Պրեսքիլ (բառացի՝ թերակղզի, ֆր.՝ Presqu'île), պատմական շրջան Ֆրանսիայի Լիոն քաղաքի կենտրոնական մասում։ Տեղակայված է 1-ին և 2-րդ քաղաքային շրջանների տարածքում՝ Ռոն և Սոն գետերի միախառնման տեղից մինչև Կրուա Ռուս բլրի ստորոտը։

Լիոնի պատմական շրջան
Պրեսքիլ
ֆր.՝ Presqu'île
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՔաղաքԼիոն
Առաջին հիշատակումմ.թ.ա. I դար
Փոստային ինդեքս69001 – 69002
Պրեսքիլ (Ֆրանսիա)##
Պրեսքիլ (Ֆրանսիա)
Պրեսքիլ (Լիոն)##
Պրեսքիլ (Լիոն)
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 872
ռուս..անգլ..ֆր.

Պրեսքիլը 1999 թվականից ներառված է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկում։

Պատմություն խմբագրել

Անտիկ շրջան խմբագրել

Պրեսքիլ շրջանի Վիեյ փողոցում հայտնաբերված լատինական արձանագրության համաձայն՝ այս վայրն անվանվել է «pagus de Condate» (Կոնդատ թաղամաս)[1] [2]: Ելնելով նրանից, որ «Կոնդատը» (նշանակում է գետերի միախառնում) գալլական տեղանուն է, լիոնցի պատմաբան Ամաբլ Օդենը եզրակացնում է, որ Կրուա Ռուս բլրի ստորոտին հին հռոմեական ժամանակաշրջանում գալլական բնակավայր է եղել[2]։

Հռոմեական Լուգդունում քաղաքը, որը ժամանակի ընթացքում վերածվել է Լիոնի, հիմնադրվել է մ. թ. ա. 43 թվականին Սոնի մյուս ափին՝ Ֆուրվիեր բլրի վրա։ Թերակղզու վրա, մինչև XVIII դարը կղզի է եղել, ուր գտնվել է կելտական բնակավայր՝ Կանաբե (լատին․՝ Canabae) անունով։ Այստեղ գտնվող նավահանգիստը հնարավորություն է տվել մթերքներ և ապրանքներ ձեռք բերել երկու գետերով[3][4] [5]:

II դարի վերջին, Սեպտիմիուս Սևերուսի զորքերի կողմից քաղաքը գրավվելուց հետո, դրա ներքին կառուցվածքը խախտվում է։ Բնակիչները իջնում են բլրից և բնակություն հաստատում Սոնի աջ ափին (այժմյան Հին Լիոն շրջանը), բայց նրանց մի մասն անցնում է գետի մյուս ափը և հիմնավորվում Կանաբեում։

V դարում քաղաքը նվաճվում է բուրգունդների կողմից և դառնում նրանց մայրաքաղաքներից մեկը։ Սակայն բնակչության հոսքը քաղաքից շարունակվում է, և VIII դարում քաղաքն ամբողջությամբ կորցնում է իր կարևորությունը[5]։

Միջին դարեր խմբագրել

Կարոլինգների տիրապետության ժամանակաշրջանում՝ Կառլոս Մեծի օրոք, քաղաքը սկսում է վերակենդանանալ։ 1707 թվականին Սոնի վրայով քարե կամուրջ է անցկացվում, որը գետի աջ ափին գտնվող՝ ներկայիս Շանժի հրապարակը միացնում է ձախ ափին՝ Սեն Նիզիե եկեղեցուն։ Արդյունքում՝ Պրեսքիլի հյուսիսային մասն աստիճանաբար դառնում է քաղաքի առևտրային կենտրոնը, այն դեպքում, երբ Հին Լիոնը հոգևոր և աշխարհիկ իշխանության կենտրոնն էր։ Պրեսքիլի ճահճացած հարավային մասը շարունակում է մնալ որպես գյուղական բնակավայր[5]։

 
Լիոնի XVI դարի քարտեզ։ Կենտորոնում Պրեսքիլն է:

Վերածնունդ խմբագրել

XIII դարում Ռոն գետի վրայով ևս կամուրջ է անցկացվում։ XV դարից սկսած տարին 4 անգամ քաղաքում տոնավաճառներ են կազմակերպվում, ինչը ավելացնում է արտասահմանցիների հոսքը քաղաք՝ հատկապես իտալացիների, իսպանացիների և գերմանացիների։

Քաղաք են ներթափանցում նոր տեխնոլոգիաները. 1473 թվականին Բարտելեմի Բյույեն բացում է առաջին տպարանը, իսկ 1500 թվականին դրանց թիվը հասնում է հիսունի։ XVI դարից սկսած քաղաքը դառնում է մետաքսի արտադրության կենտրոնը. սկզբում Պրեսքիլը և Հին Լիոնը, իսկ ավելի ուշ՝ Կրուա Ռուսը[4][5]։ Առաջին քայլերն են արվում ճահճային տարածքի ցամաքեցման. ներկայիս Տերո հրապարակի տարածքում երկու գետերը միացնող ջրանցք է կառուցվում (այժմ գոյություն չունի)[3]։ Այժմյան Բելկուր հրապարակի տարածքը ցամաքեցվում է և վերածվում ռազմական հրապարակի[4]։

XVII դարից սկսած Պրեսքիլն աստիճանաբար կառուցապատվում է պատկառազդու շինություններով։ Կրուա Ռուս բլրի ստորոտից սկսած, փոքր-ինչ շարժվելով հարավ՝ Մարսիեր փողոցում՝ Ժակոբեն և Տերո հրապարակների շուրջը, կառուցվում են վերածննդի ոճի բազմաթիվ շենքեր, ընդլայնվում է Ռոնի ափին գտնվող Օտել Դիո հիվանդանոցի տարածքը[6]։

 
Պրեսքիլի հարավային ծայրամասը 2015 թվականի ապրիլին՝ գետի վարարման ժամանակ

XVIII դար խմբագրել

XVIII դարի սկզբին Պրեսքիլի տարածքը բաժանվում է 2 մասի. հարավային մասում՝ ընդհուպ մինչև Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, գտնվել է Էնեի մեծ աբբայությունը, որը ծագել է Կանաբե կղզու տեղում[7], իսկ հյուսիսային մասը համարվել է քաղաքի առևտրական կենտրոնը[3][8]։ Քանի որ Սոնի մյուս ափին գտնվող Հին Լիոնում կառուցապատման համար գրեթե տեղ չկար, բոլոր նոր շինությունները կառուցվում էին Պրեսքիլում։ Կառուցվում է Օտել Դիո հիվանդանոցի հսկայական շենքը, նոր թաղամասեր են կառուցվում Բելկուր հրապարակի շուրջը, նոր շինություններով է ծածկվում Գրոլե թաղամասը[9]։ Ընդ որում՝ Լիոնը, որի բնակչությունը XVIII դարում կազմում էր 130 000 մարդ, գերծանրաբեռնված էր՝ եկեղեցական հողերը կազմում էին ամբողջ տարածքի ¾ մասը[10]։

Մի շարք առաջարկներ են արվում Պրեսքիլի հարավային մասը ցամաքեցնելու և մի քանի փոքրիկ կզյակներ մեկ ընդհանուրի մեջ միավորելու մասին։ Սկզբում այդպիսի նախագիծ է ներկայացնում Լյուդովիկոս XIV-ի պալատական ճարտարապետ Ժյուլ Արդուեն Մանսարը (1646-1708), դրանից մի քանի տասնամյակ հետո՝ լիոնցի ճարտարապետ և մեխանիկ Գիյոմ Մարի Դելորմը (1700-1782), բայց նրանց նախագծերը մերժվում են ծախսատար լինելու պատճառով[11]։ Բայց և այնպես քաղաքային իշխանությունները նախատեսում էին երբևէ իրականացնել այդ ծրագիրը։ Այսպես, 1735 թվականի դեկտեմբերի 20-ին նրանք գնում են Մոնյա կղզին, որը ժամանակի ընթացքում պետք է դառնար թերակզղու մի մասը[10]։

 
Պերաշի նախագիծը

Վերջապես, 1766 թվականի ապրիլի 9-ին իր նախագիծն է ներկայացնում քանդակագործ Անտուան Միշել Պերաշը։ Նախագիծը ենթադրում էր Ռոն և Սոն գետերի միախառնման տեղը 2 կմ տեղափոխել հարավ, և ազատված տարածությունը ամբողջությամբ ցամաքեցնել[10], ինչը հնարավորություն էր տալիս Պրեսքիլի տարածքը կրկնապատկել[4]։

1770 թվականի հոկտեմբերի 13-ին Պերաշը ստանում է քաղաքային իշխանությունների համաձայնությունը, իսկ մեկ տարի անց` 1771 թվականի հոկտեմբերի 13-ին՝ նաև համապատասխան արտոնագիրը[12]։ Բայց Պերաշի մահից հետո՝ 1779 թվականին, կազմակերպությունը լուրջ ֆինանսական դժվարություններ է ունենում և այդպես էլ չի կարողանում ծրագիրն ամբողջությամբ իրագործել։ Կազմակերպության ղեկավարումը որոշ ժամանակով իր վրա է վերցնում հիմնադրի քույրը՝ Անն Մարին, ավելի ուշ՝ 1782 թվականին՝ կոմս Էսպերանս դը Լորենսենը։

1783 թվականի հեղեղը քանդում է կազմակերպության կողմից՝ Սոն գետի վրա կառուցված փայտե կամուրջը։ 1784 թվականի սեպտեմբերի 23-ին կոմս Լորենսենը օգնության խնդրանքով դիմում է Լյուդովիկոս XVI-ին և նրան է փոխանցում թերակղզու հարավային ծայրամասի սեփականության իրավունքը (ներկայիս Ռամպար դ'Էնե փողոցի և Ամպեր-Վիկտոր Հյուգո մետրոյի կայարանի տարածքները)։ Թագավորը պարտավորվում է 2 տարվա ընթացքում տրամադրել 300 000 լիվր՝ բաժնետերերի պարտքերը վճարելու և գետի վրա քարե կամուրջ կառուցելու համար։ Սակայն սկզբում՝ 1788-1789 թվականների ցուրտ ձմեռը, ապա նաև Ֆրանսիական մեծ հեղափոխության ցնցումները թույլ չտվեցին ավարտին հասցնել աշխատանքը[13]։ Կազմակերպությունը կարողանում է կառուցել միայն մի առափնյան, որն այժմ կրում է Պերաշի անունը[14]։ Գետամեջի ամբողջական վերակառուցումը, որն այդ ժամանակվանից կոչվում է Պրեսքիլ (ֆր.՝ Presqu'île - թերակղզի) ավարտվել է միայն 1841 թվականին[3]։

 
Պերաշի առափնյան XIX դարում

XIX դար խմբագրել

Չնայած Պերաշի կազմակերպությունը չկարողացավ ամբողջությամբ իրականացնել իր հավակնոտ ծրագիրը՝ 1800 թվականին հիմնական աշխատանքներն ավարտվել էին, և նոր շրջանն արդեն պատրաստ էր։ Սակայն լիոնցիները չէին շտապում այստեղ տեղափոխվել։

1805 թվականի ապրիլի 10-ին Նապոլեոնը գալիս է Լիոն և որոշում այստեղ կառուցել կայսերական պալատը[10]։ 1806 թվականի օգոստոսի 7-ին Պերաշի կազմակերպությունը, սնանկ լինելով, կայսրին անվճար տրամադրում է Պրեսքիլի հողերը։ 1810 թվականի հուլիսի 3-ին հրապարակվում է աշխատանքները սկսելու մասին կայսրի հրամանը, սակայն կայսրության անկումը թույլ չի տալիս այն իրագործել։ 1815 թվականի հուլիսին թերակղզի է տեղափոխվում ավստրիական հեծելազորի մի մասը։

Դեռ տասնյակ տարիներ այս վայրը կիսակառույց է մնում և պարբերաբար ենթարկվում հեղեղումների[11]։ 1826 թվականի հուլիսի 15-ին քաղաքային իշխանությունը, որի ղեկավարը Լակրուա Լավալն էր, հրապարակում է այդ հողերի հետագա շահագործման ծրագիրը[12]։ Այդ ծրագրում նախապատվությունը տրվում էր թերակղզու հարավը որպես արդյունաբերական գոտի օգտագործելուն։

Մարտի 7-ի թագավորական հրամանով սկսվում է Լիոն-Սենտ-Էթիեն երկաթուղու շինարարությունը[10][11]։ 1827 թվականի հոկտեմբերի 30-ին Սեգեն կազմակերպության հետ համաձայնագիր է կնքվում, որով դրան էր փոխանցվում 283000 մ2 հողատարածք, որոնց վրա կազմակերպությունը պետք է կառուցեր գետային և երկաթուղային կայարաններ և մերձատար ուղիներ[10][12]։ Սկզբում կառուցվում է ժամանակավոր կայարան՝ այսօրվա Շարլեման փողոցի տեղում, իսկ 1853-1856 թվականներին կառուցվում է մինչ օրս գոյություն ունեցող կայարանի շենքը։ 1856 թվականի նոյեմբերի 1-ին բացվում է Փարիզը Մարսելին կապող՝ Լիոնով անցնող երկաթուղին (տևողությունը 19 ժամ է)[11]։

 
Պրեսքիլի քարտեզ (1853)

1830 թվականի հուլիսի 16-ին հրապարակվում է Պրեսքիլի փողոցների անվանումները սահմանող օրենքը[10]։

1836 թվականին Պրեսքիլում հիմնվում է հայտնի լիոնյան Սեն-Ժոզեֆ բանտը[11]։

1840 թվականին տեղի ունեցած հեղեղման հետևանքով ավերվում են Սոնի ձախ ափին գտնվող 231 տուն և 3 կամուրջ[12]։

Նապոլեոն III-ի օրոք` քաղաքագլուխ Կլոդ Մարիուս Վաիսի (1853-1864) շնորհիվ, Պրեսքիլը ժամանակակից կերպարանք է ստանում։ Վաիսին անվանում են «Լիոնի Օսման». նա Բելկուր և Տորո հրապարակների շուրջը գտնվող միջնադարյան փոքրիկ փողոցները վերածեց ընդարձակ պողոտաների, դրանք կառուցապատեց ժամանակակից բուրժուական թաղամասերով։ Պրեսքիլի կենտրոնը դարձավ քաղաքի ամենահեղինակավոր հատվածը[3][8][9]։

1858-1865 թվականներին կառուցապատվում է Ռոն և Սոն գետերի առափնյաները, որոնք վերածվում են ամբարտակների՝ շրջանը պաշտպանելով մշտական դարձած հեղեղումներից[4][5], որոնցից վերջինը տեղի է ունեցել 1856 թվականին՝ հեղեղելով Պրեսքիլի մեծ մասը[12]։

 
Պերաշի առափնյան XXI դարում

XX-XXI դարեր խմբագրել

1910-ից 1950 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Պրեսքիլում քաղաքաշինական լուրջ աշխատանքներ չեն իրականացվել։ Որպես նշանակալի փոփոխություն կարելի է նշել միայն Շարիտե հիվանդանոցի շենքի ավերումը, որի տեղում այժմ Անտոնեն Պոնսե հրապարակն է[4]։

1960-ական թվականներից սկսվում է Լիոնի տրանսպորտային հարցերի լուրջ մշակումը։ 1970-ական թվականներին քաղաքագլուխ Լուի Պրադելը Պերաշ կայարանի մոտ կառուցում է մեծ գնացքափոխ հանգույց։ Սրա հետ մեկտեղ Ֆուրվիեր բլրի տակով թունել է փորվում, իսկ քաղաքի կենտրոնով անցկացվում է Փարիզ-Մարսել տարանցիկ ավտոճանապարհը։ Միևնույն ժամանակ՝ 1978 թվականին բացվում են Լիոնի մետրոպոլիտենի 3 գծերը[4][15]։

XXI դարի սկզբին մշակվել է Պրեսքիլի հարավային ծայրամասը՝ Կոնֆլյուանս թաղամասը, վերակառուցելու նախագիծ[16]։ Ինժեներ Պերաշի ժամանակներից, ով այն կառուցել էր XVIII դարում, թաղամասում եղել են արդյունաբերական և տրանսպորտային բազմաթիվ օբյեկտներ, ինչպես նաև բանտեր։ Հիմա դրանք քաղաքից դուրս են գտնվում. իսկ թաղամասը ամբողջությամբ վերածվել է ժամանակակից շրջանի՝ բնակելի տներով, գրասենյակներով, առևտրային և մշակութային կենտրոններով[4]։

2011 թվականի հուլիսի 7-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեն 35-րդ նստաշարջանի ժամանակ որոշում է կայացրել Լիոնի ամբողջ պատմական հատվածը՝ այդ թվում նաև Պրեսքիլը, ներառել համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում[17] [18][19]:

Տեսարժան վայրեր խմբագրել

 
Տերո հրապարակը՝ Բարտոլդի շատրվանով: Հետին պլանում՝ կենտրոնում, Օտել դը Վիլն է

Տերո հրապարակ խմբագրել

Տերո հրապարակը (ֆր.՝ Place des Terreaux) գտնվում է Պրեսքիլի հյուսիսային մասում, կառուցվել է XVII դարում, համարվում է Լիոնի գլխավոր հրապարակներից մեկը։ Անվանումը ծագել է ֆր.՝ terrain բառից, թարգմանաբար նշանակում է «հողատարածք»։ Երկար դարերի ընթացքում այս հրապարակում մահապատիժներ են իրականացվել, այդ իսկ պատճառով ըստ գոյություն ունեցող հավատալիքի՝ չի կարելի հրապարակի կենտրոնով անցնել, այն տեղով, ուր առաջ տեղադրված է եղել կառափնարանը։

XIX դարի վերջին հրապարակում տեղադրվել է Ֆրեդերիկ Օգյուստ Բարտոլդիի, ով նաև Ազատության արձանի հեղինակն է, շատրվանը։ Այն պատկերում է 4 ձիերով լծված կառքը կառավարող կնոջ։ Շատրվանն ի սկզբանե նախատեսված է եղել Բորդոյում տեղադրելու համար։ Կինը խորհրդանշում է Գարոնը, իսկ ձիերը՝ դրա 4 վտակները։ 1992 թվականին ամբողջ հրապարակի տակ տեղադրեցին խողովակներ, որոնցից դուրս են գալիս 69 շիթեր։ Այդ խողովակների ոչ ճիշտ գործունեության հետևանքով հրապարակը բավականին վատ վիճակում է, նախագծի հեղինակ Դանիել Բյուրանը նույնիսկ դատի է տվել Լիոնի քաղաքային իշխանություններին[20][21]։

Օտել դը Վիլ խմբագրել

Օտել դը Վիլ (ֆր.՝ Hôtel de Ville) Ֆրանսիայում անվանում են ոչ թե հյուրանոցը այլ քաղաքային վարչության շենքը։ Այժմյան Օտել դը Վիլն իրենից ներկայացնում է Լյուդովիկոս XIII-ի պալատների ոճով կառուցված՝ մի քանի շինություններից բաղկացած մի ամբողջ համալիր՝ ներքին բակերով և նույնիսկ սեփական մատուռով։ Այն արևմուտքից սահմանակից է Տերոյի, արևելքից՝ Կոմեդի հրապարակներին և զբաղեցնում մի ամբողջ թաղամաս, հյուսիսում և հարավում գտնվում են Պյուի Գեյո և Ժոզեֆ Սերլեն փողոցները։

Քաղաքային վարչության շենքը կառուցվել է Լյուդովիկոս XIV թագավորի օրհնությամբ՝ 28 տարվա ընթացքում՝ 1646-1672 թվականներին։ Ճարտարապետներն են Սիմոն Մոպենը, Ժակ Լեմերսիեն և Ժիրար Դեսարգը[22]։

 
Սեն-Պիեր պալատը

Սեն-Պիեր պալատ խմբագրել

Տերո հրապարակի հարավային հատվածը զարդարված է Սեն-Պիեր պալատի (ֆր.՝ Palais Saint-Pierre) հոյակերտ ճակատային մասով։ Այս պալատը մեծ հետաքրքրություն է ներկայացնում թե՛ որպես պատմական յուրօրինակ շինություն, և թե՛ որպես Կերպարվեստի թանգարան։ Մինչև Ֆրանսիական մեծ հեղափոխությունը Սեն-Պիեր պալատը եղել է մենաստան։ Մենաստանի հիմնադրման տարեթիվը հայտնի չէ, բայց որոշ գիտնականներ նշում են V դարը։ Ամեն դեպքում՝ VI դարի վերջում այն արդեն կառուցված է եղել, որովհետև հիշատակվում է Լիոնի եպիսկոպոս Լեյդրադի՝ Կառլոս Մեծին ուղղված 810 թվականի նամակում։

Պալատի այժմյան շենքի կառուցումը սկսվել է 1659 թվականին և տևել մի քանի տասնամյակ։

1792 թվականին մենաստանը փակվել է, շինությունը բռնագրավվել է և դարձվել զորանոց։

1801 թվականից պալատի շենքում է գտնվում Լիոնի կերպարվեստի թանգարանը, որն ամենամեծն է քաղաքում, և խոշորներից մեկը ամբողջ Ֆրանսիայում. դրա տարածքը 14500 մ2 է[21][23]։

 
Լիոնի օպերայի շենքը

Օպերա խմբագրել

Լիոնի օպերայի (ֆր.՝ Opéra) շենքը գտնվում է Կոմեդի հրապարակի հակառակ կողմում։ 1687 թվականին Փարիզի օպերայի հիմնադրումից հետո, լիոնցիները, հետևելով դրա օրինակին, կառուցեցին օպերայի իրենց թատրոնը։ Սակայն երկար տասնամյակներ այն չի ունեցել հիմնական տարածք։ Օպերայի առաջին շենքը կառուցվել է միայն 1754-1756 թվականներին Ժակ Ժերմեն Սուֆլոյի նախագծով։ Այն օվալաձև էր (նույն ձևն ուներ նաև 2000 տեղանոց հանդիսասրահը՝ եռահարկ օթյակներով), և ճակատային մասը կառուցված էր իտալական ոճով։

1826 թվականին որոշում կայացվեց վերակառուցել օպերայի շենքը. Սուֆլոյի թատրոնը տեղափոխվեց, իսկ դրա տեղում 1831 թվականին Անտուան Մարի Շենավարի և Ժան Պոլեի նախագծով նոր թատրոն կառուցվեց։ Այդ շինության ճակատամասը կառուցված էր կլասիցիզմի ոճով։ 1863 թվականին վերնահարկի վրա տեղադրվել են ութ մուսաների քանդակները (Պոլեի մտածած իննի փոխարեն)։ Նախնական հատակագծի համաձայն՝ սրահը պետք է տեղավորեր 2400 հանդիսական, բայց վերջնական տարբերակով այն տեղավորում էր միայն 1800։

1989-1993 թվականներին օպերայի շենքը նորից վերակառուցվել է՝ այս անգամ Ժան Նուվելի նախագծով։ Հին շենքի վրա կառուցվել է կիսագլանաձև ապակե գմբեթ, ինչը շենքի բարձրությունը գրեթե կրկնակի ավելացրել է[21][24]։

Լուի Պրադել հրապարակ խմբագրել

Լուի Պրադել հրապարակը (ֆր.՝ Place Louis Pradel) գտնվում է Լիոնի 1-ին քաղաքային շրջանում, օպերայի շենքից դեպի հյուսիս՝ Ռոնի առափնյայի մոտ։ Կառուցվել է 1970-ական թվականների կեսերին` մետրոպոլիտենի կառուցման նպատակով հին տների թաղամասի քանդումից հետո (բացվել է 1978 թվականին)։

Հրապարակն անվանակոչվել է ի պատիվ Լուի Պրադելի, ով նախորդ երկու տասնամյակներին եղել է Լիոնի քաղաքագլուխը (1957-1976)[25]։

 
Հանրապետության փողոցը XX դարի սկզբին

Հանրապետության փողոց խմբագրել

Հանրապետության փողոց (ֆր.՝ rue de la République) Պրեսքիլի հյուսիսային հատվածի գլխավոր փողոցն է։ Նախագիծը մշակվել է 1841-1853 թվականներին, կառուցումը սկսվել է Երկրորդ կայսրության ժամանակաշրջանում՝ 1854-1865 թվականներին։ Լիոնի քաղաքագլուխ Կլոդ Մարիուս Վաիսի կողմից այդ ուղղությամբ լուրջ միջոցներ են ձեռնարկվել, որոնք պատմության մեջ մտել են օսմանացում անունով՝ ի պատիվ այդ ժամանակաշրջանի մեկ այլ ֆրանսիացու՝ քաղաքագլուխ Ժորժ Օսմանի։ Փողոցի երկայնքով կառուցված 289 հին շենքերը քանդվել են, իսկ 12000 բնակիչները վերաբնակեցվել նոր կառուցված 32410 մ2 բնակելի տարածքում։ Արդյունքում ստացվել է մի ընդարձակ ուղիղ փողոց՝ միևնույն ոճի 5-6 հարկանի տներով՝ ձեղնարակերով, իսկ առաջին հարկերում՝ առևտրային տարածքներով։

1970-ական թվականներից փողոցի զգալի մասը նախատեսված է հետիոտնի համար[26]։

Առևտրի պալատ խմբագրել

Առևտրի պալատը (ֆր.՝ Palais du Commerce) գտնվում է Հանրապետության փողոցի և Կորդելիե հրապարակի անկյունում, կառուցվել է 1856-1861 թվականներին։

Դրսից և ներսից շքեղ զարդարված այս շենքն ունի 64,5 մետր երկարություն և 57,6 մետր լայնություն։ Նույն շենքում են գտնվել Առևտրի պալատը, Արբիտրաժային և Աշխատանքային դատարանները, Մետաքս արտադրողների կազմակերպությունը, Արվեստի և արդյունաբերության թանգարանը։ Ընդհուպ մինչև 1934 թվականը՝ շենքում է գտնվել նաև Կրեդի Լիոնե բանկի (ֆր.՝ Crédit Lyonnais) շտաբը։

Բացի դրանից այս շինությունը հայտնի է դարձել նաև նրանով, որ նկարահանվել է Լյումիեր եղբայրների «Կորդելիե հրապարակը Լիոնում» ֆիլմում, որը ներկայացվել է առաջին հրապարակային կինոցուցադրության ժամանակ՝ 1895 թվականի դեկտեմբերի 28-ին՝ Փարիզում[27][28]։

 
Սեն Բոնավանտյուր եկեղեցին

Սեն Բոնավանտյուր եկեղեցի խմբագրել

Կորդելիե հրապարակի մյուս կողմում գտնվում է Սեն Բոնավանտյուր եկեղեցին (ֆր.՝ Église Saint-Bonaventure): Այն գոթական ոճով կառուցված յուրօրինակ շինություն է՝ զարդարված բազմաթիվ քանդակներով և վիտրաժներով։ Կառուցվել է 1327 թվականին ֆրանցիսկյան վանականների կողմից, ովքեր լայն իշխանություն են ունեցել Պրեսքիլի զգալի մասի վրա՝ մինչև Ֆրանսիական մեծ հեղափոխությունը։

Եկեղեցին բազմիցս ենթարկվել է ավերումների, հատկապես՝ 1562 թվականին կրոնական պատերազմների և 1796 թվականին Ֆրանսիական հեղափոխության ժամանակ։ Բազմաթիվ անգամներ վերականգնվել է. վերջին անգամ 1848 թվականին՝ Պրեսքիլի վերակառուցման ժամանակ[29]։

Գրատպության թանգարան խմբագրել

Գրատպության և գրաֆիկական հաղորդակցության թանգարանը (ֆր.՝ Musée de l'Imprimerie et de la Communication Graphique) գտնվում է Օտել դը լա Կուրոն պատմական շենքում, որը կառուցվել է XV դարի կեսերին։ Շենքի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 1493 թվականին։ Իր գոյության առաջին դարում այն եղել է բնակելի տուն և պատկանել Վարե, Ֆե, Տու վաճառականների ընտանիքներին։ 1604 թվականին գնվել է քաղաքի կողմից և ընդհուպ մինչև 1654 թվականը՝ այստեղ է գտնվել քաղաքային վարչությունը։ Այնուհետև երկու դար Օտել դը լա Կուրոնը դարձյալ օգտագործվել է որպես բնակելի տուն, ընդհուպ մինչև 1863 թվականը, երբ դրանից ոչ հեռու գտնվող Առևտրի պալատում տեղակայված Կրեդի Լիոնե բանկն այն ձեռք է բերել իր արխիվներն այնտեղ պահելու համար։

1954 թվականին շենքը երկրորդ անգամ է գնվում քաղաքի կողմից, և այստեղ 1963 թվականին՝ կրեդի Լիոնե բանկի 100-ամյա հոբելյանին, բացվում է Գրատպության և բանկային գործի թանգարանը։

Այժմ թանգարանը, որը 2014 թվականից կոչվում է Գրատպության և գրաֆիկական հաղորդակցության թանգարան, զբաղեցնում է 1200 մ2 տարածք և հանդիսանում այդ ուղղվածության ամենամեծ թանգարաններից մեկը Եվրոպայում[21][30]։

 
Սեն Նիզիե եկեղեցին

Սեն Նիզիե եկեղեցի խմբագրել

Սեն Նիզիե եկեղեցին (ֆր.՝ Église Saint-Nizier) գոթական ոճով կառուցված միջնադարյան եկեղեցի է, որոշ տվյալների համաձայն կառուցվել է վաղքրիստոնեական տաճարի տեղում։ Հնարավոր է, որ հենց այս տաճարի մասին է գրում Գրիգոր Տուրցին՝ խոսելով 177 թվականի նահատակների մասունքների թաղման վայրի մասին։ Եկեղեցու հիմքում հայտնաբերվել են VI-VII դարերի գերեզմաններ, այնպես որ չի բացառվում, որ այստեղ գտնվել է Սուրբ առաքյալների և 48 նահատակների եկեղեցին (հիշատակվում է IX դարում Ադոն Վիեննացու կողմից)։

Եկեղեցին ժամանակակից անվամբ հանդիպում է Լեյդրադ եպիսկոպոսի Կառլոս Մեծին ուղղված նամակում (IX դար

1306-1308 թվականներին եկեղեցին դառնում է Պրեսքիլյան եկեղեցական համայնքի կենտրոնը։

Ներկայիս շենքի կառուցումն իրականացվել է XIV դարի վերջին, սակայն հստակ տարեթիվը հայտնի չէ։ Արդեն 1450-1481 թվականներին կատարվել է եկեղեցու մասշտաբային վերակառուցում. կառուցվել է զանգակատունը, կողմնային մատուռները։

1538 թվականին սկսվել է եկեղեցու շքամուտքի կառուցումը, սակայն 1562 թվականին կրոնական պատերազմների ժամանակ, եկեղեցին զգալիորեն վնասվել է, վերականգնվել 1578-1598 թվականներին, սակայն մի քանի կառույցներ (օրինակ, հարավային աշտարակը) վերակառուցվել են XIX դարում։

1793 թվականին՝ Ազգային կոնվենտի զորքերի կողմից Լիոնի պաշարման ժամանակ, եկեղեցին խիստ տուժել է հրանոթների հարվածներից։

Գործնականորեն եկեղեցու շինարարական աշխատանքները շարունակվել են ամբողջ XIX դարի ընթացքում։

1840 թվականին շենքը ներառվել է Ֆրանսիայի պատմական հուշարձանների ցանկում[31]։

 
Մարսիեր փողոցը

Մարսիեր փողոց խմբագրել

Մարսիերը (ֆր.՝ Rue Mercière) հին լիոնյան փողոց է, հայտնի է դեռ գալլա-հռոմեական ժամանակներից։ Սկզբնական շրջանում այն միացրել է արևմուտքը արևելքին, բայց միջնադարում դրա ուղղությունը փոխվել է՝ անցկացվել Սոնի հոսքին զուգահեռ։ XVI դարում հենց այս փողոցում է հիմնել իր արհեստանոցը լիոնցի առաջին տպագրիչ Բարտելեմի Բյույեն, դրանից հետո նաև իր գործընկերները, ինչի շնորհիվ 100 տարի շարունակ Լիոնը եղել է եվրոպական գրատպության կենտրոններից մեկը (Վենետիկի և Փարիզի հետ միասին)։

XVIII դարի կեսերին Մարսիեր փողոցի նեղ լինելը դժվարացնում է դրանով առևտրափոխադրումների իրականացումը։ 1850 թվականին կառուցվում է առավել ընդարձակ Կենտրոնական փողոցը (ֆր.՝ Rue centrale) (այժմյան Բրեստ փողոց)։ Արդյունքում` շատ վաճառականներ հեռանում են Մարսիերից և բնակություն հաստատում Կենտրոնական, իսկ ավելի ուշ նաև արևելյան՝ Իմպերիալ (ներկայիս Հանրապետության փողոց) և Իմպերատրիս (այժմյան Էդուր Էրիոյի փողոց) փողոցներում։ Մարսիերը դատարկվում է, մի շարք ծրագրեր են մշակվում փողոցի վերակառուցման (փաստացիորեն քանդման). 1909 թվականի առաջին նախագիծը դեռ չիրականացրած, 1925-ին հայտնվում է երկրորդը, որը նախատեսում էր նոր թաղամասի կառուցում՝ կենտրոնում 50 հարկանի աշտարակով, բայց դա ևս չի իրագործվում։

1960-ական թվականներին, երբ Մարսիեր փողոցի համբավը վերջնականապես ընկել էր, և այն լցվեր էր անառականոցներով, մշակվում է փողոցի վերջնական քանդման ծրագիր։ Սակայն բնակիչները սկսում են բողոքել, նրանք դիմում են մշակույթի նախարար Անդրե Մալրոյին, ում ջանքերով փողոցը և բոլոր թաղամասերը ձեռք են բերում պետության կողմից պահպանվող տարածքի կարգավիճակ։ Մարսիեր փողոցի վերակառուցման նոր ծրագիր է մշակվում, ինչը փողոցին նոր շունչ է հաղորդում։ Այժմ փողոցի մեծ մասը նախատեսված է հետիոտնի համար, այստեղ կառուցված են բազմաթիվ փոքրիկ ռեստորաններ։ Այժմ այն համարվում է Լիոնի գաստրոնոմիական կենտրոններից մեկը[32]։

Օտել Դիո խմբագրել

Օտել Դիոն (ֆր.՝ Hôtel-Dieu) պատմական հիվանդանոց և շինությունների համալիր է Ռոնի առափնյայում։ Հիվանդանոցի մասին առաջին հիշատակությունը հանդիպում է 1184 թվականին[33]։ Ներկայիս շենքի հոյակերտ ճակատային մասը՝ գմբեթով, կառուցվել է 1748-1778 թվականներին Ժակ Ժերմեն Սուֆլոյի նախագծով։

Օտել Դիոն հայտնի է նաև նրանով, որ այստեղ բժիշկ է աշխատել Ֆրանսուա Ռաբլեն՝ իր «Գարգանտյուա և Պանտագրյուել» վեպը գրելու ընթացքում։

2011 թվականից կատարվում են հիվանդանոցը այլ շինություն տեղափոխելու, և Օտել Դիոյի շենքը հյուրանոցային և ցուցահանդեսային համալիրի վերածելու աշխատանքներ[34]։

 
Բելկուր հրապարակը

Բելկուր հրապարակ խմբագրել

Բելկուր հրապարակը (ֆր.՝ Place Bellecour) ամենամեծն է Լիոնում և մեծությամբ չորրորդը Ֆրանսիայում (62000 մ2): Սկսել է կառուցվել 1658 թվականի դեկտեմբերի 28-ից՝ Լյուդովիկոս XIV-ի հրամանով։ Այն կառուցապատվել է պալատական ճարտարապետ Ռոբեր դը Կոտի նախագծով։ Ի սկզբանե հրապարակը կոչվել է Լյուդովիկոս Մեծի անունով, հրապարակի կենտրոնում 1713 թվականին կանգնեցվել է Լյուդովիկոս XIV-ի բրոնզաձույլ արձանը, որի հեղինակը Մարտին Դեժարդենն է։ Սակայն 1793 թվականին՝ Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ, արձանը հանվել է. դրանից վերաձուլվել են թնդանոթներ, իսկ հրապարակի շինությունները ավերվել են Փարիզի իշխանությունների դեմ լիոնցիների ապստամբության ժամանակ։ Ավելի ուշ այստեղ շինություններ են կառուցվել, իսկ 1825 թվականին տեղադրվել է Լյուդովիկոսի նոր արձանը, որի հեղինակը Ֆրանսուա Ֆրեդերիկ Լեմոն է։

Բելկուր հրապարակը գտնվում է Պրեսքիլի և Լիոնի կենտրոնում։ Այստեղից են դուրս գալիս Հանրապետության, Պրեզիդան, Էդուար Էրիոյի, Վիկտոր Հյուգոյի և այլ գլխավոր փողոցներ[21][35]։

Շարիտե հիվանդանոց խմբագրել

Բելկուր հրապարակի և Ռոնի առափնյայի միջև տեղակայված է Անտոնեն Պոնսե հրապարակը, որի գրեթե մեջտեղում վեր է խոյանում մի զանգակատուն։ Դա այն ամենն է ինչ մնացել է XVII դարում այդտեղ գոյություն ունեցած Շարիտե հիվանդանոցից (ֆր.՝ Hôpital de la Charité): Այն իր մեծությամբ և վաղեմությամբ երկրորդն էր Օտել Դիոյից հետո։ Մի քանի շինություններից բաղկացած այդ համալիրը կառուցվել է 1616-1630 թվականներին, և եղել աղքաների հիվանդանոց։ XIX դարում վերածվել է մոր և մանկան առողջության պահպանման խոշոր բուժական հաստատության։ Սակայն XX դարի սկզբին որոշում է կայացվել, որ հին շենքը չի համապատասխանում բժշկական և հիգիենիկ ժամանակակից պահանջներին և 1934 թվականի բոլոր շենքերը՝ բացառությամբ մի զանգակատան, քանդվել են[36]։

 
Վիկտոր Հյուգո փողոցը Բելկուր հրապարակի կողմից

Վիկտոր Հյուգո փողոց խմբագրել

Վիկտոր Հյուգոն (ֆր.՝ Rue Victor Hugo) Պրեսքիլի գլխավոր փողոցն է։ Այն կառուցվել է XIX դարի երկրորդ կեսին։ Այստեղ կան մի շարք սրճարաններ, ռեստորաններ, առևտրի կետեր և հյուրանոցներ։ Փողոցի հյուսիսային հեռապատկերում երևում է Լյուդովիկոս XIV-ի արձանը Բելկուր հրապարակում, իսկ հարավայինում՝ Կարնո հրապարակը և Պերաշի կայարանը։

1976 թվականին Լիոնի մետրոպոլիտենի կառուցման աշխատանքների պատճառով փողոցը երկու տարի փակ է եղել երթևեկության համար։ Բացումից հետո, այն դարձել է առաջին ամբողջությամբ հետիոտնային փողոցը Ֆրանսիայում[37]։

Ամպեր հրապարակ խմբագրել

Ուղիղ, ասես քանոնվ գծած, Հյուգոյի փողոցն ընդհատվում է միայն մի տեղում, ուր գտնվում է Ամպեր հրապարակը (ֆր.՝ Place Ampère): Ներկայիս հրապարակից անմիջապես հարավ մինչև XVII դարը գտնվել է Ռոն և Սոն գետերի միախառնման տեղը։ Հրապարակի շուրջ կառուցված են XIX դարի գեղեցիկ տներ, իսկ դրա կենտրոնում տեղադրված է ֆիզիկոս և քիմիկոս Անդրե Մարի Ամպերի հուշարձանը և շատրվան։ Հրապարակից՝ Սոնի կողմից դուրս է գալիս Բուրգելի փողոցը, որտեղ գտնվող № 19 տանը՝ 1755 թվականին բացվել է աշխարհում առաջին անասնաբուժական դպրոցը[38]։

1976 թվականին մետրոպոլիտենի Ամպեր-Վիկտոր Հյուգո կայարանի կառուցման համար իրականացված փորվածքից հայտնաբերվել է II դարի հինհռոմեական խճանկարից մի հատված, որն այժմ գտնվում է Վո ան Վելեն-Լա Սուա կայարանում։ 2014 թվականին կայարանի վերելակի կառուցման ընթացքում հայտնաբերվել է խճանակրի ևս մեկ հատված[39][40]։

 
Գորգերի ցուցադրություն Գործվածքների թանգարանում

Գործվածքների և զարդարվեստի թանգարան խմբագրել

Գործվածքների և զարդարվեստի թանգարանը (ֆր.՝ Musée des tissus et des arts décoratifs) գտնվում է Շարիտե փողոցում։

Գործվածքների թանգարան ստեղծելու գաղափարը ծագել է մի խումբ լիոնցի ձեռնարկատերերի մոտ, ովքեր այցելել էին 1851 թվականին Լոնդոնում կայացած Համաշխարհային ցուցահանդեսին։ Առաջին անգամ թանգարանը բացվել է 1864 թվականին Առևտրի պալատի շենքում՝ Արվեստի և արդյունաբերության թանգարան անվանումով։ Թանգարանային հավաքածուում ներառված են լիոնցի ջուլհակների արտադրած գործվածքների նմուշներ, ինչպես նաև 4500 տարվա պատմություն ունեցող մանածագործական ամենատարբեր կտորներ։

Զարդարվեստի թանգարանը ստեղծվել է սրանից առանձին և բացվել 1925 թվականին՝ որպես մասնավոր թանգարան։ Դրա գոյության 25 տարիների ընթացքում այստեղ հավաքվել են տարբեր դեկորատիվ առարկաներ ամբողջ աշխարհից։ 1950 թվականին երկու թանգարանները միավորվել են և մինչ օրս գտնվում են միևնույն հասցեում[21][41]։

Ֆրանսուա դը Սալ եկեղեցի խմբագրել

Ֆրանսուա դը Սալ եկեղեցին (ֆր.՝ Église Saint-François de Sales) գտնվում է Վիկտոր Հյուգո փողոցի, Անտոնեն Պոնսե հրապարակի և Ռոնի առափնյայի միջև, Սալա և Օգյուստ Կոնտ փողոցների անկյունում։ Նեոկսիցիզմի այս ոճի այս եկեղեցին կառացուցվել է 1807-1847 թվականներին մինչև 1690 թվականը գոյություն ունեցած Սուրբ Մարիամ Մագդաղենացու մատուռի տեղում։ Եկեղեցում գտնվում է 1880 թվականի երգեհոն, որը 1977 թվականին դասվել է պատմակական հուշարձանների շարքին[42]։

 
Սեն Մարտեն բազիլիկան Էնեում

Սեն Մարտեն բազիլիկան Էնեում խմբագրել

Սեն Մարտեն բազիլիկան (ֆր.՝ Basilique Saint-Martin d'Ainay) Լիոնի ամենահին եկեղեցիներից է։ Հիմք ընդունելով Գրիգոր Տուրցիի գրություններից մեկը՝ երկար ժամանակ համարվել է, որ այն հիմնադրվել է V դարում։ Այժմ այս վարկածը կասկածի տակ է առնվում, բայց եկեղեցու չափազանց հին լինելը միանշանակ է։ Ամենահինը համարվում է Սուրբ Բլանդինի մատուռը. դրա տարածքում հայտնաբերվել են Մերովինգների ժամանակաշրջանի դամբարաններ։

XIII դարում Էնեի աբբայությունը տիրապետում էր 169 եկեղեցիների և ամենաազեդցիկներից մեկն էր ամբողջ Ֆրանսիայում։ 1600 թվականին հենց այս աբբայությունում է կանգ առնում Հենրի IV-ը, ով Լիոն էր եկել Մարիա Մեդիչիի հետ ամուսնանալու համար (սակայն պսակադրությունը տեղի է ունեցել Լիոնի մայր տաճարում

XVI դարում կրոնական պատերազմների ժամանակ աբբայությունը զգալիորեն ավերվում է, այդ պահից սկսում է դրա անկումը։ XVII դարում այն գործնականորեն անհետանում է, Սուրբ Մարտինը վերածվում է ծխական եկեցու։ 1905 թվականի հունիսի 13-ին Պիյուս X պապի որոշմամբ եկեղեցին փոքրիկ բազիլիկայի կարգավիճակ է ստանում։ Այսօր բազիլիկան համարվում է Լիոնի XI դարի ռոմանական ոճի պահպանված միակ եկեղեցին[43]։

Միաձուլումների թանգարան խմբագրել

Միաձուլումների թանգարանը (ֆր.՝ Musée des Confluences) Լիոնի ամենանոր և ժամանակակից թանգարանն է, բացվել է 2014 թվականի դեկտեմբերի 20-ին։ Թանգարանը գտնվում է Պրեսքիլի հարավային ծայրամասում, որն այժմ դառնում է քաղաքի ամենանորաձև և ժամանակակից թաղամասը։

Այս թանգարանում միավորված են բնական գիտությունների և ազգագրության հետ կապված մի քանի հավաքածուներ. այն անվանում են նաև գիտության և հասարակության թանգարան։

Շինությունը կառուցվել է ավստրիական Coop Himmelb(l)au ճարտարապետական կազմակերպության նախագծով։ Այս շինության նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ. մի մասը այն համարում է ժամանակից ճարտարապետության գլուխգործոց, մյուս մասն արտահայտում դրա վերաբերյալ իր դժգոհությունը[44]։

  Արտաքին պատկերներ
  Օտել դը Վիլի համայնապատկեր
  Օտել դը Վիլի նիստերի դահլիճի համայնապատկեր
  Սեն Պիեր պալատի այգիների համայնապատկեր
  Արտաքին պատկերներ
  Սուրբ Բոնավանտյուրի եկեղեցու ինտերիերի համայնապատկեր
  Սեն Նիզիե եկեղեցու ինտերիերի համայնապատկեր
  Սեն Մարտեն բազիլիկայի ինտերիերի համայնապատկեր

Տրանսպորտ խմբագրել

 
Հեծանիվների վարձույթի կայան Պրեսքիլում

Պրեսքիլում է գտնվում Լիոն-Պերաշ երկաթուաղային կայարանը, որը սպասարկում է ինչպես տեղային (RER), այնպես էլ միջքաղաքային (Intercités) գծերը և ճեպընթաց գնացքները (TGV): Պրեսքիլով է անցնում Փարիզ-Մարսել ավտոմայրուղին[45]։

Ներշրջանային տրանսպորտային երթևեկությունը իրականացվում է մետրոյի, տրամվայների, ավտոբուսների և տրոլեյբուսների միջոցով.

  • Պրեսքիլի զգալի մասի երկայնքով՝ հարավից հյուսիս, անցնում է մետրոպոլիտենի A գիծը, այստեղ տեղակայված են Պերաշ, Ամպեր-Վիկտոր Հյուգո, Բելկուր, Կորդելիե և Օտել դը Վիլ-Լուի Պրադել կայարանները, ինչից հետո, ուղղությունը թեքվում է արևելք, հատում է Ռոնը և գնում Գիյոտիերի և Վիլյորբանի կողմը։ Նշված կայարաններից վերջինում իրականանում է C գծի գնացքափոխը, որը գնում է հյուսիս՝ Կրուա Ռուս շրջան, այնուհետև Կալյուիր-ե-Կյուիր։ Արևմուտքից արևելք Պրեսքիլը հատում է նաև մետրոպոլիտենի D գիծը միակ գնացքափոխ Բելկուր կայարանը։
  • Շրջանի հարավային մասը, ուր չկա մետրո, սպասարկվում է T1 գծի տրամվայների կողմից։ Պերաշ կայարանում է գտնվում նաև տրամվայի T2 գծի վերջին կանգառը։
  • Շրջանն ունի ավտոբուսների և տրոլեյբուսների խիտ ցանց։
  • Պրեսքիլի տարածքում կան նաև հեծանիվների վարձույթի բազմաթիվ կայաններ (կայանների միջև միջին հեռավորությունը 200 մետր է)[45]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «EDCS-ID: EDCS-10500623» (լատիներեն). Epigraphik-Datenbank Clauss / Slaby EDCS. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  2. 2,0 2,1 Amable Audin Essai sur la topographie de Lugdunum. — Lyon: éd. Audin, 1959. — P. 23-24.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Le quartier de la Presqu'île». Monuments historiques (ֆրանսերեն). OnlyLyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 «Histoire de l'arrondissement». Découvrir le 2e (ֆրանսերեն). Lyon. Site officiel. Mairie du 2. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Histoire - Architecture». Presqu'île (ֆրանսերեն). Patrimone Lyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  6. «Cordeliers - Terreaux». Presqu'île (ֆրանսերեն). Patrimone Lyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
  7. «Ainay». Presqu'île (ֆրանսերեն). Patrimone Lyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
  8. 8,0 8,1 «Presqu'île» (ֆրանսերեն). Patrimone Lyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  9. 9,0 9,1 «Bellecour - Grolée Presqu'île». Presqu'île (ֆրանսերեն). Patrimone Lyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 «Histoire Presqu'ile de Lyon» (ֆրանսերեն). Bibliothèque municipale de Lyon. Accueil Guichet du Savoir. 2014 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 «Perrache». Les Rues de Lyon. 2009 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 «C'est arrivé à Lyon» (ֆրանսերեն). Archives municipales de Lyon. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  13. «Secteur urbain dit Presqu'île Perrache, puis Derrière les voûtes» (ֆրանսերեն). Lyon 2e arrondissement, Confluent. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  14. Perrache. — Biographie universelle, ancienne et moderne. — Paris: L. G. Michaud, 1823. — Vol. 33. — P. 406. — 584 p.
  15. «Métro sur pneus» (ֆրանսերեն). Ferro-Lyon. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
  16. «Василий Бабуров. Реконструкция района Конфлюанс в Лионе» (ռուսերեն). archi.ru. Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.
  17. UNESCO Décisions adoptées par le Comité du patrimoine mondial à sa 35e session(ֆր.) // WHC-11/35.COM/20. —Paris, 7 juillet 2011.
  18. UNESCO Clarifications des limites et des superficies des biens par les Etats parties en réponse à l’Inventaire rétrospectif(ֆր.) // Patrimoine mondial. 35COM 8D. —Paris, 6 mai 2011. — С. 7.
  19. UNESCO Site historique de Lyon: délimitation du bien et de sa zone tampon lors de son inscription sur la liste en 1998(ֆր.).
  20. «La place des Terreaux, Lyon» (ֆրանսերեն). Cityzeum. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 21,5 Лион // Франция = France / Ответственный редактор Усольцева О. М.. — Москва: Эксмо, 2012. — С. 437—442. — (Lonely Planet). — 3000 экз. — ISBN 978-5-699-52981-0
  22. «L'Hôtel de Ville». Cordeliers - Terreaux (ֆրանսերեն). Patrimoine Lyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
  23. «Le Palais Saint-Pierre». Cordeliers - Terreaux (ֆրանսերեն). Patrimoine Lyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
  24. «L'Opéra». Cordeliers - Terreaux (ֆրանսերեն). Patrimoine Lyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
  25. «Place Louis Pradel». Cordeliers - Terreaux (ֆրանսերեն). Patrimoine Lyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
  26. «La Rue de la République». Bellecour - Grolée (ֆրանսերեն). Patrimoine Lyon. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
  27. «Le Palais du Commerce». Cordeliers - Terreaux (ֆրանսերեն). Patrimoine Lyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
  28. «La première séance publique payante» (ֆրանսերեն). Association Frères Lumières. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
  29. «Eglise Saint-Bonaventure». Bellecour - Grolée (ֆրանսերեն). Patrimoine Lyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
  30. «Le Musée de l'Imprimerie et de la Communication Graphique». Cordeliers - Terreaux (ֆրանսերեն). Patrimoine Lyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
  31. «L'Eglise Saint-Nizier». Cordeliers - Terreaux (ֆրանսերեն). Patrimoine Lyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
  32. «Rue Mercière». Bellecour - Grolée (ֆրանսերեն). Patrimoine Lyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
  33. «Lyon. Site officel. Hôtel Dieu». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16-ին.
  34. «L'Hôtel-Dieu». Bellecour - Grolée (ֆրանսերեն). Patrimoine Lyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
  35. «La Place Bellecour». Bellecour - Grolée (ֆրանսերեն). Patrimoine Lyon. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
  36. «L'Hôpital de la Charité». Bellecour - Grolée (ֆրանսերեն). Patrimoine Lyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
  37. «Rue Victor Hugo». Ainay (ֆրանսերեն). Patrimoine Lyon. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
  38. «La Place Ampère». Ainay (ֆրանսերեն). Patrimoine Lyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
  39. «Ampère – Victor Hugo» (ֆրանսերեն). Ferro-Lyon. 06-06-2015. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 20-ին.
  40. «Mosaïque romaine à Lyon» (ֆրանսերեն). Bibliothèque municipale de Lyon. Le Guichet du Savoir. 12/04/2015. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 20-ին.
  41. «Musée des Tissus / Musée des Arts décoratifs». Ainay (ֆրանսերեն). Patrimoine Lyon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
  42. «Eglise Saint-François de Sales». Ainay (ֆրանսերեն). Patrimoine Lyon. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
  43. «La Basilique d'Ainay». Ainay (ֆրանսերեն). Patrimoine Lyon. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
  44. Mathilde Doiezie (2014 թ․ դեկտեմբերի 18). «Lyon : le Musée des Confluences en 10 dates». Culture (ֆրանսերեն). Le Figaro. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին.
  45. 45,0 45,1 Lyon agglomération. — Montreuil: Blay-Foldex.

Արտաքին հղումներ խմբագրել