Պոդաքսիս վարսանդային
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Տեսակ Պոդաքսիս վարսանդային
Լատիներեն անվանում
Podaxis pistillaris


Պոդաքսիս վարսանդային (լատին․՝ Podaxis pistillaris), Podaxaceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Պտղամարմինները ունեն մինչև 25 սմ բարձրություն։ 3-6 x 1-3 սմ պերիդիումը ձվաձև կամ էլիպսաձև է։ Էկզոպերիդիումը թեփուկավոր է և հասունանալուց սովորաբար թափվող։ Արտաքինից սպիտակ և կաշվեգույն, երբեմն ժանգագույն էնդոպերիդիումը բարակ է, սկզբում՝ հարթ, փայլուն կամ թելիկավոր, կնճռոտված, ապա՝ պատառոտված։ 5-7 x 0,2–7 սմ, սպիտակ, փխրուն, պարուրաձև ոլորված, արագ ոչնչացող թեփուկներով ծածկված ոտիկը հիմքում պալարաձև հաստացած է, երբեմն պատյանի (վոլվա) մնացորդներով։ Երիտասարդ վիճակում սպիտակ գլեբան հասունանալուց հետո կարմրաշագանակագույն է։ Կարմրագորշ կամ շագանակագույն կապիլիցիումի հիֆերը ձիթապտղագույն են, միջնապատերով, լավ զարգացած, թույլ ճյուղավորված։ Սպորափոշին մուգ շագանակագույն է, իսկ 7-16 x 7-12 մկմ, մուգ շագանակագույն սպորները՝ հարթ, ձվաձև, ծլման ծակոտիներով, էլիպսոիդալ կամ գնդաձև[1]։

Տարածվածություն խմբագրել

Ընդհանուր արեալն ընդգրկում է Ասիան, Աֆրիկան, Հյուսիային Ամերիկան, Հարավային Ամերիկան, Ավստրալիան, Հարավային Կովկասը (Հայաստան)։ Տարածված է արևադարձային և մերձարևադարձային գոտիներում, հազվադեպ նաև տափաստաններում։ Հայաստանում տեսակի եզակի օրինակները հայտնաբերված են միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում՝ «Խոսրովի անտառ» արգելոցի տարածքում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Հանդիպում է ժայռոտ վայրերում, ավազների վրա, 1200-1700 մ բարձրության վրա, չորային, շոգ եղանակին, մայիս ամսին։ Պսամոտրոֆ է[1]։

Պահպանություն խմբագրել

Պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցի համապատասխան էկոհամակարգերի կազմում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոդաքսիս վարսանդային» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոդաքսիս վարսանդային» հոդվածին։