Պռոշաբերդ, բերդ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառում (այժմյան Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղից 6-7 կմ հյուսիս)։ Գտնվում է զառիվեր լանջերով անմատչելի լեռան վրա։

Պռոշաբերդ
Նկարագրություն
Տեսակմշակութային արժեք և ամրոց
ՏեղագրությունՎայոց ձորի մարզ, Հայաստան
Վարչական միավորԳլաձոր[1]
ԵրկիրՀայաստան
Կառուցված13-րդ դար
ԿառուցողՊռոշ իշխան
Քարտեզ
Քարտեզ
 Proshaberd Վիքիպահեստում

Կառուցել է Պռոշ իշխանը 13-րդ դարում, ուստի տեղացիներն այն սովորաբար անվանել և այժմ էլ անվանում են «Պռոշա բերդ», «Պռոշ իշխանի բերդ»։ Բոլորաբերդը եղել է իշխանանիստ, գրավել է լեռան գագաթի 1-1,5 հա տարածությամբ հարթությունը, ունեցել է բազալտաշար ամուր պարիսպ և ջրմուղ, որի խողովակները նշմարվում են մինչև այսօր։ Պահպանվել են պարիսպը և բուրգերը։ Բերդի ներքին պաշտպանական կառույցները, զինանոցները, զորանոցները, ինչպես և Պռոշյան իշխանների պալատը ավերվել են, թաղվել հողի հաստ շերտի տակ։ Արևելյան կողմում կա կանգուն մատուռ է, իսկ 1-2 կմ հարավ-արևմուտք գտնվում է Սպիտակավոր Ս. Աստվածածին վանքը։

Պատմություն խմբագրել

Պարսից խանը հարձակվում է Պռոշաբերդի վրա։ Բազմաթիվ անհաջող գրոհներից հետո նա որոշում է պաշարել բերդը։ Անցնում է մի ամիս, երկու ամիս, բայց ամրոցը անսասան է մնում։ Խանը հասկանում է, որ պետք է կտրել ամրոց մտնող ջուրը, բայց նրա զինվորները ոչ մի կերպ չեն կարողանում գտնել աղբյուրը։ Այդ ժամանակ մի իմաստուն մարդ խորհուրդ է տալիս յոթ օր ծարավ պահել մի ջորի։ Այդպես էլ անում են։ Երբ կենդանուն բաց են թողնում ամրոցի մոտակայքում, նա սկսում է ջուր փնտրել։ Հողի տակ խոնավություն զգալով՝ փորում է և գտնում ամրոցին ջուր մատակարարող խողովակաշարը։ Ջուրը կտրելուց հետո ամրոցի պաշտպանները ստիպված անձնատուր են լինում։

Հիշատակություններ խմբագրել

1. Ամրոցի առաջին հիշատակությունը տվել է Սյունյաց տան պատմիչ Ստեփանոս Օրբելյանը՝ խոսելով Աթաշխուղայի արշավանքի մասին.

  «Հասնելով Վայոց Ձոր գավառի մեջտեղը, Եղեգիս և Մոնզան գետերի միջև գտնվող քարաժայռերով պատած բլրի մոտ, տեղի ամրության պատճառով, մեծ արյունահեղություն սրեցին»
- Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն (թարգմանություն, ներածությունը և ծանոթագրություննները Ա.Ա. Աբրահամյանի), Երևան, 1986 թվական, էջ 107
 
  «Իսկ մյուսներին հետապնդեցին և նրանց մի մասին հասնելով մի բերդաժայռի ստորոտում, նեղ ձորակի մեջ՝ այնտեղ կոտորեցին։ ...Հենց այնտեղն էլ կոչվեց Անգեղաձոր։ Եվ այստեղից արշավելով վրա հասան երեք երեք հարյուր մարդու Ոստինք և Արտաբույնք կոչված գետախառնման տեղում, որտեղ նրանց էլ խողխողեցին. ... Եվ պարսիկներն այնտեղից մի փոքր անցան դեպի ձորաբերանը, որը ձախ կողմից մի քիչ վեր նայում է Ցախացքար կոչված սուրբ վանքին ...»
- Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն (թարգմանություն, ներածությունը և ծանոթագրություննները Ա.Ա. Աբրահամյանի), Երևան, 1986 թվական, էջ 108
 

2. Ղևոնդ Ալիշանը գրում է.

  «...յարևմտից Սրկղօնից լերանց, կայ ամայի Պաշքէնտ[2][3][4], ունենալով ի հարաւոյ նույնպէս ամայի և աւերակ բերդ համանուն՝ ի միջոցի կրկին ոստոց լերանց»
- Ղևոնդ Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1986 թվական, էջ 129
 
  «...բլուրն այն մեծամեծ վիմօք պատեալ և ամրացեալ՝ այժմեան աւերակն է Պաշքէնտ բերդի և նոյն դարձեալ Բոլորաբերդ կոչեցեալ երբեմն...»
- Ղևոնդ Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1986 թվական, էջ 130
 

3. Ամրոցի անվան հիշատակությունը պահպանվել է 1475 թվականին գրված Աբրահամ ծաղկողի Ավետարանում[5]։ Ձեռագրի հիշատակարանում այն պատկերազարդվել է Թանատ-Գլաձոր վանքից ոչ հեռու գտնվող Բոլոր-բերդում[6]։

Ամրոցի նկարագրություն խմբագրել

Դիրք խմբագրել

Բոլորաբերդ ամրոցը կառուցված է գլխավոր մայրուղուց դեպի արևելք՝ առանձին բլուրի ժայռացից գագաթին։ Հանդիսացել է իշխանական «Կաստել» դղյակ-ամրոց[7] տիպի պաշտպանական կառույց։

Ամրոցը տեղադրված է Սրկղունք ձորահովտի Թաքեադոնդուրան բարձրադիր լեռան գագաթին (2912 մ)[8][9]։ Բլուրը գերիշխող դիրք ունի շրջապատի նկատմամբ, որի բարձունքից պարզ եղանակին լավ երևում է Եղեգիս գետի հյուսիսային հոսանքի ամբողձ գետահովիտը և ամրոցից մոտ 7 կմ հյուսիս-արևմուտք գտնվող Սմբատաբերդ դղյակ ամրոցը։ Բոլորաբերդի դիրքը ընտրված է այնպես, որ մոտ 10-12 կմ շառավիղ ունեցող շրջանագծի մեջ ներառվում են Նորաշեն, Եղեգնաձոր, Ագարակաձոր, Սմբատաբերդ ամրոցները։

Լեռան շրջանաձև ստորոտը ողորկ է, բուսական ծածկույթից զուրկ, թեքադիր բարձրանում է վեր, ուր հատվում է զանգվածային, առանձին խմբավորված ժայռաբեկորներին։ Բոլոր կողմերից անմատույց ժայռածերպերն անմատչելի են դարձնում դեպի գագաթ վերելքը։ Մոտեցման միակ առավել հարմար կողմը հյուսիս-արևելքից է, որտեղ ժայռազանգվածները խմբավորված են լեռան բուն գագաթին և դրանով իսկ հնարավոր են դարձնում համեմատաբար անարգել մոտեցումը մինչև գագաթի շրջանը։

Օգտագործվել է տեղանքի առանձնահատուկ աշխարհագրությունը, բնական խոչընդոտների անկորուստ օգտագործումը՝ նորակերտ արգելք պատնեշների հետ սերտորեն կապկցված։ Գագաթը շրջափակող ձեռակերտ պարսպապատերը կարծես լրացնում են ժայռապատնեշների տարբեր մակարդակների վրա ընթացող և դեպի գագաթը աստիճանաձև բարձրացող բնական պատերի ամբողջական համակարգը։ Պռոշաբերդի ներսի տարածությունը պարագծով քիչ հարթեցված և հարմարեցված է աշխարհիկ կառույցների շինարարության համար, իսկ միջին հատվածը թողնված է բնական օրինաչափ ձևով, որտեղ հսկայածավալ բազալտե ժայռաքարերը անկանոն լցված են իրար վրա։

Նկարագրություն խմբագրել

Բոլորաձև ամրոցի պարսպապատերի փակ օղակից դուրս կառուցվել է պարսպի առանձին կանգնած մի գոտի, որի մնացորդները պահպանվել են մոտ 13 մ երկարությամբ և 2.5-3 մ բարձությամբ։

Ամրոցի բոլորապատերից ներս ընկած տարածքը զբաղեցնում է մոտավորապես 1.5 հա տարածություն և մինչև պարսպապատերի պահպանված վերին մակարդակը լցված է բնականից տափանված հողով ու քարակույտերով։ Ամրոցի հատակագծում յոթանիստ բազմանկյուն է, որի հարավ-արևելյան կողմը 90° կազմում և միակն է, որն ամրացված չէ բուրգով։ Պահպանված ամրոցապատերի ընդհանուր երկարությունը մոտ 120 մ է։

Պարսպապատերից ներս՝ արևմտյան և հարավային կողմերում, առկա է աշխարհիկ կառույցների սենյակների դասավորություն, որոնք համարյա չեն պահպանվել, ջրամբարի մոտ տեղադրված ձվածիր կառույցը, մուտքից քիչ հյուսիս-արևմուտք՝ այժմ էլ պահպանված երդիկավոր ուղղանկյուն սենյակի կտրվածքը։

Բոլորաբերդի բոլոր կառույցները իրականացված են տեղական մոխրակապտավուն բազալտե որձաքարերից։ Պատերը շարված են կիսամշակ, միջին չափերի, առավելապես հորիզոնական ուղղությամբ տեղադրված ուղղանկյուն քարերից, կրաշաղախի միջնաշերտով։ Պահպանված արտաքին պատերի միջին բարձրությունը 6-7 մ է։ Պատը եռաշերտ է։ Ամրոցապատերի և աշտարակների արտաքին և ներքին մակերևույթների քարերի ներսուղղված պոչերը բավական երկար են և սուրանկյուն։ Ամրոցի հարավ-արևելյան, հյուսիս-արևմտյան և արևմտյան պահպանված պարսպապատերի արտաքին մակերևույթների շարվածքի ձևը խիստ տարբերվում է մնացյալ շարվածքներից։ Կիրառվել է «եղևնաձև» կամ «ձկան ողնաշար» կոչված շարվածքը, որը իրականացվում է հորիզոնական առանցքից մոտավորապես 45° թեքությամբ տեղադրված և իրար նկատմամբ հակառակ թեքությունունեցող քարերով[10]։ Այն կիրառվում է պատի հատվածի ամբողջ երկարությամբ և կրկնվում է երկու կամ երեք մակարդակներով։

Ամրոցապատերի արտաքին վերին հատվածներում պահպանվել են փոխուղղահայաց դասավորությամբ գոտիներ, ընդ որում հորիզոնական քարերի բլոկները երեք հաջորդական շարքով են՝ մեկը մյուսի վրա, իսկ դրանք փակող ուղղահայաց դասավորությամբ գոտին՝ մեկը։

Սրբատաշ քարերով իրականացված միակ մասը ամրոցի հարավ-արևմտյան թաղակապ մուտքն է։ Ամրոցի մուտքը դիրքորոշված է դեպի հարավ և գտնվում է բազմանիստի ամենաերկար, ուղղագիծ բերդապարսպի արևմտյան անկյան մոտ։ Ռազմավարական նկատառումներից ելնելով օգտագործված է մուտքի առանցքի նկատմամբ 90° դեպի արևելք դիրքորոշված սլաքաձև թաղով սրահ-անցուղին, որը նպատակ ուներ դժվարացնել և ծուղակի մեջ գցել գլխավոր մուտքից ներս խուժած թշնամուն։ Սրահը կառուցված է կոպտատաշ բազալտե քարերով։ Սրբատաշ կամարակապ մուտքի լայնությունը 2 մ է, իսկ ամբողջական վերականգնված բարձրությունը՝ 6 մ։

Ամրոցի բուրգերը հինգն են, որոնցից պահպանվել են չորսը՝ երկուսի քիչ դուրս արտահայտված, սնամեջ, ձվածիր, իսկ երկուսը՝ կիսշրջանաձև, հոծ։ Առաջին երկուսը հանդիսացել են հսկիչ դիտաշտարակներ, որտեղից լավ տեսադաշտ է բացվում դեպի ամբողջ ձորահովիտը։ Այս բուրգերի սնամեջ հատվածները կրկնում են արտաքին ձվածիր հորինվածքը և քողարկված են փլատակներով։ Բուրգերի պատերի շարվածքը իրականացված է բերդապատերի շարվածքի նույնությամբ, իսկ հաստությունը տատանվում է 180-200 սմ-ի միջև։

Բերդի մուտքից քիչ արևելք գտնվում է թաղակապ, հատակագծում ուղղանկյուն, երդիկավոր կառույցի համեմատաբար լավ պահպանված շինությունը։ Հողի մակարդակը ժամանակի ընթացքում այնքան է բարձրացել, որ այժմ թաղակապ կառույցի ծածկը արտաքինից հավասարվել է տեղանքին։ Շինություն ներս մտելը դարձել է անհնարին։ Հյուսիսային և հարավային կողմերից ունեցել է լուսամուտներ, իսկ արևմուտքից՝ մուտք։ Այս կառույցից մոտ 15 մ հյուսիս, բլրի ժայռագագաթի հակադիր կողմում գտնվում է հատակագծում կլոր, 2 մ տրամաչափով և կտրվածքում դեպի հատակը լայնացող, մոտավորապես 2.5 մ բարձրությամբ ջրամբարը։ Այն կառուցված է բազալտե կիսամշակ քարերի անկանոն շարվածքով, որի ներսի մակերեսին մնացել է սվաղի ծածկույթի մի փոքր հատված։ Ջրամբարի հատակը նույնպես լցված է քարերով և հողով, բայց նրա չափերը և հորինվածքը պարզորոշ ընկալվում են։

Ամրոցապատերի ներսում պահպանված հատվածներից են նաև արևելյան երկարությամբ ընթացող սենյակների հետքերը։

Այլ տեղեկատվություն խմբագրել

Պռոշաբերդի արևմտյան կողմում, հարթավայրի վրա, փոքրիկ ձորակի ափին նկատելի են հին բնակատեղիի հետքերը՝ փոսերի ձևով։ Ենթադրվում է, որ նրանք Բոլորաբերդ գյուղի ավերակներն են[11][12]։

Բլրի արևելյան կողմում պահպանվել են նաև փոքր մատուռի ավերակները։

Բնության հուշարձան խմբագրել

Պռոշաբերդի բնապատկերները՝ որպես բնապատմական բնության հուշարձան, գրանցված է Բնապահպանության նախարարության պետական հուշարձանների ցանկում, որտեղ ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն[13][14]։

Պատկերներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Պաշկէնտ կամ Բաշքյանդ գյուղը համապատասխանում է պատմական Սրկղունք կամ Սրկղոնք ավանին, որի դիմաց նույնանուն լեռն է, որը հետագայում վերանվանվել է Թեքեդոլդուրան կամ Թաքեագեոնգուրան
  3. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ 1, էջ 604
  4. Գարեգին կաթողիկոս Հովսեփյան, Խաղբակյանք կամ Պռոշյանք Հայոց պատմության մեջ, Լիբանան, 1969 թվական, էջ 19-20
  5. Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր թիվ 2634
  6. Ա. Ն. Ավետիսյան, Հայկական մանրանկարչության Գլաձորի դպրոցը, Երևան, 1971 թվական, էջ 139
  7. Կաստելը բյուզանդական ամրոցի տիպ է, որը ներկայացնում է հատակագծում քառակուսի կամ ուղղանկյուն, չորս պարսպապատերի մեջ ներփակված և անկյուններում բուրգերով ամրացված պաշտպանական կառույց։ Այս տիպը անկյուններում բուրգերով ամրացված բազմանիստ պաշտպանական կառույցի նախատիպն է։
  8. Այվազյան Ա. Ա., Նախիջևանի վիմագրական ժառանգությունը, հատոր Զ, Ճահուկ-Շահապոնք գավառ, Երևան, 2010 թվական, էջ 140-154
  9. Պ. Ավդալբեգյանի «Հայաստանի Հանրապետության քարտեզի (Երևան, 1982 թվական)» գագաթը անվանվում է Շատիվանք
  10. Гольдштейн А.Ф., Башни в горах. 1977 г., с. 26
  11. Հ. Եղիազարյան, Ազիզբեկովի շրջանի կուլտուրայի հուշարձանները, Երևան, 1960 թվական, էջ 44
  12. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան»-ում Բոլորաբերդ գյուղը տեղագրված է Գնիշիկ գյուղից 4-5 կմ արևելք, Վարդաբլուր լեռան լանջին, որի գագաթին նույնպես ամրոցի ավերակներն են պահպանվել Վարդաբլուր անունով։ Այն կապ չունի Թաքեադոնդուրան լեռան ստորոտի արևմտյան մասում պահպանված բնակավայրի հետ
  13. «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին». www.arlis.am. 14 oգոստոսի 2008 թվական. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  14. «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Բնության հուշարձանների ցանկ». www.mnp.am. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 511