Պղնձամոլիբդենային արդյունաբերություն

Պղձամոլիբդենային արդյունաբերություն, գունավոր մետալուրգիայի ենթաճյուղ, որը ներառնում է զուտ պղնձի, պղինձ ու մոլիբդեն պարունակող հանքանյութի արդյունահանումը, հարստացումը, պղնձի ու մոլիբդենի մետալուրգիական մշակումը։

Հայաստանը եղել է պղնձի արտադրության և օգտագործման բնօրրաններից, սակայն պղնձագործությունը զարգացել է ընդհատումներով։ Պղնձի արդյունահանումն ու մշակումը որոշ չափով աշխուժացել է XVIII դարի վերջին- XIX դարի սկզբին (հատկապես Ալավերդու պղնձաձուլարանի գործարկմամբ)։ Պղնձագործությունը դարձել է արհեստագործության աչքի ընկնող բնագավառ, իսկ XIX դարի վերջին քառորդում՝ արտադրության մասնագիտացված ճյուղը։ 1913 թվականին Հայաստանում արտադրվել է Ռուսաստանում արդյունահանվող պղնձի 1/5 մասը, որը գրեթե ամբողջությամբ արտահանվել է։ 1918-1920-ական թվականներին պղնձի արդյունահանումն ու մետալուրգիան նորից անկում ապրեցին։ Հայաստանի ինքնիշխանության անկումից և երկրում խորհրդային ռեժիմի հաստատումից հետո սկսվեց պղնձամոլիբդենային արդյունաբերության վերականգնումն ու զարգացումը, աճեց արտադրանքի ծավալը, բարձրացավ հանրապետության հարավի (Ղափան) տնտեսական նշանակությունը։ Էլեկտրոլիզի, վայերբարսների, գլանման արտադրությունների կազմակերպման շնորհիվ պղնձի մետալուրգիայի ցիկլը դարձավ ավարտուն, մետալուրգիան օրգանապես կապվեց էլեկտրատեխնիկական, սարքաշինական, ռադիոտեխնիկայի արդյունաբերության հետ՝ դառնալով այդ ճյուղերի զարգացման հումքային բազան։

1930-1940-ական թվականներին Խորհրդային Հայաստանում (Քաջարանում և Ագարակում) հայտնաբերվեցին պղնձամոլիբդենային հարուստ հանքավայրեր և 1950-ական թվականներին կազմակերպվեց մոլիբդենի խտանյութերի արտադրությունը, որն ուներ «միութենական նշանակություն»։ 1983 թվականին ՀԽՍՀ պղձաբոլիբդենային արդյունաբերությունները ներկայացնում էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Ագարակի պղձամոլիբդենային կոմբինատը, Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատը, և Երևանի կաբելի գործարանի գլանման արտադրամասը, որոնք (բացի արտադրամասից) ներառում էին Ղափանի, Շամլուղի, մասամբ Ախթալայի փակ և Քաջարանի ու Ագարակի պղնձամոլիբդենային բաց հանքերը, Ղափանի, Քաջարանի, Ախթալայի հարստացուցիչ ֆաբրիկաները։ Արդյունահանվողtպղնձի խտանյութը մշակվում է Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատում, իսկ մոլիբդենի խտանյութն առաքվում է որպես պատրաստի արտադրանք։ Վերջինս, համապատասխան մշակումից հետո, օգտագործվում է հիմնականում լեգիրված, հրակայուն և բարձրորակ այլ պողպատ արտադրելու համար։ Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի հիմնական արտադրանքը պղնձի ձուլածոները (վայերբարսներ) և կատոդային պղինձն են։ Ծծմբային անհիդրիդի կորզմամբ այստեղ թողարկվում է նաև ծծմբական թթու, իսկ վերջինից՝ պղնձարջասպ (օգտագործելով դրսից ստացվող երկրորդային պղինձը)։ Որպես ուղեկցող արտադրանք ստացվում է ոսկի, արծաթ, սելեն, թելուր, որոնք կուտակվում են պղնձի էլեկտրոլիզի ընթացքում առաջացող խարամում։ Արտադրվող վայերբարսների մեծ մասը Երևանի կաբելի գործարանում գլանվում և վերածվում է էլեկտրալարի, կաբելի, պղնձյա ժապավենի։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։