Ռափայել Պատկանյանը ծնվել է 1830 թվականի նոյեմբերի 20-ին, Նոր Նախիջևանում, գրող Գաբրիել Պատկանյանի ընտանիքում։ Պատկանյանների գերդաստանը շատ հայտնի էր ոչ միայն իրենց քաղաքում, այլև ամբողջ Կովկասում։ Սկզբնական կրթությունը ստացել է հոր դպրոցում։ 1843-1849 թվականներին սովորել է Լազարյան ճեմարանում։ Ճեմարանը չավարտած՝ մեկնում է Թիֆլիս և Ներսիսյան դպրոցում դասավանդում ռուսերեն։ Բարձրագույն կրթություն ստանում է 1851 թվականին Դորպատի համալսարանում, ինչի ճանապարհը նրա առաջ բացել էր Խաչատուր Աբովյանը։ Նույն տարում ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1866 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան ֆակուլտետը։ Վախճանվել է սեպտեմբերի 7-ին,1892 թվականին Նոր Նախիջևանում։
Առաջին ստեղծագործությունները եղել են՝ «Պանդուխտ հայ ի Փարեզ», «Առավոտյան երգ շինակաց», «Երեկոյան երգ շինակաց», «Հայոց գինի», «Թիֆլիսի քեֆ» և այլն լույս են տեսել 1850-1851 թվականներին «Արարատ» շաբաթաթերթում։
1852 թվականին իր ուսանող ընկերների հետ հիմնում է Գամառ-Քաթիպա ընկերությունը։ 1855 թվականին լույս է տեսնում Գամառ-Քաթիպայի առաջին պրակը՝ «Գրե այնպես ինչպես որ խոսում են, խոսե այնպես ինչպես որ գրում են» բնաբանով։ Ռափայել Պատկանյանը ձգտել է իր խոսքին տալ ժողովրդին հարազատ, կենդանի կենսուրախ արտահայտություն։ Նրա լեզվական հայացքներն իրենց արտացոլումն են գտել «Արաքսի արտասուքը», «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը» ստեղծագործություններում։ Մեծ է եղել Պատկանյանի հայրենասիրական ստեղծագործությունների ազդեցությունը իր ժամանակի երիտասարդության վրա։ Բացի բազմաթիվ պոեմներից, բանաստեղծություններից, պատմվածքներից, ունի նաև երգիծական պատմվածքներ, գրված Նոր Նախիջևանի բարբառով։
Երկեր. Բանաստեղծություններ, Պոեմներ, Ես նշանած էի, Փառասեր, Տիկին և Նաժիշտ, Մոնթեն մինչև վեր, Թոմաս Բոցարիս, Նոր Նախիջևանի պատմվածքներ, Հոդվածներ, Հուշեր, Ճառեր, Նամակներ, Երևան, 1980, 664 էջ։
Երկեր, Երևան, 1984, 336 էջ։
Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2012, 332 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 151)։