Պետրոս Տեր-Պետրոսյան

հայ ճարտարագետ

Պետրոս Հակոբի Տեր-Պետրոսյան (դեկտեմբերի 20, 1941(1941-12-20), Հալեպ, Սիրիա - օգոստոս 2014[1]), հայ ճարտարագետ, Հայաստանում խոշորապանելային տնաշինության հիմնադիրներից։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (2000), պրոֆեսոր (2001): ՀՃԱ թղթակից անդամ (2003), Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի շինարարական իրերի և կոնստրուկցիաների արտադրության ամբիոնի վարիչ (2002): ԱՊՀ շինարարական բուհերի ընկերակցության պատվավոր պրոֆեսոր (2002):

Պետրոս Տեր-Պետրոսյան
Ծնվել էդեկտեմբերի 20, 1941(1941-12-20)
ԾննդավայրՀալեպ, Սիրիա
Մահացել էօգոստոս 2014 (72 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1963)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (2000)
Մասնագիտությունճարտարագետ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

Պետրոս Տեր-Պետրոսյանը ծնվել է 1941 թվականի դեկտեմբերի 20-ին, Հալեպում, Հակոբ Տեր-Պետրոսյանի (1908-1994) և Ազատուհի Տեր-Պետրոսյանի (օրիորդական ազգանունը՝ Ղարիբյան, 1915-2003) ընտանիքում[2]։ 1946 թվականին ծնողների հետ հայրենադարձել է։ 1963 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1963-1972 թվականներին և 1979-1993 թվականներին աշխատել է շինարարական ձեռնարկություններում (արտադրամասի, արտադրության վարչության պետ, գլխավոր տեխնոլոգ-ճարտարագետ), 1972-1978 թվականներին՝ Երևանի շինարարական տեխնիկումում (փեխտնօրեն, տնօրեն), 1978-1991 թվականներին՝ ՀԽՍՀ շինարարության նախարարության վարչությունների պետ, 1993-1998 թվականներին՝ «Շինինդուստրիա» պետական ձեռնարկության գլխավոր տնօրեն, 1995-2000 թվականներին՝ ՀՀ Շինարարների ընկերակցության նախագահ, «Հայաստանի շինարարների տեղեկագիր» ամսագրի գլխավոր խմբագիր, 1985 թվականից միաժամանակ դասախոսում է ԵՊՃՇՀ-ում. 2002 թվականից՝ շինարարական իրերի և կառուցվածքների ամբիոնի վարիչ[3]։

Մասնակցել է Չեռնոբիլի ատոմակայանի աշխատակիցների համար կառուցվող Սլավուտիչ քաղաքի շինարարական աշխատանքներին, որի համար պարգևատրվել է Ուկրաինայի «Ծառայության համար» շքանշանով (1997)[4]։

Աշխատանքները վերաբերում են բետոնի և երկաթբետոնի արտադրությունում հրաբխային ապարների կիրառմանը։ Հեղինակ է բուհական դասագրքերի, գիտական հրատարակությունների, այդ թվում` 7 գրքերի, 6 գյուտերի։

Պարգևներ խմբագրել

  • Ուկրաինայի «Ծառայության համար» շքանշան (1997)

Երկեր խմբագրել

  • Անվտանգության տեխնիկա շինարարական նյութերի, իրերի և կառուցվածքների արտադրությունում։ Պետրոս Հակոբի Տեր-Պետրոսյան, Երևան, 2001։
  • Նյութագիտություն շինարարների համար։ Ուսումնական ձեռնարկ շինարարական մասնագիտությունների ուսանողների համար, Պետրոս Հակոբի Տեր-Պետրոսյան, Նաիրի, 2005, 614 էջ[5]։
  • Կոնստրուկտիվ բետոնների կազմերի նախագծում, Երևան, 1998 (համահեղինակ)։
  • Երկրաշարժ. ինչպես պատրաստ լինել դրան, Երևան, 1998 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Intell-Sol.com. «Մահացել է Լևոն Տեր–Պետրոսյանի եղբայրը». www.7or.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.
  2. «Լևոն Տեր-Պետրոսյանի լրացված կենսագրությունը - iLur.am` Ի լուր աշխարհի». www.ilur.am (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 596։
  4. «Մահացել է Առաջին նախագահի եղբայրը». Ա1+. Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.
  5. Տեր-Պետրոսյան, Պետրոս Հակոբի (2005). Նյութագիտություն շինարարների համար։ Ուսումնական ձեռնարկ շինարարական մասնագիտությունների ուսանողների համար. Նաիրի. ISBN 9785550013939.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրոս Տեր-Պետրոսյան» հոդվածին։