Պտտախտ, ցենուրոզ, կճղակավորների (գերազանցապես ոչխարների), որոշ կրծողների, հազվադեպ նաև մարդկանց ճիճվային հիվանդություն, որը բնորոշվում է տարբեր հյուսվածքներում երիզորդի թրթուրների՝ ցենուրների զարգացմամբ։ Վերջիններս տեղակայվում են գլխուղեղում (ուղեղային Պտտախտ), ենթամաշկային բջջանքում, միջմկանային շարակցական հյուսվածքում։ Հարուցիչների աղբյուրը մսակեր կենդանիներն են (հիմնականում շները), որոնց աղիքներում մակաբուծվում են սեռահասուն ցեստոդները։

Պտտախտ

Ախտահարում խմբագրել

Կենդանիները պտտախտով հիվանդանում են մակաբույծների ձվերով վարակված խոտի և ջրի միջոցով։ Ոչխարների համար առավել վտանգավոր է Պտտախտի ուղեղային ձևը, որի ժամանակ կենդանիները կատարում են շրջանաձև շարժումներ, գլուխը ետ են գցում կամ հակում, նկատվում են ջղաձգություններ, տեսողության կորուստ։ Հիվանդ կենդանիները խիստ հյուծվում են և մի քանի նոպաներից հետ սովորաբար սատկում են։

Բուժում խմբագրել

Բուժումը․ վիրաբուժական (միայն արժեքավոր կենդանիներին)։ Մնացած դեպքերում կենդանիներին մորթում են, իսկ մսեղենը (բացի ախտահարված մասից) օգտագործում սննդի մեջ։ Կանխարգելիչ միջոցառումները․ ծառայողական շների ճիճվաթափում, թափառողների՝ ոչնչացում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 413