Պարսկաստանի հյուպատոսարանի շենք

Պարսկաստանի հյուպատոսարանի շենք, հանրապետական նշանակության պատմամշակութային շինություն Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Հանրապետության փողոցում։

Պարսկաստանի հյուպատոսարանի շենք
Քարտեզ
Քարտեզ
Տեսակպալատ
ՃարտարապետՄիխայիլ ֆոն դեր Նոննե
Ստեղծում1876
Երկիր Հայաստան
ԲնակավայրԵրևան
Շինության ձևՊատմամշակութային շինություն
Նյութտուֆ
Ներկա վիճակկանգուն
 Former Persian embassy building in Yerevan Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ըստ ճարտարապետ Վարազդատ Հարությունյանի՝ 19-րդ դարի 50-ական թվականներին փողոցի այս հատվածը պատկանել է պարսիկ Հաջի Աբբաս Քյալբարայ Աբդու Հուսեյն Օղլուն։

Շուտով Երևանի քաղաքային խորհուրդը 25 տարով վարձով է վերցնում շենքը՝ վճարելով տարեկան 600 ռուբլի։

Սակայն պայմանագրի ժամկետը չլրացած` 1876 թվականին այդտեղ կառուցվում է Պարսկաստանի հյուպատոսի նստավայրը։ Ճարտարապետն ու կառուցողը գերմանացի է` Երևանի նահանգային ճարտարապետ Միխայիլ ֆոն դեր Նոննեն։

Հյուպատոսությունը գործել է մինչև 1920 թվականը։

1922-1937 թվականներին այստեղ է եղել Հայկական դիվիզիայի շտաբը։ Հետագայում 3 տարի շենքում գործել է Հայաստանի օգնության կոմիտեն, որը ղեկավարում էր բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։

1924 թվականից շենքում գործել է երեկոյան դպրոց կոմունիստների համար։ Այնուհետև 18 տարի այդտեղ է գտնվել հայկական բանակի ռազմական դատախազությունը։

1964 թվականից մինչև այսօր այստեղ է գտնվում Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերությունը, որի հիմնադիրներն են նկարիչ, ակադեմիկոս Մարտիրոս Սարյանը, ճարտարապետ Վարազդատ Հարությունյանը և հնագետ, պատմաբան Բաբկեն Առաքելյանը։ Ընկերության առաջին նախագահը եղել է Մարտիրոս Սարյանը։

Շենք խմբագրել

Շենքը մեկհարկանի է։ Կառուցված է սև տուֆից։ Ճակատային մասում կա մեծ կլոր զարդաքանդակ։ Պատուհանի վերին կամարները պատված են զարդանախշերով։

Ժամանակին պարսից հյուպատոսին պատկանած սենյակի պատերը ամբողջությամբ ծածկված են որմնանկարներով։ Սենյակի կենտրոնում կա հայելապատ աղոթարան-խորշ։

Մուտքից դեպի ձախ կա մի դուռ, որով ժամանակին աստիճանները տարել են դեպի նկուղային հարկ (այդ հատվածը փլուզվել է)։

Հետաքրքիր է շենքի ջահի պատմությունը։ Ըստ Ալ. Թամանյանի որդու՝ Յուրի Թամանյանի՝ շենքը էլեկտրաֆիկացվել է իր հոր նախաձեռնությամբ։ Հյուպատոսի սենյակում 1927 թվականից կախված ջահը նախագծվել է անձամբ Ալ. Թամանյանի կողմից և պատվիրվել Իտալիայում։

Վերանորոգման աշխատանքների արդյունքում թարմացվել է մանրահատակը, ջահը, անցկացվել է ջեռուցման համակարգ։ Նախատեսվում է նաև դրսի կողմից թարմացնել շենքը և վերանորոգել մյուս սենյակները։

Որմնանկարներ խմբագրել

Որմնանկարները թվագրվում են շենքի կառուցման ժամանակաշրջանին։ Ոճը արևելյան է՝ պարսկական, հարուստ նաև հայկական մոտիվներով։ Որմնանկարներն արվել են հայ վարպետների կողմից։ Դրա վառ ապացույցն է որմնանկարներում թողնված գաղտնագիր խաչերը։ Հետաքրքրական է նաև մուտքի վերևի կամարի որմնանկարները, որոնցում պատկերված են սոխակներ, եղնիկներ, սկիհներ, որոնք լայնորեն կիրառվել են հայկական մանրանկարչության մեջ։

Վերևի հատվածի ծաղկափնջերով, սկիհներով ու թռչուններով պատկերներն ու մոտիվները պարսկական են։

Հյուպատոսի սենյակի վերանորոգման ժամանակ որմնանկարները վերականգնվել են որմնանկարիչների մասնագիտական խմբի կողմից, թարմացվել են գույներն ու ամբողջովին վերանորոգվել քայքայված հատվածները։

Պատկերասրահ խմբագրել

Ներկայիս վիճակ խմբագրել

2014 թվականին Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերակցությունը պայմանավորվածություն ձեռք բերեց Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի (ԻԿՕՄՈՍ) հայաստանյան գրասենյակի հետ տարածքը համատեղ օգտագործելու մասին։ Վերջինիս նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետարանի և Մշակույթի նախարարության միջոցներով էլ վերանորոգվեց շենքը։

Նախատեսվում է հյուպատոսի սենյակը կահավորել ոճային կահույքով, վերածել ցուցասրահի և ներառել այն Երևանի զբոսաջրջային վայրերի ցանկում։

Արտաքին հղումներ խմբագրել