Պոտենցիալաչափություն քիմիայում ֆիզիկաքիմիական մեծությունների որոշման եղանակ, հիմնված է դարձելի գալվանական էլեմենտների էլեկտրաշարժ ուժը չափելու վրա։ Պոտենցիալաչափությունում օգտագործվող գալվանական էլեմենտը սովորաբար բաղկացած է երկու էլեկտրոդներից, որոնք ընկղմված են միևնույն կամ էլեկտրոլիտային կամրջակով միացված տարբեր լուծույթներում։

Կիրառությունները խմբագրել

Պոտենցյալաչափությունը կիրառում են տարբեր պրոցեսներում թերմոդինամիկական պոտենցիալների, էնտրոպիայի, էնթալպիայի փոփոխությունը, ռեակցիաների հավասարակշռության հաստատումնները, լուծույթում էլեկտրոլիտի ակտիվությունը, ակտիվության գործակիցը, լուծույթի կոնցենտրացիան և այլն որոշելու համար։ Ամենից հաճախ պոտենցյալաչափությունը կիրառվում է իոնների ակտիվությունը չափելու և պոտենցիալաչափական տիտրման համար։

Պոտենցիալաչափական տիտրում խմբագրել

Պոտենցիալաչափական տիտրումը քանակական վերլուծության ծավալաչափային եղանակ է, որտեղ տիտրման վերջնակետը որոշվում է պոտենցիալի կտրուկ թռիչքով։ Նրա միջոցով կարելի է լուծել վերլուծական (լուծույթի քանակական բաղադրության որոշում) և ֆիզիկաքիմիական (թույլ էլեկտրոլիտի դիսոցման, կոմպլեքսների անկայունության հաստատունների, լուծելիության արտադրյալի, օքսիդավերականգնման նորմալ պոտենցիալի «թվացող» արժեքների որոշում) խնդիրներ։ Պոտենցիալաչափական տիտրման ինդիկատորային տիտրման եղանակից ճշգրիտ է, հնարավորություն է տալիս կատարել լուծույթում գտնվող մի քանի նյութերի միաժամանակյա որոշում։