Պարսից պատերազմ (հերոսավեպ)

Պարսից պատերազմ, հայ հին ժողովրդի հերոսավեպ։ Հատվածաբար է գրառվել, որոշ չափով վերամշակվել և պահպանվել է Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Մովսես Խորենացու, Սեբեոսի, մասամբ նաև՝ Հովհան Մամիկոնյանի, Մովսես Կաղանկատվացու և Ստեփանոս Օրբելյանի պատմագրական երկերում։ «Պարսից պատերազմ»-ի վիպական իրադարձությունները բանավոր ավանդության մեջ գեղարվեստորեն ձևավորվել են 3-4-րդ դարերում՝ Հայաստանի ներքին և արտաքին կյանքի պատմության եղելությունների հիմքի վրա։

Արշակունիների արքայատոհմ խմբագրել

Հայ Արշակունիներին ազգակից Պարթև Արշակունիների արքայատոհմի վերացումը Իրանում, հայերի քրիստոնեության ընդունումը և Հայաստանի քաղաքացիների կողմնորոշումը դեպի Հռոմ սուր հակասություններ են ստեղծել Հայաստանի և Իրանի միջև՝ առաջ բերելով պարբերաբար կրկնվող զինված ընդհարումներ։ Այդ կռիվների, ինչպես նաև հայ Արշակունի թագավորների և նախարարական տների միջև ծագած հակասությունների վերաբերյալ հորինվել են զանազան ավանդություններ, երգեր, զրույցներ։ Դրանք համախմբվել են Արշակունի թագավորների և Մամիկոնյան սպարապետների արարքների շուրջը՝ սերունդների ու դեպքերի հաջորդության սկզբունքով, և ստեղծել «Պարսից պատերազմ»։ Այն բաժանվում է վիպական մի քանի ճյուղերի՝ թագավորների և սպարապետների անուններով (Խոսրով Մեծ և Տրդատ, Խոսրով Կոտակ և Վաչե․ Տիրան, Արշակ ու Պապ և Վասակ ու Մուշեղ․ Մանուել)։ «Պարսից պատերազմը», գրառվելով իրեն հիմք ծառայած պատմության իրադարձություններից քիչ ժամանակ անց, չի ենթարկվել բանահյուսական տևական վերամշակման և հատկանշվում է խիստ պատմականությամբ, իրականության ռեալիստական ընկալումով։ Այսուհանդերձ, հանդես եկող հայ ու պարսիկ թագավորները, սպարապետներն ու իշխանները ոչ թե պատմական ստույգ անձնավորություններ են, այլ իրական պատմության նախատիպերի վրա ձևավորված վիպական գեղարվեստական կերպարներ։ «Պարսից պատերազմի» բովանդակությունը հայերի և պարսիկների երկարատև ու պարբերական կռիվներն են, որոնք միշտ ավարտվում են հայերի հաղթանակով։ Վեպի գաղափարական հիմնական միտումը մարտնչող հայրենասիրությունն է։

Գլխավոր հերոսներ խմբագրել

Գլխավոր հերոսները Մամիկոնյան սպարապետներն են (Վասակ, Մուշեղ, Մանուել)՝ հայրենասիրական գաղափարների մարմնացումները։ Նրանք գաղափարականացված են՝ օժտված քաջությամբ, ասպետական վեհանձնությամբ, ազգային պատվախնդրությամբ, հայրենիքի և հայ Արշակունի թագավորների հանդեպ նվիրվածությամբ, իդեալականացված հատկանիշներով։ Արշակունի թագավորները մարմնավորում են անկախ և ինքնուրույն պետականությունը։

Վեպում գերիշխող արքայական տիրապետության և տիրադավության դատապարտման գաղափարները մի կողմից պայմանավորված են ֆեոդալական ժամանակների բարոյախոսությամբ, մյուս կողմից՝ հայրենի ինքնուրույն պետականության և անկախության պահպանման անհրաժեշտությամբ։ «Պարսից պատերազմը» միջնադարյան տիպիկ հերոսավեպ է։ Այն գեղարվեստորեն անդրադարձել է նաև վաղ ֆեոդալական Հայաստանի կյանքի ու կենցաղի շատ բնորոշ կողմերին՝ դասակարգային հարաբերություններ և ընդվզումներ, ֆեոդալի և վասալի հարաբերություն, զինվորական ծառայություն, ավարառություն, որսորդություն և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 207