Պողոս Բ Գառնեցի
Պողոս Բ Գառնեցի (անհայտ - 1430), Ամենայն Հայոց կաթողիկոս 1418 թվականից։ Հաջորդել է Գրիգոր Ը Խանձողատին։ Ծննդյան թիվն անհայտ է, ծնվել է Այրարատի Գառնի գյուղում։ Մահացել է 1430-ին Սիս քաղաքում։
Պողոս Բ Գառնեցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Մահացել է | 1430 |
Մասնագիտություն | Eastern Orthodox priest |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Կրթությունը ստացել է Տաթևի վանքում՝ աշակերտելով Գրիգոր Տաթևացուն։ 1413-1418 թվականներին եղել է Երուսաղեմի պատրիարք։ 1413 թ.-ին գնել և Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքին է նվիրել Գեթսեմանիի Ձիթենյաց պարտեզը։
1418 թվականին արևելահայ հոգևորականների խնդրանքով մեկնել է Սիս՝ կաթողիկոսարանում տիրող երկպառակություններին վերջ տալու նպատակով։ Նույն թվականին գահընկեց է արել Գրիգոր Ը Խանձողատին և դարձել Ամենայն Հայոց կաթողիկոս։
Իրականացրել է շինարարական աշխատանքներ։ 1423 թվականին կառուցել է նոր հայրապետանոց, ձեռնարկել Սբ. Աննա հայրապետանիստ վանքի վերականգնումը։ 1419 թվականին գրել է տվել Ճառընտիր, 1422 թվականին Հայսմավուրք ու Տարեգիրք, ընդօրինակել տվել այլ ձեռագրեր։
Հայրապետական աթոռն ամրապնդելու և լատինամետ տարրի դեմ պայքարն իրագործելու համար Արևելյան Հայաստանից հրավիրել է եկեղեցու նվիրյալ հոգևորականների։
Թեև Սսի միաբան եպիսկոպոսները ընդունեցին Պողոս Բ Գառնեցու կաթողիկոսությունը, միևնույնն է չհաշտվեցին իրենց զեղծումների դեմ սկսված պայքարի և Արևելյան Հայաստանից եկած աբեղաների և վարդապետների ներկայության հետ, որն էլ պատճառ դարձավ Հայոց հայրապետի եղերական մահվան։ Նա եղավ այն կաթողիկոսներից, որոնց Սսի միաբանները «դեղ մահու արբուցին և ի կենաց աստի հանին»։
Կաթողիկոսական գահին Պողոս Բ Գառնեցուն հաջորդել է Կոնստանդին Զ Վահկացին։
Գրականություն Խմբագրել
- Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Բ, Ս. Էջմիածին, 2001
Նախորդող՝ Գրիգոր Ը Խանձողատ |
Կաթողիկոս 1418–1430 |
Հաջորդող՝ Կոնստանդին Զ Վահկացի |