Պետական Դրոշ, պետությունների սուվերենությունն արտահայտող պաշտոնական տարբերանշան։ Նկարագրությունը տրվում է օրենսդրությամբ (սովորաբար սահմանադրությամբ)։ Պետական դրոշ բարձրացվում է պետական հիմնարկությունների, դեսպանատների, պառլամենտական և այլ հաստատությունների շենքերի վրա, ինչպես նաև միջազգային կոնֆերանսների, հանդիսավոր արարողությունների ժամանակ, միջազգային մրցանակներ շնորհելիս և բազմաթիվ այլ դեպքերում։

ՀՀ պետական դրոշը

Հին հայկական թագավորական տները (Արտաշեսյան, Արշակունի, Բագրատունի) ունեցել են իրենց պետական դրոշը։ Արտաշեսյանների ու Արշակունիների ծիրանագույն դրոշի վրա եղել է երկու արծիվ, մեջտեղում՝ արնի նշան, Բագրատունիների պետական դրոշի վրա՝ մեկ արծիվ, Կիլիկիայի հայկական պետության պետական դրոշի ծիրանագույն ֆոնի վրա պատկերվել է արքայական գավազանով առյուծ (նույն պատկերը կա նաև Լևոն Ա-ի դրամի վրա)։ Հայ նախարարություններն ունեցել են դրոշներ, որոնցով մասնակցել են կռիվների։ 1773 թվականին լույս տեսած Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառաց» աշխատության մեջ նկարագրված է Հայաստանի ապագա պետական դրոշը (կարմիր, կապույտ և դեղիև)՝ ստեղծվելիք բանակի երեք սպարապետությունների զինվորների համազգեստների գույներին համապատասխան։ 1789 թվականին Հովհաննես Լազարյանը և Հովսեփ Արղությանը Ռուսաստանին ներկայացվելիք ծրագրում Հայաստանի պետական դրոշը նախատեսել են կարմիր, կանաչ, կապույտ գույներով և Նոյան տապանի նշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 455