Պուշկինիա մկնասոխանման
Պուշկինիա մկնասոխանման | |
Պուշկինիա մկնասոխանման | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
Ընտանիք | Ծնեբեկազգիներ (Asparagaceae) |
Ենթաընտանիք | Մկնասոխայիններ (Scilloideae) |
Ցեղ | Puschkinia |
Տեսակ | Պուշկինիա մկնասոխանման (P. scilloides) |
Միջազգային անվանում | |
Puschkinia scilloides |
Պուշկինիա մկնասոխանման լատին․՝ Pushkinia scilloides, շուշանազգիների ընտանիքին պատկանող բազմամյա սոխուկավոր բույս։
Լայնորեն տարածված է մեր հանրապետությունում, հատկապես` Արարատյան դաշտի նախալեռնային գոտում։ Տերևները լայն գծանման, փոկանման են։ Ողկույզները գագաթային են՝ կազմված 3-10 ծաղիկներից։ Ծաղկապատը բաց երկնագույն է՝ դրսի կողմից մուգ երկնագույն շերտիկներով։ Նրա թերթիկները 2—3 անգամ ավելի երկար են, քան զանգականման խողովակը։ Պսակը երեք անգամ ավելի կարճ է ծաղկապատից, վեցաբաժան է։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին։ Բարձրությունը հասնում է 10-30 սմ-ի։ Բացի այն, որ հրաշալի դեկորատիվ բույս է, պուշկինիան միաժամանակ օգտագործվում է որպես վայրի բանջարաբույս, տերևները համեղ են և սննդարար։ Մեծ քանակությամբ ալկալոիդներ պարունակելու շնորհիվ հնուց ի վեր օգտագործվել է որպես բուժիչ բուսատեսակ։ Մկնասոխանման պուշկինիան հանրապետության բուսաշխարհի այն բազմաթիվ տեսակների թվին է պատկանում, որոնք մեծ հեռանկար ունեն մշակության մեջ լայնորեն ներդնելու համար։ Սակայն այս բույսը ներկայումս դեկորատիվ նպատակներով մեզ մոտ չի օգտագործվում։ Մինչդեռ կարելի է սոխուկներ հավաքել կենդանի բնությունից (այս տեսակին անհետացման վտանգ չի սպառնում) և լայնորեն օգտագործել ծաղկադեկորատիվ զանազան ձևավորումներում, հատկապես` եզրաշերտերում, քարապարտեզներում և ալիպինարիաներում[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Լ․Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Արևիկ հրատարակչություն, Երևան, 1987
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պուշկինիա մկնասոխանման» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պուշկինիա մկնասոխանման» հոդվածին։ |