Պողոս վարդապետ Տեր-Մարգարյան

Վարդապետ

Պողոս Վարդապետ Տեր-Մարգսյան, ծնվել է 1830 թվականին՝ Քանաքեռում։

Պողոս վարդապետ Տեր-Մարգարյան
Ընդհանուր տեղեկություններ
Ավազանի անունը Պողոս Վարդապետ Տեր-Մարգյան
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ծնվել է 1830 թվական
Մահացել է 1896 թվականի նոյեմբերի 2


Կենսագրություն խմբագրել

  1. 1841-1848 թվականներին սովորել և ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ժառանգավորաց դպրոցը։
  2. 1858 թվականին եղել է վանական կառավարության անդամ և լուսարար։
  3. 1859-1863 թվականներին եղել է Գորու հաջորդը։
  4. 1864 թվականի մայիսի 15-ին Բարձրագույն հաստատությամբ նշանակվում է Սինոդի անդամ։
  5. 1867 թվականի հունիսի 30-ին Սինոդը նրան կարգում է Ղազախի գավառի Հայոց վանքերիկալվածքների կառավարիչ և Հաղարծնի վանքի վանահոր պաշտոնակատար։
  6. 1892 թվականի օգոստոսի 17-ին նշանակվել է Գանձակի փոխանորդ, միևնույն ժամանակ վարելով Հաղարծնի վանահայրության պաշտոնը[1][2]։

Վարդապետն ու Հաղարծնի վանքը խմբագրել

 
Հաղարծնի վանական համալիր

Մոտակա բնավայրերի հայ բնակչության մեջ վարդապետը վայելել է մեծ հեղինակություն։ Դա նպաստել է վանքի և նրա կալվածքների բարեկարգմանը։ Մշտական բնակություն վանքում հաստետելու համար Վարդապետը այստեղ է հրավիրում մի քանի հայ ընտանիք, որոնք պետք է կարգավորեին վանքի տնտեսությունը։

Նրա ջանքերով ստեղծվում է վանքի մատենադարանը։ Մատենադարանում պահվել են մեծ քանակությամբ եկեղեցական ձեռագրեր, գրչագիր գրքեր, դասագրքեր, այդ թվում, ավետարան, Մայր Մաշտոց, Նոր կտակարան, Աստվածաշունչ, Տոնացույց, Ղազար Փարպեցի՝ «Թուղթը», Ներսես Շնորհալի՝ «Թուղթ ընդհանրականը», Եղիշե, Ս․ Ջալալյանի «Ճանապարհորդություն ի Մեծն Հայաստան» և այլն։

1885 թվականին Վարդապետը կազմում է վանքի սեփականության գույքացուցակը։ Այնտեղ թվարկվում է արծաթյա և ոսկեզօծ խաչեր, սրբապատկերներ, եպիսկոպոսական գավազաններ։ Վանքապատկան սեփականությունից նշված է՝ մեկ ջրաղաց, ջրաղացքարեր, վեց գոմ, հողագործական և շինարարական տարբեր գործիքներ, կենցաղային կառույցներ, ինչպես նաև 4000 սաժեն ճանապարհ[3]։

Վանքի շրջակա անտառը գնահատվում էր 230000 ռուբլի, որի շահագործման շնորհիվ վանահայրը պլանավորել էր վերանորոգել Հաղարծնի վանքը, ստեղծեր վանքապատկան գյուղ, նպաստեր Դիլիջանի ծխական դպրոցին, վանքում հոգևոր դպրոց ստեղծեր[4]։ Սակայն անտառապետի ջանքերով նրա մտահաղացումները չիրականացան։ Վարդապետը երկարատև պայքարի ընթացում դատարանների դռներն էր ընկնում՝ կալվածքի հարցում վանքի իրավունքները վերականգնելու նպատակով, սակայն արդյունքի չի հասնում։ Այն տևում է 30 տարուց ավել։ Խաչատուր Շահնազարյանը իր հուշերում գրում է․

  «Մարդ մնում է զարմացած, թե ինչպես այս կամքի տեր մարդը չէր հուսահատվում այդ անհաջողություններից և առանց օգնության, նույնիսկ քաջալերության, լի եռանդով, ապագայի քաղցր հույսով, ուրախությամբ տանում էր ամեն տեսակ տանջանք ու զրկանքներ։ Ամենքի կողմից հարգված այդ անձնազոհ մարդը դռնե-դուռընկած ժողովրդավարություն էրանում, իր չարքաշ կյանքը քարշ տալով վանքի դատն էր պաշտպանում»։
- Հ․ Խ․ Շահնազարյան, Հաղարծնի վանք (անտիպ հիշողություններ)
 

Խրիմյան Հայրիկը, դեռևս Վարագավանքում լսում է Պողոս վարդապետի՝ վանքը վերականգնելու ձեռնարկումների մասին և քաջալերող, խրախուսական նամակ է գրում ու ոգևորում՝ սատար կանգնելով նրան։

1985 թվականին Պողոս վարդապետը ճանապարհվում է Պետերբուրգ՝ վանքապատկան անտառի հարցով։ Դա համընկնում է նոր կայսեր Նիկոլայ երկրորդի թագադրությանը հետ, ուստի ամբողջ երկիրը պատրաստվում էր այդ միջոցառմանը։ Մայրաքաղաքում վարդապետին մեծ օժանդակություն ցույց տվեցին Կարապետ Եգյանը և սենատոր Գոնչարովը։ Ամիսներ անց, վարդապետի համառությունը, ի վերջո, տվեց իր արդյունքները։ Սենատը հօգուտ Հաղարծնի հաստատեց 700 հա հողատարածություն՝ իր անտառներով հանդերձ։

1986 թվականին հոկտեմբերի վերջերին վեհափառը նրան հրավիրում է Էջմիածին։ Պետերբուրգի անսովոր պայմանները, օտարության մեջ այդ ինն ամսվա չարչարանքներն ու ճանապարհորդություններն բոլորովին քայքայել էին նրա առողջությունը։ Հետազոտությունից հետո բժիշկը ախտորոշում է տիֆ։ Վարդապետի օրգանիզմը չի կարողանում հաղթահարել վրա հասած ծանր հիվանդությունը, և նա վախճանվում է միաբանների միջավայրում՝ 1896 թվականի նոյեմբերի 2-ին։

Նրան թաղում են հաջորդ օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության հանգստարանում։ Մայր տաճարում մատուցված հոգեհանգստին ներկա էր նաև վեհափառը, դրվատեցին նրա արժանիքները, ասելով[5][6][7].

  «ՄԻմիայն նրա անխոնջ աշխատանքին է պարտական այսօր Հաղարծնի վանքը իր կալվածքներով և բարեշինությամբ»։  

Պողոս վարդապետի մտահոգությունը, որպես Ղազախի գավառի վանքերի կալվածքների կառավարչի, չէր սահմանափակվում միայն Հաղարծնի վանքի գործերով։ Նա կարևոր էր համարում նաև իրեն վստահված գյուղերի բնակչության և եկեղեցիների հոգևոր պահանջների բավարարումը։ Հաճախ այցելում էրգյուղեր, ձեռք մեկնում կարիքավորներին, սատարում տառապյալներին[8]։

Կարծիքներ Պողոս վարդապետի մասին խմբագրել

Վարդապետի գործունեության մասին տարբեր թերթերում և ամսագրերում դրվատանքով են գրել նրա հետ շփվող և առնչվող, նրան հանդիպող և նրա գործունեությունը գնահատող հեղինակավոր ներկայացուցիչներ, գրականության գործիչներ։

Արձագանք խմբագրել

  «Պողոս վարդապետը այն արժանավոր հոգևորականներից մեկն էր, որոնք ամենայն ազնվությամբ ծառայում էին եկեղեցուն և ազգին։ Գաղափարի էր հետևում, չուներ ոսկի և արծաթ ինչք բազում, այլ իբրև ճշմարիտ աշակերտ Քրիստոսի և Ավետարանի մտածում էր, որ այդ մասին Աստված կհոգա։ Մենք զրկվեցին մեր արժանավոր հովվից, Հաղարծինը՝ իր անձնվեր պաշտպանից, իսկ սուրբ Էջմիածինը՝ իր ընտիր անդամից։ Այո պակասեցավ մի անձնավորություն, իդեալական՝ բառի բուն նշանակության մարդ, որից կարող է մեր հոգևորականությունը օրինակ վերցնել, թե ինչպես պետք է շառայել գաղափարի համար»[9]։  

Մեղու Հայաստան լրագիր խմբագրել

  «Այս երևելի մենաստանը (Հաղարծինը) գրեթե մոռացության էր մատնված, թեև նրա գեղեցիկ շինությունները արժանի են, որ առավել կյանք ունենային, քան թե ունենալու ենայսուհետև․․․ Պողոս վարդապետն է, որ ջանք է գործ դնում այս սրբությունները պահելու համար, սիրելով ազգը, որպես աչքը․․․ ոչինչ չի խնայում նախնյաց նշխարները կորուստից ազատելու համար»։
- Մեղու Հայաստան լրագիր, թիվ 86 համար, 1881 թվական
 

Մակար եպիսկոպոս Բարխուդարյան խմբագրել

  «Արժանապատիվ հայր սուրբը մաքառելով ամեն տեսակ նեղությանց, աղքատությանց և թշվառությանց հետ, պահպանում է վանքերս և ցարդ հազիվ կարողացած է վանքապատկան անել 5000 օրավար հողերից միայն 1105 օրավայր, որը տակավին վճռված չէ ևս վերջնականապես»։
- Մ․ Բարխուդարյան, Արցախ, 1895 թվական, էջ 368
 

Ռաֆայել Պատկանյան խմբագրել

  «Մի քանի ժամից հասանք հոյակապ անտառով շրջապատված պատմական վանքը, տեսա հռչակավոր Պողոս վարդապետին և նրա կտուրի տակ մի գիշեր անցուցի։ Նա պատմեց, որ բնակություն է հաստատել վանքում 1862 թվականին, լուսահոգի Մաթևոս կաթողիկոսի օրոք և կամաց-կամաց կենդանություն է տվել վանքին։ Այժմ Հաղարծինը բավականին հարստություն ունի, 1000 օրավար անտառ, մի փոքր անասունների հոտ, փոքրիկ բանջարանոց և պարտեզ։ Հայր Պողոսը պատմեց ինձ, թե ինչ հրաշքով գտել է գետնաթաղ պղնձե կաթսան և զանգակը (այժմ պահվում են Հայաստանի պատմության թանգարանում) յուր խցի դռան առջևից և ինչպես ուղարկել է Էջմիածնի թանգարանը։ Կաթսայի վրայի մակագրությունից երևում է, որ 785 տարի առաջ քահանա ընծայել է վանքին[10]»:  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մուրճ, 1896 թվական, թիվ 12, էջ 1649
  2. Արարատ 1896 թվական, թիվ 11, էջ 522
  3. ՀՀ ՊՊԿ, արխիվ, ֆ․ 56, գ․ 87, ց 6
  4. Արձագանք, թիվ 13, XI, 1898 թվական
  5. Արձագանք, 1985 թվական, 10, XI
  6. Նոր դար, 16․ I. 1987 թվական
  7. Արարատ, 1895 թվական, թիվ 11, էջ 522
  8. Նոր դար, թիվ 3, V, 1891 թվական
  9. Արձագանք, 10, XI, 1896 թվական
  10. Արձագանք, թիվ 29, 87 թվական, էջ 483