Պոլ Անրի Հոլբախ
Պոլ Անրի Հոլբախ[7] (կամ Օլբակ, կամ Բարոն դ'Օլբախ, ֆր.՝ Paul-Henri Thiry, Baron d'Holbach, դեկտեմբերի 8, 1723[1][2][3][…], Էդեսհայմ, Edenkoben, Südliche Weinstraße, Ռայնլանդ Պֆալց[4] - հունվարի 21, 1789[2][3][5][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]), ֆրանսիացի մատերիալիստ, աթեիստ, համարվում է գիտական աթեիզմի հիմնադիրը, ֆրանսիական բուրժուա-դեմոկրատական հեղափոխության գաղափարախոս, «աթեիստների աստվածաշունչ» համարվող «Le Système de la nature» աշխատության հեղինակը։ Ծագումով՝ գերմանացի։
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1723[1][2][3][…] Էդեսհայմ, Edenkoben, Südliche Weinstraße, Ռայնլանդ Պֆալց[4] |
---|---|
Մահացել է | հունվարի 21, 1789[2][3][5][…] (65 տարեկան) Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] |
Գերեզման | Սուրբ Ռոխի եկեղեցի |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Electoral Palatinate |
Դավանանք | աթեիզմ |
Ուղղություն | աթեիզմ |
Մասնագիտություն | փիլիսոփա, գրող, գրական սալոնի տեր, քիմիկոս, հանրագիտական, փաստաբան և թարգմանիչ |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն[4] |
Անդամակցություն | Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Լեյդենի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1][4][6], գերմաներեն[4] և անգլերեն[4] |
Ամուսին(ներ) | Basile-Geneviève d'Aine? և Շառլոտա-Սյուզաննա դ'Այն |
Baron d'Holbach Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Էդեսհեյմ քաղաքում, սակայն իր կյանքն անցկացրել է Փարիզում։ 12 տարեկան հասակում փոխադրվել է Փարիզ և դաստիարակվել քեռու ընտանիքում՝ նրանից ժառանգելով մեծ հարստություն և բարոնի տիտղոս։ Բարձրագույն կրթությունն ստացել է Լեյդեն Հոլանդիա համալսարանում։ Հոլբախը ևս եղել է հանրագիտարանի աշխատակից, ինչի համար հաճախ հանդիպումներ է ունեցել Դենի Դիդրոյի, Հելվեցիուսի, Դ'Ալամբերի, Բյուֆոնի և ուրիշների հետ։ Հոլբախը գտնում էր, որ փիլիսոփայական հեղափոխությունը հանդիսանում է քաղաքական հեղաշրջման սկիզբ։ Նա իր կոնցեպցիայում տեսականորեն հիմնավորում է ֆեոդալական կարգերը նորով փոխարինելու անհրաժեշտությունը։
Գործունեություն
խմբագրելԴ. Դիդրոյի և Ժ. Դ’Ալամբերի հետ կազմակերպել է «Հանրագիտարանի» հրատարակությունը, խմբագրել քիմիայի, դեղաբանության, ֆիզիոլոգիայի, բժշկության բաժինները։ Թարգմանել է գերմանացի և շվեդ բնագետների, անգլիացի մատերիալիստների աշխատությունները, հրատարակել է 18-րդ դար 1-ին կեսի դեիստների անանուն ձեռագրերը և իր աշխատությունները (մոտ 60 հատոր)։ XVIII դ. ամենանշանավոր փիլիսոփայական սալոնը Հոլբախինն էր, ուր հաճախում էին Դ. Դիդրոն, Կ. Ա. Հելվեցիուսը, Ժ. Դ’Ալամբերը, Ժ. Լ, Բյուֆոնը, Ժ. Ա. Նեժոնը, Բ. Ֆրանկլինը, Դ. Հյումը, Ա. Սմիթը և ուրիշներ։ Հոլբախը փիլիսոփայության պատմության մեջ հայտնի է «Բնության համակարգը» (հրտ. 1770) աշխատությամբ։ Այդ աշխատության մեջ նա իմի բերեց և համակարգեց ֆրանսիացի մատերիալիստների փիլիսոփայությունը, աթեիստական, բարոյագիտական և սոցիալ-քաղաքական հայացքները։
Ուսմունք
խմբագրելՀոլբախը հանդես եկավ կրոնի և իդեալիստական փիլիսոփայության, հատկապես Թովմա Աքվինացու, Մալբրանշի, Բերկլիի ուսմունքների քննադատությամբ, դրանք համարեց պատրանք, որը հակասում է առողջ բանականությանը։ Նա իր մատերիալիզմը մշակեց դարի բնական գիտությունների զարգացման մակարդակով։ Մատերիան, ըստ նրա, մշտապես գոյություն ունեցող միակ նախահիմքն է, բնության երևույթների բազմազանության պատճառը։ Նա ընդհուպ մոտեցավ մատերիայի փիլիսոփայական ըմբռնմանը, գտնելով, որ «Մատերիան այն ամենն է, ինչ որևէ ձևով ներգործում է մեր զգայարանների վրա», գոյություն ունենալով օբյեկտիվորեն։ Շարժումը, ժամանակը և տարածությունը նրա գոյության օբյեկտիվ ձևերն են։ Մարդը, ըստ Հոլբախի, բնության մի մասն է և ենթակա է նրա օրենքներին։ Հոլբախը պաշտպանում էր դետերմինիզմը, սակայն պատճառականությունն ըմբռնում էր մեխանիստորեն և ժխտում էր պատահականությունների օբյեկտիվ բնույթը։ Իմացաբանության մեջ Հոլբախը հարում էր սենսուաուիզմին, հանդես գալիս ագնոստիցիզմի դեմ։ Հոլբախը աստվածաբանության անողոք քննադատն էր։ Մարտնչող աթեիստական հետևություններ անելով մատերիալիզմից՝ նա առողջ բանականության դատին հանձնեց կրոնի գրեթե բոլոր դոգմաները և վճռական պայքար ծավալեց կղերա-ֆեոդալական գաղափարախոսության դեմ։ Հասարակության վերաբերյալ հայացքներում իդեալիստ էր. գտնում էր, որ հասարակության ծագման հիմքը հասարակական դաշինքն է, որ «կարծիքներն են կառավարում աշխարհը»։ Մարդկության ազատագրության ուղին նա տեսնում էր լուսավորության մեջ, այդ պատճառով պատմության մեջ վճռական դեր էր հատկացնում օրենսդիրների, լուսավորյալ միապետների գործունեությանը։ Քննադատելով ֆեոդալիզմը՝ նա գալիք հասարակությունն ըմբռնում էր իբրև բանականության թագավորություն զերծ ֆեոդալիզմի սոցիալ-տնտեսական և հոգևոր բարոյական արատներից։ Հելվեցիուսի հետ նա որոշակի դեր է կատարել ուտոպիական սոցիալիզմի գաղափարական նախապատրաստման համար։ 19-րդ դար հայ առաջադեմ մտածողները հաճախ անդրադարձել են նրա փիլիսոփայությանը՝ այն դարձնելով առաջադիմական-լուսավորական գաղափարների մշակման նախադրյալ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ CONOR.Sl
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 59. ISBN 99941-56-03-9.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլ Անրի Հոլբախ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլ Անրի Հոլբախ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 510)։ |