Պատրանք (նկար)

Սարգիս Երկանյանի նկարներից

Պատրանք, Սարգիս Երկանյանի նկարներից։ Հավատարիմ մնալով ռեալիստական սկզբունքին՝ ստեղծել է իրական կյանքի հարազատ պատկեր։ Նկարիչն ընտրել է իդեալական մարմնակազմությամբ օրիորդ՝ համոզիչ դարձնելու համար ջրում անդրադարձված մարմնով հրապուրվելու փաստը։ Ռեալ մեկնաբանումով հանդերձ՝ պատկերը գնահատելի է իր քնարական բովանդակությամբ, որին նպաստել է և՛ տեղանքի նպատակահար ընտրությունը՝ իր նախաստեղծ լռիկ միջավայրով, և՛ գեղանի կերպարը իր մարմնական հրապույրով։

Պատրանք
տեսակգեղանկար
նկարիչՍարգիս Երկանյան
գտնվում էՀայաստանի պետական պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
հիմնական թեմազգացմունքների քնարականություն
Ծանոթագրություններ

Մտահղացում խմբագրել

Մտահղացման շարժառիթը հանդիսացել է մի ոմն բարեկազմ օրիորդ, որը ծառայել է որպես մոդել այդ պատկերի համար։

Նկարագրություն խմբագրել

Տեղանքը ներկայացնում է բուսականությամբ առատ, անանցանելի մի վայրի բնության մի հատված՝ խոշոր քարերով շրջապատված լճակի ափին՝ ջրերի վրա վարսերը կախած ուռենիով, որի ճյուղից բռնած՝ կանգնած էր ջրի մեջ իր անդրադարձումով հիացող օրիորդը։ Թվում է, թե միանգամայն նպաստավոր միջավայր է ընտրված օրիորդի համար՝ առանձնանալու համար իր իր մտերիմ զգացմունքների հետ։ Հիացմունք է պատճառում պատկերի հերոսուհին իր մարմնական գեղեցկությամբ։ Նա ունի բարձր հասակ, մարմնի կատարյալ համաչափություն, ճկուն մարմնաձևեր, նազանի շարժում, համակրելի դիմագծեր։

Գեղարվեստական արտահայտչականություն խմբագրել

Հերոսուհին ներկայացված է գերազանց վարպետությամբ և մտածել է տալիս, թե արդյոք այդպիսիք են եղել հունական առասպելներում փառաբանված անտառների փերիները, որոնք գիշերները դուրս են եկել լոգանքի անտառների սառնորակ լճերում կամ գետերում։ Հավանաբար ամենագեղեցիկ ջրահարսն անգամ կնախանձեր այս օրիորդի անզուգական մարմնակազմությանը։ Երկանյանն իր հերոսւհուն պատկերել է այնպիսի մարմնակազմությամբ, իմաստավորված կեցվածքով և արտահայտությամբ, որով հնարավոր է եղել առավել չափով ընդգծել նրա մարմնի գեղեցկությունը, որի անդրադարձումը օրիորդին համակել է բավականության զգացումով։ Ջրի վրա կիսով չափ վիճակը հնարավոր է դարձրել առավել ամբողջականությամբ ցուցադրել օրիորդի մարմնի անգերազանցելի հմայքը։ Ծածկոցի մեջ սեղմ փաթաթված մարմնի ձևերն ընդգծված են ճկուն, գեղեցիկ ուրվագծերով։

Երկանյանը օրիորդին պատկերել է այնպիսի արտահայտությամբ, երբ լճակի հայելիում տեսնելով սեփական գեղեցկության գերազանցությունը՝ համակվել է անսահման բավականությամբ և, թվում է, թե դրանից առաջացած երջանկության զգացումը վայրկենապես ներխուժել է երիտասարդական կենսունակությամբ լի նրա ներաշխարհը՝ նրա մարմնի յուրաքանչյուր մասնիկ մասնակից դարձնելով այդ ցնծությանը։ Քնարական այս մոտիվը ներկայացված է գեղանկարչական ամենանուրբ միջոցներով։ Բուսականությամբ առատ բնության այդ բազմատարր ֆոնի վրա՝ ծառերի շուքի տակ, նրբերանգ արտացոլումներով ողողված օրիորդի մարմինը դիտվում է որպես մարմարակերտ չքնաղ արձան։ Հիացմունք է պատճառում բացօթյա պայմաններում երանգի նրբությունն զգալու նկարչի ունակությունը [1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Եղիշե Մարտիկյան, Հայկական կերպարվեստի պատմություն