միջոցով գուշակում էին ապագան։ Այս ընդունակությունների շնորհիվ նա ճանաչում և հռչակ ունեցավ Սալվադորի մշտական բնակչության շրջանում։ Սակայն երկրի բնակչության մյուս մասի մոտ նրա ճանաչումը հակառակ փոխազդեցություն ունեցավ։

Պրուդենսիա Այալայի կանխատեսումները հրապարակվում էին Սանտա Անայի թերթերում, որտեղ նրան անվանում էին «Սանտաանյան սիբիլա»։ 1914 թվականին նա կանխատեսեց Գերմանիայի կայսեր անկումը և ԱՄՆ-ի Առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտնելը։ 1913 թվականից նրա հոդվածները սկսեցին երևալ «Դիարիո դե Օսսիդենտե» թերթում, որը հրատարակվում էր Սալվադորի արևմտյան մասերում։ Պրուդենսիա Այալան իր հոդվածներով հանդես էր գալիս որպես հակաիմպերիալիզմի, ֆեմինիզմի և կենտրոնաամերիկյան սինդիկալիզմի կողմնակից[1], իր անհամաձայնությունն էր հայտնում ԱՄՆ-ի Նիկարագուա ներխուժման հարցում։

Այդ ժամանակաշրջանում տարբեր պարբերական հրատարակչություններում հրապարակվում են նրա մի քանի բանաստեղծություններ։ 1919 թվականին բանտարկվում է իր հոդվածներից մեկում սալվադորյան քաղաքի քաղաքապետին քննադատելու համար։ Մի քանի ամիս բանտարկվել և անցկացրել է Գվատեմալայում, հեղաշրջման կազմակերպիչների հետ համագործակցելու մեղադրանքով։ 1921 թվականին հրատարակել է «Էսսիբլե. Արկածներ Գվատեմալա ուղևորության ժամանակ» գիրքը, որում մանրամասն նկարագրվում է դիկտատոր Մանուելյա Էստրադա-Կաբրերի կառավարման վերջին ամիսները։ Հրատարակվում են նաև նրա «Անմահ, խելահեղ սեր» (1925) և «Ծխացող բծիկ» (1928) գրքերը։

1920-ական թվականների վերջին հիմնադրում և ղեկավարում է «Կանացի քավություն» թերթը, որի էջերում ակտիվորեն ելույթ էր ունենում և պաշտպանում Սալվադորի կանանց քաղաքացիական իրավունքները։ 1930 թվականին իր թեկնածությունն է առաջադրում հանրապետության նախագահի պաշտոնի համար, չնայած սալվադորյան օրենքներով, կանայք իրավունք չունեին մասնակցելու քվեարկությանը։ Նրա ծրագիրը ներառում էր արհմիություններին պետական աջակցություն, պետական կառավարման համակարգում ազնվություն և թափանցիկություն, ալկոհոլային խմիչքների բաշխման և սպառման սահմանափակում, հավատի դավանության նկատմամբ հարգանք ու ազատություն և արտաամուսնական երեխաների ճանաչում։ Պրուդենսիա Այալայի կողմնակիցներից մեկը եղել է փիլիսոփա, մանկավարժ, գրող և պատգամավոր Ալբերտո Մասֆերերը։ Սակայն Գերագույն դատարանը մերժում է նրա թեկնածությունը, բայց այդ առիթով ծավալված քննարկումները 1939 թվականին բերում են կանանց` քվեարկության մասնակցելու իրավունքի հաստատմանը։ 1950 թվականին այդ իրավունքը ամրագրվեց Սահմանադրությամբ` արժանանալով նախագահ Օսկար Օսորիոյի հավանությանը։

Մահ խմբագրել

Պրուդենսիա Այալան մահացել է 1936 թվականի հուլիսի 11-ին Սան Սալվադորում։ Տեղեկություններ չկան 1932 թվականի գյուղացիական ապստամբությանը նրա մասնակցության վերաբերյալ, բայց կարծիք կա, որ նա համագործակցել է ապստամբների հետ։

Հիշատակ խմբագրել

Սան Սալվադորի կենտրոնում` մայր տաճարի կողքին, տեղադրված է նրա հուշատախտակը։ 2009 թվականի մարտին կանանց միջազգային օրվա կապակցությամբ, Պրուդենսիա Այալայի պատվին բեմադրվում է «Պրուդենսիայի ժամանակների կախարդանքները» պիեսը։

Գրականություն խմբագրել

  • Ministerio de Educación de la República de El Salvador (1994). Historia de El Salvador, tomo II. San Salvador: MINED..

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Women's suffrage. «Central & South America Suffrage Timeline»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրուդենսիա Այալա» հոդվածին։